«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արցախում ոմանց ակտիվությունը ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել

Արցախում ոմանց ակտիվությունը ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել
05.04.2019 | 03:02

Արցախում 2020 թվականին կայանալիք համապետական երկու ընտրությունների մոտենալուն պես հայկական երկրորդ հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, ցանկացած զարգացում, հայտարարություն դիտարկվում է երկու հարթության մեջ՝ ընտրությունների պրիզմայով և, իհարկե, թե ինչպես այդ զարգացումները կարող են անդրադառնալ Արցախյան հիմնահարցի, հայ-ադրբեջանական հակամարտության վրա։


Այս համատեքստում վերջին օրերին Արցախյան թրիլլերին առանձնակի աղմուկ և ինտրիգ են հաղորդում Սասնա ծռերի տեսանելի ակտիվությունը և Արցախի պաշտոնական շրջանակների ներկայացուցիչների, քաղաքական-հասարակական գործիչների անդրադարձը դրանց։ Բացի այդ, գործընթացներին որոշակի ֆոնային ազդեցություն է թողնում պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ակտիվությունը։ Վերջինս արդեն իսկ փորձում է հանրությանը ներկայանալ որպես նախագահի թեկնածու, թեև ակնհայտորեն ունի օրենսդրական լուրջ ու երևի թե անլուծելի խոչընդոտներ։ ՈՒշագրավ են Արցախի, այսպես կոչված, միջանկյալ կարգավիճակի, մասնավորապես Ռուսաստանին մանդատային կառավարման հանձնելու շուրջ Սամվել Բաբայանի հայտարարությունները, որոնք տարբեր ու հակասական արձագանքների են արժանացել։ Այս թեման որոշակի ակտիվություն է մտցրել «Սասնա ծռերի» գործողություններում. վերջիններս ստորագրահավաք են սկսել, որպեսզի Արցախը դառնա Հայաստանի մարզ՝ ռուսական ազդեցությունից դուրս գալու համար։ Այստեղ նրանք ակնարկում են նաև Սամվել Բաբայանի մատնանշած մանդատային կառավարման հանձնման տարբերակը և փորձում են քայլեր ձեռնարկել դրանից զերծ մնալու համար։
Ասել, թե Սասնա ծռերի ակտիվությունն Արցախում լուրջ գործոն է կամ մեծ արձագանք է ստանում, կնշանակի չտիրապետել իրավիճակին և տրվել սասնածռիստական ու վերջիններիս քարոզչամեքենայի ազդեցությանը։ Սակայն չպետք է թերագնահատել նրանց ազդեցությունը, քանի որ այնուամենայնիվ ձեռնարկված քայլերը որոշակի, թեկուզ կրավորական, ազդեցություն հանրության տրամադրությունների վրա, այնուամենայնիվ, ունենում են։ Եվ պատահական չէ, որ «Սասնա ծռերին» անմիջապես հակադարձեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը վաղուց արդեն սկսել է սեփական նախընտրական արշավը նախագահական ընտրություններից առաջ։ Վերջինս հաճախ շատ կոշտ է արձագանքում ոչ միայն «Սասնա ծռերին», այլև երբեմն նույնիսկ ՀՀ իշխանություններին։ Իհարկե, այս առումով ակնհայտ է, որ Վիտալի Բալասանյանի ոչ դիվանագիտական հայտարարությունները ավելի շատ բնորոշ են պատերազմող գեներալին, քան իրական քաղաքական գործչին, որը, ըստ էության, նույնիսկ ուղղակի տեքստով արգելում է այն մարդկանց մուտքն Արցախ, որոնք չեն համարում, որ այն միավորված տարածք է Հայաստանի հետ։ Սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ավելի շատ գեներալի, քան քաղաքական գործչի հետ։ Քաղաքական օրակարգի բացակայությունն ու Վիտալի Բալասանյանի կողմից զինվորականի ուղղամտությամբ արված հայտարարություններն է՛լ ավելի սրեցին իրավիճակը։


Դիտարկելով «Սասնա ծռերի» գործողությունները՝ կարելի է նկատել, որ վերջիններս արծարծում են այն թեմաները, որոնք հայկական շրջանակներում Արցախյան շարժման սկզբից ի վեր քննարկվում են՝ Արցախը պետք է ընթանա Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհո՞վ, թե՞ անկախության։ Այս խնդիրը իհարկե նոր չէ մեր օրակարգում։ Պարզապես «Սասնա ծռերը» այս պահին փորձում են իրենց վերագրել այդ դափնիները և ներկայացնել, որ Հայաստանի հետ վերամիավորման ուղղության հարցում իրենք ամենաարմատական թևն են։ Մինչդեռ «Սասնա ծռեր» քաղաքական խումբը շատ նրբորեն շրջանցում է այն իրողությունը, որ ըստ էության իրենք փորձում են սկսել մի գործընթաց, որն ամրագրվել է դեռևս Հայաստանի անկախության հռչակագրում, ըստ որի՝ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է։ Դեյուրե գոյություն ունի դեռ 1989 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը։ Այդ փաստաթուղթը մինչ օրս չի կասեցվել, և նորից ենք կրկնում, այդ թեզը ներառված է ՀՀ Անկախության հռչակագրում։ Այս թեման շահարկելով՝ «Սասնա ծռերը» փորձում են ցույց տալ, թե իրենք են ընդդիմության ամենաարմատական թևը, որը ձգտում է Արցախը վերամիավորել Հայաստանին, մինչդեռ քաղաքական մյուս ուժերն ընդամենը միջանկյալ տարբերակներով են ցանկանում Արցախյան հարցը լուծել, ինչը, ըստ նրանց, որևէ դրական արդյունքի չի բերում։
Սա ընդամենը շոուի քաղաքական և տեսանելի մասն է։ Մինչդեռ իրականում այս քողի ներքո խորքային լուրջ խմորումներ են տեղի ունենում և քողարկում «Սասնա ծռերի» իրական նպատակները։


Իսկ իրականում ո՞րն է «Սասնա ծռերի» նպատակը, ինչու՞ նրանք որոշեցին ակտիվանալ Արցախում։
Դեկտեմբերի 9-ի հայաստանյան ընտրություններից հետո ակնհայտ դարձավ, որ քաղաքական այս ուժի վարկանիշը շատ ցածր է՝ ընդամենը 1,5 տոկոս։ Անկախ նրանց հռետորաբանությունից և նկրտումներից (հիշեցնենք, որ նրանք նույնիսկ հայտարարում էին, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունից հետո դառնալու էին երկրորդ քաղաքական ուժը), իրողությունները փոխվել են։ 2016 թ. հուլիսյան հայտնի իրադարձություններից և Հայաստանում իշխանափոխությունից հետո վերջիններիս նկատմամբ վերաբերմունքն այլ է։ Կտրուկ ու սուր հռետորաբանությունից և ժամանակ առ ժամանակ իրավիճակը ապակայունացնելուց, սպառնալիքներից բացի, Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների վրա ազդելու այլ լուրջ ռեսուրս չունենալով՝ «Սասնա ծռերը» հետ են քաշվել։ ՈՒստի նրանց օդ ու ջրի պես ինքնադրսևորման, ինքնահաստատման հարթակ է անհրաժեշտ։ Այս պարագայում վերջիններս հաշվարկում են, որ հեղափոխության ճանապարհով չանցած Արցախը կարող է այսօրվա իշխանությունների համար առնվազն հոգեբանական առումով օտարածին մարմին լինել։ Ենթադրելով, թե կարող են լինել լուրջ հակասություններ ՀՀ նոր իշխանությունների ու հեղափոխության ճանապարհով չանցած Արցախի ղեկավարության միջև, գուցե հնարավոր լինի սեփական խաղը սկսել։ Եվ այդ խաղն արդեն մեկնարկել է՝ կուսակցություն են հիմնել, քաղաքական քողի ներքո գործընթացներ են նախաձեռնել, հայտարարություններ են անում, երբեմն սադրանքների մակարդակով։


Այստեղ հարց է առաջանում՝ Արցախում իրավիճակի ապակայունացումը, լարվածությունը ինչ ազդեցություն կարող են ունենալ Արցախյան հիմնահարցի, բանակցային գործընթացի վրա։ Ոմանք չեն բացառում, որ «Սասնա ծռերի» ակտիվության հետևում կանգնած են դրսի որոշ շահագրգիռ ուժեր։ Իհարկե, դեռ վաղ է այդ մասին խոսելը, հստակ եզրակացություններ անելու համար առայժմ պետք է ուշադիր հետևել նորահայտ այս քաղաքական ուժի քայլերին։
Այսպիսով՝ Արցախում սկսված գործընթացները պետք չէ գերագնահատել. տեսնելով «Սասնա ծռերի» 2016 թ. ծավալած գործողությունները՝ շատերն այսօր նրանց քայլերում վտանգ են տեսնում, սակայն առանձնապես թերագնահատել էլ պետք չէ, այլ անհրաժեշտ է ուշադիր հետևել, այդ թվում՝ ազգային անվտանգության համատեքստում, որովհետև ոմանց գործունեությունը մեծ վտանգ կարող է հանդիսանալ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։
Սա արդիական դիտարկում է, քանի որ ծռիստների ավանդական հենարանը հասարակության արմատական, երբեմն ծայրահեղական տրամադրված զանգվածն է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ