«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ե՞րբ ենք երկիրը մաքրելու առաջիններ դարձած հետիններից

Ե՞րբ ենք  երկիրը մաքրելու առաջիններ դարձած հետիններից
20.06.2017 | 01:59

«Իրատեսի» լրագրող Ռուզան Խաչատրյանի` «Ինչո՞ւ է իշխանությունը հանդուրժում Սամվել Բալասանյանին» (թիվ 45, 16-19. 06.2017) վերտառությամբ հրապարակումից հետո irates.am կայքում 2 օր շարունակ հուզական-արցունքախառն կրքեր բորբոքվեցին: Գյումրու քաղաքապետի անհոդաբաշխ հայերենի փառահեղ գիտակ վարձու գրագիրները հայհոյախառն-լացակումած «մարգարիտներով» փորձում էին «նախշել» «Իրատեսի» յոթ պորտը, որ չի նկատում մերօրյա «դրախտի» վերածված հայրաքաղաքի պայծառափայլ շքեղությունը, լույսերի մեջ ողողված, մաքրությունից փայլատակող փողոցները, երջանկությունից ժպտացող գյումրեցիներին ու Սամվել Բալասանյանի ջանքերով հայկական Սինգապուրի վերածված քաղաքն անամոթաբար ներկայացնում է թշվառ ու դժգույն երանգներով:


Ի լրումն հիշյալ արձագանքների ստացվեց նաև Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայության պատասխանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրական ու սրբագրական միջամտության. «Ի պատասխան «Իրատես» թերթում հրապարակված «Ինչո՞ւ է իշխանությունը հանդուրժում Սամվել Բալասանյանին» վերնագրով նյութում հրապարակված տեղեկությունների՝ պետք է նշենք, որ վերոնշյալ հոդվածն ակնհայտ պատվեր է, քանի որ նյութում բերված տեղեկությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք իրականացվել է սոցիալական բաղնիք ծրագիրը, որի շրջանակներում բազմաթիվ սոցիալապես անապահով մարդիկ ստացել են կոմունալ ամենատարրական հարմարություններից օգտվելու հնարավորություն, սա բնականաբար հոդվածագրի կամ պատվիրիատուին բացարձականապես չի հետաքրքրում: Որևէ գեղեցկության սրահի հետ քաղաքապետարանը որևէ պայմանագիր չունի կնքած և որևէ լումա չի փոխանցվել, ինչի մասին կարող են վկայել համապատասխան փաստաթղթերը: Նույնը կարելի է ասել և «Անուշարան» և «Սևան» հանքային ջրեր ընկերության մասով:
Սակայն հասկանում ենք նաև, որ հոդվածագրի և պատվիրատուի խնդիրն է՝ քաղաքում տեղի ունեցող դրական փոփոխությունները սև գույնով ներկայացնել: Լավ կլիներ, որ լրագրողը տարրական մասնագիտական բարեխղճություն ունենար՝ ակնհայտ սուտ և գյումրեցիների համար «ծիծաղելի տեղեկություններ» չհրապարակերու համար»:


Որպես պատասխան Սամվել Բալասանյանի ֆալշ «նվագախմբի»` «Իրատեսը» կրկին տպագրում է շուրջ 8 ամիս առաջ հրապարակված «Հայոց «Նիկոդիմ Դիզմա»-ների կարիերան» վերտառությամբ իրատեսական պատումը, որը սպառիչ ներկայացնում է Սամվել Բալասանյան երևույթը, ինչպես ասում են` լայնքով, երկայնքով ու ողջ խորությամբ:

Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին
դարձնում է գողին ազնիվ,
բարեհույս,
Ապուշին հանճար, վախկոտին
կտրիճ,
տգեղին չքնաղ և պոռնիկին կույս:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

ԵՐԲԵ՛Ք ՉԵՆ ՀԱՄԸՆԿԵԼ ՆՐԱ ԽՈՍՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ ԵՎ ՉԵՆ ԽՓԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԻՆ


Կռահեցի, չեք կողմնորոշվում, թե ով է այս հրապարակման առաջին խորագրում «առոք-փառոք» բազմած Նիկոդիմ Դիզման: Հոգ չէ: Փորձենք մտաբերել միասին:
Անշուշտ մոռացել եք լեհ գրող Թադեուշ Դոլենգա-Մոստովիչին: Դե իհա՜րկե հիշեցիք: ՈՒրեմն մտաբերեցիք և նրա «Նիկոդիմ Դիզմայի կարիերան» երգիծական վեպի գլխավոր դեմքին` պան Դիզմային, որի մանկության բյուրեղյա երազանքն էր «շա՜տ փող հավաքել», տալ տոկոսով ու «աղավարի ապրել»` չանելով ոչինչ:


Ինչպես հաճախ է պատահում կյանքում, Դիզման ոչ միայն հաջողության է հասնում, այլև չի հասկանում, թե ոնց է հայտնվում երկրի «պրեմիեր մինիստրի» աթոռին: «Երևում է ճակատիս գրված է եղել, որ երևելի ջոջ դառնամ»,- ինքն իր մեջ մտորում է պան Նիկոդիմը: Հակառակ տեղական արտադրության (իմա` հայկական ծագում ունեցող) դիզմաների, «սա թևքերը քշտած» «ռինգ» չի մտնում», «ճակատի գիրը» ոչ մեկին չի ցուցանում (ես չէ, այդ դուք մտաբերեցիք նրա «ճակատի գիրը», որ էր` ՕԵԿ), մի քանի արարից բաղկացած ինտրիգներ չի սարքում, որովհետև լավ է գիտակցում իր ոչնչությունը: Հետևաբար և հասկանում է՝ երկրի որևէ պատասխանատու պաշտոնի (նրա պարագայում՝ վարչապետության) հմայքներն իր քիմքի բանը չեն: Բայց նյութի գերիշխանության այս բիրտ աշխարհում հաճախ հենց «ճակատի գիրն» է դառնում որոշիչն ու որևէ թերուսի, ինչպես Դիզմային, «խտտած» տանում գլխապտույտ բարձունքներ (նման դեպքերի համար են ասել` անքննելի են գործերն Աստծո):
Եվ այսպես, ճակատագրի կամոք չնչին մի մարդ դառնում է խոշոր պետական գործիչ ու նրա (ինչպես բարձր պաշտոններ զբաղեցնող բոլոր անարժանների) առջև խոնարհվում են, փառաբանում որպես հայրենիքի փրկչի:


Ընթերցողը, հավանաբար, հռետորական հարցադրում կատարի` ենթադրենք մտաբերեցինք թե՛ ժուռնալիստ-գրող Դոլենգա-Մոստովիչին, թե՛ նրա ապաշնորհ ու թերուս, բայց Ֆալաքի (ինչպես կասեր Ֆրիկը) ընտրյալ հերոսին, հետո՞, ի՞նչ կապ ունի պան Նիկոդիմը ժամանակակից Հայաստանի հետ:
Կասեի` ամենաուղիղ: Հիմա էդ ուղիղ ճանապարհով փոքր հետընթաց կատարենք ու մտաբերենք, թե հայոց պատմության վերջին 25 տարիներին քանի՜-քանի դիզմաներ` փնթի, բութ, հանուն «փառքի անհաս գագաթների» պայքարող (Աստված հեռու պահի «մարտնչող տգիտության» մղած պայքարից), գետնաքարշ փռվեցին տվյալ ժամանակի «պատրոնի» առջև. երկարեցին-կարճացան-գալարվեցին ու ոլոր-մոլոր արահետներով հասան որոշակի դիրքի, ապա ողնաշարը (խե՜ղճ ողնաշար, բերանքսիվայր սողալուց հետո ճռռալով էր հարմարվում ուղղահայաց դիրքին) ճկելով մեկ աջ, մեկ ձախ հայ (և ոչ միայն) հանրությանը փորձեցին մատուցվել որպես քաղաքական ու պետական «հզոր» այրեր: Մոռացան խեղճերը, որ ժամանակակից Հայաստանն այլևս ծովից ծով չէ, այլ (ինչպես «Իրատեսի» հեղինակ Վրեժ Առաքելյանն է բնութագրում) «լճից լիճ», որ շատ է փոքր, ու բոլորը բոլորի մասին գիտեն ամեն ինչ. ո՞վ էին, ի՞նչ էին անում, որտեղից ուր հասան ու ինչ դարձան («դառնալը», իհարկե, շատ հարաբերական է՝ նմաններից վաղը վերցրու աթոռն ու փողը, կկատարվի «դարձ ի շրջանս յուր», իմա` նորից կլինեն նախկին «ոչինչ»-ը):


Մեր քաղաքական «էլիտայի» համար, սակայն, նմանները «դեմքեր» են: Այլապես հայոց դիզմաների ստախոսությունը չէր ընդունվի որպես ուղղամտություն, հայհոյախոսությունը, իրենց իսկ բնութագրմամբ` «բարձրաշխարհիկ պայմանականությունների անտեսում», բթամտությունը` խոհեմություն, տհասությունը` սրամտություն, դավաճանությունը` նվիրվածություն:
ՈՒ երբ նման «դեմքերը» հաջողեցնում են տիրանալ որևէ եկամտաբեր պաշտոնի՜... Կարճ ժամանակահատվածում ամայացնում, «փոսի» են վերածում ամեն ինչ: Որովհետև «աթոռը» ծառայեցնում են ոչ թե իրենց վստահված ոլորտի, այլ սեփական բիզնեսների ծաղկմանն ու բարգավաճմանը:
Կոնկրետ ո՛ւմ մասին է խոսքը:


Բացեմ փակագծերը՝ վկայակոչելով «Իրատեսի» (թիվ 67) հեղինակ Վրեժ Առաքելյանի տողերը, որ գրել է օրերս Գյումրի կատարած այցից հետո. «Քաղաքին պատուհասել է անկախական շրջափուլի գուցե թե ամենաանդեմ և գաղջ (ինչպես կասեր Սերժ Սարգսյանը) քաղաքական ուրույն դեպքը (ոչ դեմքը, այլ դեպքը, հենց դեպքը՝ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ)»:
Հայաստանի երբեմնի մշակութային մայրաքաղաքում, որը Դոնարա Հարությունյանի առաջնորդության ժամանակահատվածում պատվում էինք «արվեստների ու արհեստների» քաղաք կոչումով, ժամանակն այսօր կանգ է առել, քաղաքը հոգեվարքի մեջ է, քանի որ անտեր է ու անգլուխ:


-Ո՞նց թե անգլուխ,- կհակադարձեն ոմանք,- իսկ Սամվել Բալասանյա՞նը:
Բալասանյանն ի՞նչ: Նա միշտ էլ եղել է (ինչպես Լևոն Զուրաբյանն է փաստում իր՝ գյումրեցիներին ուղղված հայտարարության հենց սկզբում) «...իշխող ռեժիմի գործիքն ընդամենը»: Գործիք, որը, ինչպես այսօր պնդում են նրան քիչ թե շատ ճանաչողները, «լավ է կատարում գյումրեցիներին թալանելու գործը միայն»:
Բավ է հետադարձ հայացք նետել քաղաքական դաշտում նրա «դարից ավելի ձգվող» դեգերումներին, «հետուառաջ»-ներին, թողած զիգզագ-հետագծին, որ համոզվես՝ իր անպատվաբեր «թռիչքների» ժամանակավոր և ոչ մի «կայանում» այս քաղաքական Թափառնիկոսը չի դավաճանել միայն անձնական շահին: Կապ չունի, թե որ «կայանում» ինչ է ասել կամ խոսել: Կարևորը՝ երբեք չեն համընկել նրա խոսքն ու գործը և չեն խփել սեփական գրպանին:

Ո՞Վ ԷՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՄԻՆՉ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»


Գնացեք Գյումրի և հարցրեք` ո՞վ էր Բալասանյանը մինչ «հեղափոխությունը»: Անպայման գնացեք ու հարցրեք: Եվ ձեզ կասեն՝ մինչ «հեղափոխությունը» Բալասանյանը...
Բայց այստեղ (ինչպես ասում են՝ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում) ընդհատենք գյումրեցիների որակումները: Ինչո՞ւ: Որովհետև շատերիս նուրբ լսելիքը «կցնցվի» բարբառով (այն էլ Գյումրվա) հնչած «պատասխանից»: ՈՒրեմն, ուզենք, թե չուզենք, Բալասանյանի համաքաղաքացիների «ասածը» պետք է ներկայացնենք մանրակրկիտորեն սրբագրած:
Եվ այսպես՝ մինչ «հեղափոխությունը» Բալասանյանն աչքի չընկնող, աննշան մեկն էր: Շարքային կոմունիստ, որ վերջնականապես հույսը կտրել էր գրպանը ոչ մի կերպ «չտաքացնող» կուստոմսից (ժամանակի ոգուն հավատարիմ գնե՞լ էր այն, ինչպես վարվում էին խորհրդային բոլոր կարիերիստները, թե՞ իսկապես ընդունվել էր կոմկուսի շարքերը, ոչ մեկին չէր հետաքրքրում): Նա ընդհանրապես որևէ մեկին չէր հետաքրքրում: Գլուխը կախ (հետո էլ էր այդպիսին) «բանում էր գարեջրի գործարանում, ապա անուշեղենի» և... սուսուփուս իր «գործն» էր անում: Եթե «չաներ», հետագայում շնորհիվ ՀՀՇ-ի բարեհաճության, ո՞նց կարող էր հրաժեշտ տալ «աղքատությունը արատ չէ», Օստապ Իբրահիմովիչի բնութագրմամբ՝ «տափակ ասացվածքին», ու... օդից գործարանատեր դառնալ: Պարզապես՝ Բալասանյանը Կորեյկո էր, որ շնորհիվ «հեղափոխության» ու ՀՀՇ-ի («միայն տեսնեիք ի՜նչ ծառայություններ էր մատուցում ՀՀՇ-ական առանձին պաշտոնյաների»), նաև բնության շռայլ «պարգևի»՝ «ճակատի գրի» (ինչն ի ցույց էր դնում բոլորիս՝ մինչ ԲՀԿ-ի մուտքը հայ քաղաքական դաշտ), կարողացավ խուսափել Կորեյկոյի բաժին ճակատագրից և բանվոր դասակարգի շարքային ներկայացուցչի քողի տակ «կուտակածն» օգտագործել ըստ նշանակության:


Տիեզերքը որքան շռայլորեն նրա ճակատին «գիր» էր խարանել, նույնքան խստագույնս էլ Շիրակ աշխարհը պատժել էր այս անկապ «քաղաքական գործչին» և շրջանցել բոլոր առումներով: Նրան զրկել էր գյումրեցուն հատուկ կոլորիտային հմայքից, Գյումրվա հյութեղ բառ ու բանից: Ծանրակշիռ «պակասորդ», ինչը երբե՛ք չես կարողանա «լրացնել» ո՛չ «կանաչի», ո՛չ էլ ոսկու փայլով: Ինչքան ուզում ես միլիարդներ ունեցիր, բնությունն աչքածակ մարդ չէ, որ զարտուղի ճանապարհներով «հրապուրես» և մի առավոտ արթնանաս ու ԱԺ փոխխոսնակի կամ Հայաստանի երկրորդ քաղաքի առաջնորդի աթոռին նստես:
Բարձրյալն այնպես է վարվել իր այս որդու հետ, որ ինչ աթոռ էլ զբաղեցնի՝ պաշտոնը չի զարդարի նրան, առավել ևս՝ ինքը պաշտոնին: Ասել է՝ ո՛չ քաղաքական դեմք է (ինչպես ճոռոմաբար ներկայանում է «Վիքիպեդիայում»՝ «հայ քաղաքական գործիչ», թերևս, մոռացել է «ականավոր» որակումը) և ո՛չ էլ կարգին քաղաքապետ, իմա՝ «հայ պետական այր»:
ՀՀ անկախության ժամանակների խորհրդարանը երբեք այսքան անդեմ ու անկապ ղեկավար չի ունեցել: Չէր էլ ունենա, եթե այս գորշ գյումրեցին ՕԵԿ-ից «պո՜ւկ» չվազեր ԲՀԿ ու Գագիկ Ծառուկյանի առաջ ողնաշարը համապատասխանաբար ծռելով (վերջինիս չէր կարող փողով կամ գարեջրով հրապուրել) ռևերանսներ չաներ:


Այսօր, իր փոփոխական բնույթին հավատարիմ, որքան էլ հայհոյի ՀՀՇ-ին, չի կարողանա ջնջել ճակատին դաջվածը՝ ներկայիս ունեցած-չունեցածի համար միայն ու միայն ՀՀՇ-ին է պարտական: Ինչպես վկայում են գյումրեցիները, նրան գարեջրի գործարանի սեփականատեր դառնալու հարցում նպաստել էին և անվերապահորեն օգնել ՀՀՇ իշխանությունների հետ ունեցած կապերը, նաև պահի թելադրանքով տվյալ ժամանակահատվածի չինովնիկներին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը: Այդ հիմա է, որ իր բնույթին հավատարիմ փորձում է ջնջել սեփական անցյալը՝ անխնա հայհոյել, անգամ քննադատել (պատկերացնո՞ւմ եք, բարդ ստորադասական նախադասություններով) ժամանակին իրեն մարդամեջ հանածներին: Բայց, ինչպես ասում են՝ ամեն ինչ հերթով:
ՀՀՇ իշխանության տարիներին սա էլ թքեց իր կոմունիստական անցյալի (գուցե և տոմսի) վրա ու, ռուսի ասածով՝ от и до ծառայեց-հաճույք պատճառեց բոլոր այն բարձրաստիճանավորներին, որոնց բարեհաճությունից էր կախված իր «հարուստ ապագան»:
1998-ի իշխանափոխությունից հետո նա ճիշտ կռահեց, թե անհրաժեշտ հովերը որ կողմից են փչում... 1999-ին հայտնվեց երկրի օրենսդիր մարմնում և փորձեց «կուչ գալ» Կարեն Դեմիրճյանի ամենակարող թևի տակ:


Հետո եղավ 1999-ի հոկտեմբերի 27-ը: Բալասանյանը լուրջ փնտրտուքների մեջ էր. ո՞ւր գնալ, ո՞ւմ տանիքի տակ պատսպարվել: Գիտակցաբար, թե անգիտակցաբար հայտնվեց Վարդան Այվազյանի ղեկավարած «Կայունություն» խմբում:
Առաջին անգամ հայաստանյան հանրությունը Սամվել Բալասանյան անուն-ազգանունը լսեց 2001-ին, ԱԺ-ում ծավալված իրարանցման ընթացքում: ԱԺ «Կայունություն» խմբում առնետավազք էր սկսվել: «Նավից» փախչողներից մեկն էլ մեր ժամանակների այս «հերոսն» էր, որ անդամագրվեց Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարած «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» խմբին: Հետո լռություն: Ոչ ոք չէր հիշում կամ նկատում այս կերպարին: Լրագրողների կողքով սահում էր աննկատ ու չքանում: Ամբիոնին չէր մոտենում, հոդաբաշխ որևէ միտք չէր արտաբերում: Նման պատգամավոր ասպարեզում պարզապես չկար:


Երեսփոխան Սամվել Բալասանյանի անուն-ազգանունն ԱԺ-ում և ԶԼՄ-ների էջերում թնդացրեց Հմայակ Հովհաննիսյանը, երբ «Օրինաց երկրի» նախագահին` Արթուր Բաղդասարյանին, հանրապետության թիվ մեկ ամբիոնից մեղադրեց «անասնագողության» մեջ: Պարզվեց՝ Սամվել Բալասանյան և Վռամ Գյուլզադյան «օրենսդիրները» «փախել» են «Ագրոարդյունաբերական» խմբից ու անդամագրվել ՕԵԿ-ին:
Հմայակ Հովհաննիսյանը, սակայն, մեծահոգաբար ասաց, թե «անասնագողության» մեջ «բռնված» «Օրինաց երկրին» ինքը դատի չի տա:
Կոմկուս-«Կայունություն»-«Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում»-ՕԵԿ-ԲՀԿ-«Բալասանյան դաշինք»… Ինչպես ասում էր Օստապ Իբրահիմովիչը` «բժշկական փաստ է»:


ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ


Դառնանք մեր «հերոսի» «հիշարժան» այն գործերին, որոնք արվել են հանուն Գյումրու և գյումրեցու: «Հետաքննությունը» սկսենք Լևոն Զուրաբյանի հայտարարության հետևյալ հատվածով. «Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակը կատարելապես կրկնապատկերված է Գյումրիում. գործազրկություն, թշվառություն, կոռուպցիա, արտագաղթ»: Այժմ վկայակոչենք «Բալասանյան դաշինքի» (հասկանալ` նույն Բալասանյանի) պատասխանը Լևոն Զուրաբյանի ծանրակշիռ մեղադրանքին. «Գյումրիում գործազրկությունը, թշվառությունը, արտագաղթը ՀԱԿ-ի, ապա ՀՀՇ-ի ժառանգությունն է»: Ասել է` պարոն Բալասանյանն ընդունում է հնչեցված քննադատությունը, հետևապես չի ժխտում Լևոն Զուրաբյանի նշած իրողությունը, որ, այո, Գյումրիում համատարած գործազրկություն է, թշվառություն, կոռուպցիա, արտագաղթ, որոնք, սակայն (Բալասանյանը Բալասանյան չէր լինի, եթե չփորձեր տիրող մղձավանջի մեղքը բարդել դիմացինի ուսերին) «ՀԱԿ-ի, ապա ՀՀՇ-ի ժառանգությունն են»:


Ինչպես ժողովուրդը կասեր` ծուռ նստենք, շիտակ խոսենք. հարգելի պարոն Բալասանյան, բանվորի «պաշտոնից» բացի (նույն Գյումրու գարեջրի գործարանում), պապերիցդ ուրիշ ոչինչ չէիր ժառանգել: Ինչո՞ւ ուրեմն «ՀԱԿ-ի, ապա ՀՀՇ-ի ժառանգությունը» շրջանցեց քեզ, նույն ՀՀՇ-ի իշխանության տարիներին: Ինչո՞ւ դու էլ մյուսների նման բոմժ ու գործազուրկ չդարձար: Քո պարագայում հատկապես կային նպաստավոր բոլոր հիմքերը. որևէ բանով աչքի չընկնող բանվոր էիր, հետո էլ տեխնոլոգ` հրուշակեղենի գործարանում: Ոչ արտառոց ունակությունների տեր էիր, ոչ ակադեմիկոս էիր, ոչ որևէ գիտության դոկտոր կամ պրոֆեսոր, ո՛չ էլ հաջողակ գործարար: Ասել է՝ ոչինչ, էլի. բանվոր դասակարգի շարքային ներկայացուցիչ, որ, միլիոնավորների նման շղթաներից բացի, կորցնելու ուրիշ բան չպետք է որ ունենար: Թե՞ (օգտագործենք ռուսական բնորոշ բառը) խորհրդային հայտնի несун-ների (несуны - ձեռնարկության աշխատակիցներ, որ հումքի, կապիտալի, նյութական ակտիվի գողություն էին կատարում, իմա` շարքային գողեր, որոնց նմանները վխտում էին խորհրդային ցանկացած արտադրությունում) օրինակով «աշխատում և պայքարում» էիր (իմա` գողանում էիր խորհրդային երկրի, խորհրդային ժողովրդի ունեցվածքը. գարեջրի, կաթի փոշու, քաղցրավենիքի տեսքով) հանուն բոլորիս կոմունիստական պայծառ ապագայի: Ինչո՞ւ շատ կիրթ, մտավորական մարդկանց նման դու էլ չկանգնեցիր որևէ եկեղեցու պատերի տակ և հավատացյալներին, պատահական անցորդներին ուղղված աջով հացուջրի փող չխնդրեցիր: Ո՞ր արժանիքիդ համար շրջանցեցիր հազարավոր գյումրեցիներին պատած «ցավը»: «Ճակատիդ գի՞րն» օգնեց:


Կրկին վկայակոչենք Լևոն Զուրաբյանի տողերը. «Բալասանյանը սեփականատերն է և տնօրինում է Գյումրու գարեջրի հին ու նոր` «Ալեքսանդրապոլ» և «Գյումրի» գարեջուր արտադրող գործարանները, «Անուշարան» հրուշակեղենի գործարանը, «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը: Բալասանյանը նաև Գյումրու ամբողջ քաղաքային տրանսպորտի ցանցի տերն է»:


Լևոն Զուրաբյանը չի թվարկում Բալասանյանի ունեցած տարածքները, շենք-շինությունները, հեկտարներով հողերը, անասնագոմերը, ինչպես նաև (իսկական կուրյոզ) Բալասանյան ընտանիքի սեփականությունը` հայտնի պատմական հուշարձանը` «Սև Ղուլ» ամրոցը (Սև բերդ): Չի նշում Երևանում, Ջավախքում, Բաթումում, նաև Մոսկվայում նրա ունեցած բիզնեսները: ՈՒ այս ամբողջը Գյումրու 8 հազար անօթևանների, 2800 տնակների (պաշտոնական տվյալներ են), քարուքանդ փողոցների, աղբի, դեղի կամ ցամաք հացի փող խնդրող մուրացիկ-բոմժերի ֆոնին:


Որպես պատասխան Լևոն Զուրաբյանին Բալասանյանը գրում է. «…երբ ՀՀՇ-ի օրոք թալանվում էին քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները, Բալասանյանը և մի խումբ նվիրյալներ թալանից փրկեցին և պահպանեցին Գյումրու գարեջրի, «Անուշարան» հրուշակեղենի գործարանները»: Հենց այստեղ ռուսը կընդհատեր մեջբերումը (ինչը և անում ենք) ու կբացականչեր` чья бы корова мычала, твоя бы молчала!


Պարոն Բալասանյանը հաստատ մոռացել է, որ Գյումրու գարեջրի գործարանն ինքը ձեռք է գցել 1992-ին, իր իսկ բնորոշմամբ` «ՀՀՇ-ի օրոք», երբ «թալանվում էին քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները»: Հաստատ բարոյական եզրահանգում չէ: Բացենք Բալասանյանի բառերի ենթատեքստը: Ստացվում է, եթե ՀՀՇ-ն էր վերցնում որևէ գործարան կամ օբյեկտ, միանշանակ, թալան էր: Ամո՜թ: Բայց եթե Բալասանյանն էր գրպանում ձեռքն ընկածը, ամոթ չէր, որովհետև այս այրը «նվիրյալ էր» և ժողովրդի ունեցվածքն էր փրկում:
Ձախորդ Փանոսը հռետորական հարցադրում կկատարեր.
-Էդ որ ձեր կտուրը կաթում ա, ամոթ չի, Փանոսինը ամոթ ա՞… (Ասել է` եթե գողը դու ես` ամոթ չէ, եթե ՀՀՇ-ն է` ամո՞թ է):


Թերևս, «ամոթ» հասկացության նման թյուրըմբռնումն էր առաջնորդել Բալասանյանին, երբ տեր դարձավ երկրաշարժից հետո արտասահմանից որպես օգնություն Գյումրու գարեջրի գործարանին ուղարկված թանկարժեք հոսքագծերին: Մասնագետների գնահատմամբ, դրանց արժեքը տատանվում էր 1,3-1,5 միլիոն դոլարի սահմաններում: Հոսքագծերն այդպես էլ չմոնտաժվեցին: Տարիներ անց Բալասանյանը վաճառեց դրանք (ինչպես պնդում էին իրազեկները` 850 հազար դոլարով): Անշուշտ «մի խումբ նվիրյալներին» (որոնց հետ, ինչպես խոստովանում է, հանուն Գյումրու և գյումրեցիների «թալանից փրկել ու պահպանել է» իր յուրացրած գործարանները) «քոռ» կոպեկ անգամ չի տալիս: «Նվիրյալների» մի մասն ապստամբեց, փորձեց պատասխանատվության ենթարկել գյումրեցի Կորեյկոյին, բայց բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

ՄՂՁԱՎԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


Սամվել Բալասանյանը չունի համախոհներ, որոնց հետ հանգամանորեն վերլուծի իր իսկ գործունեության պատճառով Գյումրիում ստեղծված ողբերգական վիճակը և համապատասխան լուծումներ գտնի: Ասել է՝ թիմ չունի, որի հետ կարողանա Գյումրին հանել իր իսկ գլորած փոսից: Նա ընդամենը ունի աշխատակիցներ, որոնց աշխատավարձերը, ինչպես նշում էր քարոզարշավում, 2012-ի սեպտեմբերից (երբ առաջին անգամ նստեց Գյումրու քաղաքապետի աթոռին) վճարել է ժամանակին: Անվերապահորեն համոզված է, որ այդ փաստն ինքնին մեծ նվաճում է (կատարել է «իր առանցքային պարտավորություններից մեկը»- Լ. Զ.), հետևաբար, իրավունք ունի 2-րդ անգամ ըմբոշխնելու Գյումրու քաղաքապետի աթոռի ընձեռած բոլոր վայելքները:


Անհերքելի փաստ է. նրա կողքին կամա թե ակամա հայտնված, նրա հետ ճակատագրի բերումով աշխատող յուրաքանչյուր ոք համոզված է՝ ինքը մի քանի գլուխ բարձր է ՀՀ քաղաքական դաշտի հանրահայտ Թափառնիկոսից, բայց ստիպված է հանդուրժել ՀՀ իշխանությունների մեղքով ասպարեզում կրկին «փայլատակող» թյուրիմացության գոյությունը: Միայն հարց է՝ մինչև ե՞րբ...
Իսկ մղձավանջը շարունակվում է... ու կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և մյուս բոլոր դաշտերը չենք մաքրել առաջիններ դարձած հետիններից:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ. Գ. «Իրատեսը» պատրաստ է իր էջերում հրապարակելու Գյումրու քաղաքապետ պարոն Սամվել Բալասանյանի ներկայացրած բոլոր փաստարկված առարկությունները:
Չառաջարկել սեփական «դհոլչիների երկնածը»:

Դիտվել է՝ 33153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ