Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լուկաշենկոն Ալիևին «Պոլոնեզներ» վաճառեց` ի հեճուկս Երևանի ու Մոսկվայի՞

Լուկաշենկոն Ալիևին «Պոլոնեզներ» վաճառեց` ի հեճուկս Երևանի ու Մոսկվայի՞
20.06.2018 | 08:48

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն ուսումնասիրեց բելառուսական «Պոլոնեզները», այլև նստեց համակարգի մեքենաներից մեկի ղեկին N զորամասում: Պոլիշինելի գաղտնիքը բացահայտվեց` Բաքուն Մինսկից գնել է այն ռեակտիվ համակարգերը (РСЗО), որոնցով սիրում է պարծենալ Ալեքսանդր Լուկաշենկոն, երբ խոսում է իր բանակի ուժի մասին: Ադրբեջանի նախագահի կայքում տեղեկատվության մեջ բաց տեքստով գրված է «Պոլոնեզների» մասին և նշվում է, որ յուրաքանչյուր համալիր ունի 8 հրթիռ, որ կարող են խոցել նպատակակետը 300 կիլոմետրի վրա: Այսինքն` խոսքը նոր, առավել հեռահար հրթիռների մասին է, որ ցուցադրվել են Մինսկի Միլէքս-2017 ցուցահանդեսում (սկզբում «Պոլոնեզները» կրակում էին 200 կիլոմետր):


Հայաստանն առայժմ արձագանքել է ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի շուրթերով, որ հունիսի 11-ին «Ազատության» եթերում ասել է. «Ցավում ենք, որ Բելառուսը, լինելով մեզ բարեկան երկիր, մեզ հետ ներգրավված լինելով բազմակողմանի ձևաչափերում, ունենալով դաշնակցային պարտավորություններ, զենք է վաճառում մի երկրի, որ մեզ հետ կոնֆլիկտի մեջ է»: Ռուբինյանի կարծիքով` «դա այնքան էլ տրամաբանական չէ` հաշվի առնելով Հայաստանի ու Բելառուսի բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները»: Դիվանագետը հավելել է, որ «այդ հարցը կբարձրացվի համապատասխան կարգով»: Կարելի է ենթադրել, որ խոսքը նախ և առաջ ՀԱՊԿ-ի ձևաչափի մասին է: Կրեմլի հովանու տակ գտնվող այդ կազմակերպությանը, որ ստեղծվել է իբրև հակաՆԱՏՕ, անդամակցում են Հայաստանն ու Բելառուսը, իսկ Ադրբեջանը, որի հետ Հայաստանը Ղարաբաղի պատճառով հայտնի է` ինչ հարաբերություններ ունի, ալյանսի անդամ չէ: Այստեղից էլ հայկական կողմի վիրավորվածությունը: Նշանակու՞մ է, որ Մինսկի ու Երևանի հարաբերությունները լարվելու են: Կարելի՞ է համարել «Պոլոնեզների» վաճառքը Ադրբեջանին մարտահրավեր Մոսկվային, որ վերջերս հայերին զինեց օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» համակարգերով:
Ընդհանուր առմամբ` Երևանը շոկի մեջ չէ: Բելառուսը վաղուց և ոչ քիչ զենք է վաճառել համեմատաբար հարուստ Ադրբեջանին: Բելառուսի ղեկավարությունը իր տրամաբանությունն ունի` բիզնես, ոչինչ անձնական: Մինսկի ու Բաքվի «Պոլոնեզների» գործարքի մասին մեկնաբանները մի քանի տարի խոսում էին: Ապրիլին «Коммерсантъ»-ը, հղում անելով Բելառուսի ՊՆ-ի աղբյուրներին, գրում էր, որ բելառուսական հրթիռային համակարգերը Ադրբեջանում կարող են հայտնվել արդեն 2018-ին: Դա 10 «Պոլոնեզների» առաջին արտասահմանյան գործարքն է: Թերթի աղբյուրներից մեկը հաղորդել էր, որ Ադրբեջանը վաղուց է ուսումնասիրում բելառուսական համակարգերը «գնի առումով, հիմա, ամենայն հավանականությամբ, «Պոլոնեզները» համապատասխանում են նաև զինված ուժերի պահանջներին»: 2016-ին Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց «Իսկանդեր-Է» համակարգեր (արտահանվող տարբերակը` 280 կմ հեռահարությամբ): Մատակարարման պայմանները չլուսաբանվեցին: «Ադրբեջանցի որոշ փորձագետներ հեգնում էին, որ այդ համակարգերի կոճակների վրա ռուսական ձեռքն է: Նկատի ունեին, որ «Իսկանդերները» Հայաստանում ռուս հրահանգիչների ու խորհրդատուների լիակատար վերահսկողության տակ են»` Naviny.by-ին ասաց ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը:

«Կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում պատկանում են: Այդտեղ ես կարող եմ գաղտնիքը բացել»` 2017-ի փետրվարին այդ վարկածը հերքեց Պնախարար Վիգեն Սարգսյանը: Նա նաև հայտարարեց. «Ինչ վերաբերում է մնացած հարցերին` ե՞րբ, ինչքանո՞վ և այլն, ինքներդ եք հասկանում, որ լիակատար գաղտնիք է»: Փորձագետներն ասում են, որ «Իսկանդերն» ու «Պոլոնեզը» այնքան էլ նման չեն, բայց սկզբունքորեն համեմատելի զենքեր են: Լուկաշենկոն համագործակցել է չինացիների հետ, որ խիստ օգնել են «Պոլոնեզը» ստեղծելիս, երբ Մինսկը երկար (2002-ից) ապարդյուն փորձում էր Ռուսաստանից «Իսկանդեր» ստանալ: Որքա՞ն է վճարել Ադրբեջանը «Պոլոնեզների» դիմաց: Ալեսինի կարծիքով` 165 միլիոն դոլար: «Հենց այդքան գումար է, շվեդական SIPRI ինստիտուտի տվյալներով, 2016-ին փոխանցվել Մինսկին` առանց ապրանքի մի գործարքի դիմաց: Հաշվի առնելով` ինչ հարաբերություններ ունեն Լուկաշենկոն ու Ալիևը, կարելի է ասել, որ դա «Պոլոնեզների» կանխավճարն էր ամբողջությամբ»` բացատրում է Ալեսինը:


Բաքվին զենք վաճառելով` Մինսկը ղեկավարվում է զուտ առևտրային պատկերացումնորեվ` Naviny.by-ին բացատրել է Մինսկի «Ստրատեգիա» վերլուծական կենտրոնի փորձագետ Վալերի Կարբալևիչը: «Ադրբեջանը նավթադոլարներ ունի և պատրաստ է վճարել»` բացատրում է վերլուծաբանը: Ավելին` Ալիևը 2010-ին առանց որևէ պաշտոնականության Լուկաշենկոյին մեծ գումար տվեց, երբ Մոսկվան պահանջեց արագ վճարել գազի պարտքը: Հայաստանը նման ժեստերի ֆինանսական հնարավորություն չունի: Համապատասխանաբար` Բելառուսի պրագմատիկ ղեկավարությունը այնքան էլ չի մտահոգվում Երևանի հետ հարաբերություններով, չնայած դաշնակցային պարտավորություններին` կարծում է վերլուծաբանը: «Ընդհանրապես ՀԱՊԿ-ը շատ տարօրինակ միություն է: Փաստացի` ստեղծվել է միայն այն պատճառով, որ ցուցադրի Ռուսաստանի չեզոքությունը: Ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր Բելառուսը Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի հետ գործնականում չունի: Ընդ որում` որոշ դաշնակիցներ ակտիվ համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ: Այնպես որ ալյանսը թույլ ու խարխուլ է»` ասում է Կարբալևիչը և ընդգծում, որ Ռուսաստանն ինքը զենք է վաճառում Ադրբեջանին:
Լուկաշենկոն մեղադրում է Մոսկվային, որ առանձնապես մտահոգված չէ ՀԱՊԿ-ի դաշնակիցներին ժամանակակից զենքով ապահովելու մեջ: Այդ խնդիրը նա բարձրացրեց Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում փետրվարին: Կրեմլի հասցեին նման խայթոցների մղում է բելառուսական բանակի նորացման խնդիրը: Բելառուսի բյուջեն այդ նպատակով քիչ փող ունի, իսկ Կրեմլը բացահայտորեն չի շտապում այդքան լայն ժեստեր անել: «Ռուսաստանն իր համար նորացնում է զինված ուժերը: Մենք ինչ-որ փորձեր ենք անում ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ` զինվել, նորացնել և այլն: Ամեն մեկն իր համար»` տրտնջում էր Լուկաշենկոն: Ակնհայտ է, որ հատուկ համախմբվածությամբ, իդեալիզմով ու փոխօգնությամբ դաշնակիցները իրոք չեն տառապում:


Ալեսինը նկատում է, որ Ռուսաստանը «Ադրբեջանին շատ ավելի շատ զենք է վաճառում, քան Բելառուսը», այդ պատճառով «Մոսկվան Բելառուսին քննադատելու տեղ չունի»: Գուցե գործարքը կնքվել է Մոսկվային տեղեկացնելով` ասում է վերլուծաբանը: Նա կարծում է, որ «Պոլոնեզների» գնումով Ադրբեջանը որոշ գերակայություն է ստանում Հայաստանի նկատմամբ, առավել ևս, որ գնել է նաև իսրայելական LORA համակարգեր: «Հիմա Ադրբեջանը ուժ է հավաքում, որի ցուցադրությունը, Բաքվի կարծիքով, պարտադրելու է Երևանին Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունների: Մոսկվան էլ կցանկանար տարածաշրջանում ինչ-որ համաձայնության հասնել»` կարծում է վերլուծաբանը: Նա հավելում է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բանակցությունների նոր փուլի շանսերը մեծացել են: Ընդհանուր առմամբ` հիմա այն իրավիճակը չէ, որ Երևանը, առավել ևս Մոսկվան մեծ աղմուկ բարձրացնեն Ադրբեջանին «Պոլոնեզների» վաճառքի համար:

Ալեքսանդր ԿԼԱՍԿՈՎՍԿԻ, Բելառուսական նորություններ


Հ.Գ. Ամեն ինչ պարզ ու հասկանալի է, բայց մնում է հարցը` իսկ ու՞մ է պետք ՀԱՊԿ-ը և ընդհանրապես` ինչի՞ համար են դաշնակիցները ու ում բարեկամներն են նրանք գործնականում: Բիզնեսի՞: Փաստացի` Մոսկվան ու Մինսկը նույն սկզբունքով զենք են վաճառում Ադրբեջանին, իսկ Հայաստանին մնում է...շոկի մեջ չընկնել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ