USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Իդլիբը` թիրախ

Իդլիբը` թիրախ
07.09.2018 | 12:06

Իդլիբի բնակչությունը փաստացի կրկնապատկվել է և հիմա 3 միլիոն է` պատերազմով ամայացած երկրում որոգայթն ընկած տասնյակ հազարավոր սիրիացիների են տեղափոխել նահանգ` Ասադի վարչակարգի հետ հրադադարի համաձայնագրից հետո: Իդլիբի վրա հարձակման պատճառով հնարավոր է մարդասիրական մեծ աղետ` Սիրիայում մի քանի անվտանգ վայր է մնացել, ուր կարելի է փոխադրել քաղաքացիական բնակչությանը:


Ասադի վարչակարգի դիրքորոշումը
Ասադի վարչակարգը, ոգևորված հետ վերցված տարածքներով, բացահայտ բարձրացնում է Իդլիբի վրա հարձակման հարցը: Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմը օգոստոսի 30-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասաց, որ պատրաստ են Իդլիբի վրա գնալ «մինչև վերջ»: Ռուսաստանի դիրքորոշումը
Լավրովը ևս ակնարկեց Իդլիբի վրա լայնամասնշտաբ հարձակման նախապատրաստության մասին: «Անթույլատրելի է, որ ահաբեկիչները, մասնավորապես «Ֆրոնտ ան Նուսրայի» Իբլիդի ապառազմականացված շրջանն օգտագործեն սիրիական բանակի վրա հարձակման համար կամ իրենց անօդաչուներով գրոհեն ՌԴ ռազմաբազան այդ շրջանում»` հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը` հղում անելով Հայաթ Թահրիր աշ Շամին` իսլամիստական զինյալների խմբին, որ նախկինում Ալ Կայիդայի մաս էր: Լավրովը գտնում է, որ ահաբեկիչներին, որոնց նախկինում մեղադրում էր քաղաքացիականներին իբրև կենդանի վահան օգտագործելու մեջ, պետք է ոչնչացնել Իդլիբում: Նա կոչ արեց Արևմուտքին «չխոչընդոտել հակաահաբեկչական գործողությանը»: «ՀԹՇ-ն փորձառու ու հմուտ 1000 զինյալներով ու ուժեղ կազմակերպությամբ, ընդդիմության գլխավոր խումբն է Իդլիբի շրջանում,-ասել է Ֆայզալ Իտանին` Մերձավոր Արևելքի Հարիրիի կենտրոնի ավագ գիտաշխատողը:-Քննարկման թեմա է` կապվա՞ծ են նրանք Ալ Կայիդայի հետ, նրանց գաղափարախոսությունը իսլամիստական ֆունդամենտալիզմն է` հարմանարեցված սիրիական կոնֆլիկտի եզակի սոցիալական, քաղաքական ու ռազմական ենթատեքստին»:

Կօգտագործի՞ Ասադը ՀԹՇ-ին իբրև Իդլիբի վրա հարձակման պատրվակ: «Ասադի ու Պուտինի համար այդ գործողությունը քողարկել ահաբեկչության դեմ պայքարով շատ հարմար է: Իրականում նրանք ցանկացած զինված ընդդիմություն համարում են ահաբեկչություն և մտադիր են անհրաժեշտության դեպքում ուժով վերցնել Իդլիբը` անկախ այնտեղ գերիշխող ուժերի գաղափարախոսությունից»` ասում է Իտանին: Լավրովը հայտարարեց, որ ընդդիմությունը Իդլիբում նախապատրաստվում է քիմիական գրոհի, որ հետո մեղադրի Ասադին ու սադրի ԱՄՆ պատասխան հարվածը:


Ապրիլի 13-ին ԱՄՆ-ը, Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարվածներ հասցրին Սիրիային` ի պատասխան քիմիական զենքի կիրառմամբ ենթադրյալ գրոհի, որի մեջ մեղադրում էին Ասադին: Ապրիլի 7-ին ենթադրյալ քիմիական գրոհը Դամասկոսի արվարձան Դումայում 70 մարդու կյանք խլեց, 500 վիրավորվեցին: ՌԴ ռազմածովային նավատորմը սեպտեմբերի 1-ին սկսեց մեծ զորավարժություններ Միջերկրական ծովում, հավանաբար, որ Ասադի վարչակարգը նախապատրաստվի Իդլիբի վրա հարձակման: Reuters-ի տեղեկություններով` զորավարժությունների նպատակն էր «կանխել Արևմուտքի հարձակումը Սիրիայի կառավարական ուժերի վրա»: Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասաց, որ «ահաբեկչության օջախը» Իդլիբում պետք է ոչնչացվի: Իտանին ասում է, որ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ Արևմուտքում «պնդում են, որ Ռուսաստանը դժվարին վիճակում է հայտնվել Սիրիայում և ցանկանում է որքան հնարավոր է շուտ հեռանալ: Ասադն է ագահ, իսկ Ռուսաստանը առավել բաց է փոխզիջումների համար»: «Իհարկե հարմար է հակառակորդին այդ լույսի տակ տեսնել: Բայց դա ճիշտ չէ,-ասում է նա:- Եվ Ասադի վարչակարգը, և Ռուսաստանը մեկ նպատակ ունեն` վերականգնել վարչակարգի ինքնիշխանությունը Սիրիայում: Իդլիբը բացառություն չէ և երբեք չի եղել: Այո, լիովին հնարավոր է, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Ասադը գործարք կնքեն ու Ասադը Իդլիբն առանց կռվի ստանա: Այդ դեպքում Ռուսաստանի աջակցությունն արդիական չէ»:


Թուրքիայի դիրքորոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համագործակցում է ռուսների ու իրանցիների հետ` իրավիճակը լիցքաթափելու համար: Իդլիբին սահմանակից Թուրքիան, որ արդեն ընդունել է 3,5 միլիոն փախստականի, հայտարարել է, որ սահմանը փախստականների համար չի բացելու: Իտանին ասում է, որ Թուրքիայի վիճակը Սիրիայում ու Իդլիբում շատ ծանր է: «Քուրդիստականի աշխատավորական կուսակցության և «Դեմոկրատական միություն» կուսակցության կողմից, որոնց աջակցում է ամերիկաքրդական միությունը, սահմանի երկայնքով աճող սպառնալիքը ստիպում է Թուրքիային հրաժարվել իր սկզբնական նպատակից (Ասադի հետ պայքարից) և կենտրոնանալ քրդական էքսպանսիայի զսպման վրա,-ասում է Իտանին` հղում անելով քրդական խմբերին` ՔԱԿ-ին ու ԴՄԿ-ին: -Դրա համար պետք է Սիրիայի տարածքում ռազմական ուժի դիմի` ստանալով Ռուսաստանի հավանությունը: Թուրքիան ռազմական ուժեր ունի Իդլիբում, բայց չի կարող հայտնվել ՌԴ-ի ճանապարհին, որ պահպանի Սիրիայի տարածքի այդ կտորը Ասադի ռեժիմից: Այդ շքեղությունը Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ: Միևնույն ժամանակ` Թուրքայում գիտեն, որ վարչակարգի հարձակումը հանգեցնելու է փախստականների դուրսմղմանը Իդլիբ, այսինքն` հեռանկարում Թուրքիա, որը Անկարան թույլ տալ չի կարող: Լավագույն տարբերակ է մնում պայմանավորվելը, որ Իդլիբը գրավվի նվազագույն դաժանությամբ և փախստականները Թուրքիայից տեղափոխվեն Սիրիայի այլ տարածքներ»` բացատրում է Իտանին:


Տագնապալից ազդանշաններ
Սիրիայւոմ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան նախազգուշացրել է, որ դա «իդեալական գրոհ է ծնվում է մեր աչքի առաջ», եթե Ասադը, այնուամենայնիվ, որոշի սկսել Իդլիբի վրա հարձակումը: Նա կոչ էր արել մարդասիրական միջանցքներ ստեղծել, որ խաղաղ բնակիչները կարողանան հեռանալ: «Չեմ կարծում, որ «Իդլիբը կընկնի» նախադասության մեջ «եթե» կա,-ասում է Իտանին:- Տեսականորեն քաղաքացիականները կարող են մեկնել ուր ուզեն` և Սիրիա, և Թուրքիա: Բայց հազիվ թե Ասադը ցանկանա, որ նրանք անցնեն «մաքրված» տարածքներ: Քանի որ Թուրքիան արդեն Սիրիայում բավականաչափ տարածքներ է գրավել, ես չեմ հավատում, որ հրաժարվի այդ տարածքներից ներառյալ Իդլիբի հարակից շրջանները, որ ստացել է «Ձիթենու ճյուղ» ու «Եփրատի վահան» գործողություններով: Այդ շրջաններում փախստականներ ընդունելու պայմաններ չկան, բայց հազիվ թե Թուրքիան դրան նշանակություն տա (ինչպես և վարչակարգը): Անկարայի համար շատ ավելի կարևոր է զսպել փախստականների հորձանքը Թուրքիա»:
Աշիշ Կումար Սեն, Atlantic Council,ԱՄՆ


Հ.Գ. Պենտագոնն աջակցում է հակաահաբեկչական գործողությանը Իդլիբում, բայց ոչ զանգվածային հարձակմանը` գրում է Le Figaro-ի թղթակից Պիեռ Ավրիլը:
Դամասկոսի իշխանությունը, աջակցություն ստանալով, ռուս դաշնակիցներից, Իդլիբի վրա հարձակման ռուս-սիրիական հարձակման նախերգանք ցուցադրեց, որից այդքան զգուշանում էր Արևմուտքը: Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումներին` ռուսական օդուժը 3 շաբաթյա դադարից հետո վերսկսեց օդային հարվածները տարածքի արևմտյան մասում, դիմադրության սակավ օջախներից մեկում, որ վերահսկում են ապստամբները: Հմեյմիմ ռազմաբազայից օդ բարձրացած 3 ինքնաթիռներ 20 գրոհ են կատարել: Զոհվել է քաղաքացիական 9 անձ` 5-ը երեխա:


Դամասկոսը, Մոսկվան ու Իրանը վերջին օրերին գաղտնիք չեն դարձնում, որ մտադիր են «ավարտել» Իդլիբի գործը: «Խոսքը «ահաբեկչության օջախի» մասին է, որ խարխլում է խաղաղության գործընթացը ու թիկունքային բազա է ռուսական ուժերի վրա հարձակվելու համար»` նախազգուշացրեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Դամասկոսը նույն հռետորաբանությունն է օգտագործում: Իրավիճակը բավականին բարդ է` նահանգը վերահսկում են Հայաթ Թահրիր աշ Շամի ջիհադիստները, մյուս կողմում են ապստամբ տարբեր խմբավորումներ, որոնց հովանավորում է Թուրքիան` լինելով Ռուսաստանի դաշնակից: Ասադի դեմ հանդես եկող երկու ուժերն էլ պայքարում են միմյանց դեմ: Պենտագոնն այլևս ապրիորի չի դատապարտում ռուս-սիրիական հարձակումը Իդլիբի վրա: «Հակաահաբեկչական գործողությունը պետք է անցկացվի` նվազեցնելու անմեղ մարդանց զոհվելու ռիսկերը» ասել է գեներալ Ջոզեֆ Դանֆորդը` ԱՄՆ զինված ուժերի ամենաբարձրաստիճան սպան: Ուրբաթ օրը Թեհրանում հանդիպելու են ՌԴ, Թուրքիայի ու Իրանի նախագահները` Սիրիայի հարցով: Չսպասելով ուրբաթին` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան խնդրել է Վլադիմիր Պուտինին ու Ռեջեփ Էրդողանին խուսափել արյունահեղությունից:


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ քննարկել Իդլիբի նահանգում ստեղծված իրավիճակը: «Մենք չենք կարող այնտեղ թույլ տալ մարդասիրական աղետ, սա շատ կարևոր հարց է, ես դրա մասին խոսել եմ Էրդողանի և Պուտինի հետ», - ասել է կանցլերը: Նրա կարծիքով, կացությունը միանշանակ չէ, մի կողմից՝ կան արմատական խմբավորումներ, որոնց հետ անհրաժեշտ է պայքարել, մյուս կողմից՝ կա խաղաղ բնակչություն, որը պաշտպանության կարիք ունի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է օդային հարձակում, եթե Ասադը Իդլիբում քիմիական զենք կիրառի:
Ու ոչ ոք չի հարցնում` ե՞րբ է Ասադը Էրդողանին ստիպելու հեռանալ Սիրիայից` լիակատար խաղաղության հաստատման համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ