Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն կարող հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից: Ազգային ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով համակարգին անդամագրվելը դառնում է պարտադիր:
Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ պառլամենտական ուժերը քննադատեցին այն, նկատելով, թե «պարտադիր» բաղադրիչի ներդրմանը դեմ են: Քննադատությունը՝ քննադատություն, բայց փաստն այն է, որ քննադատող պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին: Նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին նկատեց, թե համակարգից հրաժարվելը կամ այն կրկին հետաձգելը երկրի վարկանիշի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ, ավելին, նման դեպքերում գործընկեր պետության վարքագիծը դառնում է պակաս կանխատեսելի՝ մեծացնելով ռեպուտացիոն ռիսկը:
Պարզից էլ պարզ է, որ խորհրդարանական վերջին ընթերցումն անցնելուց հետո նախագիծն ընդունվելու և օրենքի ուժ է ստանալու, ինչից հետո ՀՀ քաղաքացիները ստիպված են լինելու հրաժարվել իրենց աշխատավարձի 2,5 տոկոսից: Պարզ է նաև, որ քաղաքացիները դժգոհելու են հարկային ավելորդ բեռից ու զգալու են այդ մի քանի հազար դրամի պակասությունը: Իսկ տվյալ դեպքում դժվար թե վերջիններիս համար առավել քան կարևոր լինի, թե ինչ են մտածելու Հայաստանի մասին գործընկեր պետությունները՝ ռեպուտացիոն առումով:
Հայ հանրությունը, կարծում ենք, չի մոռացել, որ ընդամենը մի քանի տարի առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ջանադրաբար քննադատում էին կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը՝ այն որակելով հակասահմանադրական: Այսօր, սակայն, վարչապետ Փաշինյանի հորդորով «պարտադիր բաղադրիչը» ուժի մեջ է մտնելու եկող ամսվա սկզբից:
Հարց է առաջանում՝ իսկ այս դեպքում երկրի ներսում «ռեպուտացիոն ռիսկեր» ի հայտ չե՞ն գա գործընկեր երկրների շրջանում, ինչ խոսք, ցանկալի չէ, որ անկում ապրի պետության վարկանիշը, բայց ու՞ր մնաց սեփական ժողովրդի աչքում մշտապես բարձր վարկանիշ ունենալու հրամայականը: Ի դեպ, նոր կառավարիչների դիրքորոշումը միայն կուտակային կենսաթոշակների հարցում չէ, որ փոփոխվել է, ինչի մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Հետևաբար, ռեպուտացիոն ռիսկը շատ ավելի մեծ կարող է լինել, քան ենթադրվում է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ