Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստծու սպառազինությունը հագեք

Աստծու սպառազինությունը հագեք
22.05.2022 | 09:20

Ով որ գիտի, թե ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է:
Հակ.4;17

Բարու և չարի գիտության ծառի պտղից սնվող ադամորդիներս, թվում է, պետք է որ հստակ տարբերակեինք չարն ու բարին: Բայց ահա պարզվում է, որ չգիտենք: Մեր մեծագույն բարեգործությունը չար բան չանելն է, իսկ բարի գործ անելը, ինչպես կարծում ենք, թողնված է մեր մեծահոգի հայեցողությանը: Եվ վայ է մեր բարեգործության շահառուներին: Բայց ահա գալիս է Նորոգողը և սահմանում է բարի լինելու նոր չափորոշիչներ: «Լսել եք՝ ինչ ասվեց. աչքի փոխարեն՝ աչք եւ ատամի փոխարեն՝ ատամ: Իսկ Ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյու՛սն էլ դարձրու» (Մատթ. 5;38-39): «Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է` ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 6;3-4):


«Օրհնեցե՛ք ձեզ հալածողներին. օրհնեցե՛ք եւ մի՛ անիծեք. համերա՛շխ եղեք միմյանց հետ. մի՛ մեծամտացեք, այլ խոնա՛րհ եղեք խոնարհների հանդեպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք. մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք. խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք. ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թու՛յլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետեւ գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, եւ Ես կհատուցեմ»: Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթե՝ ծարավ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին: Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ.12;14-21): Վրեժխնդրությունը Աստծուն թողնելը չի նշանակում նստել և սպասել, թե երբ է երկինքը փուլ գալու մեր «աչքի գրողի» գլխին, այլ ընդհակառակը, նշանակում է խոնարհվել, ներել, ողորմել, համբերել և սիրել:


«Ձեր այդ հնազանդությունը ծանոթ է բոլորին. եւ արդ, ուրախ եմ ձեզ համար. բայց ուզում եմ, որ դուք իմաստուն լինեք բարի գործերի համար եւ հեռու մնաք չարից: Եւ խաղաղության Աստվածը շուտով պիտի խորտակի Սատանային ձեր ոտքերի տակ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ» (Հռոմ.16;19-20):
Ինչպիսի հեզությամբ են Տիրոջ սուրբ Առաքյալները հորդորում ու հաստատում բարու մեջ. «Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել» (Գ Հովհ.11):
«Չարի փոխարեն չար մի՛ հատուցե՛ք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետեւ այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը» (Ա Պետր. 3;9):


Բարու և Չարի այդ հավիտենական պայքարում «Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ: Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին» (Եփ. 6;11-13): Անտեսանելի Չարը մեր դեմ է հանում մարմին և արյուն, բայց նրան դիմակայելու համար մենք չպետք է ելնենք նույն այդ մարմնի և արյան դեմ, որովհետև կստացվի, որ մեզ Չարն է խոցում, իսկ մենք՝ Նրան, Ով առավ մեր մարմինն ու արյունը և Իր կյանքը տվեց մեզանից յուրաքանչյուրի համար. Մարմինը` ամեն մի մարմնի համար, և Արյան ամեն կաթիլը` արյան համար:


Իսկ Աստծո սպառազինությունն է՝ հաստատուն կանգնել, գոտեպնդվել ճշմարտությամբ, հագնել արդարության զրահը, խաղաղության Ավետարանի պատրաստությամբ ամրացնել ոտքերը, առնել չարի բոլոր մխացող նետերը հանգցնող հավատի վահանը, հագնել փրկության սաղավարտը և վերցնել Հոգու սուսերը` Աստծո Խոսքը, հարաժամ աղոթել Հոգով:
Ինչքան տարբեր է չարի դեմ պայքարի քրիստոնեական մոտեցումը աշխարհի մոտեցումից, և քանի դեռ աշխարհը վայր չի դրել իր հրթիռները և չի զինվել Աստծո սպառազինությամբ, աշխարհում կլինեն լոկ խաղաղության խոստումներ, բայց ո՛չ իրական խաղաղություն:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7267

Մեկնաբանություններ