Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռուսաստանի ու Հայաստանի միջև կան հարցեր և չկան անլուծելի խնդիրներ

Ռուսաստանի ու Հայաստանի միջև կան հարցեր և չկան անլուծելի խնդիրներ
10.09.2018 | 00:43

Մոսկվայում բանակցեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դա նրանց երրորդ անձնական հանդիպումն էր: ՌԴ նախագահի կայքում նշված էր բանակցային օրակարգը. «Ծրագրվում է քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առանցային հարցերը, նաև համագործակցությունը եվրասիական տարածքում ինտեգրացիոն կառույցներում»: Բայց հարցերը չէին ճշտվում: Մոսկվա այցի նախօրեին ՀՀ վարչապետը ՊՆ-ի «Զինուժ» հաղորդաշարին հարցազրույցում Երևանի ու Մոսկվայի հարաբերություններն անվանեց առանձնահատուկ, որ պետք է «ավելի բարձր մակարդակի վրա լինեն, առավել ռազմավարական, գործընկերային ու բաեկամական դառնան»: Այդ դրական տոնայնությամբ էլ հանցիպման բաց մասն անցավ, երբ Պուտինի ու Փաշինյանի ընդհանուր առաջին բառերից ակնհայտ դարձավ, որ տրամադիր են վստահության մթնոլորտում բանակցել: Նախագահն առաջին հերթին նշեց երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը. «Այսօր Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտին, անվանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը: Պատրաստ եմ ժամացույցները ստուգել մեր ընթացիկ գործակցության մեջ` երկարատև հեռանկարով»: Հիշատակվեց երկու երկրների էներգետիկ համագործակցության զարգացումը (ատոմային ու ջերմային), մետաղի արդյունաբերության ու մեքենաշինության մեջ: Ասվեց, որ անցած տարվա տվյալներով` ապրանքաշրջանառության աճ է գրանցվել, սակայն ցուցանիշները բարձրացնելու պահանջարկ կա:

Փաշինյանը սկզբում տրտնջաց ինչ-որ «հոռետեսությունից» որ «կա հայկական ու ռուսական մամուլում, սոցիալական ցանցերում» Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների զարգացման վերաբերյալ ու որոշակի ակնարկով «հույս հայտնեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ապագայում էլ կկառուցվեն երկրների շահերը հարգելու ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա», թեպետ Ռուսաստանի կողմից միջամտության ոչ մի նշան չկա: Պետք է ենթադրել, որ բանակցությունների փակ հատվածում վարչապետն առավել առարկայական է ներկայացրել իր դիրքորոշումը: Բացի այդ` Փաշինյանը նշեց համագործակցության ներուժի առավել խորքով բացահայտելու անհրաժեշտությունը, ներառյալ քաղաքական, ռազմատեխնիկական և մյուս ոլորտները, նաև ընդգծեց, որ «գոյություն ունեցող հարցերը կլուծվեն»: Ակնհայտորեն` այդ բառերում էր վարչապետի այս այցի ամբողջ ինտրիգը, «որոշ թյուրիմացությունների գոտուց» դուրս գալու նրա ցանկությունը, որ ծագել են ռուս-հայկական հարաբերություններում Երևանում իշխանության փոփոխությունից հետո: Մոսկվան ըմբռնումով վերաբերվեց այդ ցանկությանը, թեպետ վերջին ժամանակներս ռուս բարձրաստիճան պաշտոնյաները բաց անհանգստություն էին հայտնում Հայաստանում իրադարձությունների զարգացման որոշ կողմերի վերաբերյալ:


Մի քանի պատճառներ ուղղակի մակերևույթին են: Անկեղծ լինենք` ընդդիմադիր գործչի 26 օրյա ցատկը դեպի իշխանություն շատերին հանկարծակիի բերեց: Ոչ միայն Մոսկվայում: Այնուհանդերձ, ռուսական իշխանությունները պաշտոնապես զուսպ արձագանքեցին, քաղաքական-դիվանագիտական շրջանակներում այդ դիրքորոշումը գնահատվեց «չեզոք-դրական», այլ ոչ «թշնամական»: Պատահական չէ, որ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո նրան շնորհավորեցին Պուտինը և այդ պահին վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը: Երկուսն էլ ռուս-հայկական հարաբերությունների «հետագա ամրապնդման» հույս հայտնեցին: Մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական տնտեսական խորհրդի սամիթի ժամանակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մոսկվային «հավասարակշռված դիրքորոշման համար, որ Մոսկվան դրսևորեց մեր ներքին ճգնաժամի ժամանակ», նաև հայտարարեց, որ «կա այն, ինչ քննարկան կարիք չունի` Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները»:


Հետո Պուտինը վարչապետին հրավիրեց ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, ծանոթացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բայց միայն հիմա տեղի ունեցավ լիարժեք, բարձրամակարդակ հանդիպում: Այս ընթացքում Մոսկվան ուշադիր հետևում էր Փաշինյանին և, ինչպես գրում է ԱՄՆ-ի Foreign Affairs-ը, փորձում էր հասկանալ` հայկական «հեղափոխությունը» մա՞ս է ինչ-որ «արևմտյան դավադրության Ռուսաստանի հարավային դարպասների մոտ»` հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է:

Ավելին` հայկական հողի վրա ռուսական ռազմաբազա կա: Կարծես, Փաշինյանը, մարտավարական որոշ քայլեր անելով, որ հարուցեցին Մոսկվայի որոշակի քաղաքական շրջանակների նյարդայնությունը, այնուամենայնիվ, չի փոխում արտաքին քաղաքական ռազմավարությունը: Ռուսաստանին պետք է, որ վարչապետը կարողանա պահպանել քաղաքական կայունությունը Հայաստանում: Փաշինյանը բացահայտորեն ցույց է տալիս, որ ունի Մոսկվայի աջակցության կարիքը, թեկուզ այն պատճառով, որ «հեղափոխական փորձերը» արտաքին քաղաքականության ասպարեզում բախվում են ու կարող են բախվել, որոշակի պայմաններում ու հանգամանքներում, դեռ վերջերս Հայաստանում իշխող քաղաքական ուժերի լուրջ դիմադրությանը: Նրան անհրաժեշտ է գոնե մի քիչ իր վրայից քերել չափազանց շողացող արևմտամետ փայլը, առավել ուշադիր լինել իր մերձավոր շրջապատի նկատմամբ, որին չի բավականացնում պրոֆեսիոնալիզմը ու որը կարծում է, թե Մոսկվայի հետ հնարավոր է բանակցել առավել կոշտ տոնայնությամբ: Այլ հարց է, եթե վարչապետը առաջարկի նոր կոնկրետ մոտեցումներ, որոնց նպաստում են Ռուսաստանի հետ համագործակցության խորացմանը, նպաստում են հայկական հասարակության որոշակի մասի հակառուսական տրամադրությունների ու մտածողության փոփոխությանը, ստեղծելու նոր, երկու կողմերին ընդունելի քաղաքական ու այլ իրավիճակ: Մոսկվան էլ պետք է Երևանի հետ վարի առավել խոր համակարգային մակարդակի քաղաքականություն: Կարելի է համաձայնել ամերիկյան Bloomberg գործակալության տեսակետին, որ «Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարող իրենց թույլ տալ հարաբերությունները փչացնել», ինչպես «Մոսկվան չպետք է ցանկանա հայկական հեղափոխության կործանումը»: Այդ պատճառով Պուտինի ու Փաշինյանի այս հանդիպումը կարող է դառնալ վճռորոշ միջպետական հարաբերություններում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Փաստացի` Ռուսաստանում ի վիճակի չեն ընկալել ակնհայտ իրողությունը` Հայաստանում հակառուսական տրամադրություններ հարուցում են իրենք` պետական պաշտոնյաներից մինչև փորձագիտական ու մեդիա շրջանակներում արված հայտարարություններով ու հրապարակումներով: Ի վիճակի չեն ընկալել, որովհետև ի վիճակի չեն ընդունել, որ անկախ պետություններն ունենում են ներքին գործեր, որոնց պետք չէ միջամտել և պետք չէ նրանց արտաքին քաղաքականություն թելադրել: Մտածողության փոփոխություն նախևառաջ պետք է լինի Ռուսաստանում, ոչ թե Հայաստանում: Պետք չէ անընդհատ գազի գին հիշեցնել, Ադրբեջանի գործոնն օգտագործել` Հայաստանին ինչ-որ որոշումներ պարտադրելու համար: Դա շանտաժ է, ոչ թե համագործակցություն: Մոսկվայում վերջապես պետք է ընկալեն, որ իրենց ուժեղ ու կայուն գործընկեր է պետք Հարավային Կովկասում, ոչ թե սեփական շահերն առաջ մղելու միջոց: Գործընկեր, որի շահերը պետք չէ ոտնահարել` հանուն երրորդ երկրների հետ հարաբերությունների: Համենայն դեպս իր նկատմամբ նման վերաբերմունք Կրեմլը չի հանդուրժում: Եվ ճիշտ է անում, ուստի այդ ճշմարտությունը պետք է լինի բոլոր պետությունների հետ հարաբերությունների հիմքում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ