Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եկեղեցուն տրված նվիրատվությունը պիտի բխի անարատ հավատքից

Եկեղեցուն տրված նվիրատվությունը պիտի բխի անարատ հավատքից
11.09.2018 | 00:01

«Ահարոնը թող դիմի փարավոնին, որ սա իսրայելացիներին արձակի իր երկրից: Ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը, փարավոնը ձեզ չի լսի, ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա՝ իմ զորությամբ մեծապես վրեժխնդիր լինելով» (Ելք 7.3-4)։
Աստված Մովսեսին և Ահարոնին ուղարկում է փարավոնի մոտ, որպեսզի իսրայելացիներին ազատի գերությունից, սակայն մյուս կողմից կարծրացնում է փարավոնի սիրտը, որպեսզի կործանի նրան: Ի՞նչ խորհուրդ է այս կամ ի՞նչ է նշանակում:
Անշուշտ, սուրբգրային գրվածքները բոլոր ժամանակների համար են, և հարկավոր է իմանալ դրանց ճշգրիտ մեկնաբանությունը: Այս պատմությունը չէր գրվի, եթե նման անհրաժեշտություն չառաջանար և կապ չունենար մեր օրերի հետ:


Յուրաքանչյուր քահանա Աստծո օծյալն ու առաքյալն է և կոչված է Տիրոջ խոսքը հասցնելու Աստծո ժողովրդին, իր մոտ ապաշխարությամբ եկած հավատավոր զավակի մեղքերին թողություն տալու և Քրիստոսի երկրորդ գալստյանն ու հավիտենական կյանքին պատրաստելու: Այդ ճանապարհին երբեմն անհրաժեշտություն է առաջանում օգնության կարգով դիմելու մերօրյա փարավոններին՝ իշխանավորներին, դրամատեր գործարարներին՝ ի զորացումն Տիրոջ Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր զավակների: Եվ ինչպես Տեր Աստված Մովսեսին և Ահարոնին ուղարկեց, որպեսզի իսրայելացիներին հանի գերությունից, և դրան զուգահեռ կարծրացրեց փարավոնի սիրտը, որը չարի, սատանայի խորհրդանիշն է համարվում, այնպես էլ յուրաքանչյուր քահանա, որ օծությամբ կոչված է Աստծո դեսպանը լինելու երկրի վրա, երբ այցելում է որևէ պաշտոնավորի՝ քրիստոսահաստատ Եկեղեցու զորացման համար որևէ բան ստանալու ակնկալիքով, և մերժվում է, դա նշանակում է, որ Տերը կարծրացրեց այդ պաշտոնյայի սիրտը, որպեսզի կործանի նրան: Շատ հաճախ քահանային մերժում են տարբեր պատճառաբանություններով՝ իրենք իրենց «մեծ մարդ» կամ «ազնիվ» կարծելով, սակայն ինչպես Սուրբ գիրքն է ասում` «այդ մարդիկ ողորմելի են, քան բոլոր մարդիկ», և կարծես մարգարեանում են իրենց կործանման մասին, և Աստված է, որ կարծրացնում է նրանց սիրտը, որպեսզի կորստյան մատնի նրանց, սակայն այս ողորմելիները կարծես չգիտեն կամ խլացրել են իրենց ականջները, որպեսզի հաստատեն իրենց կորուստը, քանզի Հիսուս ասաց Իր առաքյալներին. «Ով ձեզ է ընդունում, Ինձ է ընդունում», և քահանային մերժողը Հիսուսին է, որ մերժում է: Այն քահանան, որին տարբեր անհիմն պատճառներով մերժում են, Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցում և իր մատներով Տիրոջ Կենսաբեր Մարմինն է բռնում, որից հրեշտակներն են անգամ սարսռում ու դողում, ինչպես սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում հրեշտակները հայտնեցին, և էլի շատ սրբեր տեսան ու վկայեցին:


Հայտնության գրքում Աստված ասում է. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծո արարածների Սկիզբը. գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառն լինեիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից, քանի որ ասում ես. Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ. բայց չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր» (Հայտ. 3.14-17): Իսկ Տիրոջ աստվածախոս Հակոբոս առաքյալը այդպիսիներին կարծես զգուշացնում է. «ՈՒրեմն այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը», ապա հորդորում է. «Վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք... Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար» (Հակ. 5.1-6):


Հիշեցնե՛մ, որ Քրիստոս իր առաքյալներին պատվիրեց. «Որ քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե ո՛վ է այնտեղ արժանավորը, և այնտեղ մնացե՛ք, մինչև որ այդտեղից դուրս ելնեք: Եվ երբ այն տունը մտնեք, ողջույն տվեք նրան ու ասացե՛ք. «Ողջու՜յն այս տանը»: Եթե տունն արժանի է, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի. իսկ եթե արժանի չէ, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա» (Մատթ.10.11-13)։ Իսկ թերահավատներին ասենք, որ այսօր գիտությունն ապացուցում է հոգևոր և ֆիզիկական աշխարհների զուգահեռ առկայությունը: Մենք չենք գտնի մի հանճարի, որ Աստծո գոյությունը մերժի: Էյնշտեյնը, որ անգրագետ մարդ էր, հանկարծ գրում է «Հարաբերականության տեսությունը», իհարկե հայտնության շնորհիվ, հայտնությամբ Մենդելեևը կազմեց քիմիական աղյուսակը: Օրինակները շատ են` Ցիոլկովսկուց միչև Նիկոլա Տեսլա: Տեսիլքով Հայ եկեղեցու մեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցը ստացավ հայոց գրերը, տեսիլքով կառուցվեց Սուրբ Էջմիածինը, օրինակները շատ շատ են ու անբացատրելի: Այնպես որ, վաղը` Աստծո արդար դատաստանի ժամանակ, չեք կարող ոչնչով արդարանալ:


Իսկ մերօրյա փարավոններին խորհուրդ եմ տալիս իջնել «փառքի գահից», իրենց սրտերը խոնարհեցնել Աստծո առջև, գնալ տիրահաստատ Եկեղեցի, իրենց մեղքերը խոստովանել քահանային, որպեսզի մաքրվեն մեռելոտի մեղքերից, քանզի Քրիստոս իր առաքյալներին տվեց մեղքերը կապելու և արձակելու իրավունքը, որոնց իրավահաջորդներն են քահանաները. «ՈՒմ մեղքերը ներեք, թող ներված լինի Երկնքում, ում որ կապեք, կապված թող լինի Երկնքում» (Հովհ. 20.23): Ոչ մի մարդ, որ եկեղեցի կառուցած կամ վերակառուցած լինի, չի կարող արդարանալ, եթե չխոնարհվի և չխոստովանի իր մեղքերը:


Արժանի է հիշատակման Ավետարանում նկարագրված «Այրի կնոջ երկու լուման», երբ շատ մեծահարուստներ շատ դրամներ էին գցում տաճարի գանձանակը, սակայն եկավ մի այրի կին և ընդամենը երկու լումա գցեց, և ամենքի Արարիչն ու Փրկիչը գնահատեց այս այրի կնոջ երկու լուման և ասաց. «Այս կինը ավելին տվեց, քան այն մեծահարուստները, որովհետև իր ողջ ունեցվածքը տվեց» (Ղուկ. 21.3-4): Հիսուս գնահատեց, որովհետև այս ազնիվ աշխատած երկու լուման գանձանակ նետելու հետ մեկտեղ, նրա ներսում մեծ հավատ ու խոնարհություն տեսավ: Ահա այս է գնահատում Տերը: Եկեղեցուն տրված նվիրատվությունը մատաղի պես է և պիտի բխի սուրբ սրտից, անարատ հավատքից և մեղավոր լինելու գիտակցումից, որպեսզի գովեստ ստանանք Աստծուց, իսկ եթե մարդկային փառքից է դրդված, ապա օրհնության կամ գովեստի վարձք չկա Աստծուց, այդ մարդը նման կլինի մի անմիտ մարդու, ով բազում բարիքներ ունի, սակայն ճիշտ վայելել չի կարողանում և միշտ մնում է դատարկաձեռն ու առանց օրհնության։


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ