Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նա հեռացավ կյանքից վիրավորված ու չգնահատված

Նա հեռացավ կյանքից վիրավորված ու չգնահատված
18.09.2018 | 01:58

Հեռուստատեսության երախտավոր. կինոօպերատոր, մշակույթի վաստակավոր գործիչ ՍՏԵՓԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ մեծ դեր է խաղացել Հայաստանի հեռուստատեսության կայացման ու զարգացման գործում: 1996 թվականին, երբ նշվում էր հեռուստատեսության 40-ամյակը, ես իմ «Եթեր-40» հեղինակային շարքում հաղորդում պատրաստեցի տաղանդավոր օպերատորի մասին:


«1956 թվականին մի հայտարարություն եղավ,- հիշում է Ստեփան Մարտիրոսյանը:- Շուտով բացվելու է Երևանի հեռուստատեսային ստուդիան»: Հավաքվել էին մի խումբ էնտուզիաստներ, և նրանք էլ, ըստ երևույթին, չէին պատկերացնում, թե ինչ է ստացվելու, ինչպիսին է լինելու այդ աշխատանքը:


Կար հեռուստատեսային խցիկ, տերմինոլոգիան կինոյից էր՝ կադր, լույս, կոմպոզիցիա... Սովետական Միությունում չկար ոչ մի բուհ, որ պատրաստեր հեռուստատեսային մասնագետներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսորներ... Կինոյի մասնագետները կասկածում էին՝ արժե՞ տեղափոխվել հեռուստատեսություն, ապագա կունենա՞ այդ նոր երևույթը:


Հիշում եմ հեռուստատեսության առաջին դիրեկտոր Ներսես Կագրամանյանին և ստուդիայի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր Մարատ Մարինոսյանին: Նրանք հեռուստատեսություն էին հրավիրում արվեստի հետ կապ ունեցող մարդկանց, որոնք սովորում էին նոր աշխատանքին տեղում, գործի ընթացքում:
Կինոստուդիայից հեռուստատեսություն եկավ հրաշալի մի մարդ՝ Գեորգի Տիրոսյանը՝ Տիրոսիչը: Նա քաջ ծանոթ էր ապարատուրային, լավ գիտեր կադր կոչվածը, լույս դնելը: Տիրոսիչը դարձավ հեռուստատեսության առաջին օպերատորը:
Ես կինո շատ էի սիրում, կինոն իմ կյանքն էր: ՈՒսմանս զուգահեռ աշխատում էի «Մոսկվայում» կինոթատրոնում որպես կինոմեխանիկ: Ես էլ որոշեցի գնալ հեռուստատեսություն: Եկա ու մնացի: Դա 1957 թվականն էր: Եվ ես համարում եմ, որ ծնվել եմ այդ թվականին:


Դժվար էր: Առաջին հաղորդումները լուսանկարներով էին, երբեմն կինոներդիրներով: Մենք որոնում էինք, պրպտում՝ ի՞նչ անենք, ինչպե՞ս անենք: Մեզ ոչ ոք չէր ստիպում, դա մեր միջի էնտուզիազմն էր: Պահածոյի բանկաներից լուսարձակներ էինք սարքում, լուսարձակներ չկային տաղավարը լուսավորելու համար: Մենք ավելի շատ լինում էինք ստուդիայում, քան տանը: Ստուդիան դարձել էր մեր տունը: Առավոտ շուտ էինք գալիս, իսկ տրանսպորտ չկար: Պատահական մեքենաներով բարձրանում էինք Նորք: Նախապատրաստվում էինք հաղորդումներին, տրակտային փորձեր էինք անում: Իսկ հաղորդումները սկսվում էին ժամը 18-ին: Քանի որ մենք աշխատում էինք ուղիղ եթերում, փորձում էինք շատ հստակ, որ եթերում սխալ չլինի, ավելորդ բառ չհնչի: Գլավլիտ կար:
Հաղորդումից հետո տուն էինք իջնում ոտքով, բայց ոգևորված էինք, որ մեծ գործ ենք կատարել:


Այն ժամանակ տեսագրություն չկար: Եվ այդ առաջին հաղորդումները չպահպանվեցին, իսկ նրանց մեջ հաջողվածները շատ էին: Մնում է, որ տարեց հեռուստադիտողները պատմեն երիտասարդներին այդ հաղորդումների մասին:
Բարեբախտաբար, մի ներկայացում մենք կարողացանք պահպանել: Դա «Սայաթ- Նովան» է: Ռեժիսորը Կիմ Արզումանյանն է, ես՝ բեմադրող օպերատորը: Շատերն ասում են, որ դա ֆիլմ է, բայց դա այդպես չէ. դա հեռուստաներկայացում է` վերցրած կինոժապավենի վրա: Եվ ես գիտեմ, որ տարին գոնե մեկ անգամ «Սայաթ-Նովան» կցուցադրվի: ՈՒրախ եմ և հպարտ: 50-ից ավելի գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի բեմադրող օպերատորն եմ՝ «Շիրակի մեղեդիները», «Խղճի ձայնը», «Հույսի խրճիթները», «Հարսնացու հյուսիսից», «Գլխավոր կոնստրուկտոր», «Հանդիպում մարշալի հետ»... Աշխատել եմ տաղանդավոր ռեժիսորների հետ:


Վիլեն Զաքարյանի հետ նկարահանել ենք համերգային համարներ Հովհաննես Բադալյանի, Բելա Դարբինյանի, Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ: Այն ժամանակ երգիչները նկարահանվում էին տաղավարում, կանգնած: Վիլենը դուրս բերեց երգիչներին բնության գիրկը, սրճարան, ծաղկի սրահ... Մենք այդ ժամանակ չգիտեինք «կլիպ» բառը, և ես համոզված եմ, որ Վիլեն Զաքարյանն է առաջին սովետական կլիպների հեղինակը: Վիլենը նաև առաջին սովետական շոուի հեղինակն է: Երբ Վիլենը առաջարկեց Աղասի Շաբոյանին նկարել «Գյումրվա հարսանիքը» բնության գրկում, վերջինս շատ ոգևորվեց: Եվ ստեղծվեց «Շիրակի մեղեդիները»: Ըստ իս, զուտ հայկական շոու:


Շատ եմ ափսոսում, որ Վիլենը տեղափոխվեց Մոսկվա:
Արտավազդ Փելեշյանը երևույթ է կինոյում: Նրա հետ աշխատելը հետաքրքիր է: Նա կտրուկ ու կարճ ասում է, թե ինչ է ուզում, և դու պետք է հասնես դրան:
Տոտալիտար երկրում նա կարողացավ ստեղծել իր գլուխգործոցները՝ «Մենք», «Մեր դարը» ֆիլմերը: Մենք նկարահանումներ ունեցանք տիեզերագնացների պատրաստման կենտրոնում, ֆիլմի խորհրդատուն տիեզերագնաց Բերեգովոյն էր: Պետք էր տեսնել, թե ինչպիսի հարգանքով ու համակրանքով էին ընդունում մեծ ռեժիսորին և նրա ստեղծագործական խմբին: Ներսես Հովհաննիսյանը շատ հանգիստ էր աշխատում, երբեք չէր գոռում: Աշխատեցինք համերաշխ: Ես տեսել եմ հիստերիկ ռեժիսորներ, ովքեր նույնիսկ աթոռ են կոտրել: Ներսիկը այդպիսիներից չէր:


«Հարսնացու հյուսիսից»-ը նկարում էինք նաև Մոսկվայում: Նկարահանումների ժամանակ Ժորա Հարությունյանը աշխատում էր նաև սցենարի վրա: Եվ որպեսզի դրամատուրգը լրիվ տրվի գործին, Ներսիկը «ՈՒկրաինա» հյուրանոցում մի լյուքս սենյակ էր վերցրել նրա համար, բանալին էլ պահել իր մոտ: Օրը երկու անգամ Ներսիկն ինքը գնում էր հյուրանոց, բացում էր դուռը և միասին քննարկում էին կատարած աշխատանքը: Նման բաներ էլ էին լինում:
Եկան 90-ականները: Ասպարեզ եկան տեսախցիկները, իսկ Ստեփան Մարտիրոսյանը նկարահանում էր կինոխցիկով կինոժապավենի վրա: Նա հաճախ էր ասում. «Տեսանյութը հավերժ չէ, 20-25 տարուց հետո այն կջնջվի կգնա»: «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում էլ համարյա գործ չկար: Ստեփան Մարտիրոսյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում:
«Երանի էն օրերին,- ասում էր նա,- գործի մեջ էինք: Դժվար է առանց գործի, ահավոր դժվար... ՈՒժ կա, միտք կա, դեռ կարող ես օգտակար լինել, իսկ հեռուստատեսության նորելուկ ղեկավարներին, պարզվում է, այսօր տաղանդը, նվիրվածությունը պետք չեն: Նրանք, ըստ երևույթին, այլ կատեգորիաներով են ապրում, արժեքները փոխվել են: Կարևորը շահն է»:
Եվ զարմանալի չէ, որ այսօրվա եթերը գորշ է ու գռեհիկ: Իսկ Ստեփան Մարտիրոսյանն իր փորձով, ճաշակով, խորհուրդներով գուցե մեղմացներ եթերային գռեհկությունը:
Ինչպես շատ շատերը հեռուստանվիրյալներից, նա հեռացավ կյանքից վիրավորված: Վիրավորված ու չգնահատված:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ