Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանը դադարել է Ալիևին վստահել

Փաշինյանը դադարել է Ալիևին վստահել
19.06.2018 | 11:16

Ադրբեջանի ու Հայաստանի միջև Նախիջևանի հատվածում, կարծես, վերսկսվել են մարտական գործողությունները: Ծայրահեղ դեպքում` այդ եզրակացությունը կարելի է անել Բաքվի հաղորդած տեղեկություններից, որ «մայիսի վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին առանձին ընդհանուր բանակային զորամիավորման գործողությունների արդյունքում օկուպացիայից ազատագրվել են Շարուրի շրջանի Գյունութ գյուղը և շրջակա բարձունքները, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեն» և «ադրբեջանական բանակն առավել բարենպաստ դիրքեր է զբաղեցրել, օկուպացումից ազատագրել է Խունութ սարը, հետո Աղբուլաղ բարձունքը և Մեղրիդաղը, իր վերահսկողության տակ է վերցրել Դարալագյազում Արփա գյուղը, ընդհանուր առմամբ 11000 հեկտար, որից 8000 հեկտարը պիտանի է հողագործության համար»: ԶԼՄ-ները հաղորդում էին, որ հիմա Ադրբեջանը հնարավորություն է ստացել վերահսկել «Երևան-Եղեգնաձոր-Գերուս-Լաչին-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը»: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հետևաբար այդ կառույցը պետք է արձագանքի: Բայց քիչ ուշ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարություն արեց. «Հունիսի 6-ին ու 7-ին ադրբեջանական կողմը դիմել է Հայաստանի զինված ուժերի հրամանատարությանը` խնդրելով թույլ տալ որոշ քաղաքացիների մոտենալ գերեզմանոցին, որ գտնվում է Գյունութ ավերված գյուղի հարավային կողմում: Նման խնդրանքով ադրբեջանական կողմը դիմում էր առաջին անգամ»: Ի պատասխան հայկական կողմը` «հավատարիմ մնալով մարդասիրական նորմերին ու մշտապես անելով լարվածության թուլացմանն ուղղված քայլեր, համաձայնեց թույլ տալ խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանոցին»: Հաղորդվեց, որ «Գյունութ գյուղը գտնվում է չեզոք գոտում, մոտենալու թույլտվությունը տրվել է խաղաղ բնակիչներին»:

Ավելին` հայ զինվորականները կտրականապես հերքել են ակտիվ ռազմական գործողությունները Նախիջևանի ուղղությամբ, իսկ Գյունութը ինչպես եղել է, այդպես էլ մնում է նրանց ուղիղ տեսանելիության գոտում: Կասկածից դուրս է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների դրական շփումների մասին տեղեկացված էին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ պատճառով` մնում է ենթադրել, որ մարդասիրական ակցիայի նախիջևանյան փորձը հետագայում կարող է օգտագործվել և ղարաբաղյան ուղղությամբ: Սակայն ադրբեջանական կողմը տեղեկատվական տարածքում այդ իրադարձությունը սկսեց ներկայացնել իբրև արդյունք ինչ-որ «մարտական գործողությունների», որ չեն եղել: Հայկական աղբյուրների տվյալներով` ադրբեջանական կողմը իր առաջապահ դիրքերը չեզոք գոտում մոտեցրել է Նախիջևանն ու Հայաստանը բաժանող սահմանին: Այսինքն` բոլոր նշանները կան, որ Բաքուն հաջողությամբ անցկացրել է «Գյունութ» գործողությունը Երևանի դեմ` ոչնչացնելով հայկական կողմի հետ կառուցողական երկխոսության հաստատման նշանները, որ հարուցեց տագնապալի տրամադրություններ Հայաստանի հասարակական կարծիքի մեջ: Հայաստանի ռազմական ղեկավարության, իմա` Փաշինյանի, հասցեին սկսեցին մեղադրանքներ հնչել սահմանը հանձնելու մասին, թեպետ խոսքը միայն իր տարածքում Ադրբեջանի նոր դիրքերին է վերաբերում: Բլոկպոստերի միջև տարածությունը առանձին հատվածներում 3−4 կիլոմետր է` լեռնային բարդ տեղանքում: Բայց կան պնդումներ, որ Ալիևը խորամանկել է և մեկ քայլով մոտեցել Նախիջևանի ու Մեղրիի միջով Ադրբեջանի հետ ցամաքային միջանցքի ստեղծման նպատակին` դեպի Թուրքիա ելքով: Ավելին` որոշ հայ փորձագետներ կանխատեսում են, որ ապագայում կարող է վերակենդանանալ 1990-ականների ԱՄՆ վերլուծաբան Պոլ Գոբլի առաջարկած ծրագիրը` Մեղրիի փոխանակումը Ղարաբաղի հետ:


Սթափ գնահատենք իրավիճակը: Եթե Հայաստանի զինված ուժերը համապատասխան արձագանքեին Ադրբեջանի գործողություններին Նախիջևանի հետ սահմանի չեզոք գոտում «պաշտպանության խորքը» ապահովելու նպատակով, կարող էր Բաքվի հետ պատերազմ սկսվել, որին պարտավոր էր արձագանքել ՀԱՊԿ-ը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Նախիջևան այցի ժամանակ հայտարարեց, որ ինքնավարության տարածքում «հզոր բանակ» կա և հեռահար հրթիռային համակարգեր են տեղակայված, որ «կարող են ցանկացած նպատակակետ» խոցել հակառակորդի տարածքում, թեպետ ճշտեց, որ ադրբեջանցի զինվորականների գործողությունները հայերի պատասխանը կլինեն: Երևանի ինչի՞ն է պետք հիմա հարձակվել Նախիջևանի վրա, երբ հայերը նույնիսկ խաղաղ բանակցել են Ադրբեջանի ՊՆ-ի հետ: Պատահական չէ, որ հայ-նախիջևանյան սահմանին իրադարձություններին զուգահեռ հայկական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանը ռազմական ուժ է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գոտում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցը Արցախի Հանրապետություն սահմանի արևելյան հատվածում զորամաս գնալով` հենց այդ գործոնով է պայմանավորված: Տեսականորեն կարելի է ենթադրել, որ Բաքուն Ստեփանակերտի հետ պատերազմի սցենարը կապում է «Մեղրիի նախագծի» հետ: Իսկ գործնականում Ալիևը, ինչպես միշտ, բլեֆ է անում: Ցավալի է, որ Բաքուն դրանով խարխլում է Փաշինյանի հետ երկխոսության հիմքերը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Բաքուն փորձում է բոլոր տարբերակները և հասկացնում է, որ Ղարաբաղում իրավիճակը սրվելու դեպքում Նախիջևանի հետ սահմանից հավասարապես պետք է հարվածի սպասել: ՀԱՊԿ-ը առավելագույնը հայտարարություն կանի ու կհավաստի, որ սպասում է Հայաստանի օգնության դիմումին, որը, եթե անգամ ստանա, պետք է քննարկի ու որոշում ընդունի, իսկ դա ժամանակ է պահանջում: Խնդիրը սահմաններին մշտական լարում ստեղծելն է ու բանակցությունները օբյեկտիվորեն հնարավորինս հետաձգելը, որովհետև միջազգային ասպարեզում Հայաստանի վերելքի պահին Բաքվին բանակցություններ պետք չեն` հին ասելիքով ու հին դեմքերով: Իսկ Մեղրիի տարբերակին վերադարձը բացառվում է ի սկզբանե և ընդմիշտ: Բայց և պետք չէ մտածել, որ Ալիևը կորցնում է Փաշինյանի վստահությունը` չեղածը չեն կորցնում: Ոչ մի սթափ մտածող մարդ Ալիևին վստահել չի կարող` իմանալով պայմանավովածություններից հրաժարվելու նրա «ավանդույթը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ