«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՈՒ՞մ է պետք Ադրբեջան-Թուրքիա դաշնային պետությունը

ՈՒ՞մ է պետք Ադրբեջան-Թուրքիա դաշնային պետությունը
17.06.2018 | 10:25

Երբ փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իշխող կուսակցության` «Ենի Ազերբայջանի» 6-րդ համագումարում հայտարարեց` «մեր պատմական հողերն են Իրևանյան խանությունը, Զանգեզուրը, Գեյչան, այդ մասին պետք է իմանա մեր երիտասարդ սերունդն ու ամբողջ աշխարհը» և «մենք` ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր հողերի վրա», ռուս շատ փորձագետներ Ալիևի դեմարշը կապեցին «Ադրբեջանում նախընտրական արշավը սկսելու և արմատական ազգայնականներին իր կողմը ներգրավելու ցանկության հետ»: Հայաստանն այն ժամանակ Ալիևի խոսքերն ընկալեց տարածքային նկրտումներ ու կատեգորիկ անհամաձայնություն հայտնեց: ՌԴ ԱԳՆ-ն զգուշավոր դիրքերում էր. «Հիանալի գիտենք, որ Ադրբեջանը հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված հարաբերություններ ունի, տվյալ հայտարարությունը բացահայտորեն չի նպաստում լարվածության նվազմանը»:

Ընդհանուր առմամբ Ալիևի ռեպլիկն ընկալվեց «էկզոտիկ դրվագ», որ նրան թույլ տվեց հաղթել ապրիլի 11-ի արտահերթ ընտրություններում: Դրանից հետո արդեն Թուրքիայում և նորից նախագահի ու խորհրդարանի արտահերթ ընտրությունների առիթով հայկական խաղաքարտը սկսեց խաղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Մայիսի 14-ին ելույթ ունենալով Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնում` նա հայտարարեց, «Թուրքիան նպաստում է խաղաղության ու անվտանգության ապահովմանը Թուրքեստանում (ըստ Էրդողանի տերմինաբանության` Կենտրոնական Ասիայում) և Կովկասում: Հայաստանը միակ պետությունն է, որ դուրս է ընկնում ընդհանուր պատկերից: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի իշխանությունները կսկսեն խելամիտ դիրքորոշում և առավել հստակ ընկալում դրսևորել»: Դա մի քանի օր անց էր, երբ Երևանում փոխվել էր իշխանությունը և հայտնվել էր Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել, որ պատրաստ է Անկարայի հետ վերականգնել հարաբերությունները «առանց նախապայմանների»: Պատասխանը հետևեց: Նախ Էրդողանի վարչակազմի անանուն ներկայացուցիչը հայտարարեց, որ դա անհնար է առանց «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման», ապա հայտնվեց վարչապետ Բինալի Յիլդիրիմի առեղծվածային հայտարարությունը, որ «Թուրքիան պատրաստ է Հայաստանին ընդառաջ գնալ երկխոսության հաստատման մեջ, եթե Երևանն ամբողջությամբ հրաժարվի Անկարայի նկատմամբ թշնամական վերաբերմունքից ու տարածքային հավակնություններից»: Թեպետ հայտնի չէ Երևանի որևէ պաշտոնական փաստաթուղթ, որ տարածքային պահանջներ է ներկայացրել Անկարային: Թուրքիան զոնդաժ էր անում Հայաստանում` պետության մասնատման տագնապով: Ավելին` Էրդողանն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի «ազատագրության» հարցը ներառեց ԱԶԿ-ի «Նախընտրական հռչակագրում»: Փաստաթուղթը նշանակալից է նաև նրանով, որ դրույթ կա Թուրքական խորհուրդը վերակազմավորելու մասին, որի շնորհիվ Անկարան կարող է ակտիվորեն ընդլայնել ու ամրապնդել կապերը Կովկասի երկրների ու Թուրքեստանի հետ: Եվս մեկ փաստ` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն DimTV հեռուստաալիքին տված հարցազրույցում «անսպասելի» հայտարարեց. «Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական երկրներ են: Մենք միշտ հետաքրքրվում ենք Ադրբեջանի խնդիրներով: Ես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարն եմ ու իմ եղբայր Էլմար Մամեդյարովը դա գիտի: Երբեմն ես նրան կատակով ասում եմ, որ կարող է արձակուրդ գնալ` ես, միևնույն է, աշխատում եմ: Եղբայրների հարաբերություններն այդպիսին պիտի լինեն»:

Այս խոսքերը մեծ ուշադրության արժանացան, որովհետև նախկինում էլ Թուրքիան աջակցում էր Բաքվին, բայց հայտարարություններում նման անկեղծություն չկար: Վերջապես ի հայտ եկավ և Անկարայի քաղաքական արշավի պսակը` թուրք քաղաքագետ, ԹՕԲԲ համալսարանի պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլը կոչ արեց «ստեղծել Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնային պետություն, ինչպես Ռուսաստանն ու Բելառուսն են»: Նա հաղորդեց նաև, որ «Բաքուն ու Անկարան ուսումնասիրում են համատեղ պաշտպանության հարցը»` հաշվի առնելով «համատեղ հայ-ռուսական ռազմական խմբավորման ստեղծման» գործոնը: ՈՒրվագծված է Թուրքիայի ու Ադրբեջանի հաստատուն մերձեցման ճանապարհը Անդրկովկասում հանդիպման վայրով: Թեպետ չպետք է բացառել որոշ հայտարարությունների կոնյունկտուրան` հաշվի առնելով նախընտրական շրջանը Թուրքիայում: Էրդողանն ու Ալիևը հրապարակավ դրսևորում են գաղափարաքաղաքական, ռազմատեխնիկական, էներգետիկ ու տնտեսական նույնական մտածողություն: Ալիևի համար չափազանց կարևոր է Էրդողանի հաղթանակը հունիսի 24-ի ընտրություններում, որպեսզի Թուրքիան մնա դաշնակցային հարաբերություններում Հայաստանի հետ փաստական պատերազմի պայմաններում Արցախի պատճառով: Պատերազմի վիճակում է և Անկարան, որ տագնապում է Մերձավոր Արևելքում քրդական պետության ստեղծումից: Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինից պահանջում է ընտրություն անել Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ավելի ստույգ` նպաստել Բաքվի ենթակայության տակ Լեռնային Ղարաբաղի վերադարձին:

Էրդողանը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ընտրություն անել իր և քրդերի միջև, թեպետ քրդերը ամերիկացիներին աշխարհագրառազմավարական տեսակետից թուրքերից շատ են հետաքրքրում: Շատ փորձագետներ, նաև թուրք քաղաքագետներ, ընդունում են, որ Թուրքիայի մեծ ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրին առայժմ պրոյեկտվում է միայն ընդհանուր տարածաշրջանային քրդական խնդրի միջոցով, որ արդեն խաղարկում ու հետագայում էլ խաղարկելու են առաջատար պետությունները: Մյուս կողմից` Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնային պետության նախագիծը բացասական արձագանք է հարուցելու Իրանում, որտեղ ապրում են իրենց ադրբեջանցի համարող մի քանի միլիոն թուրքեր: Անկարայում ու Բաքվում դա հիանալի գիտեն ու հասկանում են: Էրդողանն ու Ալիևը լուրջ ռիսկի են դիմում` չունենալով Արևմուտքի աջակցությունը ոչ քրդական, ոչ ղարաբաղյան ուղղությամբ: Պարզապես Ադրբեջանը շեղվել է իր զարգացման պատմական մայրուղուց, իսկ Թուրքիան դեռ չի էլ գտել` դրեյֆելով Եվրոպայից ու Արևմուտքից: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ Անկարայի ներկա հարաբերությունները համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության ամենասուր ինտրիգներից են: Արևմուտքը, որ դեռ վերջերս Թուրքիային համարում էր սառը պատերազմի «հավատարիմ զինակիր»` ջերմացնելով պանթուրքիստական գաղափարները, սկսում է Անկարային համարել խաղացող, որ ձգտում է էքսպանսիոնիստական քաղաքականություն վարել` վերահսկողություն ու գերակայություն հաստատելու համար Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում: Թուրքիան դուրս է գալիս ԱՄՆ-ի ու Արևմուտքի ավանդական վերահսկողությունից և նրանք ի պատասխան սկսում են զսպել Անկարայի նկրտումները: Նույն ճանապարհին է Ադրբեջանը:

Այդ գործոնները Բաքվի համար արգելակ են դարձել Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար, իսկ Թուրքիայի համար` քրդական խնդրի, բայց մեկ կարևոր աշխարհաքաղաքական նյուանսով: Անկարան ու Բաքուն իրենց համարում են եվրոպական երկրներ, թեպետ ԱՄՆ-ը նրանց, իբրև մուսուլմանների, միշտ դասել է Մերձավոր Արևելքում, մինչդեռ քրիստոնյա Վրաստանն ու Հայաստանը համարել է եվրոպական տարածքի մաս: Անգլիացի գրող Ջոզեֆ Ռեդյարդ Կիպլինգը գրում էր. «Արևմուտքը Արևմուտք է, Արևելքը` Արևելք, նրանք երբեք չեն նույնանա»: Գուցե հենց այդ դրույթում է Անդրկովկասում անվտանգության նոր համակարգի պահպանության ու կառուցման գլխավոր խնդրի էությունը: Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին` Անկարան ու Բաքուն ստորագրել են ռազմավարական գործընկերության ու փոխօգնության պայմանագիր, մինչդեռ Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերն են, իսկ Հայաստանում (Գյումրիում)` ռուսական ռազմաբազան: Սիրիական ուղղությամբ կա Մոսկվա-Անկարա ալյանս, սակայն երբեմն թվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Պուտինին դարձնել Լև Տրոցկի, որ 1920-ականներին հանուն «Թուրքական սոցիալիստական դաշնության» ստեղծման` զոհաբերում էր Ռուսաստանի ազգային շահերը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Շատ հետաքրքիր է հասկանալ` ո՞րն էր Ադրբեջանի «զարգացման պատմական մայրուղին», որից շեղվել է: Պատմական մայրուղի ունենալու համար նախ պետք է պատմություն ունենաս: Կամ` Տրոցկին զոհաբերում էր միայն ռուսակա՞ն, թե՞ հայկական շահերը: Իսկ Սիրիայի ուղղությամբ ալյանսը Մոսկվա-Անկարա չէ, այլ` Մոսկվա-Թեհրան-Անկարա, ու ընդհանրապես` Թուրքիա-Ադրբեջան դաշնային պետության համար չափազանց անհաջող է Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության օրինակը, որ փաստացի գոյություն չունի: Թուրքիայում նախընտրական շրջանից հետո Էրդողանն էլ, Ալիևն էլ կմոռանան դաշնային պետություն դառնալու մտադրությունները և հանգիստ կտրվեն փոխադարձ տարաձայնությունների պարզաբանմանը, որոնք նվազ չեն փոխադարձ շահերից: Համենայն դեպս` նաև Էլմար Մամեդյարովը պիտի հայտարարի, որ ինքը Թուրքիայի ԱԳ նախարարն է ու Մևլութ Չավուշօղլուին թեկուզ կատակով արձակուրդ ուղարկի, որովհետև ինքը, միևնույն է, արձակուրդ չի գնում: Միայն այդ ժամանակ արժի մտածել` ո՞վ ում քաղաքականությունն է վարում տարածաշրջանում ու աշխարհում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ