«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչպես է աշխարհը տեսնում մեր «թավիշը»

Ինչպես է աշխարհը տեսնում մեր «թավիշը»
27.04.2018 | 01:12

Միջազգային լրատվամիջոցները, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, հիմնականում նկարագրում են իրավիճակը և դիմում փորձագետների գնահատականներին: Համարյա բացակայում են կանխատեսումները, թե ինչ է կատարվում ու ինչով կավարտվի ապրիլը Երևանում:


«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պուտինի հավատարիմ հաճախորդն էր, բայց նա թերագնահատեց իր քաղաքացիներին, երբ փորձեց կրկնել Պուտինի դասական մանևրը»` գրում է The Washington Post-ը: «Հասկանալի չէ` Սարգսյանի հեռանալը կբերի՞ իսկական փոփոխությունների Հայաստանի կառավարությունում կամ Կրեմլի նկատմամբ նրա վարքագծում, սակայն ժողովրդական ապստամբությունը հարվածում է պուտինյան ավտորիտար քաղաքական մոդելին»` գրում է թերթը: «Վստահաբար Թրամփի վարչակազմը ոչ մի կապ չունի Հայաստանի դեպքերի հետ: Հայերին փողոց են դուրս բերել ոչ թե արտասահմանյան սադրանքները, այլ փաստը, որ Սարգսյանի խաղադրույքը Ռուսաստանի վրա չարդարացավ»` կարծում են The Washington Post-ի հեղինակները: Սարգսյանի օրոք տնտեսությունը ստագնացիայի մեջ է, բնակչության 10 %-ը հեռացել է երկրից, հայերի 30 %-ը աղքատության շեմից ցածր է հայտնվել: Պուտինը ցանկացածին կճնշի, ով կդառնա Սարգսյանի իրավահաջորդը վարչապետի պաշտոնում: Գուցե դա կուժեղացնի հայերի դիմադրությունը «հանցավոր, կոռումպացված ու տնտեսապես ձախողված մոդելին, մի խոսքով` պուտինիզմին»:


«Հայաստանի վարչապետը հրաժարական տվեց` նահանջելով ցուցարարների առաջ մի երկրում, որ սերտ ալյանսով կապված է սովետական նախկին տիրակալի` Մոսկվայի հետ»` The Wall Street Journal-ում գրում է Թոմաս Գրոուվը: «Սերժ Սարգսյանի հրաժարականը քաղաքացիական բողոքների եզակի հաղթանակ է նախկին խորհրդային հանրապետություններում և կարող է նվազեցնել հետագա անկայունության հավանականությունը Ռուսաստանի հարավային սահմանի մոտ լարվածության արեալում»` կարծում է Գրոուվը: Հանգստությունը պահպանվեց շնորհիվ նրա, որ Սարգսյանը վճռեց ոստիկանության ուժերով չճնշել բողոքները: Գրոուվը հակադրում էր նրա գործողությունները Յանուկովիչին 2013-2014-ին ՈՒկրաինայում: «Մոսկվայի համար ավելի կարևոր է, որ բողոքի ակցիայի ժամանակ չէր վիճարկվում Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը, որ խոր արմատներ է ձգել Ռուսաստանի ազդեցության դաշտում: Ռուսաստանն անսովոր զուսպ արձագանքեց իշխանափոխությանը տարածաշրջանում, որը համարում է իր ռազմավարական «հետնաբակը»` գրում է Գրոուվը:

«Երբ Ռուսաստանի դաշնակից որևէ հետխորհրդային երկրում փողոցային բողոքների պատճառով ղեկավար է փոխվում, Վաշինգտոնից Մոսկվա վերլուծաբանները ավելի արագ են աշխարհաքաղաքական եզրակացություններ անում, քան հասցնում ես արտաբերել «Ջորջ Սորոս» բառերը»` հեգնում է Carnegie Endowment for International Peace-ի փորձագետ Թոմաս դե Վաալը: «Բայց երբեմն, ինչպես եղավ Հայաստանում վերջին մի քանի օրում, կառավարության հրաժարականին հանգեցրած բողոքները միայն բողոքներ էին, որ հանգեցրին կառավարության հրաժարականին»` գրում է նա Foreign Policy-ում: «Սարգսյանի անկումը աշխարհաքաղաքականության հետ կապ չունի: Առավելագույնը` ցույց է տալիս, որ հետխորհրդային վարչակարգերը այդքան ամուր չեն, որքան հեռվից թվում են, և տարածաշրջանի վաղեմի վարչակարգերը լիովին կարող են խաղաղ փլուզվել` առանց արտաքին ազդակի»` գրում է Թոմաս դե Վաալը:


BBC-ին տված հարցազրույցում Ֆյոդոր Լուկյանովը` «Россия в глобальной политике» ամսագրի խմբագիրը, ասել է. «Հայաստանի դեպքում բացահայտ ու նույնիսկ ոչ բացահայտ արտաքին մասնակցություն չի երևում: Իրոք, ցուցարարները բավականին դեմագոգիկ որակներով մարդու գլխավորությամբ ռեալ բողոքում են տեղում երկար մնացած ու գլխավորը` հեռանալու խոստումը չկատարած ղեկավարի դեմ, որը հասկացավ` այդ պայմաններում իմաստ չունի կառչել իշխանությունից: Ի՞նչ կտա դա Հայաստանին` առանձին հարց է: Կարծում եմ` հիմա Հայաստանը մտնում է ներքին անկայունության փուլ: Փողոցի ճնշումով ցանկացած իշխանափոխություն չկարգավորվող հետևանքներ ունի: Բայց դա զուտ ներքին գործընթաց է, և Ռուսաստանը հասկանում է, որ դա ներքին դինամիկա է: Իսկ արտաքին դինամիկան ընթացիկ իրավիճակում կամ արդեն իսկական միջամտություն է, եթե գտնվի այդպիսի արտաքին ուժ, ում համար իսկապես կարևոր է փոխել Հայաստանի իշխանությունը, բայց դա արդեն չի լինի «գունավոր հեղափոխություն»: Ով էլ գա Հայաստանում իշխանության, ինչպես էլ իրեն պահի, Հայաստանը գնալու տեղ չունի: Խորապես թշնամական շրջապատի մեջ գտնվող երկրի անվտանգության միակ գործունակ երաշխավորը Ռուսաստանն է: Ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԱՄՆ-ը երբեք կյանքում չեն ստանձնի այն պարտավորությունները, որ ստանձնում է Ռուսաստանը»:


Քաղաքագետ Նիկոլայ Պետրովը BBC-ի` «Ինչու՞ է Մոսկվան այդքան անտարբեր» հարցին պատասխանել է. «Կարծում եմ` երկու գործոն կա: Մեկը քաղաքական ժամանակն է. այսօր առավել ինտենսիվ բանակցում են հաջորդ կառավարության կազմի ու ռազմավարության մասին, և ինչ կատարվում է դրսում, այսօր այդքան սուր չի ընկալվում նաև այն պատճառով, որ Ռուսաստանի համար առավել լուրջ խնդիրների վրա է ուշադրությունը կենտրոնացած: Երկրորդը և գլխավորը` Հայաստանը աշխարհաքաղաքականորեն այնքան է կախված Ռուսաստանից, որ կարելի է բացարձակապես չվախենալ կողմնորոշման փոփոխությունից: Եվ այդ առումով բավականաչափ չեզոք վերաբերմունքն իշխանության եկող քաղաքական գործիչների նկատմամբ, կարծում եմ, հիմնված է այն ընկալման վրա, որ ցանկացած պարագայում բարեկամությունը Ռուսաստանի հետ և շատ ամուր կապերը բացարձակապես անխուսափելի են ցանկացած լուրջ հայկական քաղաքական ուժի համար: Գերակշռում է ռեալիստական պատկերացումը, որ ռուսամետ Հայաստանն այլընտրանք չունի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Այսպիսին են Հայաստանը տեսնում դրսից: Եվ հաստատ` ինքնիշխանության ու ինքնուրույնության այս գնահատականի մեղավորը նրանք չեն, այլ մենք: Ո՞րերորդ հեղափոխությունից հետո է Հայաստանը դառնալու տնտեսապես ու քաղաքականապես անկախ երկիր` կա՞ այս հարցը «թավշե, ժողովրդական» հեղափոխության օրակարգում:

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ