Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Մեր ժամանակի հերոսը» երկրորդ մրցանակաբաշխությունը

«Մեր ժամանակի հերոսը» երկրորդ մրցանակաբաշխությունը
22.09.2020 | 16:01

Հայաստանի անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում երեկ երեկոյան Զվարթնոց տաճարում կայացավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: Մրցանակները շնորհվեցին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Մոշ» ստուդիոյի հիմնադիր Արմինե Աղաջանյանին, անասնաբույժ Սուրեն Վարդանյանին, արծաթագործներ Անի Սարգսյանին և Նարինե Եղոյանին, «Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիրներ Լուսինե Բարաթյանին և Ռաֆայել Մարտիրոսյանին, «Ասպ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանին, եռաչափ տպիչներ արտադրող ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյանին, դիզայներ, կոշկակար Հայկ Անանյանին, «Twinz» ակնոց արտադրող ընկերության հիմնադիրներ Բաբկեն և Դավիթ Խաչատրյաններին, խխունջաբույծ Վահե Հախվերդյանին, մեղվաբույծ Կարլեն Ճաղարյանին, հրուշակագործներ Յոլանտ Հատտատին և Ռաֆֆի Ռշտունիին, ինժեներ, Ռոբբին ռոբոտի համահեղինակ Կարեն Խաչիկյանին: Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ էր նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ ստացան բժիշկները, հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինծառայողները: Մրցանակները հանձնվել են բժիշկ Սարգիս Ղազարյանին և ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին:


Նիկոլ Փաշինյանը ասաց. «Իսկապես հրաշալի երեկո ստացվեց: Նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» առաջին մրցանակաբաշխությունը, և իսկապես տպավորիչ միջոցառում էր: Այս տարվա միջոցառումն ավելի լավն է: Եվ ակնհայտ է, որ մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել՝ ի դեմս «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության: Եվ հիմա արդեն վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ «Մեր ժամանակների հերոսներին» փառաբանելու համար»: «Մեր այսօրվա միջոցառումն սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն ու բժիշկներն են: Եվ շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան ՀՀ Ազգային հերոսի կոչման: Եվ դրանով արդեն այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Բայց նաև կարևոր է, որ մենք փառաբանում ենք «Մեր ժամանակների հերոսներին», մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը, - նշեց վարչապետը: -Շատ հերոսներ իրենց մրցանակը ստանալով՝ շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գոյությամբ, իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին մենք ասում ենք, հնարավոր է, իրական է: Մենք խոսում ենք անհատական ջանքի առանցքային և շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, կարող է կերտել իր բարեկեցությունը, և, իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է՝ քաջալերելու մեր ժամանակների հերոսներին»:
«Գլխավոր մրցանակակրի մասին: Իհարկե, մեր հաղորդաշարի հերոսները՝ բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Եվ կարծում եմ՝ այդ առանձնահատկությունը հետևյալն է. մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Ընդ որում՝ իր կյանքը փոխելու անհրաժեշտություն, մեզ հայտնի պատճառներ չի ունեցել: Ունեցել է աշխատանք, ընդ որում, բավականին երկար աշխատել է բանկային համակարգում, այնուհետև աշխատել է պետական կառավարման համակարգում, բայց, ի վերջո, որոշել է գնալ ոչ թե սովորական պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ որոշել է գնալ ստեղծագործական հաճույքի, ստեղծագործական վայելումի և ստեղծագործական երջանկության հետևից և գնացել է ու որոշել ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Գնացել և որոշել է ստեղծել այնպիսի խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի կառուցել, նրանց կսովորեցնի ստեղծել, նրանց կսովորեցնի արարել: Եվ ուրեմն՝ մեր գլխավոր մրցանակակրի անունն է Սևակ Մարկոսյան», - հայտարարեց Փաշինյանը և 13-րդ գլխավոր մրցանակը հանձնեց «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանին:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ