Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շատ քրիստոնյաներ ենթարկվում են պիղծ դևի հարձակումներին

Շատ քրիստոնյաներ ենթարկվում են պիղծ դևի հարձակումներին
18.09.2018 | 00:08

«Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» ( Ա Պետ. 1; 16)։
Սրբության այս կոչը Տերն ուղղել է բոլոր դարերի բոլոր քրիստոնյաներին:
Սրբության ճանապարհը հոգևոր անտեսանելի պատերազմի ուղի է, որտեղ Քրիստոսի զինվորի հակառակորդը մարդու վաղեմի թշնամին է` բանսարկու սատանան, որի նենգությանն ու խորամանկությանը սահման չկա, և որը գիշեր-ցերեկ «մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետ. 5; 8): Կուլ գնալ սատանային նշանակում է շեղվել սրբության ճանապարհից, ծառայել մեղքին, այսինքն` պարտվել բարի պատերազմում, ուրեմն` չհասնել Տիրոջ խոստմանը, որ ասում է. «Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծո դրախտի մեջ» (Հայտն. 2:7):


Ե՛վ մարդկային սրբությունը, և՛ պղծությունը սկսվում են մտքից, որովհետև բոլոր մարդկային գործերը նախ հղացվում են մտքում, ապա ասվում խոսքով, և հետո միայն կյանքի կոչվում:
Մեր միտքը, ցավոք, անվարժ է բարի պատերազմի համար, և երբ մենք ուզում ենք մեր միտքը սևեռել աղոթքի կամ հոգևոր ընթերցանության վրա, այն իսկույն ապստամբում է և, այս ու այն կողմ փախչելով, մեզ անպտուղ թողնում, անընդհատ թափառում է աշխարհական և մարմնավոր ցանկական ոլորտներում, և երբ պետք է լինում այն մի կարճ ժամանակով սանձել ու սևեռել հոգևորի վրա, այդ ժամանակ նա մեզ էլ չի ենթարկվում: Այս պատճառով մեզ անհրաժեշտ է մեր անձերը վարժեցնել աստվածապաշտությանը, այսինքն` թե՛ աշխատանքի, թե՛ զբոսանքի, թե՛ ուտելու և թե՛ մյուս այլ իրավիճակներում ջանալ միտքը հեռու պահել ունայն ընթացքից և հնարավորինս աշխատել այն սևեռել հոգևորի վրա: Այսպիսի վարժանքի դեպքում միտքը կամաց-կամաց կսկսի կայունանալ ընթերցանության և աղոթքի պահերին:


Այս հոգևոր պայքարի ընթացքում շատ քրիստոնյաներ ենթարկվում են պիղծ դևի հարձակումներին, որը մտային հայհոյանքներ է բերում նրանց մտքին: Սա հայհոյում է Աստծուն, սրբերին, չի թողնում նայել սրբապատկերներին կամ հոգևոր ֆիլմեր դիտել, զրկում է աղոթքից, Պատարագին մասնակցելուց և այնպես թաքուն է բերում այդ պիղծ մտքերը, որ քրիստոնյան չկասկածի, թե դրանք իր` դևի ներմուծածն են, այլ քրիստոնյայի սեփական մտքերն են, որպեսզի նրան գցի իր համագործակցի` հուսահատության գարշելի դևի ցանցը:
Մտքի միջոցով ուրիշ շատ խարդավանքներ էլ է պատրաստում թշնամին: Դրանցից մեկը, թեկուզ և առանց հայհոյության, սակայն նորից շատ ծանր ու տառապալի և նույնիսկ մահացու կարող է լինել, եթե ժամանակին միջոցներ ձեռք չառնենք` այն Տիրոջ ողորմությամբ հետ մղելու: Այս հարձակումը նպատակ ունի քրիստոնյային ըմբոստացնելու Աստծո դեմ, մղելու ապստամբության և հակառակության: Երբ մենք ընկնում ենք մեղքի մեջ և տկարանում հավատքի կյանքում, այդժամ դևը, որ սովորաբար ջանում է մեզ մոռացնել դժոխքի սարսափելի հեռանկարը, հավիտենական տանջանքները, մեծ ջանքով սկսում է մեզ հիշեցնել դրանց ահավորության մասին, բայց ոչ թե այն նպատակով, որ մենք ապաշխարենք, այլ որպեսզի ընկնենք հուսահատության մեջ և մի ամբարտավան դիրք գրավենք Արարչի նկատմամբ: Եվ նմանօրինակ մտածումներ հարուցելով մեր մեջ, մղում է մեզ կասկածելու Աստծո արդարությանը:


Իսկ ինչպե՞ս դիմակայել այս ահավոր հարձակմանը. ահավոր, որովհետև մեր մարդկային սահմանափակ միտքը միշտ չէ, որ կարող է այս դիվային հարձակումներին բացատրություն տալ, քանի որ այն չի կարող ամբողջովին պարզ տեսնել, գիտակցել և մեկնել աստվածային ճանապարհները, և այս պարագաների համար է, որ ասվում է. «Հավատա, և պիտի փրկվես»:
Պետք է հավատալ, որ Աստված արդար է և ողորմած, ու չընդունել չար դևի բարբաջանքները, հետ մղել նրա հարուցած մտքերը` առանց նրա հետ վեճի բռնվելու, այսինքն` առանց քննելու և բացատրություն գտնելու, այլ կարճ ու միանշանակ հետ մղել հարձակումը:


Հստակ է, որ նման մտքեր առաջանում են հիմնականում դարձի եկած քրիստոնյաների մոտ, ուստի սրանք սովորական մարդուն բնորոշ մտքեր չեն, այլ թշնամական` սատանայական ներմուծումներ: Չարը պատերազմ է մղում հավատավոր քրիստոնյաների դեմ: Սրանից կարելի է եզրակացնել, որ նման հարձակումները ինչքան էլ դառն են և անտանելի, այդուհանդերձ, ապացույց են, որ մենք թեկուզ և ընկած, գաղջ, բայց կենդանի ենք հավատի կյանքում և պատկանում ենք Աստծուն, որովհետև Իր Միածին Որդու Արյան գինն ենք: Այսպես մտածելով` այն մտքերն ու խորհուրդները, որ մեզ պիտի մղեին հուսահատության, մեզ կմղեն հույսի հաստատման և հավատի զորացման: Եվ եթե մենք ամենքս չէ, որ կարող ենք պատասխան գտնել Աստծո հանդեպ նմանօրինակ ապստամբեցնող մտքերին, ապա հիշենք, որ դրանց պատասխանները մենք կստանանք Երկնքում: Բայց նրանց համար, ովքեր տարվել են նման մտքերով և հետ չեն մղել, ըմբոստ վիճակի մեջ են մնացել մինչև վերջ, չնայած նրանք էլ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները կստանան Երկնքում և այնժամ իրենք իրենց բերանով կվկայեն, որ Աստծո դատաստանները իսկապես արդար են, բայց դրանից օգուտ չեն ստանա, այլ կմատնվեն հավիտենական կորստի: Իսկ հավատքով ու վստահությամբ նման խորհուրդները այստեղ հետ մղողները կմտնեն Աստծո Հավիտենական Փառքի և Երկնային Արքայության մեջ. Նրան փառք հավիտյանս. ԱՄԵՆ:

Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ