Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Վարչապետի վերաբերմունքից հասկանալի է՝ «Ամուլսարի» շահագործմանը դեմ չէ

Վարչապետի վերաբերմունքից հասկանալի է՝ «Ամուլսարի» շահագործմանը դեմ չէ
10.07.2018 | 00:24

«Ամուլսարի» հանքավայրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Արդեն տևական ժամանակ դեպի հանքավայր տանող ճանապարհը փակ պահող ջերմուկցիները մեկ պահանջ ունեն՝ հանքի շահագործման դադարեցում: Կառավարության բազմաթիվ հորդորները, կոչերը, թե համապատասխան հանձնաժողով կամ տեսչական մարմին կստեղծվի, կքննարկվեն հանքի շահագործումից առաջացող ռիսկերը, բողոքող քաղաքացիները չեն ընդունում և վերջ: Դադարեցնել հանքի շահագործման համար կառուցվող գործարանի շինարարությունն ու հանք բացելու լիզենզիան չեղյալ համարել` պահանջումեն նրանք:


Ջերմուկցիներին մեկը մյուսի հետևից պաշտոնական հաղորդագրություններ են հղում ամենատարբեր պաշտոնյաներ, այդ թվում` վարչապետը: Վերջինս անհնազանդությունը դադարեցնելու և ճանապարհները բացելու կոչով էր հանդես եկել, բայց ապարդյուն:
Օրերս էլ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ էր այցելել՝ դեպի հանք տանող մի քանի ճանապարհները փակած ջերմուկցիների հետ առկա հարցերը քննարկելու ու խնդիրներին տեղում ծանոթանալու համար: Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո, սակայն, Ամուլսարի խնդիրն այդպես էլ առկախված մնաց: «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները փոխանցեցին, որ հանքը շահագործելու հարցում չեն պատրաստվում զիջման գնալու, ջերմուկցիներն էլ ընդգծեցին՝ հետքայլ չեն անելու ու ճանապարհները չեն բացելու:


Հանքը բացել-չբացելու հարցում վարչապետի դիրքորոշումը, ըստ երևույթին, միանշանակ չէ: Վերոնշյալ հանդիպման ընթացքում ակնհայտ էր, որ վարչապետին, մեղմ ասած, դուր չի գալիս ճանապարհ փակելու ջերմուկցիների գործելաոճը: Նա, դիմելով հավաքվածներին, հարցրեց՝ ինչու են հենց հիմա պայքարում, եթե հանքի շահագործման լիցենզիան 6 տարվա պատմություն ունի: Քաղաքացիների պատասխանն առավել քան դիպուկ էր. «Հիմա ենք ճանապարհ փակում, քանի որ «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը» նոր է տեղի ունեցել»:


Փաստորեն, վարչապետի այցը Ջերմուկ ոչինչ չտվեց: Ավելին, «Լիդիանի» ներկայացուցիչների հետ քաղցր-մեղցր զրույցները վկայում էին, որ Փաշինյանի կառավարությունը հանքի շահագործման լիցենզիան չի պատրաստվում չեղարկելու, ավելին՝ կառավարության մյուս անդամների, ինչպես նաև «Ելք» խմբակցության պատգամավորների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանում պետք է լինի եվրոպական չափանիշներով աշխատող հանք և դրա նախատիպը հենց «Ամուլսարն է», գոնե ենթադրելու տեղիք են տալիս՝ «Ամուլսարի» կարմիր ժապավենները մոտ ապագայում կտրվելու են:


«Իրատեսի» աղբյուրները հուշում են, որ այդ «մոտ ժամանակը» աշունն է: «Լիդիան Արմենիայի» ներքին խողովակներով ճշտեցինք, որ հանքի շահագործման մեկնարկը տրվելու է սեպտեմբերին: Հավաստիացրին նաև, որ հանքի շահագործումից Ջերմուկի բնությունը չի տուժի, իսկ հանքային ջրերին վտանգ չի սպառնա:


Թե ինչքանով են արժանահավատ «Լիդիան Արմենիայի» հավաստիացումներն ու խոստումները, ժամանակը ցույց կտա: Բայց ժամանակը կարող է ցույց տալ նաև, որ երբ դանակը ոսկորին է հասնում, հարցը բոլորովին այլ լուծում է ստանում: Հետևաբար, դժվար է կանխատեսել, թե այս պայքարում կողմերից որ մեկը կհաղթի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ