Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բրյուսելում առաջին նիստն է գումարել ԵՄ-ՀՀ Գործընկերության խորհուրդը

Բրյուսելում առաջին նիստն է գումարել ԵՄ-ՀՀ Գործընկերության խորհուրդը
21.06.2018 | 21:08

Այսօր Բրյուսելում ԵՄ-ն ու ՀՀ-ն գումարել են Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված և այս տարվա հունիսի 1-ին միջանկյալ կիրառման մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունում ասված է, որ խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանը և Եվրամիությունը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:


«Գործընկերության խորհուրդը ողջունեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: ԵՄ-ն բարձր գնահատեց բոլոր կողմերի ընդհանուր զսպվածությունը և կոչ արեց քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, շարունակական և ներառական երկխոսության։ ԵՄ-ն ողջունեց Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը»,- ասված է հայտարարությունում:


«Գործընկերության խորհուրդն ընդգծեց Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարևորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման և դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաև շեշտեց, որ արդյունավետ և անկախ դատական համակարգը կարևոր է օրենքի գերակայության համար և արժեքավոր նախապայման՝ տնտեսական և սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաև մատնանշեց նոր քրեական օրենսգրքի և նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը և ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարևորությունը»,- նշված է հայտարարությունում:


Գործընկերության խորհուրդն ընդգծել է շարունակական ջանքերի միջոցով առևտրի ոլորտում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը` Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ և կանխատեսելի առևտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում` աշխարհագրական տեղանունների պաշտպանության դրույթների լիարժեք և ժամանակին իրականացումը: Գործընկերության խորհուրդն ընդգծել է հարկային ոլորտում լավ կառավարման կարևորությունը` ըստ Բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների:
էներգետիկ ոլորտում Գործընկերության խորհուրդը մատնանշել է էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և միջուկային անվտանգության կարևորությունը՝ ըստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և 2018-ի փետրվարի 21-ին ստորագրված ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների։


Տրանսպորտային ոլորտում Գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017-ի նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-Եվրամիություն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը և կնպաստի անվտանգության, բնապահպանության և սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը: Բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:


«Գործընկերության խորհուրդը վկայակոչեց, որ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության առաջնահերթությունները կձևավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները: Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017-2021-ի համար: Գործընկերության խորհուրդը ընդգծեց այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը` աջակցելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և քաղաքացիների կենսապայմանների տեսանելի և շոշափելի բարելավմանը»,- ասված է հայտարարությունում:


Գործընկերության խորհուրդը ի գիտություն է ընդունել Հայաստանի վերաբերյալ հունիսի 6-ին հրապարակված Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների զեկույցը և կարևորել մայիսին ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդից ի վեր ԵՄ-ՀՀ հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Խորհուրդը որոշել է, որ հետագա զեկույցները կվերնագրվեն «Գործընկերության զեկույցներ»՝ կենտրոնանալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վրա: Ի լրումն ՀԸԳՀ շրջանակներում երկկողմ հարաբերություններին՝ Գործընկերության խորհուրդն ընդգծել է Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արևելյան գործընկերությանը՝ որպես համընդգրկուն բազմակողմ ձևաչափի: Հայաստանը հաստատել է իր հանձնառությունը կարևոր, դինամիկ և կառուցողական դեր խաղալու Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանը և Եվրամիությունը երկուստեք ընդգծել են Արևելյան գործընկերության «2020 արդյունքներին» հասնելու կարևորությունը: ԵՄ-ն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ քննարկելու Արևելյան գործընկերության ներքո հատուկ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված հստակ առաջարկներ:


Եվրամիությունը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Այնուհետև, Գործընկերության խորհուրդն ընդգծեց, որ Սիրիայում հակամարտության տևական և վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարևորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով ԵՄ-ն «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո»,- նշված է հայտարարությունում:


Եվրամիությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, և հորդորել է կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որևէ նախապայմանի:
Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը Իրանի վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:


Խորհուրդը նախագահել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանյան պատվիրակության ղեկավարն էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ