Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նա գնաց մենակ, կամ սագա մեկ այցի

Նա գնաց մենակ, կամ սագա մեկ այցի
10.09.2018 | 00:09

Մինչ աշխարհն իր քաղաքական ըմբռնումներում որոնում է նոր Հայաստանի հետ հարաբերվելու ծածկագիրը, Հայաստանում կա լրահոսի երկու ընկալում: Ոմանք ունեն կայուն կարծրատիպեր և օրվա իրադարձությունները տեղավորում են իրենց պատկերացումների դարակներում: Ոմանք ըստ տեղեկությունների են փորձում դատողություններ անել: Կան նաև` չեն մտածում ու եզրակացությունների կարիք չունեն: Նրանց հետաքրքրությունների շրջանակում խիստ սահմանափակ իրողություններ են, որ ոչ պատճառ ունեն, ոչ հետևանք: Իսկ իշխանությունը պատասխանատու է բոլորի համար ու բոլորի առաջ:


Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացավ ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի երրորդ հանդիպումը, որից առաջ տարատեսակ հայտարարությունների ու կանխատեսումների պակաս չեղավ: Երկու կողմից էլ: Ռուսականը ագրեսիվ էր: Հայկականը` հոռետեսական: Ստեղծվում էր տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե աշխատանքային այցի է գնում, այլ հաղթելու կամ պարտվելու, հաստատելու կամ կորցնելու հեղափոխության արդյունքները: ՈՒ՞մ էր պետք: Նրանց, որ սահմանից ներս ու դուրս շարունակում են հավատալ ու փորձում են հավատացնել, որ Հայաստանի հարցերը Հայաստանում չեն լուծվում: Համենայն դեպս, կարևորագույն հարցերը պետք է ստանան Մոսկվայի վիզան: Նույն տպավորությունը կա Մոսկվայում, որտեղից, իրենց կարծիքով, արվում են «մեկնաբանություններ»՚, թեպետ միջազգային ասպարեզում այդ «մեկնաբանություններն» ընկալվում են միջամտություն անկախ երկրի ներքին գործերին: Հայաստանում կատարվող իրադարձությունները նոնսենս էին Մոսկվայի համար ու անակնկալ` մնացած աշխարհի: Մինչ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արևմուտքը ստուգում էր ինքն իրեն` խառնվե՞լ է Հայաստանի ներքին գործերին, գունավոր հեղափոխության նոր մոդիֆիկացիա՞ է հնարվել ու իրականացվել, Մոսկվան, համոզվելով, որ «մեղավոր» չկա, մեղավոր նշանակեց իշխանությունը հանձնած Սերժ Սարգսյանին: Որևէ մեկը նկատե՞ց, որ 10-ամյա ընդմիջումից հետո Պուտինը օգոստոսի 31-ին հրապարակավ շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, հունիսի 30-ին հրապարակավ չհիշեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրը: Ռուսաստանում չեն պատկերացնում, որ ժողովուրդը իշխանության ձևավորման հետ կապ ունի ու կարող է իշխանության կամքից դուրս քայլ անել: Օրինակ, հնարավո՞ր է` մի քանի օր ցուցարարները փակեն Մոսկվայի ելքն ու մուտքը, և Պուտինը ասի. «Ես սխալ էի, N-ը ճիշտ էր», ու հեռանա: Եթե հնարավոր է, ուրեմն ինքն է հեռացել: Եվ իշխանությունը փոխանցել է նրան, ում ցանկացել է: Թավշե հեղափոխության տեղ հասնելու ճանապարհին Մոսկվան փորձեց իշխանության բերել Կարեն Կարապետյանին: Չստացվեց: Արտաքուստ ընդունելով հեղափոխությունը Հայաստանում` Մոսկվան Հայաստանում յուրայինների տոտալ զորահավաք հայտարարեց, որ պիտի պահպանեն իր քաղաքական ու ֆինանսական շահերը Հայաստանում: Ընտրությունը մեծ չէր, ժամանակը կարճ էր, ո՞վ, եթե ոչ Ռոբերտ Սեդրակովիչը, կարող էր ու պիտի ընդդիմության առանցք ձևավորեր, անգործունակ դարձած Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի պարագայում` հակակշռելու ու զսպելու նոր իշխանությանը, որ արևմտամետ խաղեր չտա: Մոսկվայում հենց այդպիսին են տեսնում Հայաստանի նոր իշխանությանը` անկախ վարած քաղաքականությունից: Արարողակարգային նկարահանման պահին ՌԴ նախագահի հայացքը վկա: Եվ` ժամուկես ուշացումով սկսված հանդիպման բովանդակությունը, որի տեղեկատվությունը առժամանակ կլինի անհասանելի, իսկ հետո հայտնի կդառնա գործողությունների մեջ:


Ձեզ չի՞ թվում, որ պատկերը հակասական է: Հակասության հիմքում պարզ իրողությունն է` Մոսկվայի սպասելիքները Երևանից և Երևանի սպասելիքները Մոսկվայից ավելի շատ հակադրվում, քան համադրվում են: Եթե մշուշի մեջ է` ինչի՞ մասին են վարչապետն ու նախագահը խոսել դեմ առ դեմ, հայտնի է` ինչի մասին չեն խոսել.


1. ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության:

2. Որևէ նախկին պաշտոնյայի ճակատագրի, այսինքն` Միքայել Հարությունյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի: «Մենք մասնավոր հարցեր չենք քննարկել: Կարծում եմ, որ դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
3. ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին չի հրավիրել Հայաստան, որ ցանկացած հանդիպման պարտադիր մաս է, այլապես կասվեր` հրավերը սիրով ընդունվել է, այցի ժամկետները կճշտվեն: Իսկ Պուտինը, սեպտեմբերի սկզբին Ալիևին Սոչիում հանդիպելուց հետո, ամսվա վերջին գնում է Բաքու:


Ուրեմն ինչի՞ մասին են խոսել` Հայաստանին վաճառվող գազի իրական գնի՞, որը, պարզվել է, Պուտինը չգիտեր, Սիրիայի վերականգնմանը Հայաստանի մասնակցության, որ կարող է պատժամիջոցների տակ հայտնվելու հետևանք հարուցել, Պուտինը հերքել է, որ ռուս գործարարներին արգելել է Հայաստանում ներդրումներ անել ու համաձայն է, որ կոռուպցիոներները պետք է պատժվեն, եթե նույնիսկ ռուսական ընկերությունից են, մասնավորապես` երկաթուղային:


Դատելով ռուսական մամուլից ու ռուս պաշտոնյաների հայտարարություններից` Պուտինի օրակարգում չէին կարող չլինել այն հարցերը, որոնց քննարկումը Փաշինյանը հերքում է: Կա լռության երկու պատճառ` համաձայնություն չի կայացել` ասելիք չկա, քննարկումները շարունակվելու են` ասելիք չկա:
Մոսկվայի վախերը հասկանալի են` կադրային կասկածելի նշանակումներ, անընդունելի պայքար կոռուպցիայի դեմ, վերադարձ 10-ամյա վաղեմության դեպքերին` ընդհուպ նախկին նախագահի ձերբակալություն, ՀԱՊԿ-ի դերի ու նշանակության վերաիմաստավորում: Սա Մոսկվայի համար, մեղմ ասած, խայտառակություն է: Քաղաքական բառապաշարով` արևմտամետություն, որը կամ պիտի հիմնավորվի, կա՛մ դադարեցվի:
Ի՞նչ պիտի լիներ, որ լավագույն դեպքում հեռանկար է:


1. Հայաստանը մայիսից սեպտեմբեր ժամանակ ուներ արտաքին քաղաքականության հայեցակարգ ձևավորելու: Չի արվել: Արտաքին քաղաքականությունը մնում է իրադարձային կամ պատճենում է` ինչ կար: Եվ վատ է պատճենում: Արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումը դեռ հեռանկար է, մինչդեռ այլընտրանքների առկայությունն է որևէ երկիր դարձնում մրցունակ ու գործընկերների համար գրավիչ:
2. Մենք անընդհատ լսում ենք` ՌԴ-ի հետ փայլուն հարաբերություններ են աննախադեպ բարձր մակարդակում, կա լիակատար փոխըմբռնում, խնդիրներ չկան, կան լուծելի հարցեր: Լսում ենք այնքան հաճախ ու համառ, որ համոզվում ենք` խնդիրները լուծվող հարցերի շրջագծում չեն, գուցե նաև քննարկվող: Բայց ՌԴ-ից բացի կան այլ երկրներ, նրանց հետ հարաբերությունները ավտոպիլոտի վրա են:
3. Նիկոլ Փաշինյանը գրեթե կրկնում է Կարեն Կարապետյանի ճանապարհը` փոխված բառապաշարով: Վերջինս խոսում էր գմփոց-շմփոցից, չեմպիոն ծրագրերից, Նիկոլ Փաշինյանը` սիրուց ու համերաշխությունից, հարստանալուց ու հարստացնելուց, հզորանալուց ու հզորացնելուց: Երկուսն էլ կոչ էին անում Հայաստանում ներդրումներ անել: Երկուսի կոչերն էլ բուռն արձագանքներ չունեն: ԱՊՀ տարածքից բացի Կարեն Կարապետյանը միայն մեկ անգամ ոտք դրեց Եվրոպա, մեկ անգամ էլ` Թեհրան, Նիկոլ Փաշինյանը` համարյա նույնը` Բրյուսել+Փարիզ, հեռանկարում` Նյու Յորք: Ճիշտ է, նա Գերմանիայի կանցլերին ընդունեց Երևանում, ու ի՞նչ:
4. Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս Արևմուտքի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, եվրոպական կառույցների հետ աշխատանքը: Ընդամենը ասվում է, որ Ռուսաստանից բացի այլ ուղղություններով աշխատանքը շարունակվում է: Փոխվարչապետերը գնում են ԱՄՆ, Կանադա ու փորձում են փո՞ղ բերել: Դա աշխատանք չէ: Էյֆորիան ռեալ պոլիտիկի հետ կապ չունի: Վաչապետի թիմը չունի հարաբերությունների նոր մոդել, ավելին, հասցրել է փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի, Իտալիայի ու Ֆրանսիայի հետ։ Ապացույցը` Իտալիայի նախագահի գործարար առումով ձախողված այցը Հայաստան, որի ընթացքում պիտի նրան ուղեկցեին ձեռներեցներ ու պայմանագրեր կնքեին, բայց չեկան, «Վեոլիայի» հետ կապված պատմությունները, որոնց արձագանքը Փարիզի, մեղմ ասած, զարմանքն է: Գերմանիայի հետ էլ գործարար արդյունքներ չեղան` կանցլերի այցից հետո: Ամուլսարի պատմությունը շատ ավելի խոսուն է ԱՄՆ-ի ու բոլոր հնարավոր ներդրողների համար, քան Հայաստանի բոլոր պաշտոնյաների բոլոր հավաստիացումները ներդրումների շահավետության մասին:
5. Միջազգային կառույցների հետ աշխատանքի տեղեկատվություն ընդհանրապես չկա: Ճիշտ է, Հայաստան եկավ ԵԱՀԿ նախագահը: ՈՒ ի՞նչ: Ֆրանկոֆոնիայի նիստի առիթով Հայաստան են գալու տասնյակ նախագահներ ու վարչապետեր, ԱԳ նախարարներ տարբեր աշխարհամասերից: Բացի դիմավորել-տեղավորել-ճանապարհելուց նրանց հետ հանդիպումների քաղաքական օրակարգը կազմվա՞ծ է, տնտեսական առաջարկներով ամրագրվա՞ծ է, Հայաստանը հստակեցրե՞լ է` ինչ է ակնկալում Ֆրանկոֆոնիայի նիստից, բացի «Միասին ապրելը», որ պայմանական նշանաբան է, պետք է բովանդակությամբ լցնել: Հայաստանն առաջիկա 10-ամյակում այլևս նման հնարավորություն չի ունենալու, օգտագործելու՞ է շանսը, թե՞ Գառնի-Գեղարդ-Էջմիածին (Սևանում արդեն ցուրտ կլինի), ու «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան», թեպետ նոր ենք սկսելու նախագահել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:
6. Տարտղնված ու չորոշարկված արտաքին քաղաքականության հայեցակարգը հարցի կեսն է, մյուս կեսը իրականացումն է` դեսպանական կորպուսի փոփոխությունը: Նշանակումների տրամաբանությունը պետք է փոխել` դեսպան պիտի դառնա կադրային դիվանագետը և իր օրակարգում պետք է ունենա կոնկրետ խնդիրներ: Քանի՞ նման դեսպան ունի Հայաստանը: Քանիսի՞ փոփոխությունն է նախաձեռնել: ՈՒնե՞նք պրոֆեսիոնալ դիվանագետներ, որ կարող են արդյունավետ աշխատել: Եթե մի տասնյակ հավաքենք, նրանց առաջ գիտե՞նք` ինչ խնդիր ենք դնելու: Հեղափոխությունից հետո: Գոնե ներկա Հայաստանը ճանաչելի ու հասկանալի դարձնելու հանձնարարականը տրվա՞ծ է, թե՞ սիրո ու հանդուրժողականության բանաձևը աշխարհը պիտի ինքն իր համար մեկնաբանի` հեղափոխության անհայտներին իր համար հայտնի դարձնի ու անպայման սիրի:
7. Հայաստանը պատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրությունների, բացի Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունից, ՀՀԿ-ի հետ հակասություններից, խորհրդարանի՞ ինքնալուծարում, թե՞ վարչապետի հրաժարական քննարկումներից որևէ այլ` կայունություն ու կանխատեսելիություն, վստահություն ու արժեքների փոփոխություն վկայող տեղեկություններ աշխարհը ստանու՞մ է Հայաստանից: Թե՞ ամբողջ աշխատանքը լինելու է միջազգային դիտորդներին ընդունել-ճանապարհելը, հընթացս էլ ընտրությունների օրերին ոմանց հետ նախագահ-վարչապետ-Աժ նախագահ 20-րոպեանոց հանդիպումները: Դա մենք արդեն անցել ենք, ի՞նչ ենք հիմա անում: Գոնե գիտե՞նք, որ պիտի անենք: Որովհետև, եթե հեղափոխություն ենք արել, տեր պիտի լինենք հեղափոխության հնարավորություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Լինելով երկրորդ դասի պետական խորհրդական, որ բազմամյա փորձ ունի պետական, պաշտոնական ու աշխատանքային այցերի մասնակցության ու իմունիտետ զարմանքի նկատմամբ, զարմանքով արձանագրեցի վարչապետի հետ Մոսկվա մեկնած պատվիրակության աննախադեպ ձևաչափը` չկար ԱԳ նախարարը, չկար պաշտպանության նախարարը, կար մեկ փոխվարչապետ, որ… նրա թիմից չէ: Սա հարաբերությունների ախտորոշում է: Այցը աշխատանքային էր, մենակ գնալն ավելի ճիշտ էր: ՈՒ` արժանապատիվ: Եվ ինչու՞ փայլուն հարաբերությունների պարագայում չեն կատարվում պաշտոնական այցեր, որ ավարտվում են համաձայնագրերի ստորագրմամբ, թե՞ դա ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության արտոնությունն է:

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ