Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոլդովայի խորհրդարանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոլդովայի խորհրդարանի նախագահին
25.02.2020 | 00:06

Փետրվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ուրախությամբ հաստատեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են սերտանալ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ նմանօրինակ բարձր մակարդակի այցելություններն իրենց նպաստն են բերում երկու պետությունների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը: Վեհափառ Հայրապետը կարևորեց հայ-մոլդովական միջխորհրդարական բարեկամության խմբի առաքելությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ դեռևս 6 դար առաջ Մոլդովայում հաստատված հայ ժողովրդի զավակները կարողացել են կազմակերպել իրենց ազգային և հոգևոր կյանքը՝ իրենց կարևոր ներդրումը բերելով երկրի զարգացման գործում: Անդրադառնալով հայ համայնքի ներկայիս կյանքին և Մոլդովա կատարած իր հովվապետական այցի տպավորություններին՝ Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Մոլդովայի իշխանություններին համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար՝ կարևորելով նաև հայ համայնքի դերը երկու երկրների փոխհարաբերությունների զորացման գործում: Վեհափառը ձևավորված հայ-մոլդովական բարեկամության իբրև վկայություն նկատեց պատվիրակության կազմում Մոլդովայի հայ համայնքի նախագահ և Խորհրդարանի պատգամավոր Հայկ Վարդանյանի ընդգրկումը։


Մոլդովայի Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանին ջերմորեն արտահայտվեց երկու ժողովուրդների բարեկամության և բազմադարյա առնչակցությունների մասին։ Խորհրդարանի նախագահը կարևորեց երկու երկրների և ժողովուրդների կյանքում Եկեղեցիների և քրիստոնեական հավատքի դերակատարությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել նաև երկու պետությունների փոխգործակցության խորացմանը: Տիկին Զինաիդա Գրեչանին Նորին Սրբությանը ներկայացրեց երկրում հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքի զարգացմանն ի նպաստ Մոլդովայի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս հաստատեց, որ երկու ժողովուրդների կողմից դավանվող միևնույն արժեհամակարգը կարևոր հիմք է Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման։


Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր օրհնության ներքո պահի Մոլդովայի բարեսեր ժողովրդին՝ պարգևելով առաջընթաց և բարօր կյանք:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ