Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

N 31-ի ազդականչերը

N 31-ի ազդականչերը
17.07.2018 | 03:06

(Նախորդ մասը)

ԵՐԲ ԵՍ ԿՈՆՅԱԿԻ ՇՇԵՐՆ ԷԻ ՏԱՊԱԼՈՒՄ, ԿՈՒԿՈՒՇԿԻՆԸ ԳԼԽԱԲԱՑ ԷՐ ԿԱՆԳՆԱԾ


«Տոնական» կոնյակի շշերի շողարձակումից Կուկուշկինը կիսապուշ զմայլանքով ժպտում էր։ Ինձ թվում էր, թե նա ուշաթափության եզրին է։
Շարասյունն առաջ ընկավ։ Առջևից քայլում էր Կատյուկը` կոնյակները գրկած։ Նրան ես էի հետևում` բարոյազրկված ծանրոցը ձեռքիս։ Երթը եզրափակում էր Կուկուշկինը, որը, հումորի անսպասելի նոպայի մեջ ընկնելով, աջ ու ձախ պատիվ էր բռնում։ Օրինակ, զինվորական կանոնադրության բոլոր սահմանումների համաձայն, պատիվ տվեց Մարֆային, ձնակոլոլ ցախավելին և եղևնուն թառած ագռավների երամին։ Գունդը քար լռության մեջ էր։ Լարվածությունը գագաթնակետին էր հասել։ Այսպես էլ հասանք գլխավոր անցակետ։ Կատյուկն անընդմեջ ինչ-որ բան էր դուրս տալիս։ Կարծես լսեցի Ժաննա դ’Արկի, ծերունի Խոտտաբիչի և Օլեգ Կոշևոյի անունները։ Հետո շշերը ձեռքս տվեց և ստիպեց դրանք ջարդել` հանուն իմ անխափան հետագա ծառայության և սովետական բանակի հզորության։ Անցակետի պատը ցողվեց արևագույն աստղերով։ Լիտրուկես ոսկեխունկ կոնյակը լիճ էր կապել ձնաթմբի կենտրոնում և անխռով բուրում էր։ Մեկ շաբաթ շարունակ զինվորները պատվո այցելություն էին կատարում անցակետի հարավային պատին, հոտոտում էին ձնաթումբը և, անզուսպ հայհոյանք ուղղելով այդ երևելի Չմոյի հասցեին, վազում էին ճաշարան։ Ի դեպ, երբ ես կոնյակի շշերն էի տապալում, Կուկուշկինը գլխաբաց էր կանգնած։ ՈՒ հանկարծ, երրորդ շշից առաջ գնդի ռադիոն սկսեց ոռնալ «ըպռ ոսÿՊպռ» գողական ռոմանսը։ Խարիտոշայի և Կուզմիչի միացյալ երգչախումբն էր։ Նրանց նվագակցում էր Պետերիսը։ Շրթհարմոնով։

ՆՐԱՆՔ ՍՈՎԵՏԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԼԱԽՈՏԵՐՆ ԷԻՆ


Այսպիսով, մի փոքր պատկերացում կազմեցիք քաղղեկի մասին։ Սրանք պատուհաս էին բանակի համար։ Ինչպես կուսակցական ղեկավարները` Սովետմիության։ Նրանք սովետիրականության մոլախոտերն էին։ Երևելի ծույլեր ու ձրիակերներ։ Կատյուկը, Կարպենկոն և այլք (զարմանալիորեն` քաղղեկների ճնշող մասը խախոլ էր), լեզվական ձեռնաշարժությունից զատ, ոչինչ չէր իրականացնում։ Անգամ Պետերիսը, կամքից անկախ, նպաստում էր բանակի, ի վերջո, Միության զորացմանը։ Նա փայտի փորագրությամբ էր զբաղվել նախադպրոցական խմբակում և երբեմն նորոգում էր վաշտի ջարդված աթոռները, որոնք, առաջին զինվորական հետույքաշփումից հետո, կրկին ատաղձագործական թափոնի էին վերածվում։ Մուստաֆան, հասկացաք, բուրումնավետ կիսելով էր երջանկացնում մեզ։ Եռամսյակը երկու անգամ։ Բացի սրանից, նա չէ՞ որ անխաթար մարզումային թիրախ էր մեր բռունցքների համար։ Սրա՜նք, սրանք ի՞նչ են անում, ո՛չ բնությանն են պիտանի, ո՛չ մարդկությանը` անզոր հոխորտանքով հայհոյում էի նրանց։ Մտովի։ Պահակակետում։ Երբ ձախից կիսաքուն գունդն էր, աջից` զինվորական թաղամասը, հեռվում, փնթի գեղեցկուհու պես մրափել էր Սամարան, հետո էլ Վոլգան էր, Մայր Վոլգան։


ՏԱՓԱՍՏԱՆԻ ԽՈՐՔԵՐՈՒՄ, ՏՈԹԻ ՈՒ ՓՈՇՈՒ ՄԵՋ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆՔ ԿԻՍԱՄԵՐԿ


Էհ Սուկով, Սուկով, արժե՞ր օր ծերության խայտառակվել։ Իհարկե, արժեր։ Բայց ամեն բանի մասին մանրամասն ու հավաստի։ Տաջիկ տղաները համալրեցին մեր վաշտը։ Բարձրագույն կրթությամբ։ Վեց ամիս գնդում ծառայելով` պիտի վեց ամիս էլ սպայական կուրսեր հաղթահարեին ու որպես լեյտենանտ վերադառնային հայրենի Տաջիկստան։ Բավական դժվար էին մերվում վաշտի կյանքին, մասնավորապես, նորակոչիկ զինվորների առջև դրվող ոչ կանոնադրական առաջադրանքներին։ Ասենք, երկտարեցու փոխարեն հատակը լվանալուն։ Հպարտ էին, ասես պարսկական փադիշահերի արյունը հենց իրենցով էր պահպանվում։ Բայց ազնիվ էին և գնահատում էին բարին, արդարը, գեղեցիկը։ Կուկուշկինի հետ զարմանալիորեն համերաշխ էին, Կապչյոնուն անթաքույց արհամարհում էին, Կատյուկին և Կարպենկոյին անտեսում էին, վրացիների և հայերի հետ բարի դրացիներ էին, թաթարների, չուվաշների և մյուս մահմեդական շեղաչյա տեսականուն նայում էին վերից վար։ Երեքն էլ բավականին բարձրահասակ էին։ Նրանց ծառայության վերջին օրերն էին։ Վաշտը մի շաբաթ տափաստանում էր։ Պետք է նոր հրաձգարանի համար տարածք պատրաստեինք։ Մեզ հանձնարարված էր չափագրական աշխատանքը։ Տափաստանի խորքերում, տոթի ու փոշու մեջ, բնականաբար, աշխատում էինք կիսամերկ։ Այսինքն, առանց զինվորական բլուզների։ Դա մեզ նաև ռուս երիտասարդ կանանց հետ հեռակա սեռահարվելու զմայլելի պատրանքով էր պարուրում։ Մինչ տափաստանի խորքում լիասիրտ մեզ սպասող դեղնափոշոտ այս հատվածին հասնելը, անցնում էինք սովետական կոլտնտեսությունների կաղամբի ու լոլիկի դաշտերով, ուր բերքահավաքի բուռն օրեր էին։ Դրամատիզմը հասել էր գագաթնակետին։ Դաշտի գլխին սովորաբար բեռնատարն էր, ուր մերկ ոտքերը հանած (անպատճառ դաջվածքներով զարդարուն) խռմփացնում էր վարորդը։ Բեռնատարի մոտ, մոլորված ոչխարի նման, գլխիկոր ննջում էր կվասի դատարկ տակառը։ Գրողը տանի, կանայք համատարած լողափային արտահագուստով էին։ Նրանց չալպուտուրիկ լողազգեստները հիանալի ներդաշնակվում էին գազար-վարունգային մարգերին։

ՍՈՒԿՈՎԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉՄՈՏԵՑԱՎ ՊԱՀԵՍՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻՆ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆԻՑ ՄԵՐ ՍՆՆԴԻ ՈՐԱԿԸ ՉՓՈԽՎԵՑ


Սուկովը տափաստանում հայտնվեց ինչպես կարկուտը ծովափնյա հանգստյան տանը` առանց կատարված աշխատանքը քննարկելու, Կուկուշկինի և նորավարտ լեյտենանտ Մախրովի հետ, որը, ի դեպ, վրա տվեց առաջին պատահած կիսամերկ զինվորին` մայր հայհոյելով ու կարգի հրավիրելով (շտապ հագնվել, ես ձեր զինվոր ասողի մերը)։ Նրա թիրախը տաջիկ Բեյմուրատովն էր։ Այնքան էլ լավ չեմ հիշում ազգանունը։ Առաջին օրը Կուզմիչը նրան կնքեց Բանգլադեշ։ Էս անունով էլ ձայն էինք տալիս նրան։ Չէր վիրավորվում։ Արժանապատվությամբ նա կմրցեր Դոն Կիխոտի հետ։ Հավելած, որ հաջորդ օրը լքում էր գունդը։ ՈՒ Բեյմուրատովը, բլուզը հագնելուն զուգընթաց, անվրդով հետաքրքրվեց` ընկեր գեներալ-մայոր, իսկ Դուք, կներեք, տեղյա՞կ եք, որ Ձեր ծառայողական մեքենան, չարաշահելով Ձեր վստահությունը, շաբաթը երկու օր մեր պահեստից ինչ-որ բան է տանում, միգուցե զե՞նք։ Սուկովը այդ պահին շատ էր նման Խարիտոնին, երբ վերջինս դաժան խումարի երրորդ ամենածանր փուլում փորձում էր ամեն գնով հստակեցնել նախ իր ազգային պատկանելությունը, այնուհետև ով լինելը։ Նրան երբեմն թվում էր, որ ինքը ոչ թե ռուս խոզապահ է, այլ ֆրանսիացի կոմսի որդի կամ, նվազագույնը, գնդի հետախուզական դասակին տրամադրված Տ-34 վերականգնված տանկ և գտնվում է Բեռլինի մատույցներում։ Մի խոսքով, Սուկովն անհետացավ։ Ինչպես «Տրոյնոյ» օդեկոլոնը` վաշտի աջթևային հարբեցողներ Վանյայի, Ֆեդյայի և Սպիրիդոնի ձեռքն ընկնելիս։ Սուկովի ծառայողականն այլևս չմոտեցավ պահեստի դարպասներին։ Սակայն դրանից մեր սննդի որակը չփոխվեց։ «Մյոդն» էլ շարունակ հռհռում էր ինձ տեսնելիս։ Բայց, իհարկե, գրպանս էլ բան չէր դնում։

ՈՐՈՇ ՕՐԱՊԱՀՆԵՐ ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՀԱՆԴԵՍ ԲԵՐՈՒՄ` ՆՆՋԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԴԻՐՔԵՐՈՒՄ


Զորանոցների ամենատեսանելի տեղում փակցվում էր շաբաթվա անելիքների հերթագրությունը։ Ըստ դրա, մենք պետք է արթնանայինք, զբաղվեինք մարմնամարզությամբ և ճիշտ 8.00-ին (ձմռանը) և 7։00-ին (ամռանը) շարվեինք գնդի պլացում։ Չգիտես ինչու, անտեսվում էին այնպիսի նշանակալից մանրամասներ, ինչպիսիք էին այցն արտաքնոց, լվացվել-սափրվելը և օրապահին խուտուտ տալը, որ վերջինս արթնանա։ Որոշ օրապահներ ապշեցուցիչ հնարագիտություն էին հանդես բերում` ննջելով բոլոր իրավիճակներում և դիրքերում։ Օրինակ, թուրքմեն Բայբակը ննջում էր անգամ արտաքնոցում կքանստած և շարային պարապմունքների ժամանակ։ Ի դեպ, զարմանալի ինքնապաշտպանական հնարքի էր տիրապետում։ Զանցառության պահին, երբ ստաժավոր զինվորական դմբուզը պիտի շոշափեր նրա ծնոտը, մի ակնթարթ առաջ տապալվում էր։ Աչքերի սպիտակուցը փառակալում էր ու նա սկսում էր ռիթմիկ թպրտալ։ Ի դեպ, բավականին հաղթանդամ էր։ Առհասարակ Միջին Ասիայից զորակոչվածներն ասես ռուսական հայտնի ասույթի կենդանի բեմականացումը լինեին` խոտից ցածրիկ, ջրից լռիկ։ Սակայն փորձառու մեր վետերանները պատմում էին, որ բավական է ճնշող մեծամասնություն ունեցող միջինասիական խմբի տիրակալությունը լինի որևէ զորանոցում, ապա փոքրամասնությունը, հատկապես քրիստոնյաները օր ու արև չունեին։ Բայց շեղվում ենք։

ԶԱՐՄԱՆԱԼԻ Է, ԲԱՅՑ ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ԴՍՏՐԻԿՆԵՐԸ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ԲՈԼՈՐՆ ԷԼ ՍԻՐՈՒՆԱՏԵՍ ԷԻՆ


Հերթագրության մեջ օր առ օր նշվում էր, թե ինչ մարտական պատրաստվածություն պիտի յուրացնեինք։ Օրինակ, յուրաքանչյուր չորեքշաբթի պիտի լինեինք հրաձգարանում, ուրբաթ պետք է ծանոթանայինք մարտական սամբոյի նրբություններին, իսկ երկուշաբթին ծանր օր էր, պետք է հնարավորինս երկար կախվեինք պտտաձողից։ Չէր արգելվում նաև պտտվելը։ Ընթերցողն արդեն տեղյակ է, որ գունդը յուրահատուկ, ոչ կանոնադրական, սակայն լիարյուն պարտավորություններ ուներ Սոված-Սամարայի, առհասարակ` Կույբիշևի մարզի հանդեպ, ինչը, չգիտես ինչու, չէր նշվում հերթագրության մեջ։ Օրինակ, ինչու հանդիսավորապես չարձանագրել, որ մարտական սամբոյի պարապմունքի փոխարեն վաշտը պիտի քաղհաներ Սուկովի ամառանոցի մարգերը, կամ հրաձգարանի փոխարեն ճանապարհ բռներ դեպի Մայր Վոլգա` մեծ լողաշրջանից առաջ կույտ-կույտ հավաքելու մի ձմեռ ու մի գարուն մարսած նախորդ լողաշրջանի աղբը։ Սուկովի բանջարանոց կամ, առհասարակ, գլխավոր շտաբի «Վոլգա» առողջարան մեկնելիս վաշտը տրտում էր, ինչպես Կարպենկոյի մենախոսությունից առաջ։ Այս տանջարաններում մի լուրջ առավելություն կար. ճաշը, մեր բնութագրմամբ` նողկանքը, դառնում էր առհասարակ անկլանելի։ Սուկովի կինը, Վարվառա էր, թե Բարբարա, ամեն երեկո խնամքով հավաքում էր ելակի հասած պտուղները, նաև մատղաշ վարունգն ու դդմիկները։ «Վոլգա» առողջարանում մեզ ընդհանրապես չէին նկատում։ Զինվորների հերթական խումբը ժամանել է տարածքի մաքրման նպատակով, հետո ի՞նչ։ Նայած ում համար։ Մեզ համար դա պատմական իրադարձություն էր։ Միանգամից տեսնել մի քանի տասնյակ գեներալական, դոշերը բաց կամ լրիվ մերկ կին ու աղջիկ, ընդունեք, որ քչերին է բախտ վիճակվում։ Մեզ վիճակված էր։ Զարմանալի է, բայց գեներալական դստրիկները, չգիտես ինչու, բոլորն էլ սիրունատես էին (գուցե զինվորներից գողացված սնունդն էր պատճառը), բոլորն էլ կիսաքուն թափված էին ծառերի հովին, կանաչների վրա։ Ծխում էին անխտիր բոլորը։ Խմում էին ոչ բոլորը։ Բոլոր չխմողները, հավանաբար, հենց նոր էին գերազանցությամբ ավարտել նարկոդիսպանսերի համապատասխան դասընթացները։ Գուցե նրանք լրիվ մերկ չէին։ Պարզապես, երբ շրջապատում ամեն բան շոյող է, որակյալ և արտասահմանյան սիգարետների քնթուկները մատնաչափ երկարություն ունեն, իսկ դու ձեռքի հետ մախորկա ես փաթաթում, նման պատրանքները բացառված չեն։

(շարունակելի)


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 10787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ