Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես կընտրեմ ինձ», կամ` «թող Ծառուկյանին հրապարակում մասսայական գնդակահարեն»

«Ես կընտրեմ ինձ», կամ` «թող Ծառուկյանին հրապարակում մասսայական գնդակահարեն»
05.09.2018 | 09:49

Ընտրություններն ուրախություն դարձնելու ունակություն միայն մեկ մարդ ունի` Գագիկ Ծառուկյանը: ՈՒրիշ ոչ ոք չի կարող լրագրողների հարցերին այնպես պատասխանել, որ նախ ոչ ոք ոչինչ չհասկանա, երկրորդ` բոլորն ամեն ինչ հասկանան, երրորդ` իրականում չի պատասխանում, ինքն է հարց տալիս, բայց հարցը համարվում է պատասխան:

Օրինակ, երբ նրան հարցնում են` կհամագործակցի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ, նա պատասխանում է. «Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ»: Երբ բացատրում են, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն ու մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, Ծառուկյանը արձագանքում է. «Թող մասնակցի, տեսնենք, ցավդ տանեմ: Ես այսօր իմ գործընկերների հետ եմ, մենք աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնենք: Ես կընտրեմ ինձ»: Բոլորն են իրենց ընտրում, բայց քչերն են ասում` «Ես կընտրեմ ինձ»: ՈՒ սա հանճարեղ պատասխան է: Գագիկ Ծառուկյանը, օրինակ, չգիտի` ինչու՞մ են Ռոբերտ Քոչարյանին մեղադրում. «Երբ որ նրանք կոնկրետ կպատասխանեն՝ ինչի համար են ձերբակալել, ինչ մեղք կա, ինչ խնդիր կա, ինչ պատիժ կա, այն ժամանակ ձեզ կպատասխանեմ: Ես այսօր իրավաբանական հարցերին իրավունք չունեմ պատասխանելու»: Նա նույնիսկ առօրյայի ու օրակարգի տարբերությունը չգիտի` երբ նրան հարցնում են Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր բևեռի առանցք դառնալու հնարավորության ու ԲՀԿ-ի հետ գործակցության մասին, նա պատասխանում է. «Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ»:

Ո՞վ չգիտի, թե ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, թող իմանա` ցանկացած մարդ: Իսկ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Փաշինյանի թիմի կողքին է` ժողովրդի պահանջով: Կշարունակվի՞ համագործակցությունը ԱԺ ընտրությունների ժամանակ ու հետո: «Մենք թեկնածու չենք դրել, չենք առաջադրել, պաշտոնի կարիք չունենք, կանգնել ենք Փաշինյանի կողքին և մեր չափով աջակցել ենք»: Հարց` թեկնածու ե՞րբ չեն առաջադրել: Վարչապետ ընտրելի՞ս: Իսկ կարո՞ղ էին, իմաստ ունե՞ր առաջադրել: Հազիվ էին հասցրել վերջին պահին հեղափոխական դառնալ: Որքանո՞վ էր դա բարոյական, ոչ ոք չի ասի, իսկ այսօր Գագիկ Ծառուկյանն իր թիմի և Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին հարցերն անբարոյական է որակում: «Հարցը, որ տալիս եք, պետք է մտածված տալ: Էսօր գիտեք՝ ում հետ եմ համագործակցում, ուրեմն մենք էսօր կառավարության մաս ենք կազմում, այդպիսի հարցեր բարոյական չէ ինձ տալը: Ես այն մարդը չեմ, որ ինձ հետ համագործակցության առաջարկ լինի»: Բայց` կառավարության հետ համագործակցությունը շատ ջերմ է. «Մեր թիմային հարաբերությունները լավ են եղել: Եթե լինում են որոշակի խոչընդոտներ, մենք դա հարթում ենք»:


Երեկ Գագիկ Ծառուկյանը շատ է հիշել բարոյականությունը, ավելի ճիշտ` անբարոյականությունը: Երբ նրան ասել են` մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նաև իր անվտանգության աշխատակիցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, նա զայրացել է. «Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է, որովհետև Ծառուկյանը ժողովրդի մատը փուշ մտնել թույլ չի տա»: Հարցին` բացառու՞մ է, որ իր անվտանգության աշխատակիցների մասնակցությունը Մարտի 1-ի դեպքերին կարող է ապացուցվել, Ծառուկյանը պատասխանել է. «Եթե Ծառուկյանը կապ ունենա Մարտի 1-ի հետ, թող Ծառուկյանին հրապարակում մասսայական գնդակահարեն»: Դուք հասկացա՞ք` այո՞, թե՞ ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես ԲՀԿ նախագահը Երևանի ընտրություններին ԲՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անկեղծորեն ասել է, որ ինքը ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք տալ չի հանձնարարել, այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում: «Ով խոսում է ավել-պակաս, դրանք մեր թշնամիներն են, տիկին Զոհրաբյանն այդքան գումարներ չունի, որ պայմանավորվի, ոչ պարոն Ղազարյանը, ոչ էլ պարոն Աբովյանը»` հիմնավորել է նա: Ինչ շեշտակի անկեղծություն: Ո՞վ կմտածեր, որ Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցներին փող չի տա: Հեղափոխությունն իսկապես հրաշքներ է գործում: Հատկապես, որ քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում Երևանից ոչ ոք ոչինչ չի գողանա: Այսինքն` նա էլ քաղաքապետի ու ոստիկանապետի գործն է շփոթում: ՈՒրախ կուսակցություն է ԲՀԿ-ն, ափսոս, քաղաքական չի դառնում:

Դիտվել է՝ 3552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ