«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ վստահեցնում է՝ միջազգային կառույցներին ուղղված նամակները տեղ են հասնում, հուլիսյան դեպքերի ժամանակ էլ են տեղ հասել, Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ. «Այժմյան աշխարհը ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ քաղաքակրթությունների բախման, այլ ուժեղների աշխարհ է, աշխարհը հետևում է, թե որ ազգն իր ինքնասիրությունը, սեփական հողի վրա ապրելու իրավունքն ինչքանով է կարողանում պաշտպանել, ըստ այդմ էլ նրան հարգում են: Ով չի կարողանում, ասում են՝ դե, ի՞նչ անենք, այդպես ստացվեց: Հիմա մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք, ինչը և անում ենք: Միաժամանակ չեմ ուզում թերագնահատել այն նամակների դերը, որ ուղարկել ենք միջազգային կառույցների մեր գործընկերներին: Դրա շնորհիվ է նաև, որ աշխարհին կարողացել ենք հասցնել՝ նախահարձակ կողմն Ադրբեջանն է: Նա է ագրեսիայի և սադրանքի դիմել: Հայաստանի դիվանագիտական զինանոցում թե՛ Արցախի անկախությունը ճանաչելու, թե՛ ռազմաքաղաքական դաշինքի հարցը կա: Եվ, առհասարակ, մեր զինանոցում տարբեր զենքեր ունենք, ու դրանցով միանգամից կրակել պետք չէ: Ըստ անհրաժեշտության այդ հարցերը կդրվեն սեղանի վրա: Այս պահին ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունն է որպես զենք կիրառվել: Եթե կարիք լինի, նաև այլ զենքեր կկիրառվեն»:
ԼՀԿ ղեկավարն այն համոզմանն է, որ այժմ մեծ պատերազմի մեջ ենք և, մեծ հաշվով, կորցնելու բան չունենք. «Մարդիկ ասում են՝ ոչ թե ճանաչենք Արցախի անկախությունը, այլ Արցախը միացնենք Հայաստանին, մեխանիզմներ կան, տարբեր տեսլականներ կան դրա հետ կապված: Բայց բոլորիս վերջնանպատակը մեր հայրենիքի միավորումն է դեյուրե, ու կարծում եմ՝ մենք մեր անելիքն այդ մասով արել ենք: ԱԺ հատուկ նիստի ժամանակ ուղերձներ ենք հղել, ու դրանք հասել են համապատասխան կառույցներին: Եթե ավելին պետք լինի, ավելին էլ կանենք»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ խոսքով՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը միշտ է եղել Հայաստանի օրակարգում, բայց այդ քայլին չեն գնացել Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության հորդորով՝ չխոչընդոտելու համար խաղաղ բանակցային գործընթացին: «Հիմա հարց եմ տալիս` Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան։ Վիճակը ծայրահեղ ծանր է, այս իրավիճակում որևէ սթափ մարդ, երկիր բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցություններից։ Մի քանի օր շարունակ հետևում եմ միջազգային հանրության հեզաճկուն, լղոզված գնահատականներին և երկու կողմերի միջև հավասարության նշան դնելուն։ Երեկ Թուրքիայի էլիտայի ներկայացուցիչներից մեկը՝ արտաքին գործերի նախարարը, թվիթերյան իր էջում բացարձակ ցինիկ գրառում էր արել, ասելով, թե հայերը ստացան այն, ինչ ուզում էին, և իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, սպասում էի միջազգային որևէ կառույցի արձագանքին, ինչը, ցավոք, չեղավ։ Այո, ժամանակն է խորհրդարանում քննարկելու Արցախի ճանաչման հարցը: Իհարկե, չենք ցանկանում սեպարատ գործընթաց սկսել՝ հասկանալով, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի բոլոր քայլերը պետք է համակցված լինեն, բայց առաջիկայում պատրաստ ենք փակ նիստ նախաձեռնել, լսել բոլոր մտահոգություններն ու ռիսկերը։ Ադրբեջանն իրեն պահում է իսլամական պետության մարդակերի պես։ Մինսկի խմբի լղոզված հայտարարությունը կարդալով՝ չեմ կարող չհամաձայնել Արցախի նախագահի հետ՝ միջազգային հանրության արձագանքը մեզ չի բավարարում»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ փոխանցմամբ էլ՝ թե՛ գործադիրը, թե՛ օրենսդիրը մշտական կապի մեջ են բոլոր գործընկերների հետ, ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումները փոխանցում են նրանց։ Նա համակարծիք է Նաիրա Զոհրաբյանի հետ՝ միջազգային արձագանքը մեր ուզած արձագանքը չէ, բայց դա սպասելի էր. վերջին 30 տարիներին հասկացել ենք՝ առաջին հերթին մեզ վրա պետք է հույս դնենք։
Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման առնչությամբ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ քննարկումները շարունակվում են, բայց հստակ որևէ բան դեռ չկա. «ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ վարչապետի ունեցած ելույթն ինքնին ենթադրում է, որ այդ առումով արդեն կա հանրային քննարկում, բայց, կարծում եմ, սա այն հարցերից է, որ կշռադատված որոշում է պահանջում։ Կան փաստարկներ և՛ Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության, և՛ չճանաչման վերաբերյալ»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ