Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իբրանոսյան

Իբրանոսյան
27.07.2018 | 03:36

(Նախորդ մասը)


Հայոց պատմության մեջ առաջին անգամ ներազգային, անպատվաբեր սակարկություն ընթացավ մեռելաթաղի գնի շուրջ: Ընդ որում, այն հայերի շրջանում, որոնք այլազգիների հետ տուրևառության գործում անկրկնելի սակարկողներ էին: Մարուքե Իբրանոսյանի դին եկեղեցու խցում փակի տակ էր, իսկ դրսում կատարվողը պոլսահայերին վարկաբեկում էր ինչպես թուրքերի, այնպես էլ Պոլիսը գրաված դաշնակիցների աչքում:


Խնդիրն ինքնաբերաբար դրվեց պատրիարքարանի Քաղաքական ժողովի քննարկմանը: Ծանրութեթև անելով ստեղծված իրավիճակը՝ ժողովը որոշեց կես միլիոն լիրա պահանջել, ինչի մասին հրավիրեցին ու հայտնեցին հաջի Մարուքեի եղբորորդի Կարապետ Իբրանոսյանին: Վերջինս զարմանք հայտնեց այդպիսի որոշման առթիվ և ասաց, որ իրենք պատրաստ են խոշոր նվիրատվություն կատարել, բայց ոչ այդպիսի մեծ գումար, քանզի ենթադրվածի չափ հարստություն չունեն: Ապա ցավ հայտնեց, որ պատրիարքը և Քաղաքական ժողովի անդամները ամբոխին թույլ են տվել նման խայտառակ ցույց բեմադրել: Կ. Իբրանոսյանը մեկնեց առանց որևէ որոշակի խոստում տալու:
Ժողովը որոշեց ստեղծել հանձնաժողով, որը բանակցություններ կվարեր Իբրանոսյանների ընտանիքի անդամների հետ: Անդամներ ընտրվեցին ռամկավար Ջումբուշյանը, դաշնակցական Ամատունին ու հնչակյան Աղասյանը: Սակայն Իբրանոսյանները հրաժարվեցին բանակցել այդ հանձնաժողովի հետ` սակարկությունը համարելով հանգուցյալի հիշատակի անարգանք:


Ամատունին որոշեց անձնապես հանդիպել Կ. Իբրանոսյանի հետ, և Հայկական բանկի տնօրեն Սուքիասյանի միջնորդությամբ այդ հանդիպումը կայացավ բանկի դահլիճում: Սկզբում Կ. Իբրանոսյանը հրաժարվեց գործ ունենալ պատրիարքարանի կազմած հանձնաժողովի անդամի հետ, սակայն տեղի տալով Ամատունու և Սուքիասյանի հորդորներին, մեջտեղ բերեց հետևյալ առաջարկը.
-Հանգուցեալ հօրեղբօրս միակ և մեծագոյն փափաքն էր Հայաստանի մէջ բանալ առեւտրական վարժարան մը: Այս վարժարանի շէնքին կառուցման համար կը յատկացնենք 30000 լիրա: Հայաստանի ներքին փոխառութեան մեր մասնակցած 100000 լիրայի պարտաթուղթերը կը փոխանցենք առեւտրական վարժարանին, իբրեւ հիմնադրամ, անոր տոկոսներով լրացնելու համար վարժարանին պիւտճէին բացը:


Իսկ Ամատունու հարցին, թե ի՞նչ պիտի նվիրեն պատրիարքարանին և խնամատարությանը, որը հոգում էր բազմահազար որբերի ու տարագիրների կարիքները, նա բառացիորեն պատասխանեց.
-Հօրեղբայրս խնամատարական գործին համար միանուագ վճարեց 50000 լիրա, իսկ իբրեւ ազգային տուրք` ամսական 50 լիրա, որ կանոնաւորաբար կը վճարուի: Անոր աճիւնին դէմ եղած այս անարգանքէն յետոյ, մենք կամեցողութիւն չունինք որեւէ նուիրատուութիւն ընելու պատրիարքարանի միջոցով:
Մի քանի օր անց Կ. Իբրանոսյանը կրկին հանդիպում ունեցավ Ամատունու հետ, խոստացավ 20000 լիրա նվիրել Պոլսո Ազգային խնամատարությանը, և այսքանը համարեց վերջնական, այլևս չուզենալով, որ սակարկության նոր փորձեր լինեն: Այսինքն, հատկացվելիք ամբողջ գումարը կազմելու էր 150 հազար լիրա:
Ի միջի այլոց, հայտնեց նաև, որ իրենք կարծվածի չափ հարստություն չունեն և պատրաստ են պատրիարքարանին տրամադրել «Իբրանոսեան եղբարք» ֆիրմայի բոլոր հաշվեմատյանները` համոզվելու համար:


Ամատունին Քաղաքական ժողովին հայտնեց իր հանդիպումների արդյունքի մասին: Հաջորդ նիստին Իբրանոսյանները եկան, պաշտոնապես հաստատեցին իրենց առաջարկը, ներկայացրին հաշվապահական մատյանները և հեռացան` սպասելով ժողովի որոշմանը:
Մի պահ տիրեց քար լռություն, ապա մեկը մյուսի հետևից ելույթներով հանդես եկան ժողովականները, որոնք անընդունելի համարեցին Իբրանոսյանների առաջարկը և պնդեցին կես միլիոն լիրա պահանջելու որոշումը:
Զավեն պատրիարքը հորդորեց վերջ տալ սակարկություններին, քանզի խնդիրը սպառնում էր վերածվելու սկանդալի:
Բայց սկանդալից խուսափել չհաջողվեց: Երեսփոխանական ժողովի նիստին կենտրոնական վարչությունը ենթարկվեց հարձակումների, Իբրանոսյանների հետ կապված ձախողանքը վերագրվեց վարչության ապիկարությանը: Անվստահություն հայտնվեց, և վարչությունը կազմալուծվեց:


Մինչ նոր վարչություն կձևավորվեր, խաղի մեջ մտան անգլիացիները: Երկու բարձրաստիճան սպաներ այցելեցին պատրիարքին ու պահանջեցին խցի բանալին, ուր գտնվում էր պատանդառված դին: Վերադառնալով, նրանք պատրիարքին հայտնեցին, որ դիակն այլևս պահել հնարավոր չէ և հանրային առողջությունը չվտանգելու համար հարկ է իսկույն ևեթ թաղում կատարել: Առանց այդ էլ հաստատակամությամբ աչքի չընկնող Զավեն պատրիարքը համաձայնեց և բանալին հանձնեց հանգուցյալի ժառանգներին: Նոյեմբերի 10-ին, այսինքն` մահվանից 20 և դիակի «բանտարկությունից» 16 օր անց, Մարուքե Իբրանոսյանն անշուք կերպով թաղվեց Շիշլիի գերեզմանատանը: Դրանից հետո Իբրանոսյանները հարաբերությունները խզեցին պատրիարքարանի հետ, բնականաբար չվճարելով նաև խոստացած 150 հազար լիրան:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում բողոքավորների ամբոխը: Կորիզը կազմում էին զեղծումների մեղադրանքով վտարված նախկին պաշտոնյաները, հայրենասերի ու հերոսի կոչումների հավակնող ծայրահեղականները, քինախնդիր մարդիկ և այլք: Նրանք էին, որ վանկարկում էին. «Երկու միլիոն, կեցցե Հայաստանը»:
«Կոչնակ Հայաստանի» թերթը գրեց. «Մեր կարծիքով, անտեղի էր այդ ցոյցը: Անիկա հիմնուած չէ ուղիղ սկզբունքի մը վրայ, չպիտի ծառայէ բուն նպատակին, և մեր վարկն ալ պիտի խոնարհեցնէ օտարներու աչքին:


Ցոյցին պարագլուխներն ատով կ’ուզէին ոչ միայն մեծ գումար մը ապահովել ազգին համար, հապա նաև դաս մը տալ այն հարուստներուն, որ անզգայ են իրենց արիւնակիցներու դժբախտութեանց հանդէպ: Այդ նպատակները բարի են անշուշտ, բայց գործադրուած միջոցը սխալ է: Մեր ալ տեսակէտով մեղապարտ են ժլատ հարուստները: Մենք ալ չենք արդարացներ հանգուցեալ Մարուքէ Իբրանոսեանը, որ չէ խորհած իր միլիոններէն արդար բաժին հանել իր բազմաչարչար ցեղին, մինչդեռ իսկ թիւրքերը կը գոհացնէր անսահման զոհողութիւններով, նիւթապէս ու բարոյապէս, որպէս զի կարենայ պահպանել իր կեանքն ու գանձերը:
Այս իրողութիւնները գիտնալով հանդերձ մենք չենք կրնար արդարացնել այն նախատինքը, որուն առարկայ եղաւ Իբրանոսեանի անշնչացած մարմինը, և զոր դառնօրէն զգացին անոր սգակիր ընտանիքին անդամները:


Ամենէն առաջ և ամենէն վեր կան Ազատութեան սկզբունքը և Սեփականութեան իրաւունքը: Օրէնքներով նախատեսուած ինչ-ինչ պարագաներէ դուրս ոչ ոք կրնայ բռնադատուիլ, որ նպաստէ կամ ծառայէ այս կամ այն նպատակին: Բարեգործութիւն, անձնուիրութիւն, պարտաճանաչութիւն, ինչպէս և ուրիշ ամեն տեսակ առաքինութիւնները չեն մշակուիր ճնշումով կամ սպառնալիքով, վարկաբեկումով կամ ահաբեկումով: Ազգ մը չը փրկուիր մի քանի մեծատուններու կամաւոր կամ ակամայ տուրքերովը: Պէտք եղածն այն է, որ ազգին բոլոր անդամները` ունեւորն ալ, չունեւորն ալ, վարժուին զոհաբերութեան, տոգորուին հայրենասիրութեամբ և սիրայօժար ոգիով կատարեն իրենց հանրային պարտքը: Այդպէս միայն կը ստեղծուին նուիրատուութեանց առատաբուխ և մշտահոս աղբիւրները: Եւ այդ գեղեցիկ արդիւնքը ձեռք չը բերուիր բռնութեամբ: Ընդհակառակը…
Եթէ Հաճի Մարուքէ Իբրանոսեան թերացած էր իր ազգային պարտքերուն մէջ, և եթէ անոր ժառանգորդներն ալ պատշաճաւոր դիմումներէ վերջ հանգուցեալին համբաւն ու յիշատակը պաշտպանել մերժէին` այն ատեն չէին պակսեր ուրիշ եղանակներ արտայայտելու հանրային դժգոհութիւնը»:


Այո, Մարուքե Իբրանոսյանը «թերացած էր իր ազգային պարտքերուն մէջ»: Փնտրտուքներիս արդյունքում հանդիպել եմ նրա ընդամենը երկու «բարեգործության»` 1919 թ. Փարիզում Ազգային տուրքին հատկացրել է 75 ֆրանկ և կամավորների հուշարձանի համար` 150 ֆրանկ: Սա՛ էր տաղանդավոր ու ծայրաստիճան ժլատ մեծահարուստի մասնակցությունը ազգային նախաձեռնություններին:
Նրա ավագ եղբայր Եփրեմը 1920 թ. մայիսին ԱՄՆ-ից վերադարձավ Կ. Պոլիս և Մարուքեի մահից մեկ ամիս անց ինքն էլ մահացավ: Բայց հետաքրքիր արարած էր նրա կինը: Պատերազմի սկզբում Մաքրուհի հանըմը այնպիսի ծառայություններ էր մատուցել (հավանաբար` ֆինանսական) Կարմիր մահիկին, այսինքն` թուրքերի Կարմիր խաչին, որ ռազմական նախարար Էնվեր փաշան պարգևատրել էր շքանշանով ու շնորհել սպայի կոչում: Մաքրուհի հանըմը, երախտագիտությունից դրդված, ճոխ ճաշկերույթ էր կազմակերպել, որի գլխավոր հյուրը Էնվերն էր: 1915-ի հուլիսին, երբ իմացել էր, որ տագրը ձերբակալվել ու բանտ է նետվել, «Ա՜խ, պիտի փճանայ մեր հարստութիւնը» բղավելով կաթվածահար էր եղել ու կարճ ժամանակ անց մեռել: Այս կնոջ որդին էր Կարապետ Իբրանոսյանը…

Ասելիքիս ամենակարևոր մասը դիտավորյալ թողեցի վերջում: Խոսքը թուրքական գործոնի, ի մասնավորի Մուստաֆա Քեմալի մասին է:


Ապագայում Աթաթուրք անվանյալ այս մարդը մայիսի 27-ին Պոլսից հասավ Սամսոն, որպես արևելյան նահանգների ռազմական տեսուչ և կազմակերպեց Թուրքիայի զինված ուժերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ապա ազգայնականության հենքի վրա դարձավ Թուրքիայի ներքին գավառների տերն ու տիրակալը և իր նստավայր հռչակեց Անկարան: Միաժամանակ, օգտագործելով Անգլիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև եղած ակնհայտ հակասությունները, սկսեց նուրբ քաղաքական խաղ, որը հասցրեց հաղթական ավարտի: Անգլիան պատնեշ էր ստեղծել Հայաստանի վրայով բոլշևիզմի ներթափանցմանը արևելյան նահանգներ: Իր հերթին Ռուսաստանը, ձգտելով թույլ չտալ Դաշնակից պետությունների ազդեցության ուժեղացումը Կովկասի ու երկրի հարավի վրա, օգնության ձեռք մեկնեց Թուրքիային. նրան ձեռնտու էր ինքնուրույն, ինքնիշխան Թուրքիայի գոյությունը, իսկ հայության ազգային շահերը ամենևին նշանակություն չունեին: Լենինի հրահանգով ռուսական երկու սուզանավեր գաղտնաբար հասան Սամսոն և իրենց ընդերքից Քեմալին տրամադրեցին տոննաներով զենք ու զինամթերք, պարեն, ոսկի:


Մարուքե Իբրանոսյանի գործունեության ու մահվան պատմությունը տիպական էր ևս մեկ առումով: Մինչ նրա դին փակված էր խցում և մեռելաթաղի սակարկություն էր ընթանում, Անկարայի պաշտոնաթերթը, նկարագրելով Պոլսում ստեղծված իրավիճակը, միաժամանակ ավելացրեց, որ նրա դին իրենք պիտի թաղեն ձրիաբար, նրա ժառանգությունը թշնամի Հայաստանին հատկացնելու փոխարեն իրենք էլ փողի կարիք ունեն: Քանի որ նախկին Իբրանոս զադեն երեք տարի մահմեդական էր եղել և իր հարստությունը վաստակել էր Թուրքիայի տարածքում, ապա իրենք իրավունք ունեին այն տնօրինելու սեփական հայեցողությամբ:


Սա զուտ ձևական հայտարարություն չէր, թուրքերն անցան գործի: Քաղաքների բոլոր մասնաճյուղերը բռնագրավվեցին, դռները կնքվեցին: Լուծարային հատուկ հանձնաժողով կազմվեց, որն Իբրանոսյան եղբայրների ամբողջ գույքը աճուրդի հանեց: Միլիոնների հասնող գումարներն ուղարկվեցին Անկարա` Քեմալին և հատկացվեցին նույն տարվա աշնանը Հայաստանի դեմ մղվելիք պատերազմի նախապատրաստմանը:
Մարուքե Իբրանոսյանի օրինակը, անշուշտ, միակը չէր: Ցեղասպանված հայ ժողովրդի, նրա հազարավոր մեծահարուստների, առհասարակ ազգային կապիտալն օգտագործվեց ոչ միայն Հայաստանի դեմ, այլև ծառայեց որպես մեկնարկային հիմք` Թուրքիայի ապագա տնտեսական զարգացման համար:

Գիտեմ, նման կարգի հրապարակումներն ընթերցողի մեջ սովորաբար հարց են առաջացնում` իսկ ի՞նչ եղավ Իբրանոսյան եղբայրների ժառանգների հետագա ճակատագիրը: Ես նրանց հայտնաբերեցի տարբեր երկրներում, այդ թվում` Արգենտինայում: Ըստ որոշ աղբյուրների, Կարապետ Իբրանոսյանը հիմնադրամ ստեղծեց Շվեյցարիայում, և այս հարցով հետաքրքրված են թուրք պատմաբանները, բայց ոչ` ես:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ