Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Օպերային թատրոնի լուծվող ու չլուծվող խնդիրները

Օպերային թատրոնի լուծվող ու չլուծվող խնդիրները
11.09.2018 | 10:08

Օպերային թատրոնում դժգոհություններ են հասունանում՝ կապված տրամադրվող արձակուրդի հետ, և ոչ միայն: Մեր աղբյուրի պնդմամբ՝ հատկապես բալետի արտիստների պարագայում ամառային կարճատև արձակուրդը բավական չէ աշխատունակությունը վերականգնելու համար. «Առանց մեր համաձայնության 24-օրյա ամենամյա արձակուրդը 2018-ից բաժանվել է երկու մասի: Առաջին մասը տրամադրվում է հունվարին: Երկրորդ մասը, մի քանի անգամ փոփոխելուց հետո, որոշվեց տրամադրել հուլիս-օգոստոս ամիսներին։ Բոլորն էլ գիտեն՝ ծովափնյա հանգիստը ինչ բարենպաստ ազդեցություն ունի մկանների վրա: Ձմեռվա արձակուրդը առհասարակ մեզ հարկավոր չէ, ժամանակի իզուր վատնում է: Չկա մեկը, որ դժգոհ չլինի: Բայց դժգոհությունը բարձրաձայնելու դեպքում մեզ դուռն են ցույց տալիս. ով համաձայն չէ, կարող է չաշխատել»:
Օպերային թատրոնից պարզաբանում խնդրեցինք բարձրացված հարցի վերաբերյալ: Պատասխանը ներկայացնում ենք. «Նկատի ունենալով, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից թատրոնին հանձնարարվել էր ներկայացումներ, համերգային ծրագրեր ու այլ մշակութային միջոցառումներ կազմակերպել նաև հուլիս-օգոստոս ամիսներին, ապա թատրոնի տնօրենությունը գտել է նպատակահարմար այնպես անել, որ բոլոր աշխատողները հնարավորություն ունենան հանգստանալու նաև ամռան ամիսներին: Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջը` թատրոնի աշխատակիցներին առաջարկվել է արձակուրդի կեսն օգտագործել ձմռանը, իսկ մյուս կեսը՝ ամռանը:

Արձակուրդների համապատասխան հրամանները տրվել են աշխատողների համաձայնությամբ: Եթե որևէ աշխատող ցանկություն հայտներ օգտագործելու իր ողջ արձակուրդը միանգամից, ապա թատրոնի տնօրենությունը դրան չէր առարկի, սակայն այդ արձակուրդը կտրամադրվեր միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված կողմերի համաձայնությամբ նախատեսված ժամկետներում»:
Պարզաբանման կարիք ունի նաև օրապահիկների հարցը: Մեր աղբյուրը նշում է, որ կառավարությունն ունի հստակ որոշում. ծառայողական գործուղման մեկնած աշխատողների օրապահիկի վճարման չափը (ըստ երկրների մայրաքաղաքի ու այլ քաղաքների) սահմանված է օրենքով: Սակայն վճարման չափը ներկայացնող աղյուսակում նշված գումարի կեսից քիչ է իրենց տրամադրվող գումարը: Մեր զրուցակցին անհասկանալի է թվում նաև այն հանգամանքը, որ օրապահիկի գումարը տրամադրում են առձեռն:


Ի պատասխան սույն խնդրի` օպերային թատրոնից տեղեկացրին, որ թատրոնի աշխատողները արտասահման հյուրահաղերի են մեկնում միայն հրավիրող կողմերի միջոցների հաշվին, քանի որ թատրոնի նախահաշվով շատ չնչին գումարներ են նախատեսված գործուղումների համար. «Հյուրախաղերի մեկնող թատրոնի աշխատակիցների համար հրավիրող կողմերի հաշվին վճարվել են մեկնելու ու վերադառնալու տրանսպորտային ծախսերը, հյուրանոցային ծախսերը, ինչպես նաև օրապահիկի ծախսերը, որը ներառում է օրը երեք անգամ լիարժեք սննդի տրամադրում, հյուրախաղերի վայրում տեղաշարժվելու համար տրանսպորտով ապահովում: Բացի այդ, հյուրախաղերի մեկնածներին հրավիրող կողմի միջոցներից կանխիկ հատկացվել են ընթացիկ ծախսերի համար գումարներ: Հյուրախաղերի մեկնած թատրոնի աշխատակիցներին թատրոնը որևէ գործուղման ծախս չի վճարում ու իրավունք էլ չունի վճարելու, քանի որ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հայտնում ենք նաև, որ որևէ իրավական ակտով չի արգելված գործուղված անձանց վճարումները կատարել կանխիկ»:


Ստեղծված թնջուկից դժվար է գլուխ հանել: Օպերային թատրոնը մեծ կոլեկտիվ ունի, տարակածությունները ենթադրելի են: Լավագույն դեպքում արտիստները բաժանվում են երկու խմբի, բարձրաձայնում են իրենց կարծիքը, ստորագրահավաքներ անում: Ավանդույթ է դարձել նաև դժգոհություները բարձրաձայնելը անստորագիր նամակների տեսքով: Արդյունքում՝ խնդիրները փակ տարայում են հայտնվում, լցվում են, լցվում ու մի օր դուրս են ժայթքում: Վկան՝ բոյկոտված ներկայացումները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ