Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ոսկե ծիրանը» ստանձնել է հայկական կինոն աշխարհում ներկայացնելու գործառույթը»

«Ոսկե ծիրանը» ստանձնել է հայկական կինոն աշխարհում ներկայացնելու գործառույթը»
13.07.2018 | 09:15

«Իրատեսի» հյուրը Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է:

«ՄԵՆՔ ԶԳՈՒՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՐՅԱՆ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ, ԵՌԱՆԴԻ ԿԱՐԻՔԸ»


-Տիկին Սուսաննա, Դուք այս տարի ներկայանում եք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի կարգավիճակով: Թեև մշտապես երեք հենասյուների վրա է ծանրացել կինոփառատոնը՝ Հարություն Խաչատրյանի, Միքայել Ստամբոլցյանի և Ձեզ, այդուհանդերձ, այս տարի ինչ-որ չափով ավելացե՞լ է Ձեր պատասխանատվության բեռը:
-Իհարկե, պատասխանատվությունը մեծացել է, բայց բաժանված է երեքիս միջև: Հարություն Խաչատրյանը լիարժեքորեն ներգրավված է բոլոր աշխատանքներում: Հիմնադիրների մեր թիմը մնում է անփոփոխ, և դա մեր փառատոնի կայունության ու զարգացման երաշխիքն է: Բայց և կարևոր է, որ մեր շուրջը միշտ հավաքվում են երիտասարդները: Արդեն 15 տարեկան է փառատոնը, և որքան մեծանում է, այնքան ավելի հրատապ է դառնում սերնդափոխության անհրաժեշտությունը: Մենք իսկապես զգում ենք երիտասարդական արյան, գաղափարների, եռանդի կարիքը, որն օգնում է, որ տեղում չդոփենք, չդեգրադացվենք: Մինչև հիմա դա մեզ հաջողվել է: Երիտասարդությունն ունի իր պատկերացումները, իր տեսլականը, իր առաջարկությունները, որոնք իրականացնում է կինոփառատոնի շրջանակներում: Բոլորովին կարևոր չէ, թե մեզնից ով ինչ կոչումով է մասնակցում փառատոնի աշխատանքներին, կարևորն այդ երիտասարդական կորիզի առկայությունն է, որը որոշում է շատ բան: Այս տարվա փառատոնը, մի կողմից, ասես, ամփոփումն է «Ոսկե ծիրանի» 15 տարիների, մյուս կողմից՝ նոր փուլի սկիզբ է ազդարարում: Դա արտացոլված է նաև կինոփառատոնի դիզայներական կոնցեպտի մեջ: Մենք առանձնացրինք 15 ուղերձ, որոնց շուրջ ձևավորվեցին 15 ազդագրեր՝ իրենց խորագրերով՝ «Միասնության 15 տարի», «Փոխադարձ հետաքրքրությունների 15 տարի», «Նվիրումի 15 տարի», «Հյութեղ ծիրանի 15 տարի», «Բացահայտումների 15 տարի» և այլն: Եթե այս ուղերձներն ու համապատասխան ազդագրերը հաջորդաբար դիտեն, կհասկանան, թե այս տարիների ընթացքում մենք ինչ նպատակներ ենք հետապնդել, ինչ ենք արել, ինչի ենք հասել և դեռ ինչերի պիտի հասնենք:

«ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՓԱԿ ՇՐՋԱՆ ՉԴԱՌՆԱ, ՉԱՌԱՆՁՆԱՆԱ, ՉԿՂԶԻԱՆԱ»


-Հասկանալի է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, միջազգային իրադարձություն լինելով, ունի կարևորագույն նպատակ՝ նպաստել հայկական կինոյի վերելքին ու հստակորեն նախանշվող ապագային: Այս առումով ի՞նչ է ներառում հոբելյանական 15-րդ փառատոնն իր աշխատանքներում:
-Այդ նպատակը մեր առջև դրված է եղել առաջին «Ոսկե ծիրանից» սկսած: Այդ տարի մենք ունեցել ենք միայն մեկ մրցութային ծրագիր՝ հայկական ֆիլմերի համար: Բայց արդեն երկրորդ տարում հասկացանք, որ հայկական ֆիլմերը պետք է ինտեգրենք համաշխարհային կինոյի տիրույթում, որպեսզի հայկական կինոն փակ շրջան չդառնա, չառանձնանա, չկղզիանա: Եթե համադրում ենք համաշխարհային կինոն հայկականի հետ, նաև որոշակի նշաձող ենք սահմանում, հուշում, թե որ տեղում ենք ուզում տեսնել մեր կինոն: Պարզ է, որ հայկական կինոն այս ժամանակաշրջանում բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք առնչվում են և՛ արտադրական, և՛ գաղափարական, և՛ ներքին վիճակների հետ: Կինոյում ևս ունենք սերնդափոխության խնդիր. մենք մի սերունդ բաց ենք թողել: Դա մութ ու ցուրտ տարիների սերունդն էր: Եվ ոչ միայն ռեժիսորների, կինոօպերատորների, մյուս կինոգործիչների մասին է խոսքը, այլև կինոհանդիսատեսի: Կինոն չի կարող գոյատևել առանց հանդիսատեսի հետ փոխադարձ կապի: Այս 15 տարիներին մենք փորձում ենք ինչ-որ բաց տեղեր լրացնել: Տեսնում ենք, որ կան կրթական, տեղեկացվածության, ինտեգրվելու, համատեղ արտադրության պլատֆորմներին մասնակցության խնդիրներ: «Ոսկե ծիրանը» ոչ միայն դարձել է մի տեղ, ուր մարդիկ գալիս են նայելու հայկական կինո, այլև ստանձնել է հայկական կինոն Երևանից դուրս՝ աշխարհում ներկայացնելու գործառույթը: «Ոսկե ծիրանի» շրջանակներում հայկական կինոծրագրերը կարող են ներկայացվել, ունենալ հետագա զարգացում, դառնալ համատեղ արտադրության մաս, գտնել ֆինանսավորման ճանապարհներ, դեպի այն դռները տանող ճանապարհներ, որոնք բացելով՝ հայ կինոգործիչները կկարողանան իրականացնել իրենց երազանքները:
-Այս տարի «Ոսկե ծիրանին» ներկայացված հայկական ֆիլմերի մասին ի՞նչ կասեք:
-Այս տարի «Հայկական համայնապատկեր» ծրագրի համար ընտրվել է 27 ֆիլմ՝ հիմնականում վավերագրական և կարճամետրաժ: Լիամետրաժ խաղարկային երեք ֆիլմ է ներկայացված ծրագրում, որոնցից միայն մեկն է Հայաստանի հետ համատեղ արտադրանք՝ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Մյուս երկուսը՝ Ռոբերտ Դերանյանի «Տաբու» և պարսկահայ պրոդյուսեր Նորիկ Քեշիշյանի «Մայրամուտի բեռնատարը» ֆիլմերը, արտադրված են Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում: Ինչպես տեսնում եք, ընտրության մեծ հնարավորություն չունեինք: Նաև այդ մտահոգությամբ էր պայմանավորված մեր ջանքը՝ ստեղծելու բոլորովին նոր՝ «GAIFF Pro» հարթակը, որը նպատակ ունի դարձնել Հայաստանը տարածաշրջանային կինոկենտրոն, ներկայացնել մեր երկիրը՝ որպես կինոյի զարգացմանը նպաստող տարածք: Մենք ցանկանում ենք ներարկել այն գաղափարները, որոնք դառնում են խթան մեր տարածաշրջանի երկրներում փոքր կինոարտադրությունների զարգացման համար: Օրինակ՝ Բալկաններում դա շատ հաջողված ծրագիր է, այսօր Սերբիան, Մակեդոնիան, Ալբանիան ունեն շատ հետաքրքիր ներկայացվածություն տարբեր միջազգային կինոփառատոներում: Վրաստանում վերջին տասը տարում ձևավորվեց վրացական կինոյի նոր ալիքը՝ դեբյուտների նոր ալիքը: Մեզ համար դա դեռ հեռանկար է, բայց՝ հասանելի հեռանկար: Պիտի ջանքեր գործադրենք, ճիշտ կազմակերպենք բոլոր աշխատանքները, ճիշտ մարդկանց հրավիրենք այստեղ, որպեսզի արագացնենք այդ հեռանկարին հասնելու ընթացքը: Հայաստանը, դառնալով «Եվրիմաժի» անդամ, հնարավորություն է ընձեռել մեր կինոգործիչներին շատ ուղղակի կերպով մտնելու եվրոպական շուկա: «Եվրիմաժը» ոչ միայն համատեղ կինոարտադրության հնարավորություն է, այլև եվրոպական շուկայում շրջանառվելու հնարավորություն: «Եվրիմաժը» տարին չորս անգամ հայտեր է ընդունում, և հայկական կինոնախագծերն արդեն հերթ են կանգնել ներկայացվելու համար:
-Այս պահին կարո՞ղ ենք հաստատապես արձանագրել, որ գոնե կինոյով զբաղվելու շահագրգռություն է առաջացել մարդկանց մեջ:
-Այո՛: Եվ պիտի ասեմ, որ բավական հետաքրքիր ֆիլմեր են այս տարի ներկայացված «Հայկական համայնապատկեր» անվանակարգում, տարբեր ոճի, տարբեր թեմաների անդրադարձող, տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծած թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական ֆիլմեր: Այն փաստը, որ հայ կինոյի, կարելի է ասել, դասական Սուրեն Բաբայանի նոր կարճամետրաժի կողքին տեղ են գտել նաև դեբյուտներ, նոր անուններ, ինքնին խոսուն է և արտահայտում է կազմակերպիչների մոտեցումը: Ի դեպ, ծրագրում վավերագրական ֆիլմերը գերակշռում են, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք հայկական վավերագրական կինոյի շեշտադրման ավանդույթը: Վավերագրական կինոն քիչ ծախսատար է, և սրանով է նաև պայմանավորված այդպիսի ֆիլմերի մեծ հոսքը մեր ծրագիր: Իսկ մրցունակ լիամետրաժ խաղարկային դեբյուտների առումով մեր երիտասարդ ռեժիսորները դեռ շատ գործ ունեն անելու: Մի շատ կարևոր դիտարկում եմ ուզում անել. այս տարի երիտասարդ արվեստագետներին տրվող ՀՀ նախագահի ամենամյա մրցանակները ստացել է երեք «նորաթուխ», ինստիտուտը նոր ավարտած ռեժիսոր՝ երկու կարճամետրաժ և մեկ վավերագրական ֆիլմերի համար: Սա ազդակ է, որը վկայում է, որ հայկական կինոյում ինչ-որ բան տեղից շարժվում է:

«ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՆՐԱՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ
ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ»


-Ի՞նչ կասեք «Ոսկե ծիրանի» մրցույթներում ընդգրկված արտասահմանյան ֆիլմերի մասին: Անցյալ տարի այնքան շատ էին «ուժեղ» ֆիլմերը, որ մենք՝ լրագրողներս, դժվարանում էինք ինքներս մեզ համար ընտրել ֆավորիտին:
-Մեր հանդիսատեսն էլ կվկայի, որ այս տարի ընտրվել են ոչ պակաս «ուժեղ» ֆիլմեր: Դրանց մեջ կան Ռոտերդամի, Բեռլինի փառատոներում ներկայացված և նույնիսկ հաղթած ֆիլմեր: Կառանձնացնեի լեհական «Դեմք» (ռեժիսոր՝ Մալգոժատա Շամովսկա), ֆիլիպինական «Նյարդային թարգմանություն» (ռեժիսոր՝ Շիրին Սենո), ռուսական «Աննայի պատերազմը» (ռեժիսոր՝ Ալեքսեյ Ֆեդորչենկո), թուրքական «Թիթեռներ» (ռեժիսոր՝ Թոլգա Քարաչելիք), շվեյցարական «Ֆորտունա» (ռեժիսոր՝ Ժերմինալ Ռոո), բուլղարական «Ամենագոն» (ռեժիսոր՝ Իլիան Ջևելեկով), գերմանական «Անցուղիներում» (ռեժիսոր՝ Թոմաս Շտուբեր) և այլ ֆիլմեր:
-Այս տարին ևս բացառություն չէ. «Ոսկե ծիրանը» հյուրընկալել է համաշխարհային կինոյի նշանավոր դեմքերի:
-Պիտի հատուկ ընդգծեմ, որ ցանկացած միջազգային կինոփառատոնի մակարդակն առաջին հերթին որոշվում է նրանում ընդգրկված ժյուրիի անդամների և պատվավոր հյուրերի վարկանիշով, համաշխարհային կինոյում ունեցած վաստակով: Դա միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, և դրանով է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ձեռք բերել իր ճանաչումն ու համբավը այս բոլոր տարիներին: Պրոֆեսիոնալների ցանկացած միջավայրում ընդամենն ասում ես «Ոսկե ծիրան», և ավելին ասել պետք չէ, բոլորը գիտեն, թե ինչի մասին է խոսքը: Դա պայմանավորված է մեր կինոփառատոնի ժյուրիի անդամների, ֆիլմերի ընտրության, հյուրերի մակարդակով: Բավական է հիշել, որ այստեղ են եղել Վիմ Վենդերսը, Տոնինո Գուեռան, Աբբաս Քիարոստամին, Ատոմ Էգոյանը, Էնրիկա Անտոնիոնին, Ֆաննի Արդանը, Թեո Անգելոպուլոսը, Յոս Սթելինգը, Քլեր Դենին և տասնյակ այլ համաշխարհային դեմքեր, որոնք դարձել են «Ոսկե ծիրանի» բարի կամքի դեսպանները, և որոնց ներկայությունը հաստատագրում է փառատոնի միջազգային բարձր վարկանիշը: Այս տարվա մեր փառատոնային ժյուրիի կազմում այնպիսի մասնագետներ են, որոնք կզարդարեն ցանկացած կինոփառատոն՝ կրկնակի օսկարակիր Ասղար Ֆահրադի, Լարի Սմիթ, Բեքի Փրոբստ, Բորիս Խլեբնիկով, Վալերի Մասադյան:
-Փառատոնը բացվեց «Ոսկե ծիրանի» վաղեմի բարեկամ Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը» ֆիլմով (Ֆրանսիա)՝ Վենետիկի փառատոնի գլխավոր մրցութային ծրագրից: Ո՞րն է փակման ֆիլմը:
-Փակումը կլինի Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմով (Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն), որն այս տարվա Կաննի փառատոնի փակման ֆիլմն էր: Հավելեմ, որ կինոփառատոնի մասին հանգամանալից տեղեկություն կարելի է ստանալ «Ոսկե ծիրանի»՝ հոբելյանի առթիվ նորացված www.gaiff.am պաշտոնական կայքից:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ