Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ահավասիկ` Շեյխի նեղուցը. կամ` Շարմ էլ Շեյխ

Ահավասիկ` Շեյխի նեղուցը. կամ` Շարմ էլ Շեյխ
24.07.2018 | 13:24

Երբ հայտնվեք Շարմ էլ Շեյխում, ձեզ անպայման կասեն, որ Եգիպտոսը պետություն է, որ գտնվում է Ասիայում ու Աֆրիկայում: Շարմ էլ Շեյխը` Ասիայում է` Հյուսիսային Սինայում: Սա աշխարհի միակ քաղաքն է, որ բաղկացած է միայն հյուրանոցներից ու այն մարդկանց տներից, որ աշխատում են հյուրանոցներում: Մեղմ ասած` տխուր քաղաք է բոլոր նրանց համար, որ սովոր են ծովերի եվրոպական ափերի: Այստեղ ձեզ կպակասի մի քանի հարյուրամյակների դրոշմով ճարտարապետությունը: Պարզապես` քաղաքի զգացողությունը ու դեռ պետք է ընտելանաք, որ հայտնվել եք անապատում, որտեղ ընդամենը մի 40 տարի առաջ են որոշել, որ ծովը հենց այնպես չի ծփում, պետք է օգտագործել: ՈՒ սկսել են հյուրանոցներ կառուցել: Երբ անցնեք քաղաքի փողոցներով, կարող եք տեսնել ցանկապատված տարածքներ, որ առաջին հայացքից տարօրինակ տպավորություն են թողնում, եթե հարցնեք, ձեզ կբացատրեն, որ քաղաքը սեյսմիկ գոտում է: Կառավարության որոշմամբ` բոլոր այն հատվածներում, որտեղ ցանկանում են կառուցել, սահմանագծում են ու 3-5 տարի հետևում: Եթե նշաձողերը մնում են անխաթար, շինությունը կառուցվում է, եթե ոչ, այդտեղ այլևս երբեք ոչինչ չի կառուցվի: Քաղաքում կարող եք տեսնել նաև բազում-բազում կիսակառույցներ, որ նույնպես տարօրինակ տպավորություն են թողնում: Ձեզ կասեն, որ մի քանի տարի առաջ, երբ իշխանության եկան «Մուսուլման եղբայրները», նախագահ դարձավ Մուհամեդ Մուրսին` նրա անունը չեն տա` կասեն այն ժամանակվա նախագահը, որոշեց Շարմ էլ Շեյխը աշխարհի ամենաերկար կամուրջով միացնել Էր Ռիադի հետ և քաղաքում սկսվեց շինարարական բում, նաև կամուրջի հիմնասյուները դրվեցին, բայց իշխանությունը փոխվեց և նոր նախագահը` նրա անունը կտան` Աբդել Ֆատահ աս Սիսին, հայտարարեց, որ Շարմ էլ Շեյխը եղել ու մնալու է… եվրոպական քաղաք: Հայտարարության իմաստը պարզ էր` եթե կամուրջը կառուցվեր և հնարավոր դառնար Սաուդյան Արաբիայից 2 ժամում մեքենայով Շարմ էլ Շեյխ մտնել, այստեղ այլևս կավարտվեր կրոնների համերաշխությունն ու բարքերի ազատությունը: Բարքերի մասին` զբոսաշրջիկների մեջ, բնականաբար, գերակշռում են մուսուլմանները: Նրանք էլ տարբեր են: Դուք այստեղ կարող եք հանդիպել եվրոպացու պես կիսաբաց ու բաց լողազգեստով ծով մտնողների ու միայն աչքերը բաց, ամբողջ մարմինը ու դեմքը փակ լողազգեստով ծովը մտնող մուսուլմանուհիների: Առաջին օրերին տարօրինակ է, հետո ընտելանում եք հագուստով լողի նրանց ավանդույթին, նույնիսկ ավելի հարմար է գուցե` չեն արևառվում: Երեք ժամը մեկ հնչող ազանը տարածվում է ծովի վրա, բայց համարյա խլանում է լողափերին մշտապես հնչող երաժշտությունից, որին նույնպես ընտելանում եք, թեպետ ավելի լավ կլիներ` չլիներ: Խիստ հոգատար ու ուշադիր են հայրիկները, միայն տեսնել է պետք` ինչպես են նրանք կերակրում ու լողալ սովորեցնում իրենց երեխաներին, մինչ մայրիկները նստում են ջրի մեջ ու սկսում անվերջ զրույցը իրար հետ:
Հյուրանոցները շատ են` մոտ 252, ու խիստ բազմազան: Գները եվրոպականից անհամեմատ մատչելի են: Կերակրում են շվեդական սեղանի սկզբունքով ու ամեն սեղանին գրություն կա, որ ուրախ են ձեզ տեսնել իրենց հյուրանոցում, պատիվ է ձեզ կերակրելը, բայց խնդրում են` ափսեները լցնել այնքան, որքան կարող եք ուտել: Ճաշատեսակները հիմնականում արևելյան խոհանոցից են, լայն ընտրություն ունեք` հավից ձուկ ու տավարի միս, բանջարեղենն էլ հետը: Առանձին պատմություն է քաղցրավենիքը` անպատմելի համով ու հաճելի, ուրիշ ոչինչ կարող եք չուտել, միայն կարկադեի հյութ ու խմորեղեն, ու` դեպի ծով:


Ծովն իրականում աղաջրով լի տաշտակ է: Եթե ձեր բախտը բերել է ու հայտնվել եք այնպիսի հյուրանոցում, որ ծովի ափին է, համարեք, որ երջանիկ եք: Նոր ու ավելի բարձրակարգ հյուրանոցներից մինչև ծով խութերի միջով երկար ճանապարհ պիտի անցնեք` տաշտակում հայտնվելու համար: Բայց ծովը ծով է ու ոչ մի օրը մյուսին նման չէ: Տեղատվությունների ու մակընթացությունների հետ դուք էլ հեռանում ու մոտենում եք ալիքներին ու գալիս է պահ, որ չեք ցանկանում ջրից դուրս գալ: Բայց` չեք կարող: Ժամը 18-ին ափից հսկիչները սուլոցով ձեզ դուրս են հրավիրում` վերջ ծովին ու վերջ դրախտին: Ինչու՞ 18-ին: Այդպես է ընդունված: Ասում են` ծովում շնաձկներ կան, որ մթին մոտենում են ափերին, բայց դա համարյա անհավանական է: Պարզապես այստեղ շուտ է լուսանում ու շուտ է մթնում` ժամը 19-ին արդեն մութ է: Հետո մուսուլմանները համարում են, որ ծով մտնում են լուսաբացին ու մայրամուտին դուրս են գալիս: Մութն ընկնելուն պես քաղաքի բուն կյանքը սկսվում է: Աշխուժանում են թե առևտուրը, թե անցուդարձը, թե զվարճանքը: Շարմ էլ Շեյխում նաև կազինոներ կան` հարուստ արաբների ու եվրոպացիների համար: Թեպետ եվրոպացիներից Շեյխի նեղուց, թերևս, միայն իտալացիներն են գալիս: Երևի իբրև իրենց տարածք` հազարամյակների հիշողության ճանապարհով: Երկու շաբաթում «Հելնան Մարինա» հյուրանոցում, որ հին հյուրանոցներից է ու անմիջապես ծովի ափին, ոչ մի գերմանացի ու ֆրանսիացի, ոչ մի անգլիացի ու իսպանացի չերևաց, իտալացիներ, հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, ղազախներ, թուրքեր ու արաբներ:


Երբ օդակայանից ավտոբուսով ձեզ բերեն ձեր հյուրանոցը, որ ժամին էլ գաք, ձեզ ասելու են` սպասեք, համարները զբաղված են, մի ժամից կազատվեն: Դա թեստ է` անհամբերները 10-30 դոլար են վճարում ու մի քանի րոպեից ստանում համարի բանալին, համբերատարներին բանալին տալիս են մի ժամվա մեջ: Արևելյան ավանդույթ է` ամեն ինչից թեյավճար ստանալը:

Օրինակ` եթե ձեզ էքսկուրսիա տանեն, ինչ-որ պահի վարորդը կարող է ձեզ 2-3 դոլարով կեսլիտրանոց շշով սառը ջուր վաճառել, թեպետ նա պարտավոր է իր ուղևորներին ձրի ջուր տալ, իսկ վերջում պարտադիր մոտենալու է յուրաքանչյուր ուղևորի ու հարցնի` ուզու՞մ եք ինձ բաքշիշ տալ: Եթե տաք, չի երջանկանա, եթե չտաք, չի դժբախտանա: Սովորույթ է, գիդը կբացատրի` դուք պարտավոր չեք, մեզ այնքան քիչ են վճարում, որ…
Վճարի մասին` երբեք ոչինչ չգնեք առանց սակարկելու: Դա նույնպես ավանդույթ է` պարտադիր, 10 դոլարից մինչև 3 դոլար կարող եք գին գցել: Թեպետ գնելու առանձնապես մեծ ընտրություն չկա` չհաշված յուղերն ու թեյերը: Ձեզ կառաջարկեն յուղեր` աշխարհի բոլոր հիվանդությունների դեմ ու նույնը` թեյեր: Հետաքրքիրը բեդվինի թեյն է: Մնացածը եգիպտական փարավոնների ու աստվածների պատկերներով հուշանվերներն են, որակը` ավելի լավը կարող էր լինել, բայց` ինչ կա: Բոլոր զբոսաշրջիկներին առաջարկում են ձրի էքսկուրսիա` քաղաքով: Ձեզ կտանեն մզկիթ, որ ոչ մի տպավորություն չի թողնելու իր անշուք պատերով ու դատարկությամբ, ու ղպտիների սքանչելի եկեղեցին, որ ընդամենը 2010-ին են կառուցել ու նաև սրբերի մասունքներ ունեն: Ղպտիների «Հանգուցյալների տաճար» կոչվող եկեղեցին գուցե Շարմ էլ Շեյխի ամենատպավորիչ կառույցն է: Հետո կտանեն առևտրի` հրամցնելով յուղեր ու թեյ, սուրճ ու հուշանվերներ` 10-20 անգամ ավելի բարձր գնով, քան վաճառում են խանութներում: Պարզապես` ձեզ երկար-բարակ կբացատրեն, որ միայն իրենց ապրանքն է սերտիֆիկատով, իսկ դրսինը անորակ ու անիսկական է: Կարող եք հավատալ, կարող եք` ոչ: Կարող եք երկուսն էլ գնել:


Եվ որովհետև ամեն օր աղաջրով տաշտակում լողալը կարող է ձանձրացնել, ձեզ առաջարկում են գեղեցիկ անուններով էքսկուրսիաներ` մի քանի ժամով զբոսանք ծովում` կարող եք ձկներ ու կորալներ տեսնել, կարող եք օդապարիկով ցատկել ջրի մեջ: Կարող եք ամբողջ մի օր անցկացնել բեդվինների հետ սարերում ու եթե բախտներդ բերի` ներկա լինել բեդվինների հարսանիքին, որի լավագույն ճաշատեսակը ուղտն է` լցոնած ոչխարով, իսկ ոչխարը` հավով: Ճաշատեսակը պատրաստվում է մի քանի օր` հատուկ համեմունքներով: Անձամբ ես չէի փորձի, թեպետ կան փորձածներ, որ փառաբանում են: Նայած ձեր ֆինանսական հնարավորություններին` ձեզ կառաջարկեն մեկօրա էքսկուրսիաներ. ավտոբուսով Իսրայել` Մեռյալ ծով, Հարության տաճար, Լացի պատ, Բեթղեհեմ, Հորդանան, 130 դոլարով, ավտոբուսով Կահիրե` բուրգեր, Կահիրեի թանգարան, գնումներ, 120 դոլար, լաստանավով Հորդանան, Պետրայի տաճար, Հին քաղաք, 300 դոլար, Կահիրե ու Ալեքսանդրիա, 2 օրով` 160 դոլար… Մինչև 30 էքսկուրսիա, տարբեր գների ու տարբեր բովանդակությամբ: Դուք հայտնվելու եք արևելյան հրաշքների աշխարհում, եթե հավատում եք հեքիաթների: Բայց` ծովը մի քանի օր չտեսնելու գնով: ՈՒ թեև ծովը աղաջրով տաշտակ է, մակընթացությունների ու տեղատվությունների հորձանքում ոչ մի ժամ չեք ցանկանա հեռանալ անկապ ալիքների խառնափնթոր վազքից, որովհետև մի անգամ ջուրը մտնելուց հետո նորից ու նորից եք ուզելու վերադառնալ: Դա բոլոր ծովերի համաշխարհային օրենքն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դեռ մի ամիս ունեք` ձեր ուղևորությունների ու հանգստի համար: Ընտրեք Եգիպտոսը, եթե ձեզ չեք համարում Միջերկրականի մարդ, ում ջրից բացի կարի անհրաժեշտ են եվրոպական միջավայրն ու վարվելակերպը: Եգիպտոսում երջանիկ են ձեզ ընդունել, ավելի երջանիկ` ճանապարհել: Զբոսաշրջությունը Եգիպտոսի բյուջեի երրորդ աղբյուրն է` Սուեզի ջրանցքից ու նավթից հետո: Համենայն դեպս` Եգիպտոսում վաղուց արդեն չկան եգիպտացիներ, իսկ եթե կան` մումիաներ են, այսօրվա եգիպտացիները ոչ մի կապ չունեն փարավոնների ժողովրդի հետ, թեպետ անխնա շահագործում են բոլոր այդ Թութանհամոնների, Նեֆերտիտիների, Ռամզեսների, Կլեոպատրաների պատմությունը` 1-10 դոլար գնով` պատկերները դաջելով ամեն ինչի վրա, որ հնարավոր է վաճառել իբրև հուշանվեր: Նրանք ասում են, որ իրենք աղքատ են ու ընտանիք են պահում: ՈՒ խիստ նեղանում են, երբ ասում եք, որ Կարմիր ծովը աղաջրով տաշտակ է և Շարմ էլ Շեյխն էլ քաղաք չէ: Նրանք հայրենասեր են ու իրենց համարում են եգիպտացի, թեպետ եգիպտական քուրմերի տաճարների տեղում մզկիթներ են ու ամեն օր քաղաքի վրա մի քանի անգամ սփռվում է մոլլաների ազանը, բայց փողոցներում Մուհամեդ մարգարեին աղոթողներ չկան: Իմ եղած մզկիթում էլ` հատուկենտ էին:

Դիտվել է՝ 5140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ