Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ցավով պետք է նշեմ, որ «էրեբունի» արգելոց-թանգարանում առողջ օղակ գրեթե չկա»

«Ցավով պետք է նշեմ, որ «էրեբունի» արգելոց-թանգարանում առողջ օղակ գրեթե չկա»
14.06.2019 | 12:06

«Իրատեսի» զրուցակիցը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նորանշանակ տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆՆ է:


-Մինչ այս զբաղեցնում էիք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Ձեր ղեկավարման տարածքն ընդլայնվել է. ի՞նչ խնդիրներ, բացթողումներ կան ոլորտում: Որո՞նք են այն ծրագրերը, քայլերը, որոնց իրագործումն առաջնային եք համարում:
-Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև «Էրեբունին» Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի կարևորագույն մշակութային, գիտակրթական կենտրոններից մեկն է համարվում: Ցավոք, միայն ընկալումն է այդպիսին: Հաճախ թանգարանը կամ արգելոց-թանգարանը ընկալվում է մի տարածք, որտեղ պետք է հուշարձանի պատերն ու ցուցանմուշները լավ պահպանվեն, մինչդեռ, տվյալ դեպքում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը գիտակրթական, մշակութային, զբոսաշրջային և ժամանցային կարևորագույն կենտրոն դառնալու առաքելություն ունի: Մյուս կարևոր խնդիրը. այս տարիներին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընկալվել է Էրեբունի ամրոցով և թանգարանով, մինչդեռ այն ներառում է երեք համաշխարհային նշանակության հնավայրեր՝ իրենց թանգարաններով` Էրեբունին, Շենգավիթը և Կարմիր բլուրը: Ցավոք, պատշաճ ուշադրություն չի դարձվել Շենգավիթին և Կարմիր բլուրին: Մեր գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի այս երեք կառույցների համաչափ զարգացումն ու հանրահռչակումը: Մենք մշակում ենք հայեցակարգ, որը պետք է փուլ առ փուլ իրագործենք՝ սկսելով ամենատարրական երևույթներից: Օրինակ, Էրեբունի ամրոցը, որ մայրաքաղաք Երևանի բրենդն է, օրրանը, չունի զուգարան, չունի նաև ոռոգման համակարգ: Ցավով պետք է նշեմ, որ «էրեբունի» արգելոց-թանգարանում առողջ օղակ գրեթե չկա: Թանգարանի շատ բաժիններ, ենթակառուցվածքներ գործում են իրենց գործառույթներին ոչ համապատասխան:
-Նշված խնդիրները կապված են ոչ բավարար ֆինանսավորմա՞ն հետ, թե՞ բարի կամքի պակասի:
-Ֆինանսավորումը շատ մեծ չէ, բայց, կարծում եմ, որ այս տարիներին կարելի էր իրականացնել բազմաթիվ խելամիտ ծրագրեր, որոնք անարձագանք չէին մնա, նաև գումարներ հետ կբերեին: Նախ և առաջ պետք է ռեսուրսները ճիշտ բաշխել և ուշադրություն դարձնել մասնաճյուղերին: Ես, լինելով «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, գիտեմ, որ տարին անգամ 200 հազար դրամ չի տրվել Կարմիր բլուրին ու Շենգավիթին: Մենք ուրախանում էինք, երբ թանգարանի կիսախարխուլ շենքում էլեկտրական վառարան կամ օդափոխիչ էինք ունենում: ՈՒ չնայած վատ պայմաններին, ցածր աշխատավարձին, զուտ էնտուզիազմով անում էինք մեր գործը: Տարրական բան եմ ասում. ես զարմացա, երբ էրեբունի ամրոցի ոստիկանական պահակակետ բարձրացա և տեսա, որ այնտեղ չկա կրակմարիչ, որը հակահրդեհային համակարգի առաջնային գործոններից մեկն է, կամ ոստիկանը չունի լուսարձակ: Իսկ Կարմիր բլուրում, օրինակ, մենք ունեինք բավական լավ պահակակետ, հակահրդեհային համակարգ, կրակմարիչ, լուսարձակ, նաև հեռադիտակ էինք ձեռք բերել:
-Ձեր՝ «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնությամբ հնավայրը մոտակա ամիսներին ազատվելու է շինաղբից, և գործընթացն արդեն սկսվել է: Բայց ինչու՞ ավելի շուտ չէիք նախաձեռնում:
-Կարմիր բլուրի հետ կապված կային զարգացման ծրագրեր, ու երբ դիմում էինք այդ հարցով, մեզ ասում էին՝ սպասեք, «Հյուսիս-հարավն» է անցնելու, շինաղբի մի մասը կմաքրվի, զարգացման ու պահպանման ծրագրեր կան: Բայց պարզ դարձավ, որ այդ ծրագրերից ոչ մեկը չի իրագործվելու: Նոր քաղաքապետի ներկայացրած ծրագրում մի ծավալուն մաս կար հատկացված «Կարմիր բլուրին», վստահ էինք, որ նրանք անգամ չգիտեն խնդրի մասշտաբները, ու որոշեցինք իրազեկել, որովհետև այլ հնար չկար. խնդիրը պետք էր բարձրաձայնել ճիշտ ձևով, ոչ հպանցիկ: Ինձ միացան ընկերներս, տարբեր ոլորտներից: Հնարավոր ամեն ինչ արեցինք: Աղբի մեկ տասներորդ մասը մաքրեցինք, որից հետո քաղաքապետարանը սկսեց մաքրման աշխատանքները, և այսօր Կարմիր բլուրն օր օրի ազատվում է շինաղբից: Պետք է ասեմ, որ Կարմիր բլուրը երբևէ այդքան չի հանրահռաչկվել, որքան վերջին ամիսներին, և դա հենց մեր նախաձեռնության շնորհիվ էր:
-Բավականաչափ ուսումնասիրվա՞ծ են Էրեբունին, Կարմիր բլուրն ու Շենգավիթը:
-Հնագիտական պեղումները երեք հուշարձաններում էլ դժվար է ավարտված համարել, Էրեբունիում և Կարմիր բլուրում հարյուրավոր, Շենգավիթում՝ տասնյակ տարիներ են պետք որ մանրակրիտ, համապարփակ հնագիտական հետազոտություններ իրականացվեն: Այս առումով, մենք Կարմիր բլուրում մի նախագիծ ենք իրականացնելու. ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի և Ինսբրուկի համալսարանի հետ չպեղված տարածքը սկսելու ենք սկանավորել: Օրինակ, Էրեբունիում գերմանացի մեր գործընկերների հետ նման նախագիծ արեցինք, սկանավորեցինք դիմացի բլուրը, և գեոռադարը ցույց տվեց, որ ընդերքում մոտ 120 մ երկարությամբ ու 60 մ լայնությամբ մեծ ու փոքր սենյակներով կառույցներ կան: Հասկացանք, որ, ըստ երևույթին, քաղաքային հատվածի հետ գործ ունենք, ու շատ հեշտ կլինի պեղելը, քանի որ գիտենք՝ որտեղ են դրանք: Կարմիր բլուրում նույնպես իրականացնելու ենք այս ծրագիրը, ինչը բավական թանկ հաճույք է, բայց մեր ավստրիացի գործընկերների հետ պայմանավորվածության համաձայն, լինելու է անվճար:
-Դրսի մասնագետների հետաքրքրությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Նրանք Մերձավոր Արևելքով են հետաքրքրվում, լավ գիտեն այդ հուշարձանների արժեքը: Մենք ևս պետք է հանրահռչակենք, հանրությանը իրազեկենք այս հուշարձանների նշանակության մասին: Կարմիր բլուրը, օրինակ, ՈՒրարտուի ժամանակշրջանի էտալոնային հուշարձաններից մեկն է, որի վրա մի ամբողջ ժամանակագրություն ու պատմություն է հիմնված, և նման հուշարձանը բարձիթողի անել չի կարելի: Շինաղբի մաքրումից հետո այստեղ դրվելու են բացատրական ցուցանակներ` ուղեկցող նկարազարդումներով, գրաֆիկական դիզայնով և տարբեր կառույցների եռաչափ վերակազմություններով, ինչը հրապուրիչ կդարձնի հնավայրը զբոսաշրջիկների համար: Այս տարի արդեն 1000-ից ավելի զբոսաշրջիկ ունենք, անցյալ տարի ունեցել ենք 1207 այցելու: Պետք է նաև ճիշտ ձևավորված բուկլետներ բաժանել զբոսաշրջիկներին: Համոզված եմ, որ 10-ից երեքը կգան «էրեբունին» իր մասնաճյուղերով տեսնելու: Նաև պաշտոնական կայքը ժամանակակից ու հրապուրիչ դարձնելու նպատակ ունենք:
-«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում նախատեսվում էր ունենալ նոր մասնաշենք՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով: Ի՞նչ ընթացք է ստացել նախագիծը:
-Դեռ բանակցային փուլում է, նախ պետք է ճշգրտվի՝ ինչպիսին է լինելու շենքը. այն պետք է ներդաշնակ լինի թանգարանի շենքի ու լանդշաֆտի հետ, կոնցեպտը պետք է բխի ՈՒրարտուն և Էրեբունին ճիշտ և առավել հրապուրիչ ներկայացնելու և ընկալելու համատեքստից: Ջոն և Սոսի Բալյանները, ամենայն հավանականությամբ, օգոստոսին գալու են, ավելի մանրամասն կխոսենք:
-Նոր մասնաշենքը վիրտուալ շրջանցի հնարավորությու՞ն է ընձեռելու:
-Այո, «վիրտուալ էրեբունին» պակասում է այսօր մեզ: Ամբողջ աշխարհը գնում է այդ ուղղությամբ: ՈՒղղակի պատասխանատվությունը շատ մեծ է. դա արվելու է մեկ անգամ, բավական միջոցներ են ծախսվելու, պետք է արվի ճիշտ ու բարձր մակարդակով:
-Ինչպե՞ս եք համատեղելու գիտական և ադմինիստրատիվ աշխատանքը, մեկը կամ մյուսը չե՞ն տուժի: Մեր նախորդ զրույցը, օրինակ, Ձեր ղեկավարությամբ իրականացվող Օձաբերդի պեղումների մասին էր, նաև Էրեբունու հնագիտական արշավախմբի ղեկավարն եք:
-Ես ինքս քաջ գիտակցում էի, որ ստանձնելով տնօրենի պաշտոնը, իմ գիտական աշխատանքի մի մասն ստիպված կլինեմ թողնելու: Բայց օրենքը թույլ է տալիս, կարող եմ համաղեկավարել Էրեբունու հնագիտական արշավախումբը, հուշարձանն էլ թանգարանի կողքին է: Ինչ վերաբերում է Օձաբերդին, ամենայն հավանականութամբ կօգտագործեմ ինձ հասանելիք արձակուրդը, և էլի խնդիր չի լինի: Ես և իմ ընկերներն ապրում ենք այդ հուշարձանով, ամեն տարի սպասում ենք, թե երբ ենք սկսելու պեղումները: Այս տարի հավանաբար տաճար ենք բացելու կամ նման մի կառույց: Անպայման շարունակելու եմ աշխատանքս Օձաբերդում: Այնտեղ լավ թիմ կա, եթե մեկ-երկու օր բացակայեմ, վստահ եմ, որ թիմը կկարողանա հավուր պատշաճի հետազոտություններ իրականացնել:
-Դուք, կարելի է ասել, գործում եք երկու տարբեր աշխարհներում, ի՞նչ զգացողություններ եք ունենում:
-Ասեմ, որ շատ կարևոր է զգալը: Դու դրանով ապրում ես, մի քիչ դժվար է բացատրել, բայց, օրինակ, երբ Մեծամորում պեղումներ պետք է սկսեինք, ես անընդհատ պտտվում էի այդ տարածքում ու գոռոց, ձայներ էի լսում, զգում էի, որ այնտեղ խնդիր է եղել: Այդ հատվածը պեղեցինք, ու բացվեց կնոջ կմախք, հետագայում հայտնաբերվեցին կմախքներ, նաև՝ գլխատված կմախքներ: Հայ հնագետի առավելությունն այն է, որ սա մեր հողն է, և, ի տարբերություն օտարերկրացիների, մենք շատ ավելի լավ ենք զգում: Պարզապես չպետք կտրել կապը այն և այս ժամանակների: Շատ հաճախ այն, ինչ եղել է անցյալում, մեկ այլ կերպ վերարտադրվում է մեր օրերում:
-Հետաքրքիր է՝ փորձ արվու՞մ է հնում կիրառվող զարդանախշերն ու պատկերները այսօր գործածելու, արդիականացնելու:
-Շատ կան նման օրինակներ, երբ հինը նորովի վերարտադրվում է: Նույն հազարաշեն կառույցները՝ վաղ բրոնզից, գուցե ավելի վաղ փուլում են եղել, դրանց նախատիպերը զարգացել են: Գալարաձև նախշերը, որ այսօր օգտագործվում են, դարձյալ հնում ունեցել ենք: Շատ հաճախ դա մեր ենթագիտակցության մեջ է: Օրինակ, գնում ենք Կասկադ ու տեսնում ենք հուշարձանը, քչերը գիտեն, որ վեր խոյացող տերևով աշտարակը ուրարտական պատկերագրության մասնիկ է, որը Ջիմ Թորոսյանն օգտագործել է: Այսինքն, նայում ենք, մեր ենթագիտակցության մեջ դրոշմվում է, բայց չգիտենք՝ որտեղից է: Կամ՝ ընդունված է երդվել հոր և մոր արևով, ինչն արևի պաշտամունքի դրսևորում է, բայց մենք դա չենք գիտակցում, ենթագիտակցաբար ենք կիրառում: Այսպիսի բազմաթիվ դրսևորումներ կան:
-Վանդալիզմից զերծ մնու՞մ է Էրեբունին:
-Շատ ցավոտ հարց եք տալիս: Արդեն նշել եմ, որ էրեբունի ամրոցում չկան տարրական ցուցանակներ, որ կարողանանք ուղենշել այցելուի երթուղին, նաև այդ ցուցանակներում մատնանշված լինեն՝ ինչ չի կարելի անել: Ես հաճախ նկատողություն եմ արել կամ խնդրել եմ չվազել ամրոցի պատերի վրայով, իջնել պատերից, ինչը վտանգավոր է և հարիր չէ մեզ, ու ստացել եմ պատասխան՝ ցույց տվեք մի ցուցանակ, որտեղ գրված է, որ արգելվում է:
-Չի՞ հսկվում տարածքը:
-Հսկողությունը թույլ է: Մեկ ոստիկան ամրոցում է, մեկն էլ՝ թանգարանում: Մինչ ոստիկանը մի խմբին ուղեկցում է, այդ ընթացքում մեկ այլ խումբ կարող է վնասել հուշարձանը: Ինքս մի անգամ ականատես եղա՝ ինչպես են զբոսաշրջիկները հրճվանքով թույլ տալիս, որ երեխան քարով խփի ուրարտական արձանագրություններին: Եթե ժամանակին չկանխեի, ոչնչացվելու էր արձանագրությունը: Ոստիկանն այդ ընթացքում ուրիշ խմբի հետ մյուս հատվածում էր:
-Ի՞նչ անել:
-Պետք է ուժեղացնել ոստիկանական ծառայությունը և, ամենակարևորը, փոխել մեր գիտակցությունը, վերարժևորել ու ճիշտ հանրահռչակել այս հուշարձանները: Ցավոք, Կարմիր բլուրն ընկալվում է որպես սերիալ կամ գերեզմանոց, Շենգավիթը՝ Երևանյան լճի մոտ գտնվող մի տարածք, Էրեբունին՝ խզբզած, քանդած, ցեմենտ-բետոնե մի ամրոց: Կա լուրջ բացթողում, պետք է մեր ունեցած գիտական տվյալները հասանելի դարձնել հասարակությանը: Այս առումով, հնագիտության ինստիտուտի հետ իրականացնելու ենք մի ծրագիր, որի շրջանակում պարբերաբար անվճար գիտահանրամատչելի դասախոսություններ ենք կարդալու. մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, հրավիրելու ենք հնագիտության, պատմության, գենետիկայի լավագույն մասնագետներին: «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնության շրջանակներում նման դասախոսութունների շարք արդեն եղել է, և արդյունքը բավական գոհացուցիչ է: Տարբեր ծրագրեր պետք արվեն, և սա դրանցից մեկն է:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ