USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Թավշե հեղափոխության թավշյա աշունը

Թավշե հեղափոխության թավշյա աշունը
07.09.2018 | 00:07

Աշունը դեռ չի զգացվում Հայաստանում, շոգը համարյա նույնն է, անձրևները չեն սկսվել, միայն բերքը կորցնող գյուղացիներն են պարբերաբար փակում մայրուղիները, բայց դա հին հայկական ավանդույթ է: Ինչպես հին հայկական ավանդույթ է զարմանալ, որ ձմռանը ձյուն է գալիս, իսկ աշնանը բերքահավաք է:

Քաղաքական բերքահավաքն ավելի խայտաբղետ է: Թեպետ քաղաքականությունը գնացել է խոր ու երկարատև հանգստի, ու ասպարեզում նրանք են, որ հեղափոխություն-հակահեղափոխություն են խաղում: Արտաքուստ ամեն ինչ տեղը տեղին է, նույնիսկ ոմանց դրսում թվում է, որ Հայաստանը «եռում» է: Հայտարարություններ են հնչում, պաշտոնանկություններ ու նշանակումներ կան, հրապարակային ու ոչհրապարակային հանդիպումներ, սկանդալներ ու սենսացիաներ, բայց այդ ամենի մեջ քաղաքականությունը 0 է: Քաղաքական իրական խնդիրներ չեն լուծվում, չեն էլ դրվում: Հեռանկարում ունենալով 2019-ին ԱԺ արտահերթ ընտրությունները` Երևանը նախապատրաստվում է ավագանու ընտրություններին` սեպտեմբերի 23-ին: Քաղաքական առօրյան իրադարձային է` ձևով ու բովանդակությամբ: Իրադարձային լուծումներ էլ գտնվում են ընթացիկ հարցերին: Օրինակ, բերքը չորանում է` Սևանը կա ու կա: Սևանը ցամաքում է` այսօր-վաղը դեռ կհերիքի: ՈՒ` այդպես: Ամենալուրջ նորությունը` ԱԱԾ-ի Արթուր Վանեցյանն այլևս հարցազրույցներ չի տալու: Բացի ֆուտբոլային թեմաներից: Թեպետ դեռ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ, բայց դա տեխնիկայի հարց է: Եվս մեկ իրավիճակային լուծում` Արթուր Վանեցյանից բացի ոչ ոք չի կարող խոչընդոտել պայմանավորված խաղերին: Այդպես է ընդունված համարել:

Թեպետ ԱԱԾ-ն չի դադարեցնելու բացահայտումները` Արթուր Վանեցյանը խոստացել է շարունակել կոռուպցիայի ու անօրինականության դեմ գործել: ԱԱԾ-ին եթերից ու մամուլից իջեցնելն օրինաչափ ու նույնիսկ ուշացած քայլ էր` հասարակությանը զբաղեցնելու համար հաց ու զվարճանք է պետք: Զվարճանքի կորը պետք է բարձրանա, որ ազդեցությունը չկորցնի: Վեր` դեպի ու՞ր: Իսկ հացը թանկանում է: ՈՒ դա նույնպես իրավիճակային լուծում է: Հայ-վրացական հարաբերությունների, իսկ գուցե ոչ: Հայ-վրացական հարաբերությունները հիանալի են, իրավիճակն է այդպիսին: Վրաստանի կառավարությունը բեռնատարներով ցորենի փոխադրումն արգելում է, երկաթուղային տարբերակով, նույնիսկ 52 տոկոս զեղչի պարագայում, գինն ավելի բարձր է լինելու, քան հիմա: ՈՒ` ի՞նչ: Վերին Լարսին այլընտրանք չգտնվեց: Այլընտրանք հասկացությունը մնում է ուրվական, որին ոմանք ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղում տեսել են, իսկ նա չկա ու չի երևում:


Նրանք, որ հակահեղափոխություն են խաղում, իրենց փորձում են մատուցել իբրև այլընտրանք, իրականում հեռանկար չունեն: Նպատակ էլ չունեն: Ամբողջ խնդիրը անձնական է` ինքնապաշտպանություն, որ ավելի հեշտ է քաղաքականության մեջ, քան իրավական հարթության: Քաղաքականությունը ամեն ինչ կարող է կուլ տալ ու մարսել` այդպես է ընդունված կարծել: Սա այդ դեպքը չէ: Իզուր են ոմանք քաղաքական ռեինկարնացիա ծրագրում երկրորդ նախագահի համար, Ռոբերտ Քոչարյանը 10 տարվա ապաքաղաքական կյանքից հետո քաղաքականություն վերադառնալու ռեսուրս չունի` որքան էլ հայտարարի, որ վերադարձել է: Փաստացի նրա վերադարձն էլ իրադարձային էր. եթե Մարտի 1-ի գործով նա չներգրավվեր որպես վկա, ապա` մեղադրյալ, քաղաքականություն վերադառնալու հարթակ չէր ստեղծվի: Հիմա նա իրեն ներկայացնում է… ընդդիմության առանցք: Ավելի ճիշտ` առանցքի թեկնածու, ու հույս ունի, որ իր շուրջ են պտտվելու ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, ՀՅԴ-ն էլ: Ավելի մանրերին չհաշված: Նրա ականջը շոյել են իր ձերբակալության շրջանում հնչած հայտարարությունները, բայց որևէ կուսակցություն գիտակցված ինքնասպանության չի գնա` հաշվարկելով ընտրություններում իր քայլի հետևանքները: Չի օգնի նաև համահայկական հիշողությանն ապավինելը` երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների երկնիշ տնտեսական աճի ու վերելքի: Ռոբերտ Քոչարյանի հիշողությունն ընտրովի է, հասարակությանը` ոչ: Մարդիկ հիշում են ամեն ինչ և հազիվ թե շնորհակալության առիթ ունեն նրան` իրենց մեծամասնության մեջ: Ո՛չ իշխանության գալու ձևի, ոչ իշխանության տարիների բովանդակության համար: «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրի, հերթով Ռուսաստանին հանձնված էներգետիկ և ռազմավարական նշանակության կառույցների, Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը Մեղրու սահմանի մոտից երկու անգամ կրճատվելու: Նրանից հետո երկաթուղու կոնցեսիոն կառավարումը 30 տարով հանձնվեց ռուսներին, Գյումրու ռազմաբազայի պայմանագիրը երկարաձգվեց, Գազպրոմինը…

Դեռ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի բացահայտումը մի կողմ` Ռոբերտ Քոչարյանի «ծառայությունները» Հայաստանին այնքան «նշանակալից» էին, որ հետևանքների հաղթահարման համար նույնքան ու կրկնակի ժամանակ է պետք, որքան տևել է նրա կառավարումը: Հավելեք արտագաղթն ու քաղաքական դաշտի ամլացումը և կստանաք կտավ, որտեղ միայն Ռոբերտ Քոչարյանն է իրեն տեսնում սպիտակ ձիու վրա` իրեն համարելով միակ տղամարդը, որ կոչված է փրկել Հայաստանը: Ինքնախաբեությունը չի կարող ինքնապաշտպանության մաս լինել: Իսկ ռուսական «պաշտպանության» հարցը իր հանգուցալուծումը կստանա սեպտեմբերի 8-ին` Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպմանը, որին նախորդեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ոչ այնքան դիվանագիտական հայտարարությունները: ՌԴ ԱԳ նախարարը չափազանց ուշադիր է Հայաստանի նկատմամբ` հուլիսի 31-ին նա ասաց, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարների հայտարարություններին, որ հրաժարվելու են իրենց նախորդների քաղաքական հետապնդումներից։ «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, մշտապես շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, այդ իսկ պատճառով այնտեղ կատարվող իրադարձությունները չեն կարող մեզ չմտահոգել»,- ընդգծել էր նա։

Օրերս МГИМО-ում ելույթում Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Իհարկե մեզ մտահոգում է, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են 10-ամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին: Անկասկած, մենք դա համարում ենք ՀՀ ներքին գործը և շատ ենք ցանկանում, որ այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»: Տրամաբանական կլիներ, որ ՌԴ ԱԳ նախարարին պատասխաներ ՀՀ ԱԳ նախարարը, բայց Զոհրաբ Մնացականյանը զբաղված էր` ԵԱՀԿ նախագահին էր ընդունում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ամենապարապն» ու լրատվամիջոցների համար ամենամատչելին է` որտեղ տեսնում են, հարց են տալիս, նա էլ պատասխանում է` ինչ մտքով անցնում է, ու ստացվեց, որ «դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»։

Ոմանք համարեցին հեգնանք, ոմանք` հումոր: Թերևս, ո՛չ մեկն էր, ոչ մյուսը, փաստի արձանագրումն էր, թե ինչ է լինում, երբ վարչապետն աշխատում է ԱԳ նախարար: Մոսկվայում նրա պատասխանը լուրջ ընդունեցին ու արդեն ՌԴ նախագահի օգնականի մակարդակով տեղեկացրին, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին «կքննարկեն երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր»: Յուրի ՈՒշակովը նաև բացատրեց. «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, դրա համար մենք ակնկալում են անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»: Թարգմանաբար` թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Յուրի Խաչատուրովի թեմաները կարծարծվեն: Բնականաբար` նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ու Լեռնային Ղարաբաղի: Համենայն դեպս, Սոչիում Իլհամ Ալիևի հետ արդյունավետ հանդիպումից հետո` 16 համաձայնագիր են ստորագրել, Պուտինը հարցեր կունենա Փաշինյանին, թե Ղարաբաղի հարցն ի՞նչ եղավ, Մարտի 1-ն ինչի՞ն է պետք, ու խորհրդարանական ընտրություններում ի՞նչ է լինելու: Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ես համոզված եմ, որ մենք մեր հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկենք և լուծումներ կտանք բազմաթիվ հարցերի: Իհարկե ես չեմ ուզում պնդել, թե բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, կվերջացնենք, բայց ես վստահաբար ասում եմ, որ մեր բնականոն համագործակցությունը շարունակվում է, և համոզված եմ նաև, որ բնական կշարունակվի»։

Բայց դա Լավրովի «եռալուց» առաջ էր: Եթե հավելենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզն էլ լրագրողների «բզբզոցով» օրերս ասաց, թե տեսել է ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանություններն ու կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի, ավելին. «Մեր դիրքորոշումը եղել է և մնում է, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ ու արդար հետաքննություն իրականացվի: Կարևոր է, որ այդ հետաքննությունն իրականացվի օրենքի գերակայության և հայաստանյան պատշաճ իրավական գործընթացների շրջանակում»։ Եթե ոչ, Պուտինը Փաշինյանին, Լավրովը Մնացականյանին կասի` ասում էինք, չէ՞, ի տարբերություն ուրիշների, մենք չենք խառնվում Հայաստանի ներքին գործերին: Այս դեպքում պետք է հասկանալ լիովին հակառակը: Իսկ իբրև «պատիժ» ՀԱՊԿ-ի նախագահությունը կփոխանցեն Բելառուսին, ու ՌԴ-ն Բաքվին կբերի ՀԱՊԿ իբրև դիտորդ: Այդ դեպքում վետոյի իրավունքը չի գործում, քվեարկություն է լինելու, ու պարզ է, որ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը կողմ կլինեն: Ադրբեջանը շանս կստանա յուրայինների միջավայրում Հայաստանի դեմ գործելու: Կրեմլը համարում է, որ Հայաստանի իշխանությունը թույլ է, լեգիտիմ չէ` Փաշինյանը փողոցի ալիքով է եկել իշխանության, ԱԺ-ում չունի մեծամասնություն, ու ԱԺ-ն ցանկացած պահի կարող է անվստահություն հայտնել:

Նրանք խաղը կառուցելու են բլեֆի վրա, ցույց տալով, որ Փաշինյանը ՌԴ իշխանությունների քաղաքական վստահության պաշարը սպառելու եզրին է: Սա` Ռուսաստանում, իսկ Հայաստանում բոլորը պիտի հասկանան, որ Հայաստանի հարցերը լուծվում են Հայաստանում, ու պետք չէ Մոսկվայից «տղա բերել»։ Դա այլևս արդիական չէ: Բայց արդիական է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբազատվի ընդդիմադիր պատգամավորի սինդրոմից ու իրեն զգա իշխանություն: Ո՛չ անցումային, ո՛չ ժամանակավոր, ո՛չ իրավիճակային: Նա պարտավոր է ծրագրել ապագան, ոչ թե տրվել դեպքերի հորձանքին ու դեմքերի սադրանքին: Սա է թավշե հեղափոխության առաջին կանոնը: Երկրորդ կանոնը էյֆորիային ու պոպուլիզմին հրաժեշտ տալն է, 100 օր անց պետք են բովանդակային լուծումներ: Երրորդ կանոնը կուսակցության ու պետության շահերը տարբերելն է. եթե ժամանակի մեջ ՔՊ-ն պիտի նույնանա ՀՀԿ-ի հետ, դա ոչ միայն ՔՊ-ի, թավշե հեղափոխության ֆիասկոն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Սեպտեմբերի սկզբի սենսացիան ո՛չ Քոչարյանն էր անհասանելի անձնագրով, ո՛չ «անհրապարակային» Վանեցյանը, ո՛չ Կարգին Հայկոն սև ու սպիտակով, Արցախ մեկնած Հովիկ Աբրահամյանն էր: Պատկերացնու՞մ եք` մարդը ինչ վերածնունդ է ապրել, որ ասում է. «Ղեկավարել նշանակում է ծաղկեցնել ամենավատ ու անպիտան հողն այնպես, որ քո անձնական օրինակով այլոց մղես բարիք ստեղծելու։ Ղեկավարել չի նշանակում հարվածել, անհիմն ստորացնել, անվանարկել ու հաճույք ստանալ։ Ճիշտ հակառակն է նշանակում։ Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սև ու սպիտակի օրերը կանցնեն, ոգևորվածները կսառեն, լուռ նստածները կոգևորվեն, ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ։ …Առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթև ես ու արագ։ Երբ ամեն քայլդ կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ խաղ է, որ խեղում է դրանք, այդ բեռը քայլ առ քայլ ծանրանում է ուսերիդ։ Ծանրացող բեռան տակ դառնում ես ավելի ու ավելի դանդաղ ու երերուն։ Ստարտի թեթևության արդյունքները հակված չեմ խոր դիտարկել, քանի որ ծանրացումն ամեն օր պատկեր է փոխելու։ Երիտասարդ են, ամբիցիոզ, դա լավ է, եթե ավելի սթափ գնահատեն իրականությունը։ Այնպես որ, արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։ Իսկ մենք ավելի լավ է իրական «սեր» ու «հանդուրժողականություն» մաղթենք մեր երկրին, քանի որ դրանում կա միայն ապագայի ճանապարհ»։ Կա՛մ Հովիկ Աբրահամյանն այնքան է աղոթել իր կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցում, որ Աստված դարձի է բերել, կա՛մ վախից փիլիսոփա է դարձել, կա՛մ էլ հարցազրույցի տեքստը գրողը նրան երբևէ չի տեսել ու ճանաչել:

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao