Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատճառ և հետևանք

Պատճառ և հետևանք
16.03.2018 | 00:33

Անսպասելի հրաժարականի «արժանացած» ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը «ապուշ Թրամփի» հետ (Թիլերսոնի խոսքերն են) ուներ անչափ բարդ հարաբերություններ և այն քչերից էր, որ ամերիկյան վարչակազմում հավասարակշռող դերակատարություն ուներ, մասնավորապես` Հյուսիսային Կորեայի ու Իրանի հարցերում, բոլոր դեպքերում, կարողացավ հեռանալուց առաջ շնորհակալություն հայտնել` տրված աշխատանքային գործունեության հնարավորության համար. չնայած ակնհայտ էր` վիրավորված է անչափ:
Փոքր-ինչ ձգենք դադարը` արձանագրելու նաև, որ մեր տարածաշրջանում զարգացումները նոր թափ են հավաքում ոչ այն պատճառով, որ Էրդողանն այստեղ է հրավիրում ՆԱՏՕ-ին, իսկ Ռուսաստանն իր C-400-ներն է ՆԱՏՕ-ի առջև «կանգնեցնում»` հօգուտ Թուրքիայի, այլև Աֆրինում կատարվում է այն, ինչը համարժեք է մեկ դար առաջ հայերի հետ տեղի ունեցածին` թուրքերի ձեռամբ, ապա և` թուրքական կողմը Աֆրինից հետո «գրավելու» է Մանբիջը` «անկախ ԱՄՆ-ի կամքից»: ՈՒ թե սրան էլ գումարում ենք, որ «նոր քաոսի» օրակարգում է Իրանը, իսկ Ռուսաստանին ընտրություններից «հինգ րոպե առաջ» Թրամփը սպառնում է տիեզերական զենքով, Թերեզա Մեյն էլ խիստ օպերատիվ իրականացնում է իր սպառնալիքը, արտաքսում ռուս դիվանագետներին` երկակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման «առնչությամբ», ու նրա քայլը պաշտպանում են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ` համերաշխաբար, ապա հասկանալի է դառնում` օղակը սեղմվում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի շուրջը, և շատ քաղաքագետների կանխատեսումը` 2019-ին բոլորովին այլ տարածաշրջան ունենալուն առնչվող (ներառյալ ղարաբաղյան խնդիրը), կարծում ենք` շատ հեռու չէ իրականությունից:


Իսկ ինչ են անում մեզանում: Նու՛յնը: Այստեղ մի թիլերսոնաչափ պետական մտածողություն, երկրի համար մտահոգություն իսկ չկան որևէ խնդրի առնչությամբ: Այստեղ կրկին Ռոբերտ Քոչարյանը` ՀՀ երկրորդ նախագահը, հայտարարում է, որ չի մասնակցելու չորրորդ նախագահի երդմնակալությանը: Չասենք` ինչու. այնքա՜ն ենք ասել. մարդը չի կարողանում ինքն իրեն հաղթահարել: Գլուխը` քարը, եթե դա լիներ միայն իր խնդիրը: Բայց քանի որ դա նաև հայ պետականության ու հանրության գլխացավանքի է վերածվում, այն առումով, որ անթույլատրելի է, որ մարդն այդքան ատի ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսներին, այլև ժողովրդին, պետությունը, երկիրը, հող հայրենին: ՈՒ որ մարդը, երբեմնի նախագահը, պետք է հարգի իր անցյալը, իր ոտնատեղը, իր անհատական էությունը: Եվ թող պարոն Քոչարյանին չթվա, թե դրանով նա «ոչնչացնում» է այլոց. նա առաջին հերթին ինքն իրեն է վնասում` ինքնաբացասվելով, ջնջելով իր նախագահության տասը տարիները` իր իսկ ձեռքով: Ընդ որում` թող որևէ մեկին չթվա` երբ մնացած երկրների նախագահները կանգնում են միմյանց կողքին, խորախորհուրդ հարգում են միմյանց: Ո՛չ, նրանք հարգում են իրենց ինստիտուտը: Ընդ որում` թող պարոններ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին չթվա, թե մենք խելագարվում ենք իրենց սիրուն աչքերի համար, բայց մենք շատ ենք կամենում, աղոթում, խնդրում, որ նրանք գեթ մեկ անգամ կանգնած լինեն կողք կողքի: ՉՈՐՍՈՎ:


Նույնը բաները կարելի է ասել Տեր-Պետրոսյանի մասին: Մեկ «բայց»-ով: Ի տարբերություն Քոչարյանի, նա գիտի «բարձր դո»-երի տեղը, նա տիրապետում է ջիների լեզվին, հոգեխանգարմունքի արվեստին, բայց հաճույք է ստանում ցածր «դո»-եր նվագելիս, ինչն ավելի վտանգավոր է:


Ինչ է մնու՞մ: Մնում է պարզապես կիսաժպիտով սատարել Արմեն Սարգսյանի ձեռնարկը` նախագահական «համատեղման», որը, ի դեպ, սկսել էր Սերժ Սարգսյանը: Արմեն Սարգսյանը, ինչպես բոլորս, կարծում էր, որ դա գլուխ եկող գործ է, սակայն` ավաղ: Զի պատճառներն անչափ խոր են` պատմական ու գենետիկ. հայոց թագավորները միշտ են հաղթահարման խնդիր ունեցել:
Այնպես որ, եթե Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը ցանկանում են իսկապես գլուխների մակարդակում ինչ-որ բան փոխել (չմոռանանք` ինչպիսին գլուխն է, այնպիսին մարմինն է), համատեղվել ու շարունակվել, պետք է սկսեն հեռվից` վերացնելով ոչ թե հետևանքը, այլ պատճառը:
Կստացվի՞։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ