Մինչև 7-րդ գումարման հերթական նստաշրջանի ավարտն Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ որոշեցի «до և после» օպերացիա իրականացնել: Կառավարության հետ հարցուպատաախանի օրը որոշեցի ստուգել՝ դահլիճում քանի՞ պատգամավոր կա մինչև կառավարության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի գալն ու դրանից հետո։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Ժամը 14.40-ի դրությամբ դահլիճում ընդամենը 13 պատգամավոր կար՝ խորհրդարանականների ուղիղ 10 տոկոսը։ Իսկ արդեն 16. 40-ին, երբ գործադիրը պատասխանում էր օրենսդիրի հարցերին, նիստը բոյկոտած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից բացի, մյուս երկուսը՝ «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը» գրեթե ամբողջական կազմով ներկա էին։ Դիտարկումը հատուկ այն պատգամավորների ու մարդկանց համար եմ ներկայացնում, ովքեր կոկորդ են պատռում, թե 7-րդ գումարման խորհրդարանը նոր որակի է ու մի քանի գլուխ բարձր նախկիններից։ Իմքայլական որոշ պատգամավորներ նույնիսկ համարձակվում են ասել, թե այն Գերագույն խորհրդին հավասար մարմին է։ Թե ինչ նոր որակի մասին են խոսում նշանակալի որևէ ճանապարհ չանցած ու բախտի բերմամբ օրենսդիրի աթոռին հայտնված քայլարածները, միայն իրենց է հայտնի, մեկ էլ գուցե այն «ֆեյքերին», որ սոցիալական ցանցերում մեծագույն հաճույքով համտեսում են Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերը։ Հանուն արդարության փաստենք՝ ի տարբերություն «նոր որակի» 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված պատգամավորների, նախկինները գիտեին՝ ինչ բան է քաղաքական բանավեճը, իսկ վարչապետի ներկայությունը խորհրդարանում «մեսիայի» գալուստ չէին ընկալում։ Չէին սարսափում կառավարական կաբինետի ներկայությունից, իրենց քաղաքական առաջնորդին քծելու համար ամեն մի ելույթից հետո չէին ծափահարում նրան ու գերազանցիկների պես իրար հերթ չտալով, աչքի ընկնելու համար անկարևոր հարցեր չէին տալիս։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ խորհրդարանի մեծամասնությունն ուղղակի կոճակ սեղմող է, հետաքրքիր է՝ իսկ հիմա ինքն իրեն հարց տալի՞ս է, թե «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից քանի՞սն է կոճակ սեղմող, քանի՞սն է, որ բացի խորհրդարանի միջանցքներում քայլելուց, ծխարաններում «լռվելուց», միմյանց սենյակներում մեքենաների նոր մոդելներից խոսելուց, է՞լ ինչ են անում: Հետաքրքրվե՞լ է, թե օրենսդրական կարևոր նախաձեռնությանը կողմ քվեարկող պատգամավորն արդյո՞ք գիտի՝ ինչին է կողմ քվեարկում, հետաքրքրվե՞լ է, թե ԱԺ-ում իր ներկայությունից կաշկանդվող ու շնչակտուր դահլիճ վազող քայլականը մնացյալ օրերին ի՞նչ է անում խորհրդարանում, քանի՞ քաղաքացու է ընդունում և այլն, և այլն: Վարչապետի սիրով վառված պատգամավորներին հորդորում կամ խորհուրդ եմ տալիս՝ աշնանային նստաշրջանում գոնե դադարեք կոճակ սեղմող լինելուց ու երկրի օրենսդիր մարմինը ծաղրուծանակի առարկա մի դարձրեք։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ