Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գաղթի ճանապարհին 12 երեխաներից ողջ է մնում միայն մայրս»

«Գաղթի ճանապարհին 12 երեխաներից ողջ է մնում միայն մայրս»
23.04.2019 | 05:00

90-ամյա Ժենյա Ամիրջանյանը (օրիորդական ազգանունը՝ Մելքոնյան) ամեն տարի ապրիլի 24-ին այցելում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, աղոթում նահատակված հարազատների, Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների և, առհասարակ, Մեծ եղեռնի բոլոր զոհերի հոգիների հանգստության համար:
Մեր հերոսուհու ընտանիքը՝ 12-ամյա Նվարդը, Փամբուխ պապը և Թանգո տատը, երկու անգամ են բռնել գաղթի ճանապարհը:


«Ծնողներս տաճկահայ են եղել՝ Խոսրովերանից (գյուղ՝ Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Բասենի գավառում): Առաջին անգամ, որ բռնել են գաղթի ճանապարհն ու հասել Կարս, նրանց ասել են` ձեր կողմերում ամեն ինչ հանդարտվել է, կարող եք հետ գնալ: Բայց հետ են գալիս ու ի՞նչ են տեսնում. ամեն ինչ քարուքանդ եղած, փշրած, քանդած: Փամբուխ պապս երկու տեղ ոսկի է պահած լինում՝ պատի մեջ ու կարասով` հողի մեջ թաղած: Երբ իրենց արդեն ավերակ տուն են գալիս, պապս սկսում է ման գալ ոսկիները, բայց թուրքերը դա էլ են տարած լինում: Երկու օր մնում է իրենց գյուղում, ու թուրքերը կրկին հարձակվում են: Պապիս ընտանիքը շատ մտերիմ է լինում ազգությամբ թուրք հարևանի հետ: Տներն իրար կպած են լինում, հարևանը քանդում է տների միջանկյալ պատն ու պապիս՝ իր ընտանիքով, իրենց տուն տանում, որ թուրքերը չգան, չսպանեն: Մի քանի գիշեր պահում են, ու հենց իրավիճակը մի փոքր հանդարտվում է, որոշում են ճանապարհել պապիս ու իր մեծ ընտանիքը: 12 զավակների՝ 5 տղայի ու 7 աղջկա և կնոջ հետ Փամբուխ պապս կրկին բռնում է գաղթի ճանապարհը: Երեխաները տարբեր տարիքի են լինում, որը նշանված, որը՝ քյորփա, որը՝ դեռահաս, որը՝ հասուն: Բայց խեղճերը չեն դիմանում սովին ու չարչարանքներին: ՈՒ պապս, գաղթի ճանապարհին հուղարկավորելով սովամահ լինող երեխաներին, նոր կյանքի հույսով շարունակում է ճանապարհը: 12 երեխեքից միայն մեկն է կենդանի մնում՝ մայրս՝ Նվարդը»:
Գաղթի զարհուրելի ճանապարհին Ժենիկ տատի տատն ու պապը, կորցրած 11 զավակներին, մի մեծ քարի հետևից եկող փոքր երեխայի լացի ձայն են լսում: Մոտենում են քարին ու տեսնում` ոսկորի կտորը ձեռքին տղա երեխայի: Ժենիկ տատի տատը ճանաչում է այդ երեխայի ծնողներին, պարզվում է` իրենց հեռավոր ազգականի փոքրիկն է, որի ընտանիքը զոհ էր գնացել թուրքի յաթաղանին:
«Պապս տատիս ասում է. «Թանգո, երեխուն վեր ու դիր սայլի վրեն: էս երեխու բախտից է կախված, թե մենք ոնց կլնենք, ինչ կլնենք»: Թե գտած տղա երեխեն ինչ անուն է ունենում, չեն իմանում, բայց նրան անվանում են Մնաց, այսինքն՝ իրենք 11 երեխա կորցրին, բայց էդ մեկը մնաց»:


Փամբուխ պապը Ժենիկ տատին պատմել է թուրք հրոսակների վայրագությունների մասին, թե ինչպես են ենիչերիները յաթաղանը մտցրել հղի կնոջ որովայնն ու սրի ծայրին խաղացրել չծնված պտղին: Պատմել է նաև, թե ինչպես են հայերին լցրել դարմանով լցված մի մեծ մարագի մեջ, կրակի են տվել մարագն ու ողջ-ողջ այրել մարդկանց:
«Պապս մինչև կյանքի վերջին տարիներն էլ հիշում էր այրվող մարդկանց ու դիակների հոտը: Պատմում էր, որ կանանց բռնաբարում էին իրենց տղամարդկանց աչքի առջև, իսկ տղամարդկանց նստեցնում հատուկ նախատեսված աթոռին ու յաթաղանով կտրում գլուխը, գցում մի կողմ: Երբ հերթը հասնում է պապիս, գլխատող թուրքին, որ իրենց գյուղացի է լինում, ասում է. «Ավթանդիլ, դու ինձ ձեռք մի տուր, սուրը տուր, թող ուրիշը ինձ սպանի»: Էս թուրքի խիղճը շարժվում է ու պապիս մի կողմ է շպրտում՝ կանանց մեջ: Էս մի փորձությունն էլ են անցում»:


Փամբուխ ու Թանգո տատիկն իրենց երկրորդ կյանքը երկար դեգերումներից հետո գտնում են Ախթալայում: Նրանց որդեգրյալ տղան՝ Մնացը, ամուսնանում է, բայց հայրենական պատերազմի ժամանակ նա էլ է զոհվում:
«Մինչև բանակ զորակոչվելը Մնաց քեռիս հասցնում է երկու անգամ ամուսնանալ: Առաջին անգամ ամուսնանում է Աբա անունով մի աղջկա հետ, որից շատ շուտ բաժանվում է: Կինը հղի է լինում էդ ժամանակ: Հետո քեռիս Ախթալայում ամուսնանում է գրբաց Սոնեի հետ: Քեռուս առաջին կնոջ՝ Աբայի երկրորդ ամուսինը, որը պահում ու մեծացնում է որդեգրյալ քեռուս որդուն՝ Լյուդվիգին, մեռնելուց առաջ կանչում է վերջինիս ու ասում. «Տղա ջան, քո ընտանիքը, հայրենիքն Ախթալայում է: Գնա էնտեղ, գտի իրանց»: Քեռուս տղան՝ Լյուդվիգը, եկավ ու հարցուփորձ անելով գտավ մեզ: Պապս դեռ կենդանի էր, ընդունեց ու պատվեց որդեգրյալ որդու տղային»:


Նվարդին՝ Ժենիկ տատիկի մորը, Խոսրովերանից Ախթալա հասած Փամփուխն ու Թանգոն ամուսնացնում են, երբ նա տասնչորս տարեկան է լինում: Ամուսնացնում են Մելքոնյան Հակոբի հետ, որի ընտանիքը նույնպես Արևմտյան Հայաստանից էր գաղթել, նույն տարածաշրջանից:
«Տատս ու պապս տեսնում են, որ իրենց երկրի մարդ է, ծանոթ է, ասում են մեր երկրացուն տանք մեր աղջկան, ու մորս տալիս են հորս կնության: Մայրս շատ գեղեցիկ էր: Ասում էին` գաղթի տարիներին, նրա երեսին մուր են քսել, որ թուրքերը ձեռք չտան, չսպանեն: Ծնողներս ամուսնանալուց հետո 7 տարի երեխա չեն ունենում: Հորաքույրս նույնիսկ մի անգամ ասում է, որ դուրս գցենք Նվարդին, չբեր է, բայց հերս ասում է` չէ, էս է իմ բախտը, չեմ բաժանվի: 7 տարի անց ծնվում եմ ես, հետո մնացած քույրերս ու եղբայրներս: Փառք Աստծո, այսօր բոլորս էլ ողջ ու առողջ ենք: Ես էլ մեծ ընտանիք ունեմ՝ 4 աղջիկ ու 2 տղա, ամենքն էլ ամուսնացած, տնավորված, թոռնատեր»:


Ժենիկ տատն ապրիլի 24-ին այցելում է նաև Ախթալայի թիվ 2 մանկապարտեզի հարակից տարածքում գտնվող իր հարազատների գերեզմանին, մտովի զրույց անում նրանց հետ, հետո քայլում դեպի հին ջրաղացի ավերակները, որ իր հայրն ու հորեղբայրներն են աշխատեցրել, հիշում անցյալը ու գլխիկոր հետ դառնում տուն, որտեղ նրան սպասում է մեծ ընտանիքը, որ եկել է շարունակելու գաղթի ճանապարհին մահացած 11 երեխաների չապրած տարիներն ու կյանքը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ