Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալեն Դելոնը, Կատրին Դենյովը, Շառլ Ազնավուրը…

Ալեն Դելոնը, Կատրին Դենյովը, Շառլ Ազնավուրը…
04.09.2018 | 16:04

Ալեն Դելոնը, Կատրին Դենյովը, Շառլ Ազնավուրը, Պեդրո Ալմադովարը, Անիշ Կապուրը, Ջուդ Լոուն և կինոյի, արվեստի, գիտության 200 հայտնի դեմքեր բաց նամակ են հրապարակել` կոչ անելով մոլորակը փրկել: «Մարդկության պատմության ամենագլխավորը մարտահրավերի դեմհանդիման` իշխանությունները պետք է գործեն արագ ու հաստատուն»` ասվում է սեպտեմբերի 3-ին Le Monde-ում հրապարակված նամակում: «Մենք ապրում ենք համաշխարհային աղետների դարաշրջանում: Գլոբալ տաքացումը, գոյության արեալների ու կենսաբանական բազմազանության սրընթաց կրճատումը, ընդերքի խորքային շերտերի, ջրի ու օդի աղտոտումը, անտառահատումը գործոններ են, որ չեն կարող տագնապ չհարուցել: Եթե մենք այս տեմպերով շարունակենք, մի քանի տասնամյակից Երկրի վրա ոչինչ չի մնա»` գրում են նամակի հեղինակները: Նամակագիրներից մեկը` կլիմայի մասնագետ Ժան Ժուզելը RFI-ին ասել է, որ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարող օրենքները համապատասխանում են մարտահրավերներին, սակայն ոչ միշտ են օրենքները կատարվում: «Օրինակ, Ֆրանսիայի օրենսդրությամբ ամրագրված է, որ մինչև 2020-ը էներգաօգտագործումը Ֆրանսիայում մեկ քառորդով պետք է կատարվի նորացվող աղբյուրներից: Մենք հիանալի հասկանում ենք, որ մինչև 2020-ը այդ նպատակը չի իրագործվի»` ասում է Ժան Ժուզելը: Մոլորակը փրկելու կոչի տակ ստորագրել է 200 մարդ: Նամակի պատճառներից մեկը դարձել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարի` հայտնի բնապաշտպան Նիկոլա Յուլոյի, աղմկահարույց հրաժարականը: Նա հեռացավ, որովհետև հիասթափվել էր շրջակա միջավայրի պաշտպանության համար կառավարության ձեռնարկած քայլերից:
RFI


Հ.Գ. Հայաստանի բնապահպանության քանի՞ նախարար է հրաժարական տվել` տեսնելով, որ կառավարությունն արդյունավետ քաղաքականություն չի վարում, մշակույթի ու գիտության քանի՞ գործիչ են այսօր պատրաստ բաց նամակ գրել կառավարությանը ի պաշտպանություն Սևանի, հատվող անտառների, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ընդերքը, ջուրը, օդը աղտոտումից զերծ պահելու համար: Եթե պատրաստ են, ինչու՞ չեն դիմում: Ինչու՞ են միայն բնապահպաններին թողել այդ գործը, թե՞ Հայաստանում ամեն ինչ հրահանգով է լինում` բնապաշտպանությունն էլ, բնությունը ավերելն էլ, հայրենիքը սիրելն էլ, վաճառելն ու ավերելն էլ: Որտե՞ղ եք, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, օրինակ վերցրեք ֆրանսիացիներից: Կյանքը շարունակվում է, բնությունը միայն ձերը չէ, մտածեք ձեր զավակների մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ