USD484.35
EUR556.13
RUB7.42
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Երևանի ավագանու քարոզարշավն ընթանում է գյուղական ինքնագործունեության մակարդակով

Երևանի ավագանու քարոզարշավն ընթանում է գյուղական ինքնագործունեության մակարդակով
18.09.2018 | 01:23

«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթանում է գյուղական ինքնագործունեության մակարդակով»,- մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ։ Սոցիոլոգն այս ընթացքում ականատես չի եղել լուրջ ակցիաների, լուրջ քարոզարշավի։


«Սոցիոլոգների, հարցումների կարիք մասնակից ուժերը չեն զգում, որպեսզի հասկանան, թե ինչպես է բաժանված ներկա ընտրազանգվածը։ Քանի որ նախկին իշխանությունները չեն մասնակցում, պարզ չէ, թե Տարոն Մարգարյանի ընտրողներն այս պահին ում են հակված ձայն տալու, կգնա՞ն ընտրությունների, թե՞ ոչ։ Սա շատ լուրջ խնդիր է։ Իրավիճակը շատ խառն է։ Պետք է մոնիտորինգային հարցումներ արվեին, սակայն դրա կարիքը ոչ ոք չի զգում։ Գյուղական մակարդակի հանդիպումներով փորձում են ձայներ ապահովել, ինչը բավականին բարդ է։ Մի մեծ զանգված փողոց դուրս չի գալիս, հանդիպումների չի գնում։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախընտրական շտաբներ չեն բացվելու։ Երևանը բավականին մեծ տարածք ունի, տարբեր վարչական շրջաններ տարբեր խնդիրներ ու շահեր ունեն։ Էրեբունիում մի խնդիր է արդիական, Նոր Նորքում կամ Կենտրոնում՝ այլ։ Թեկնածուները պետք է հաշվի առնեն վարչական շրջանների կարիքները, ինչը ներկա պահին ոչ ոք չգիտի և չի էլ ցանկանում պարզել։ Ընտրարշավը նման է մութ սենյակում սև կատու որոնելուն, որտեղ կատու չկա, բայց մլավոցի ձայնը լսվում է։ Սա չինական ասացվածք է. երբ մարդը չի կանխատեսում կամ չգիտի, թե ինչ պարագաներում է աշխատում, հույսը դնում է բախտի վրա»,- ասում է պարոն Ադիբեկյանը։


Խոսելով ընտրվելու հավանականություն ունեցող ուժերի մասին՝ սոցիոլոգը նկատեց, որ ավագանի ընտրվելու հավանականություն ունեն երեք ուժեր՝ «Իմ քայլը», «Լույսը» և «Բարգավաճ Հայաստանը»։ Էլեկտորատը գուցե պահպանի Զարուհի Փոստանջյանը, սակայն եթե նախկինում վերջինս ընդդիմադիր էր, ապա այժմ իրավիճակը փոխվել է՝ բոլորն են ընդդիմադիր կամ իշխանական։


Ահարոն Ադիբեկյանը նկատում է, որ գործող իշխանության վերաբերյալ ոչ մի քննադատական խոսք չի ասվում, քննադատվում են միայն նախկին իշխանություններն ու նախկին քաղաքապետը, սակայն պարզ չէ, թե ինչու են նրանց քննադատում. «Մեր վերջին հարցումները ցույց էին տվել, որ բնակչության 60 տոկոսը գոհ էր Տարոն Մարգարյանից. լուսավորությունը, փողոցների մաքրությունը, ջրամատակարարումը, գազամատակարարումը նորմալ էին, փողոցները մաքուր էին։ Աղբն էլ ժամանակին տանում էին։ Եվ ամենակարևորը՝ վարչական շրջաններն ունեին սոցիալական օգնության ծրագրեր, որոնց շրջանակներում աջակցություն էր ցուցաբերվում միայնակ ծերերին, բազմազավակ ընտանիքներին ու սոցիալական այլ խմբերի։ Նման ծրագրերը նրանց վարկանիշը բարձրացնում էին։ Հիմա տեսնենք՝ ինչ կլինի, և ինչի կհանգեցնի գյուղական ինքնագործունեությունը, որ նկատվում է քարոզարշավում»։ նշում է պարոն Ադիբեկյանը։


Կիրակի օրը, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներին սուր քննադատության ենթարկեց Նաիրա Զոհրաբյանը։ «Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը հենց ձեր կողքին է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում: Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլի» ցուցակում են, այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, ինձ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ո՞նց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ: Չէինք խոսի այս մասին, եթե չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»։
Իրավիճակի նման սրումը պարոն Ադիբեկյանը բացատրում է հետևյալ կերպ. «Նաիրա Զոհրաբյանը գիտի, որ կա ընդդիմադիր էլեկտորատ։ Գուցե հետազոտել են, հարցումներ են արել, չեն հրապարակել տվյալները, բայց գիտեն, որ բնակչությունը բաժանվում է երեք մասի՝ մի մասը չի գնում ընտրությունների, մեծամասնությունը իշխանամետ է, փոքրամասնությունը՝ ընդդիմադիր։ Սակայն նրանց մեջ կա տատանվողների շերտ, և ամբողջ պայքարն ընթանում է տատանվողների համար։ Նաիրա Զոհրաբյանը հասկանում է, որ իշխանական դաշտում ձայները զբաղեցրել են «Իմ քայլն» ու «Լույսը», այնպես որ, ձայներ պետք է ակնկալել ընդդիմադիր զանգվածում, ուստի քննադատության դիրքերից հանդես գալը տրամաբանական է»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ