Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում սբ. պատարագ է մատուցվում

Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում սբ. պատարագ է մատուցվում
27.04.2012 | 00:00

«Եթե ուշադիր լսես քո տեր Աստծու ձայնը, Նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես Նրա պատվիրաններին ու ենթարկվես Նրա բոլոր հրամաններին, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի Ես եմ քեզ բժշկող ՏԵՐԸ»:

(Ելք 15-26)

Ապրիլի 15-ին Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու բակում վաղ առավոտից հոծ բազմություն էր հավաքվել, ովքեր անհամբերությամբ սպասում էին եկեղեցի մտնելու իրենց հերթին, քանզի այն լեփ-լեցուն էր տարբեր ծայրերից այստեղ եկած ուխտավորներով: Վերջիններս եկել էին մասնակցելու սբ. պատարագին և համբուրելու Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը: «Այն օժտված է բուժելու զորությամբ,- լսվում էր եկեղեցու տարբեր կողմերից,- անգամ օտարներն էին հավատում նրա զորությանը և ուխտի գալիս»: «Իսկ ինչո՞ւ է Շուրիշկանի Ավետարանը բերվել հենց Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի»,- հարցնում էին միմյանց։ «Երեսուն տարի Մատենադարանում անձեռնմխելի մնալուց հետո՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի (1941-2003) միջնորդությամբ Արագածոտնի թեմի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եղիշե Բարսեղյան քահանան է մեծ դժվարությամբ թույլտվություն ստանում Կրկնազատիկին այն մի քանի ժամով այստեղ բերելու և ժամերգության սկզբում և վերջում հենց այդ Ավետարանից հատվածներ ընթերցելու համար, որից հետո ավանդույթ է դառնում»: «Իսկ ի՞նչ է Կրկնազատիկը»: «Թովմա առաքյալը, ով չէր տեսել Հիսուսին Հարությունից հետո, հավատում է Նրա Հարությանը միայն Նրան դիպչելով: Եկեղեցին այս հիշատակը` որպես նավակատիք Զատկի, կատարում է Զատկին հաջորդող կիրակի օրը` որպես Փրկչի Հարության տոնին հաջորդող առաջին Կիրակի, որը կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ: Հույները Կրկնազատիկը կոչում են Թովմայի Կիրակի»:

Բազում մարդկանցով շրջապատված հրաշակերտ այս եկեղեցին արդեն տասը տարի է, ինչ լսում է այս զրույցները, ունկնդրում Շուրիշկանին նվիրված և այն գովերգող խումբ-խումբ հավաքված մարդկանց ուրախ երգերը, նրա շուրջ պտտվող բազում ավանդապատումները, լսում և իր հինավուրց պատերի ներքո օրհնությամբ լցնում այդտեղ հավաքվածների սրտերը:

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին վեր խոյացող հոյակերտ այս վանքը դարեր շարունակ նշանավոր ուխտատեղի է եղել: 19-րդ դարում այն Արարատյան երկրամասում Սուրբ Էջմիածնից հետո ամենաբազմամարդ ուխտավայրն է եղել, որը համաքրիստոնեական հանրահայտ սրբերից մեկի՝ սուրբ Գևորգի՝ այստեղ պահվող մասունքների շնորհիվ դարձել է նշանավոր ուխտավայր: Սբ. Գևորգը հայ եկեղեցու ձիավոր սրբերից է: Համաձայն վարքի՝ ազնվազարմ Գևորգը ծնվել է Կապադովկիայում, զինվորական ծառայություն է կատարել հռոմեական բանակում և մեծ ճանաչման արժանացել: Դիոկղետիանոս կայսրը (284-305), քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելով, պահանջել է, որ բանակում ծառայող բոլոր քրիստոնյաները հրաժարվեն իրենց կրոնից: Շատերը երկյուղել են, սակայն Գևորգը համարձակորեն հայտարարել է իր քրիստոնյա լինելու մասին՝ հրապարակում պատռելով կայսեր՝ քրիստոնեությունն արգելող հրովարտակը, որի համար դատապարտվել է: Դատական ատյանում երբ նրան հարցրել են իր ով լինելը, պատասխանել է. «Նախ և առաջ իմ անունը քրիստոնյա է, բայց Գևորգ եմ կոչվում: Իմ Աստծուն այսպես է հաճելի, որ ես բարեպաշտության բազում պտուղներ պտղաբերեմ Նրա այգում»: Գևորգին սարսափելի տանջանքների են ենթարկել, որպեսզի ստիպեն հավատափոխ լինել, բայց նա արիաբար տարել է բոլոր փորձությունները, և ականատեսներից շատերը, տեսնելով այդ, դարձի են եկել: Քրիստոնեական հավատին անդավաճան մնացած Գևորգին կայսեր հրամանով գլխատել են (303 թ.):

Ավանդությունը սուրբ Գևորգին ներկայացնում է որպես վիշապասպան: Նա սովորաբար պատկերվում է սպիտակ ձիու վրա նստած՝ երկար տեգով վիշապին սպանելիս: Նրա մասին բազմաթիվ առասպելներ և լեգենդներ են հյուսված: Նրանցից մեկում պատմվում է այն մասին, թե ինչպես վիշապին սպանելով՝ փրկել է մի կույսի: Միջնադարյան Հայաստանում որոշ հայ թագավորներ սուրբ Գևորգին համարել են իրենց հովանավոր սուրբը:

Սուրբ Գևորգի նշխարները Հայաստան է բերել կաթողիկոս Ներսես Մեծը (353-373) և ամփոփել Արագածոտն գավառում, Հովհաննավանքում: Սակայն ավելի ուշ մասունքները փոխադրվել են Մուղնու եկեղեցի, քանի որ երբ մեծաթիվ ուխտավորներ են եկել Հովհաննավանք, երբեմն անզգույշ երեխաները ձորն են ընկել, և մահմեդական իշխանավորները ճնշել ու տուգանել են վանականներին: ՈՒստի, Հովհաննավանքի միաբանությունն ստիպված է եղել Սբ. Գևորգի ուխտի օրը մասունքները տանել Կարբի: Բայց այստեղ էլ բազմամբոխ ուխտավորների համար տեղն է փոքր եղել, և կարբեցիները ճանապարհի մոտ մի ազատ տեղ են գտել և մասունքների համար մատուռ հիմնել: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ այդ վայրը Հովհաննավանքից մեկ մղոն հեռավորության վրա գտնվելու պատճառով կոչվել է «Մուղնի», այն է՝ մղոն մի= Մղոնի= Մուղնի: Ի դեպ, Մուղնու սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը 13-րդ դարում տարվել է Վրաստան՝ Դաթո թագավորի միակ որդու՝ Բեժոն անունով արքայազնի բուժման համար և հետ չի վերադարձվել: Այդ մասունքները պահելու համար հետագայում Թիֆլիսում կառուցվել է եկեղեցի, որն անվանվել է «Մուղնու Սբ. Գևորգ»: Այդ եկեղեցին մեծ հռչակ է ունեցել: Այնտեղ է պահվել 11-րդ դարի հայերեն ամենանշանավոր նկարազարդ մատյաններից մեկը, որը հետագայում պահպանման վայրի անունով կոչվել է «Մուղնու Ավետարան»: Այսօր այն կանգնած է կործանման եզրին, և պետությունը 26790 դոլար է տրամադրել մշակույթի հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության, մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը՝ Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար:

Սուրբ Գևորգի մասունքները Հովհաննավանքից Մուղնի փոխադրելու և այստեղ փոքրիկ մատուռ կառուցելու հստակ տարեթիվը, սակայն, հայտնի չէ: Հավանաբար, դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թվականին Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: Ավելին, վանքի բակում մինչ օրս պահպանվող 986 թ. արձանագրությամբ խաչքարն անուղղակի վկայություն է դեռ 10-րդ դարում գյուղի գոյության մասին, իսկ այդ շրջանի բոլոր գյուղերն էլ եկեղեցի են ունեցել: Ժամանակի ընթացքում փոքրիկ այդ մատուռը վերածվել է նշանավոր վանքի, որտեղ 1580-ին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը եպիսկոպոսական աթոռ է հաստատել: Վանքը ծաղկում է ապրել XVII դ., երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է: Առաջին անգամ 1632-1655 թթ. վանահայր Մարտիրոս եպիսկոպոսն ամբողջովին քանդել է տեղի հին և փոքր եկեղեցին և կառուցել նոր քառասյուն եկեղեցի՝ կից կառույցներով ու պարսպով: Այդ եկեղեցին, սակայն, երկար կյանք չի ունեցել, քանի որ շինված էր անմշակ քարով: ՈՒստի հանգուցյալ Մարտիրոս եպիսկոպոսի եղբորորդի և Մուղնու նոր վանահայր Հովհաննես վարդապետը (1609-1669), ստանալով պարսից շահի թույլտվությունը, երկրորդ անգամ է հիմնովին քանդել այն և, 1664-ին ժամանակի կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու (1655-1680) օժանդակությամբ, ձեռնարկել սրբատաշ տուֆ քարերով նոր եկեղեցու կառուցումը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1670-ին: Եկեղեցու ճարտարապետը Սահակ Հիզանեցին էր, որը, սակայն, չի տեսել եկեղեցու շինարարության ավարտը, քանզի 1666 թ. մահացել է: Նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ՈՒստա Մուրադը: Արդյունքում, վեր է խոյացել Մուղնու վանքի այժմյան Սբ. Գևորգ գեղատես եկեղեցին: Այն գտնվում է Մուղնու պարսպապատ վանական համալիրի կենտրոնում, իսկ պարիսպներին կից տեղադրված են մյուս շինությունները՝ հյուսիսարևելյան անկյունում՝ վանքի մուտքի մոտ՝ բնակելի սենյակները և սեղանատունը, հարավային պատին կից՝ պահեստը, իսկ հյուսիսարևմտյան կողմում՝ պարսպի մոտ՝ աղբյուրը:

Իր հորինվածքային լուծումով, կառուցման բարձր մակարդակով, շինարարական և հարդարանքի առանձնահատկություններով Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին հայկական եկեղեցական ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից մեկն է: Սև և դեղնակարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով այս եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց նախասրահը (գավիթ), որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան: Նախասրահի կենտրոնական կամարն ավելի լայն և բարձր է, որի շնորհիվ աճում է կառույցի արևմտյան ճակատի ճարտարապետական արտահայտչականությունը: Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է 5,67 մ տրամագծով, 8 լուսամուտ ունեցող գմբեթը: Հետաքրքիր է, որ, ի տարբերություն միջնադարյան մյուս եկեղեցիների, որոնց լուսամուտները բացվում են աշխարհի չորս կողմերի ուղղությամբ, Մուղնիում լուսամուտներն այս սկզբունքից որոշ չափով շեղված են: Գմբեթն ունի հովհարաձև ծածկ: Թմբուկն արտաքինից հարդարված է դեղնակարմրավուն քարերի հինգ գոտիով, իսկ պատուհաններից վեր՝ մեկ ու մեջ խաչի և չորս ավետարանիչների խորհրդանիշերի (մարդ, եզ, առյուծ, արծիվ) քանդակներով: Ներքուստ գմբեթի վեղարի տակ, պատի մակերեսից փոքր-ինչ դուրս եկած շարվածքով ստեղծված է մեծ խաչապատկեր, որը ներկված է սպիտակ գույնով: Իսկ խաչի կենտրոնի շուրջը դեղնակարմրավուն քարով երեք գոտի է պտտվում:

Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը: Ի դեպ, եթե գունավոր քար չի եղել, քարերը ներկել են որդան կարմիրով: Առանձնակի ճոխ քանդակային հարդարանք ունեն արևմտյան և հարավային մուտքերը: Սակայն եկեղեցու ներքին հարդարանքը պարզ է, առանց քանդակների: Նրա բաղկացուցիչն են որմնանկարները, որոնք կառուցումից բավական ուշ՝ 19-րդ դ. սկզբներին են նկարվել: Աբսիդի և դահլիճի հյուսիս-արևելյան անկյան վրա Գրիգոր Ա Լուսավորչի կողմից Տրդատ Գ Մեծի մկրտության, ս. Գևորգի՝ Գաբրիել հրեշտակապետից սուր ստանալու, Աստվածածնի Վերափոխման, Ստեփանոս Նախավկային, ս. Նիկողայոս Հայրապետին և Համբարձման տեսարանը պատկերող որմնանկարներ են:

Մուղնու վանքը միջնադարում նաև գրչության կենտրոն է եղել, ուր մի շարք մատյաններ են ընդօրինակվել. Սիմեոն երեցը 1278-ին գրել է նկարազարդ Տոնական մատյանը, իսկ 1280-ին ընդօրինակել Ավետարանը, որոնք այժմ պահվում են Մատենադարանում: 1484-ին և 1491-ին Մկրտիչ երեցն ընդօրինակել է Գանձարան և Ճաշոց: 1849-52 թթ. վանահայր Մարտիրոս Մժեժյան Կարենեցին վանքում անգամ դպրոց է բացել:

Վանքում պահվող սրբություններից են եղել սբ. Գևորգի ոսկեզօծ Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները: Մուղնու Սբ. Գևորգ վանքի տոնի օրը սեպտեմբերի 18-ն է:

Մուղնու եկեղեցու կառուցումը և վանքի բարեկարգումը կատարվել են պատմական բարդ և անկայուն ժամանակներում, երբ Արագածոտն գավառն ու Մուղնի բնակավայրը բազմիցս ենթարկվել են թշնամական հարձակումների, տեսել շահաբասյան աղետը (1604), ջալալիների ներխուժումը (1608), Հերակլ Բ-ի կազմակերպած բռնագաղթը, ինչպես նաև ռուս-պարսկական պատերազմների դաժան շրջանը:

Խորհրդային տարիներին վանքը դադարել է գործելուց՝ պահպանվելով որպես պատմական հուշարձան, և 1970-ականներին դարձել Զվարթնոցի հնագիտական թանգարանի մասնաճյուղը: Այստեղ են հավաքվել շրջակա հնավայրերից գտնված քարե կոթողներ: Վանքը կրկին գործող է դարձել Հայաստանի անկախացումից հետո՝ 1990-ականների կեսերին հանձնվելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Հանդիսավոր վերաբացումը տեղի է ունեցել 2000 թ. հոկտեմբերի 8-ին: Այդ օրվանից սկսած՝ հազարամյակների թոհուբոհով անցած նշանավոր այս վանքն իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ շուրիշկանցիների, թե՛ աշխարհի ցանկացած ծայրից այստեղ եկած ուխտավորների առջև:

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 20656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ