Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թեղուտցու համար կարևորն այն է, որ աշխատանք լինի

Թեղուտցու համար կարևորն այն է, որ աշխատանք լինի
26.04.2019 | 02:52

Հայաստանում նույն անվամբ բնակավայր, լեռ կամ ձեռնարկություն միշտ չէ, որ կարելի է հանդիպել, իսկ ահա Թեղուտ անվամբ գյուղի կարելի է հանդիպել Տավուշի և Լոռու մարզերում, համանուն գյուղ եղել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի և Խլաթի գավառակում, Թեղուտ հնավայր կա Էջմիածին քաղաքի հարավային կողմում, Թեղուտ անվամբ լեռնագագաթ` Տավուշի մարզում, Կենաց լեռների համակարգում և անտառ` Լոռու մարզում, ի վերջո, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր՝ Լոռու մարզում:
Լոռու մարզի Թեղուտ գյուղը գտնվում է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում։ Գյուղը հիմնադրել են հարևան Շնող գյուղի բնակիչները 20-րդ դարասկզբին։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից 17-18-րդ դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել է լեզգիների կողմից, իսկ բնիկ բնակչությունը ոչնչացվել է և գերեվարվել։ Շնող գետի ավազանում գտնվող մի շարք այլ հայկական գյուղեր (Ձորիգեղ, Գիլիգեղ, Մանստև, Ախեթք, Դուքանաձոր) նույնպես ոչնչացվել են 18-րդ դարի լեզգիական ավերիչ արշավանքների հետևանքով։

«ՀՈԳՍԸ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՍԻՐՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՏԵՄ»


Թեղուտ գյուղում գարունը գեղեցիկ է, թեև շատ տների արտաքին տխուր տեսքը մի պահ շեղում է չքնաղ բնությամբ, ծաղկած ծառերով, ցանկապատված տնամերձերի այս ու այն կողմերում կոկոն կակաչներով հիանալու ցանկությունից: Այս գեղեցկությունը կարող է շոյել միայն քաղաքաբնակ հյուրի կամ զբոսաշրջիկի հայացքը, սակայն գյուղի բնակչի հոգսաշատ առօրյան ժամանակ չի թողնում նկատելու և հիանալու բնաշխարհի գեղեցկությամբ: Գյուղում հին ու խարխուլ տներ շատ կան, փակ դռներ՝ նույնպես: «Հոգսը չի թողնում, որ աշխարհի սիրունությունը նկատեմ, էն ժամանակ, որ կարկուտից ու անձրևից բերքս փչանում ա, աչքերս մթնում են: Չեմ ասում՝ պետությունը գա ինձ պահի, համա թող մի հնար գտնի, բնության աղետից փրկի»,- ասում է հողամասում աշխատող տարեց կինը:


Թեղուտն ունի շուրջ 800 բնակիչ, 205 տնտեսություն, հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Բնակչության կյանքը, իրենց բնորոշմամբ, շատ լավ էր, քանի դեռ շուրջ 200 հոգի աշխատում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում:
Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, վերանորոգված մշակույթի տուն, մասամբ բարեկարգ փողոցներ:


Թեղուտ համայնքի վարչական ղեկավար ՖՐՈՒՆԶԻԿ ՆՈՐԻԿՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում պատմեց, որ հանքավայրում աշխատելու տարիներին մարդիկ կարողանում էին լուծել կենցաղային բոլոր հարցերը, մինչդեռ աշխատավայրի փակվելուց հետո շատերը մնացել են վարկերի բեռան տակ:
«Ասում են՝ վարկերը սառեցվել են: Նման բան չկա, ոչ մի վարկ էլ չի սառեցվել, դեռ բանկերից ու ԴԱՀԿ-ից մարդիկ ծանուցումներ են ստանում: Հիմա հույս ունենք, որ հանքավայրը վերագործարկելուց հետո դրական տեղաշարժ կլինի: Հանքավայրում աշխատող կանայք թեև քիչ էին վաստակում, սակայն տղամարդկանց աշխատավարձը բարձր էր: Այս ընթացքում շատերը հուսահատված մեկնել են արտագնա աշխատանքի, ու եթե այսպես շարունակվի, գյուղը կդատարկվի»,- ասում է Ֆրունզիկ Նորիկյանը:
Թեղուտ վարչական տարածքի հիմնական խնդիրը գազամատակարարման բացակայությունն է, պատճառը բյուջեի սղությունն է, իսկ խոշորացված Շնող համայնքի կազմում ներառված Թեղուտ վարչական տարածքի համար նախատեսված բյուջեն բավարար չէ գազաֆիկացման հարցը լուծելու համար:


Անտառի կածանով գյուղամեջ իջնող 61-ամյա Ավետը, չորացած ճյուղերն ուսերին դրած, գնում էր տուն: Կարճատև զրույցից պարզվեց, որ ծնվել ու մշտապես ապրել է Թեղուտում, որքան էլ դժվար լինի կյանքը, միևնույն է, մնացել է նույն լավատեսը: «Գազ չկա, ոչինչ, անտառը մեզ պահում է, չորացած ծառերով յոլա ենք գնում, այ, մենակ թե հանքավայրը բացվի, բնակիչները նեղություն չեն կրի: Ես այնտեղ պահակ եմ աշխատում, տղաս էլ ջրմուղում: Կարողանում ենք ապրել»,- ասում է Ավետը: Կինը՝ տիկին Կարինեն, կարողանում է հոգալ վեցհոգանոց ընտանիքի հոգսը, հողամասում ամեն ինչ ցանում է, անասնապահությամբ չեն զբաղվում: Օրն անցկացնում են երկհարկանի տան առաջին հարկում, երկրորդ հարկը տաքացնել չեն կարող:
Գյուղամիջում թոռնիկի հետ խանութից վերադարձող միջահասակ մի կնոջ հանդիպեցի, զրույցի ընթացքում պարզվեց, որ Թեղուտ ՓԲԸ-ում աշխատել է խոհարար, հույս ունի, որ հանքավայրի վերագործարկման դեպքում դարձյալ կընդունեն աշխատանքի: «Այսօր խոհանոցում աշխատում են վեց հոգի, ինձ խոստացել են, որ աշխատանքից ազատվածներին նորից ընդունելու են, սպասում ենք: Մեր գյուղից կան մարդիկ, որոնց այս օրերին հետ են կանչում: Ես խոհանոցում էի աշխատում, ստանում էի 100 հազար դրամ, մեր տանից հինգ հոգի աշխատում էինք, շատ լավ էինք ապրում, հիմա միայն աղջիկս է աշխատում՝ խոհարարի օգնական է: Մի քիչ նեղվում ենք, բայց ոչինչ, քիչ մնաց»: Բնակչության առողջության վրա հանքավայրի բացասական ազդեցությունից ու հետևանքներից չդժգոհեց: «Էս մեր գյուղն է, մեր հողն ու ջուրը, միակ աշխատավայրն էլ էս է, ի՞նչ անենք, սոված մեռնելուց լավ չի՞»:

ԹԵՂՈՒՏԻ ԱՊԱԳԱՆ ԹԵՂՈՒՏԻ ՓԲԸ-Ի ՁԵՌՔՈՒՄ Է


Թեղուտցիների հույսը Թեղուտ հանքավայրի վերագործարկումն է, վարչական համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչները սպասում են դրական տեղաշարժի. «Գյուղի բնակիչները նորից կաշխատեն, գյուղից գնացածներն էլ հետ կգան»:
Թեղուտի հանքավայրին հնարավոր եղավ ծանոթանալ դարպասներից դուրս:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկի ու ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի միջև համաձայնություն կնքվեց, ներդրողն էլ հանքավայրի գործազուրկ դարձած աշխատակիցներին տեղեկացրեց հանքավայրի վերագործարկման մասին։ Նախաձեռնողները խոստացել են, որ երկու ամսվա ընթացքում փակված աշխատատեղերը կվերաբացվեն։


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ