Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ֆուտբոլային առումով լոխ լյավ է

Ֆուտբոլային առումով լոխ լյավ է
19.06.2018 | 05:11

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն քանի օր է` մեկնարկել է: Հետաքրքիր մրցամարտերի պակաս կարծես թե չկա, խաղեր են ցանկացած ճաշակի՝ երբեմն սպասված, երբեմն էլ անակնկալ ելքերով: Մի խոսքով, հանդիսատեսի, կոնկրետ հավաքականի երկրպագուի համար թե՛ ուրախանալու, թե՛ տրտմելու առիթ կա, սակայն ամենագլխավորը, այսպես ասենք, կայացած է՝ ֆուտբոլային տոնն ընթացքի մեջ է:
Սկզբի համար որոշակիորեն դժվար կլինի հավաքականների մասին ըստ խմբերի խոսելը, քանզի կոնկրետ մեկ խաղում տոնած ոչ հաղթանակն է երաշխավորված ելք փլեյ օֆ, ոչ էլ պարտությունն է հույսերի նույնքան երաշխավորված ավարտ, վերջնականապես հանգած լույս: Հետևաբար, մեր այսօրվա նյութը եղած խաղերի մասին կլինի այնքանով՝ որքանով, ու մենք մեզ բնավ էլ պարտավորված չենք համարի բոլորի մանրամասներին անդրադառնալն արդեն վերն ասված պատճառով:

ՕՐ ԱՌԱՋԻՆ
Ընդհանրապես, կպատշաճեր աշխարհի առաջնության խաղերի ներկայացումը սկսել հանդիսավոր արարողությանը գոնե մի երկու խոսքով անդրադառնալով, սակայն, անկեղծորեն ասած, կուզենայի տեսնել այն մեկին, ով կասկածի անգամ նշույլ է ունեցել նմանատիպ խոշորածավալ հանդիսությունները բարձր մակարդակով կազմակերպելու ռուսների ունակության առնչությամբ: Ժողովրդական բառ ու բանով ասած՝ շշեցին, ու հետաքրքիրն այն է, որ շարունակության մեջ էլ շշեցին՝ Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ մեկնարկային խաղում (A խումբ) խելահեղ հաղթանակի հասնելով 5:0 հաշվով:


Եթե անկեղծ, ամենալավատեսական երազում անգամ այս երկրի ընտրանին չէր կարող պատկերացնել նման հաշվով հաղթանակ, որքան էլ մրցակիցն այս առաջնությունում թույլերից թույլի համարում ունի: Եվ այսուհանդերձ, Ռուսաստանի հավաքականը լավ առումով շնչահեղձության հասցրեց իր երկրպագուին, ու եթե սա անգամ նրա առաջին ու վերջին «կրակոցը» լինի այս առաջնությունում, հավատացեք, միևնույն է, նրանք այդ հաղթանակով բոլորիս գլուխը տանելու են մինչև առաջնությանը հավաքականի հրաժեշտ տալը: Չէ, չեմ կռավում, սակայն իսկական ֆուտբոլի սիրահարների համար լավագույն նվերը կլիներ ասպարեզից ռուսների արագ հեռանալը:


Ռուսների այս գոլառատության հենքի վրա արձանագրված հաշվի առումով բավականին ոչ տպավորիչ էր ՈՒրուգվայ-Եգիպտոս դիմակայությունում արձանագրված 1:0-ն, սակայն այստեղ, թերևս, ամենասպասվածն այն էր, թե վնասվածք ունեցող Մոհամեդ Սալահը կմասնակցի՞ հանդիպմանը:
Չմասնակցեց: Բնականաբար եթե չմասնակցեց, հետևաբար չկարողացավ էլ օգնել իր թիմին: Երկրորդ ամենահետաքրքրական հարցն այս խաղի այն էր, թե ուրուգվայցիների հարձակման գիծն իր գերհզոր Սուարես-Կավանի երկյակով ինչ կարգի տեռորի է ենթարկելու եգիպտացիների պաշտպանությունը:
Չենթարկեց: Ավելին, չլիներ խաղավարտի վերջին րոպեներին պաշտպան Խիմենեսի գլխի հարվածը, կողմերը միավոր բաժանած հրաժեշտ կտային միմյանց, ռուսների քեֆին էլ քեֆ չէր հասնի, քանզի կլինեին խմբի միանձնյա առաջատար:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Առաջնության երկրորդ օրը Պորտուգալիա-Իսպանիա (B խումբ) դիմակայության տեսքով բառացիորեն ապշեցուցիչ գեղեցկությամբ ու գոլառատությամբ ֆուտբոլ պարգևեց հանդիսատեսին, ու դրանում առանձնահատուկ պիտի նշենք Ռոնալդուի ունեցած դերը: Երեք անգամ գրավելով մրցակցի դարպասը՝ նա առաջնության առաջին ու գուցե թե վերջին հեթ տրիկի հեղինակը դարձավ: Այդ երեք գոլով նա ֆուտբոլային աշխարհին լիակատար հնարավորություն տվեց իր մասին խոսելու որպես մարդ-թիմի ու օրվա հանդիպումը ներկայացնելու որպես Ռոնալդու-Իսպանիա դիմակայություն:
Իհարկե, այնպես չէ, որ Իսպանիայի ընտրանու հարձակման գիծը գլուխը բարձին դրել ու քնել էր: Դիեգո Կոստան խաղի առաջին 55 րոպեին Ռոնալդուի երկու գոլին պատասխանեց նույնքանով ու հաշվի հավասարությունը վերականգնեց: Այդ հետո էր, որ պորտուգալացին փառահեղ իրացրեց տուգանայինն ու իր թիմը փրկեց պարտվելուց, սակայն մինչ նրա՝ դարպասի երրորդ գրավումը ֆանտաստիկ գեղեցկությամբ գոլ էր հեղինակել Նաչոն, որի գեղագիտական կողմի մասին դեռ շատ կխոսեն ու ոչ միայն այս առաջնության շրջանակներում:


Խմբային այս երկու «գազանի» ոչ-ոքիի արդյունքում մի այլ ձև բերեց Մարոկկոյի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի հասած Իրանի ընտրանու բախտը: Այն դարձավ խմբայինի առաջատար: Հիմա սա կոմեդիա է, թե երգիծանքի ժանրի մեկ այլ արտահայտություն, թույլ տվեք չպատասխանել, սակայն ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչու էինք վերն ասում, որ առաջին խաղերը, ժողովուրդ ջան, հեռագնա ենթադրությունների գնալու հիմք չեն:

ՕՐ ԵՐՐՈՐԴ
Ամսի 16-ի խաղերը. նախ և առաջ, Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականների մրցելույթի օրեր էին՝ համապատասխանաբար նրանց բաժին հասած Ավստրալիա ու Իսլանդիա մրցակիցներով: Չնայած ֆրանսիացիների տոնած հաղթանակին (2:1)՝ գուշակության արվեստին առանձնակի տիրապետելու հմտություն ունենալ պետք չէ գլխի ընկնելու համար, թե Դիդիե Դեշամը ժողովրդական բառ ու բանին բնորոշ ինչ հարուստ ու գունեղ բառապաշարով է խաղացողներին ներկայացրել իր հետխաղյա վերլուծականը, եթե, իհարկե, նյարդերը բավականացրել են ինքնատիրապետումը չկորցնելու համար: Համենայն դեպս, եկեք պատշաճը մատուցենք ավստրալացիներին ահեղ մրցակցին ճակատ տալու կամքի ու վճռականության համար ու խոստովանենք, որ նման խաղ ցույց տալու համար արժեր կտրել-անցնել հազարավոր կիլոմետրեր:


Նյարդային պակաս ցնցում չի ապրել և Արգենտինայի ընտրանու գլխավոր Խորխե Սամպաոլին: Եվրոպայի վերջին առաջնության հայտնություններից մեկը՝ Իսլանդիայի հավաքականը, ստիպեց աշխարհի փոխչեմպիոններին բավարարվել մեկ միավորով՝ տհաճորեն նրանց հիշեցնելով, որ իրենք էլ դարպաս գրավել գիտեն, իրենք էլ տղա թիմ են, հավաքականություն: Իհարկե, խաղադաշտից անկումային տրամադրությամբ հեռացավ Մեսին (չի իրացրել տասնմեկմետրանոցը), բայց եկեք չմոռանանք, որ նա Մեսին է ու եթե լրջորեն բարկանա, կարկուտի հետ երկրաշարժ ու ցունամի կանի: Այնպես որ, առանձնապես չսևեռվենք նրա թույլ տված վրիպման վրա ու, սեպերս ի ցույց դրած, վաղաժամ եզրակացությունների գնանք մեր համեմատություններում: Հանգիստ եղեք՝ դեմը բավական ժամանակ կա հասկանալու համար, որ մեծերի վեճին անիմաստ խառնվելը նույնքան դատարկության նշան է, որքան դատարկության վառ արտահայտություն է դատարկ գլխով գեներալ լինելը: Երևի թե կլինեն մարդիկ, որ կասեն՝ ակնարկներով խոսելս ո՞րն է, բան ունես ասելու, ասա: Նման մարդկանց դուզ խոսելու մասին հայտնի բանաձևումը կհիշեցնեի (թրքերենով արտահայտվելու համար՝ ներող), սակայն մեր բաժին ընթերցողների շարքում նման պատահականներ չկան, իսկ թե բան է, ավտոբուսի, գնացքի կամ ինքնաթիռի մեջ պատահական ինչ-որ մեկի ձեռքը պիտի ընկնի թերթը, թող ինքն էլ իր անգիտությամբ մխիթարվի:


Շարունակենք:
Շատ հետաքրքիր եղան օրվա մյուս խաղերը: Խորվաթիան «չրթեց» Նիգերիային ու Արգենտինայի վրիպման արդյունքում գլխավորեց խմբայինը (D), իսկ ամբողջ խաղի ընթացքում Դանիայի նկատմամբ առավելություն ունեցած Պերուն ի վերջո նվազագույն հաշվով զիջեց մրցակցին՝ նրան հնարավորություն տալով աղյուսակի գլխամասում (C խումբ) ընկերակցելու ֆրանսիացիներին:

ՕՐ ՉՈՐՐՈՐԴ
Ընկերական հանդիպումների շարքը վերելքով անցկացրած ու գոլառատությամբ աչքի ընկած Սերբիայի ընտրանին Կոստա Ռիկայի հավաքականին հաղթեց նվազագույն առավելությամբ ու կարգվեց E խմբի առաջատար, քանի որ Շվեյցարիայի հավաքականը բրազիլացիներին թույլ չտվեց իր հետ մրցակցությունում մեկ միավորից ավելիին տիրանալ: Կողմերը փոխանակել են մեկական գոլ (կատարյալ շքեղություն է եղել Կոուտինիոյի գոլը), Մեսիի օրինակով Նեյմարն էլ է անգոլ մնացել:
Ինչ վերաբերում է մեքսիկացիների հետ գերմանացիների դիմակայությանը, աշխարհի գործող չեմպիոններն անակնկալ պարտություն են կրել: Մայաների ու ացտեկների հետնորդները հրաշալի մի պոթկումով Նոյերին ստիպել են գնդակ հանել սեփական դարպասից ու պահպանել են այդ մեկ գնդակի առավելությունը, որը միակն է եղել հանդիպումում: Ֆուտբոլասերին ընկերական կարգով հիշեցնենք, որ մինչ այս հանդիպումը մեքսիկացիները խոշոր մրցաշարերում գերմանացիների նկատմամբ առավելության չեն կարողացել հասնել:

ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Մրցումային հինգերորդ օրն ուներ երեք հանդիպում: Շատ ավելի վաղ կայացած Շվեդիա-Հարավային Կորեա դիմակայության հաշիվը կարող ենք ասել՝ 1:0 հաշվով հաղթել են շվեդները, սակայն մնացած երկուսի՝ Բելգիա-Պանամա ու Թունիս-Անգլիա դիմակայությունների մասին, բնականաբար, տեղեկացված կլինեք թերթի էլեկտրոնային կայքից, քանի որ թերթի աշխատանքային ձևաչափն այդ հնարավորությունը չի տալիս այս նյութի շրջանակներում խոսելու դրանց մասին: Ինչևէ, եղածն առանձնապես մեծ ողբերգություն չէ, որ սգավորվենք ու այդ կերպի մեջ շարունակենք մնալ: Եթե դրանք առանձնապես հիշելի դիմակայություններ լինեն, դրանց շուրջ արտահայտվելու ձևը կգտնենք; Այնպես որ՝ լոխ լյավ է, թեպետ պատուհանից դուրս երկրում արդեն իջևանցիների թագավորություն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ