Արգենտինայում հայտարարվել է եռօրյա սուգ՝ մահկանացուն է կնքել լեգենդար Մարադոնան։ Մահը սրտի կաթվածի հետևանք է, ողբերգությունը կայացել է նոյեմբերի 25-ին, մարզիկի բուենոսայրեսյան տանը։ Չեմ ուզում ավելորդ քաղաքականացնել, բայց չեմ էլ կարող չասել՝ մեզ մոտ անգամ կեսվայրկյանանոց սուգ չհայտարարվեց այն բանից հետո, երբ ազերիթուրքական բորենու ու նրա հովանավորյալ ահաբեկիչների առաջ, մոլագարի կամոք ու գիտությամբ այդպես անփառունակ մենակ թողեցինք Արցախը։ Սակայն, մյուս կողմից, սուգ հայտարարելու համար էլ պիտի բարոյականություն ունենաս, մինչդեռ ինչի մասին կարող է լինել խոսքը, երբ ինքդ ես դավադրաբար բացում քո երկրի մուտքի դարպասները։ Որքան խոսենք մեր այս ողբերգության մասին, հա կխոսենք, ուստի դառնանք Մարադոնային։
Երբ հայտնի են դարձել մարզիկի սրտի հետ ծագած պրոբլեմները, նրա տան ուղղությամբ շարժվել է շտապօգնության միանգամից չորս մեքենա։ Բժիշկները փորձել են վերակենդանացնել լեգենդին, սակայն ամեն ինչ եղել է անօգուտ։ Նկատենք՝ ավելի վաղ Մարադոնան ունեցել էր գլխուղեղի վիրահատություն, տանն անցնում էր հետվիրահատական փուլը։
Իհարկե, գույժը հաղորդելով՝ լրատվամիջոցները շտապել են տեղեկացնել, որ վերջին տարիներին լեգենդի սիրտը ողջ հզորությամբ չէր գործում, սակայն դրանք արդեն անհարկի մանրուքներ են։ Փաստն այն է, որ ֆուտբոլային գիգանտը չկա։
Սակայն լրագրողների նկատմամբ էլ չլինենք այդքան քարսիրտ ասեմ, թե մի ուրիշ բան ասեմ։ Ասելով «Մենք նրան վերաբերվում էինք որպես ֆիլմի գլխավոր հերոսի, ով ընդհուպ կինոնկարի ավարտը պիտի ողջ մնար։ Եվ այս պահին մենք հարկադրված ենք միանալու բազմաթիվ աղբյուրներին ու հաստատելու՝ չէ, ես չեմ կարող շարունակել»՝ TyC Sports հեռուստալիքի հաղորդավար Դիեգո Արմադոն չի կարողացել իրեն կառավարել ու ուղիղ եթերում գլուխն առնելով ափերի մեջ, անզուսպ արտասվել է։ «Ինչպիսի սարսափ» արտահայտությամբ նրան օգնության է հասել գործընկեր հաղորդավարն ու շարունակել դեպքի մանրամասները։
Բոլորովին վերջերս, հոկտեմբերի 30-ին, Մարադոնան նշեց 60-ամյակը։ Վերջին ժամանակներս մի քանի անգամ լուր տարածվեց նրա՝ մահկանացուն կնքելու մասին, սակայն ամեն անգամ ինքն էր հերքում լուրերը՝ մեղադրելով հարազատներին, որոնք, ըստ նրա իր մահն են ցանկանում ժառանգությանը տիրանալու համար։ Մի խոսքով՝ կենցաղային տգեղ պատմություններ, որոնցից այս ցավալիորեն նյութականացված աշխարհում ապահովագրված չէ ոչ ոք։
Սակայն համաշխարհային լեգենդի առողջական վիճակը ծայր աստիճանի էր հասած։ Հարկավ մենք տիրապետում ենք անհրաժեշտ լրատվությանը, որտեղ մանրամասնորեն նշվում է, թե երբ ինչ կարգի վիրահատություն է կրել ֆուտբոլիստը, դրանց հետևանքն ինչ է եղել, ինչպիսի զգացողություններ, սակայն մենք ոչ մահախոսական թերթիկ ենք, ոչ էլ մոլագար, որ տրվենք դրանց մանրամասներին։ Ես կարծում եմ, որ մեր առաքելությունն ուրիշ բանում է՝ պահել ֆուտբոլային այս հանճարի հիշատակը՝ պատմելով ու ցուցադրելով, թե աստվածային ինչ շնորհի տեր անձնավորություն է եղել, ինչպիսի հետք է թողել համաշխարհային ֆուտբոլում։
Մարադոնային ֆուտբոլային հանրությունը կհիշի որպես մեկի, ով իր երկրի հավաքականը 1986-ին հասցրեց չեմպիոնական բարձունքի՝ դառնալով այդ տարվա աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը, ով յոթ տարի շարունակ փայլատակեց իտալական «Նապոլիի» կազմում՝ նաև իր մասնակցությամբ կերտելով այդ մեծագույն ակումբի պատմությունը։
Ինչ խոսք, ֆուտբոլի պատմության մեջ ընդմիշտ կմնա և Անգլիայի հավաքականի դարպասի նրա գրավումը, որը նա շտապեց հայտարարել որպես Աստծո ձեռքով արված։
Շատ-շատ հիշատակումներ կարելի է անել նրա կենսագրությունից՝ հիշելով տիտղոսներ, խփած գոլերի թիվ և այլն, և այլն, սակայն վերջնահաշվում այդ ամենը գալու, հանգելու է մի գնահատականի, իսկ դա այս նյութում մի քանի անգամ բարձրաձայնվեց՝ Մարադոնան համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկն է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ