Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ հրաժարական պարտադրեց Կվիրիկաշվիլուն

Ո՞վ հրաժարական պարտադրեց Կվիրիկաշվիլուն
15.06.2018 | 11:12

Որ Թբիլիսիում ինչ-որ բան է կատարվում, պարզ դարձավ, երբ Տրանսանատոլիական գազատարի բացման արարողությանը թուրքական Էսկիշեհիր քաղաքում Վրաստանը ներկայացրեց միայն Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անձամբ հրավիրել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն: Բայց ոչ նա, ոչ վարչապետը, ոչ նույնիսկ ոլորտի նախարարը չկային: Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Սերեն Յազգանը հայտարարեց, որ դա «վերջին պահին ընդունված որոշում էր», և ինքը չգիտի` ինչու:

Հունիսի 13-ին օրվա առաջին կեսին սոցցանցերում, հետո ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, որ «կառավարությունում ծրագրվում են լուրջ փոփոխություններ` ընդհուպ վարչապետի հրաժարական»: Նշվում էին նաև էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումիսիշվիլու, մշակույթի ու սպորտի նախարար Միխայիլ Գեորգաձեի, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի, ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի անունները: Փորձագետները չէին բացառում, որ հենց Գախարիան կփոխարինի Գեորգի Կվիրիկաշվիլուն: Նույն օրը ժամը 15-ին «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակում սկսվեց քաղխորհրդի նիստը: Համարյա մեկ ամիս առաջ քաղխորհրդի կազմը նորացվել էր, ավելի վաղ հայտարարվել էր, որ քաղաքականություն է վերադառնում Բիձինա Իվանիշվիլին: Իհարկե, «Վրացական երազանքի» բոլոր վերադասավորումները որոշակի պատճառներ ունեին, որ Իվանիշվիլին բարձրաձայնեց իշխող կուսակցության համագումարում մայիսի 11-ին, կապելով գերազանցապես «երկրի ողբալի տնտեսական իրավիճակի» և «դեռ թույլ հակասություններով իշխանության ներսում», թեպետ այդ հակասությունները վերածվում էին հրապարակային բանավեճերի խորհրդարանում: Բայց բոլոր բարձրաձայնված խնդիրները կարող էին կուլուարներում լուծվել: Իսկ հիմա երկիրը ցնցումների մեջ է, բողոքների ալիքը դառնում է կայուն գործընթաց: «Վրաստանը քաղաքական տուրբուլենտության փուլ է մտել,- ասում է քաղաքագետ Գելա Վասաձեն:- Նախ և առաջ հանրահավաքները Թբիլիսիում, հետո ուլտրաազգայնականների ու նույնիսկ նացիստների ու ձախ լիբերալների բախումները և վերջինը` Սարալիձեի գործը` սպանված դեռահասի հոր` դատախազությունը բավարար չէր հետաքննել գործը և մեծ հավանականությամբ մարդասպանները ոչ միայն չեն գտնվել, այլև դատախազությունը կոծկել է գործը»: Բայց նույնիսկ այդ դեպքում կարող էր բավարար լինել որևէ ուժային նախարարի հրաժարականը: Իսկ հրաժարական տվեց վարչապետը: Կվիրիկաշվիլու հայտարարությունը շատերի համար անակնկալ էր: «Քննարկման ժամանակ կուսակցության նախագահ Իվանիշվիլին ասաց իր տեսակետը և դիտողություններ արեց,- պատմում է խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Վոլսկին:- Պատասխանի էինք սպասում, իսկ Կվիրիկաշվիլին որոշեց հեռանալ»:

Վարչապետն իր քայլը բացատրեց այսպես. «Վերջին ամիսներին հիմնարար մի շարք հարցերում ես ու կուսակցության նախագահը տարբեր տեսակետներ ու դիրքորոշումներ ունինք: Դա նորմալ գործընթաց է: Այսօր պետք է կուսակցության նախագահին հնարավորություն տալ թիմը վերակազմավորել իր տեսակետների համաձայն»: Ճիշտ է, նա չբացատրեց` տարաձայնությունները իշխող կուսակցությունում վերաբերում էին արտաքի՞ն քաղաքականությանը, Ռուսաստանին ու Արևմուտքի հետ հարաբերությունների՞ն, թե՞ խոսքը միայն տնտեսական խնդիրներին է վերաբերում: Թերևս խոսքը բարդ համադրման մասին է, թեպետ չի կարելի բացառել, որ «Վրացական երազանքը» փորձում է կադրային փոփոխություններով հասարակության ուշադրությունը բողոքներից շեղել: Վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին այլ տեսակետ ունի: «Эхо Кавказа» պորտալին նա հայտարարել է, որ «փողոցային շարժումները ոչ մի կապ չունեն Կվիրիկաշվիլու հրաժարականի որոշման հետ»: Նրա խոսքով` «որոշումը ավելի շատ կապված է կառավարման ճգնաժամի հետ, որովհետև իշխանությունը վաղուց կորցրել է արդյունավետությունը, պետք են համակարգային փոփոխություններ` զարգացման դինամիկա ստանալու համար»: Ավելին` «կառավարությունը չէր համապատասխանում մարտահրավերներին, որոնց առաջ է երկիրը և դա շատ էր զգացվում երկրի ներսում» ու «հիմա Թբիլիսին գտնվում է միայն այդ իրադարձությունների սկզբնական փուլում»: Վրաստանի քաղաքական ճգնաժամը ակամայից զուգորդվում է Հայաստանի իրադարձությունների հետ, որ զարգացան ոչ ստանդարտ սցենարով: «Վրացական երազանքում» աճում են հակասությունները տարբեր տեսակետների ու գերակայությունների միջև, նաև ղեկավարների ռազմավարական ու մարտավարական, կազմակերպական մոտեցումների ներքին ու արտաքին քաղաքականությանը, կուսակցության գործունեությանը: Ոչ բոլոր տարաձայնություններն են բացահայտվում, բայց ինչ-որ տեղեկություններ սպրդում են, որ ցույց է տալիս Կվիրիկաշվիլու հրաժարականը: Շատ փորձագետներ համակարծիք են, որ առաջիկայում հեղափոխական սցենարները Վրաստանում քիչ հավանական են: Տեսնենք` Անդրկովկասում ամեն ինչ արագ ու անսպասելի է փոխվում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Կվիրիկաշվիլու հրաժարականը Բիձինա Իվանիշվիլու հետ հակասությունների հետևանք է: Այն արագությունը, որով «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու առաջադրեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին` հինգշաբթի երեկոյան մեկ ժամ տևած նիստից հետո, վկայում է, որ Կվիրիկաշվիլու հրաժարականը ոչ միայն նախապատրաստվել էր, այլև թեկնածուն էր պատրաստ:


36-ամյա Մամուկա Բախտաձեն մի քանի տարի ղեկավարել է «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը, 2017-ի նոյեմբերին նշանակվել էր ֆինանսների նախարար: «Ինձ համար այս պաշտոնը ստանձնելը մեծ պատիվ է: Իմ գործունեության ընթացքում հիմնական առաջնահերթությունները լինելու են վրաց ժողովրդի աշխարհաքաղաքական ընտրության` Եվրատլանտյան ինտեգրման գործընթացի հետագա ծավալումը, նորարարական, համապարփակ բարեփոխումների անցկացումը»,- ասել է նա: Վրաստանի քաղաքական շրջանակներում վստահ են, որ Իվանիշվիլին նորից խուսափեց պատասխանատվությունից` գերադասելով վարչապետ նշանակել իրենից լիակատար կախվածության մեջ գտնվող մեկին: Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Բիձինա Իվանիշվիլուն առաջարկել էր վարչապետի թեկնածու: «Մենք պետք է վերջ տանք քաղաքական դիմակահանդեսի այս ժամանակաշրջանին, երբ վարչապետներ են ընտրվում, սակայն ոչ Վրաստանի հանրությունը, ոչ էլ մեր գործընկերները արտասահմանում չեն հասկանում, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ մարդիկ: Եթե մենք խոսում ենք եվրոպական ուղու ընտրության և եվրոպական չափանիշներին համապատասխանող պետության կերտման մասին, պետք է հասկանանք, որ վարչապետ լինում է իշխող կուսակցության ղեկավարը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք պատասխանատու քաղաքականության, պետության և հանրության համար հասկանալի կառավարման համակարգի ձևավորման մասին, Բիձինա Իվանիշվիլին պետք է դառնա վարչապետ»` հայտարարել էր նա: Մինչև խորհրդարանական ընտրությունները 2 տարի դեռ կա և Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում հիմա ստանձնել կառավարության պատասխանատվությունը, նա գերադասում է ստվերից կառավարել երկիրը և ընտրություններից կես տարի առաջ կստանձնի վարչապետի պաշտոնը: Հուսանք, որ վարչապետի փոփոխությունը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ