Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կզբաղվի՞ Բայդենը մոռացված Կենտրոնական Ասիայով ու Կովկասով

Կզբաղվի՞ Բայդենը մոռացված Կենտրոնական Ասիայով ու Կովկասով
19.01.2021 | 17:05

Երբ հունվարի 20-ին Ջո Բայդենը դառնա ԱՄՆ նախագահ, նրան շրջապատելու է նախկին ԽՍՀՄ երկրներում աշխատանքի մեծ փորձ ունեցող արտաքին քաղաքական թիմ: Բայց բաց է մնում հարցը՝ կկարողանա՞ և կցանկանա՞ Վաշինգտոնը նշանակալից ազդեցություն ունենալ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում:


Բայդենը վաղուց ԱՄՆ ամենանշանակալից արտաքին քաղաքական գործիչներից է, և տարածաշրջանի հետ նրա աշխատանքը սկսվել է 1970-ականներից: Լինելով փոխնախագահ Բարաք Օբամայի օրոք՝ նա առաջին ջութակի դերն էր կատարում արտաքին քաղաքական հարցերոմ և անձամբ ծանոթ է տարածաշրջանի առաջատար գործիչների հետ: Մասնավորապես՝ Բայդենը վաղուց Վրաստանի կողմնակիցն է: Սենատոր եղած ժամանակներում նա նախաձեռնողներից մեկն էր Վրաստանին միլիարդավոր դոլարների օգնության հատկացնելու փաթեթի՝ Ռուսաաստանի ու հարավօսերի հետ 2008-ի պատերազմից հետո: 2020-ի նոյեմբերին նրա նախագահ ընտրվելուց հետո շատ վրացիներ հիշում էին Բայդենի ելույթը 2009-ին Վրաստանի խորհրդարանում (այդ ժամանակ նա փոխնախագահ էր), երբ նա մեջբերում էր բանաստեղծ Իլյա Ճավճավաձեին և երկիրն անվանում էր «ոգեշնչման աղբյուր»: Բայց հետո Օբամայի վարչակարգում Բայդենը զբաղվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» հարցերով, որ շատ վրացիներ համարում էին իրենց ագրեսիվ թշնամու խաղաղեցման միամիտ քաղաքականություն:
Աշխարհը, հատկապես հետխորհրդային տարածքը, շարունակում է արմատապես փոխվել և առայժմ հասկանալի չէ՝ ի՞նչ կարող է Բայդենը հիմա բերել տարածաշրջանին: Նրա արտաքին քաղաքական թիմի առանցքային շատ խաղացողներ Օբամայի վարչակազմից են, որ այն ժամանակներից աշխատել են վերլուծական կենտրոններում ու համալսարաններում կամ խորհրդական են եղել: Նրանցից շատերը հիմա Ռուսաստանի նկատմամբ գիշատչի դերում են: «Բոլորը, որ միացել են Բայդենի վարչակազմին, ընդունակ մարդիկ են, նրանց մեջ շատ նոր դեմքեր կան: Մեզ պետք են լինելու նոր գաղափարներ»՝ ասել է Վաշինգտոնի Կառնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:


Բայդենի թիմի առանցքային խաղացողներից են.
• Էնտոնի Բլինկենը՝ իբրև պետքարտուղար, նա պետքարտուղարի տեղակալ էր Օբամայի վարչակարգում:
• Վենդի Շերմանը՝ Բլինկենի տեղակալը, նա ԱՄՆ գլխավոր բանակցողն էր 2015-ին Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրի:
•Ուիլյամ Բեռնսը՝ ԿՀՎ-ի տնօրենը, Օբամայի ժամանակ նա ևս եղել է պետքարտուղարի տեղակալ, իսկ մինչև այդ ԱՄՆ դեսպանը ՌԴ-ում:
•Վիկտորիա Նուլանդը՝՝ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը, նա հայտնի է 2013-ին Ուկրաինայում իր ակտիվ հակառուսական գործունեությամբ:
• Անդրեա Քենդալ-Թեյլորը՝ Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն, նա վաղուց է զբաղվում Ադրբեջանով ու Ղազախստանով:
•Ամանդա Սլոատը՝ Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի տնօրեն (ներառյալ Կովկասը):
• Նենսի ՄակԷլդաունը՝՝ փոխնախագահ Քամալա Հարիսի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, նա աշխատել է Բաքվում ու Անկարայում դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ:
«Աշխարհը խիստ փոխվել է այն ժամանակներից, երբ Բայդենը հեռացավ պաշտոնից: Գիտակցու՞մ են այս մարդիկ, որ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը խարխլվել է, որ աշխարհը հիմա շատ ավելի բազմաբևեռ է, և ԱՄՆ-ի համար ռեալ դժվար է լինելու առաջ մղել ժողովրդավարության գաղափարները, հաշվի առնելով մեզ մոտ եղած քաոսը» ասել է Պոլ Ստրոնսկին Eurasianet.org-ին հարցազրույցում:
Նվազագույնը նոր վարչակարգը, հավանաբար, կակտիվացնի փոխգործակցությունը տարածաշրջանի հետ, մինչդեռ Թրամփի վարչակազմը նշանակալից չափով մեկուսացել էր: Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կենտրոնացել էր մի քանի գերակայությունների վրա՝ Չինաստանի, Իրանի, Իսրայելի, Հյուսիսային Կորեայի, իսկ մնացած աշխարհը հաճախ անտեսվում էր: Դա վերաբերում էր և Կովկասին ու Կենտրոնական Ասիային: Երբ 2019-ին լավածության հերթական գալարն էր Վրաստանի, որ ԱՄՆ մերձավոր գործընկերն էր, և Ռուսաստանի միջև, Վաշինգտոնի անգործությունը աչքի էր զարնում: Նույնը եղավ, երբ 2020-ի վերջին պատերազմ սկսվեց հայերի ու Ադրբեջանի միջև: Եթե տարածաշրջանը հայտնվում էր Թրամփի վարչակազմի ուշադրության դաշտում, սովորաբար դա բացատրվում էր նրանով, որ տարածաշրջանը ինչ-որ կերպ առնչվում էր այլ գերակայություններին: Առավել վառ օրինակը 2018-ին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցն էր Կովկաս: Այցը հիշվեց նրանով, որ Բոլտոնը հայերին ասաց, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը պետք է լուծել, որ կարողանան Վաշինգտոնին օգնել Իրանին մեկուսացնել:


Հայ-ադրբեջանական պատերազմը սկսվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ: Բարձր մակարդակում ԱՄՆ մասնակցութունը աննշան էր, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ չհամակարգված հայտարարություններ արեցին, իսկ Թրամփը մի քանի անգամ խոսեց պատերազմի մասին, նրան, թերևս, դրդեց հայկական դրոշների ներկայությունը նրա նախընտրական հանրահավաքներում:
Բայդենի թիմը լուրջ հայտարարությամբ հանդես եկավ կոնֆլիկտի վերաբերյալ: Բայց նոյեմբերին պատերազմն ավարտվեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարի հայտարարությամբ, և Ռուսաստանը, անկասկած, հիմա գերակա դեր ունի կոնֆլիկտի հետևանքների հաղթահարման մեջ: Նոր վարչակարգի օրոք ԱՄՆ-ը, հավանաբար, կփորձի առավել ակտիվ մասնակցություն ունենալ կոնֆլիկտի լուծմանը, բայց «ես չգիտեմ՝ որքան է դա հիմա հնարավոր, այդ գնացքն արդեն գնացել է»՝ ասել է Ստրոնսկին: Այնուհանդերձ, երկու կողմերն էլ հույս ունեն ԱՄՆ-ի առավել ակտիվ մասնակցությանը, նվազագույնը հանուն նրա, որ նվազեցնեն իրենց կախումը Ռուսաստանից: Թեպետ Ադրբեջանն անհանգստացած է, որ դեմոկրատները «սովորաբար բարեկամություն են անում հայկական լոբբիի հետ» Վաշինգտոնում, Բաքուն ևս սպասում է, որ ԱՄՆ-ը առավել կոշտ քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ՝ ասել է Ադրբեջանի կառավարության հետ կապված Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիևը: Սակայն «ես մեծ փոփոխություններ չեմ սպասում»՝ ասել է նա Eurasianet.org-ին: «Հարավային Կովկասից ԱՄՆ-ը սկսեց հեռանալ հիմնականում Բարաք Օբամայի օրոք, և ես չեմ ակնկալում առավել ակտիվ մասնակցություն Բայդենի օրոք»՝ հավելել է Շաֆիևը: Հարևան Իրանի հետ նշանակալից առաջընթաց կդառնա Թեհրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը վերականգնելու մտադրությունը: Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի մարտական դիրքորոշման համապատկերում, հարևան երկրները, առաջին հերթին Հայաստանն ու Ադրբեջանը, մշտապես տաշեղ դառնալու սպառնալիքի տակ էին, եթե սկսվեր Իրանի հետ պատերազմ: Ստրոնսկու խոսքով՝ մյուս առանցքային հարևանների՝ Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ վերաբերմունքը, նույնպես վճռական ազդեցություն կունենա, բայց այստեղ ամեն ինչ շատ ավելի քիչ կանխատեսելի է: Վաշինգտոնում բոլորը, անկախ քաղաքական հայացքներից, Չինաստանը համարում են սպառնալիք ԱՄՆ գերակայությանը, բայց նաև ահրաժեշտ գործընկեր գլոբալ հարցերում: Մինչդեռ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նշանակալից փոխվել է վերբեռնման ժամանակներից. և հիմա Բայդենի շատ կողմնակիցներ Ռուսաստանը համարում են երկիր, որ կործանարար ազդեցություն ունի և գլոբալ մակարդակում, և ԱՄՆ-ի վրա:


«Հաշվի առնելով Ռուսաստանի ուշադիր վերաբերմունքը Չինաստանին, եթե այդ երկրների հետ հարաբերությունները շարունակեն վատանալ, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունները կհայտնվեն խաչաձև կրակի տակ»՝ գտնում է Պոլ Ստրոնսկին: Կովկասն ու Կենտրոնական Ասիան լավագույն դեպքում կմնան երկրորդական գերակայություն, հնարավոր է միայն մեկ բացառություն: «Միակ երկիրը, որտեղ կարող է վերականգնվել փոխգործակցությունը, Վրաստանն է,-ասել է Ստրոնսկին: -Բայդենը շատ է հետաքրքրված Վրաստանով, նա միակ պատասխանատու պաշտոնյան էր Ուկրաինայի ու Վրաստանի հարցով Օբամայի վարչակարգում»: Թբիլիսիում, անկասկած, դրա հույսն ունեն՝՝ ասել է Քաղաքականության վրացական ինստիտուտի տնօրեն Կոռնելի Կակաչիան: «Թրամփի վարչակազմի օրոք ու նույնիսկ ավելի վաղ, տարածաշրջանն անտեսվել է,-ասել է նա Eurasianet.org-ին:-Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը ակնհայտ ցույց տվեց արևմտյան մեծ խաղացողների, ինչպես ԱՄՆ-ը ու ԵՄ-ն, բացակայությունը, որ տարածաշրջանում իշխանության վակուում ստեղծեց»: Կակաչիայի խոսքով՝ Վրաստանում նախընտրում են տեսնել ժողովրդավարության առաջընթացի շեշտադրում, ռազմական համագործակցության ընդլայնում և ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի վերականգնում: «Վրաստանը ավելի մեծ ուշադրություն է ակնկալում ԱՄՆ-ից»՝ ասել է նա:
Ջոշուա Կուչերա, Eurasianet (ԱՄՆ)


Հ.Գ. Ի՞նչ են գտնում Ստրոնսկին ու ընկերները, վերաբերում է երեկվա օրվան: Այսօրվա ու վաղվա ԱՄՆ արտաքին քաղաքականության խնդիրն է լինելու վերականգնել գերակա դիրքերը միջազգային ասպարեզում, որ ապահովում են նաև տնտեսական գերակայությունը: Ջո Բայդենի վարչակազմը չի կարող Կովկասի նկատմամբ հատուկ քաղաքականություն չունենալ, թեկուզ միայն այն պատճառով, որ մտադիր է վերականգնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը: Իսկ դրա անհրաժեշտությունը կա և նպաստելու է տարածաշրջանում բազում հարցերի լուծմանը: ԱՄՆ-ը ստիպված է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ վերաիմաստավորելով սուլթանի՝ Էրդողանի նկատմամբ իր վերաբերմունքը, ելնելով ՆԱՏՕ-ի իր գործընկերների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունից, թուրք-ռուսական ռազմական համագործակցությունից ու տարածաշրջանում Էրդողանի վարած ագրեսիվ ու ահաբեկչական քաղաքականությունից: ԱՄՆ-ը ստիպված է ինչ-որ հայեցակարգ ունենալ Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ Թրամփը դուրս է եկել Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից ու Բաց երկնքի համաձայնագրից: Դա նշանակում է, որ Բայդենը կամ պետք է հրաժարվի Թրամփի դուրս գալուց, կամ բանակցի նոր համաձայնագրի համար: ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կանոնակարգումը արդեն իսկ ազդեցություն է ունենալու Հարավային Կովկասի վրա՝ բարելավման դեպքում՝ դրական, վատացման դեպքում՝ բացասական:

Բայց դա չի նշանակում, որ տարածաշրջանի պետությունները, առաջին հերթին Հայաստանը, չպետք է վարեն սեփական շահերի պաշտպանության և առաջմղման քաղաքականություն: Հայաստանի համար ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գերակա է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնում և ԱՄՆ-ի ակտիվացումը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշարկման և տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: ԱՄՆ-ը կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսությունը տեղապտույտից դուրս բերելու հարցում: Ո՞րն է լինելու ԱՄՆ շահը տարածաշրջանում ներդրումներ անելու կամ քաղաքական ազդեցությունը մեծացնելու հարցում: Առաջին հայացքից՝ ոչ մի: Իրականում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը բխում է միջազգային շահերից՝ բեռնափոխադրումների ծավալների մեծացումով, լոգիստիկ նոր կապերի հաստատումով… Եվ բազում այլ պատճառներով, որոնց թվարկումը անիմաստ է դարձնում նրանց փաստարկ լինելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ