Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Այն ժամանակ «հերոս» էին Սաշիկն ու Լֆիկը, հիմա՝ Կարգին Հայկոն

Այն ժամանակ «հերոս» էին Սաշիկն ու Լֆիկը, հիմա՝ Կարգին Հայկոն
31.07.2018 | 02:58

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, նույն ինքը՝ Կարգին Հայկոն: Համացանցը ողողված է նրա թեկնածության շուրջ քննադատություններով, «կոմիկը» հայտարարում է, թե լինելու է երևանցիներից մեկը, իսկ քաղաքապետի պաշտոնն էլ դիտարկում է ոչ թե քաղաքական, այլ «տնտեսավարողի պաշտոն»:

Ընդհանրապես, Երևան քաղաքի ղեկավարը գրեթե հավասար է վարչապետին, այն առումով, որ Երևանում է կենտրոնացած բնակչության հիմնական հատվածը, որը որոշիչ նշանակություն ունի ցանկացած ընտրական գործընթացում: Ասել է՝ եթե Հայկ Մարությանն ընտրվի, նրա լծակները շատ էական են լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ընտրել է իրեն ամենահավատարիմ, ամենագաղափարակից մարդուն, որպեսզի քաղաքական հնարավոր վայրիվերումների ժամանակ Երևանն իրենց հսկողության տիրույթում լինի: Հիշենք Տարոն Մարգարյանի տևական համառ պայքարը, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն արդեն հեռացել էր իշխանությունից:
Հարց է ծագում՝ ինչու՞ են այս թեկնածուի պաշտպաններն անընդհատ հիշեցնում` բա գիտե՞ք, ինչքան վատն էին նախորդները, բա գիտեք Տարոն Մարգարյանն ավելի լա՞վն էր: Ի դեպ, այս միտումն առկա է գրեթե բոլոր կադրային նշանակումների դեպքում: Երբ քննադատություն է հնչում նրանց հասցեին, անմիջապես օրինակ են բերում նախկիններին, համեմատում նախորդների հետ: Սա և՛ զավեշտալի է, և՛ անտրամաբանական: Եթե այդքան լավը լինեին, դուք իշխանափոխություն չէիք անի, հետո էլ, դուք եկել եք նոր որակ ու նոր բարքեր բերելու, ինչու՞ եք համեմատվում նախորդների հետ, դուք ինչու՞ եք ուզում նրանց հետ «չափվել»: Ձեր խնդիրը նոր արժեհամակարգ, հասարակությանը նոր հերոսներ մատուցելն է: Այն ժամանակ իրավացիորեն ասում էին` այս իշխանությունը մերօրյա հերոսի կերպար է դարձրել լֆիկներին ու սաշիկներին, հիմա ի՞նչ հերոսի կերպար է հասարակությանը մատուցում այս իշխանությունը: Հայկոյի կերպարի հետ ոչ մի խնդիր չունենք, խոսքը այն պոպուլյար և օրինակելի դարձնելն է:


Շատ է խոսվում նաև այն մասին, որ այս կամ այն զարգացած երկրում դերասանը պետական պաշտոն է զբաղեցրել, բայց ողջ խնդիրն այն է, որ մենք անգամ այդ դերասանությունն էլ կարգին չենք տեսել: Հետո էլ, զարգացած երկրներում համակարգն է աշխատում, ոչ թե անձը, և շատ հեշտ է նրան ճիշտ ռելսերի վրա դնելը: Իսկ մեզանում այնքան երերուն է պետական համակարգը, որ անձերը շատ կարևոր են, նրանք շատ բան են փոխում ու շատ բան են որոշում:
Վերջում ընդամենը Հայկ Մարությանի «կոլեգաների» խնդրանքը. բայց մինչ այդ, երբ ասում են՝ դերասան է Հայկ Մարությանը, իրական դերասանների լացը գալիս է: Կարգին Հայկոն ճիշտ կանի, որ իր իրական մասնագիտությունը շրջանառության մեջ դնի, դրանով հա՛մ կօգնի դերասաններին, հա՛մ էլ հասարակությանը կազատի կեղծ «կոչումներից»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ