Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությանն ընդառաջ. ներքին առաջնություններ

Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությանն ընդառաջ. ներքին առաջնություններ
18.09.2018 | 02:03

Արձակուրդից վերադարձած «Իրատեսի» համար, բնականաբար, նախապատվելի թեմաների շարքում կշարունակի մնալ ֆուտբոլը, Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղարկությունների միջակայքում ընկած հատվածում՝ ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները: Իհարկե սա չի նշանակում, որ մեր ֆուտբոլն անտեսված կլինի: Բնավ: Դրան համազոր ուշադրություն կդարձվի նաև համաշխարհային սպորտի այլ ակնառու իրադարձություններին ու դրանցում հատկապես հայ տարրի մասնակցությանը՝ անկախ ներկայացրած երկրից: Այսքանից ետքն անցնենք նրան, ինչից սկսեցինք, բայց ոչ այն տրամաբանությամբ, որ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին է:

ԻՍՊԱՆԻԱ
Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում երկրի գործող չեմպիոն «Բարսելոնը» «Սան Սեբաստիան» մարզադաշտում հյուրընկալվել էր «Ռեալ Սոսիեդադին»: Դաշտի տերերին հաջողվել է խաղի առաջին կեսն ավարտել իրենց օգտին, սակայն երկրորդ խաղակեսում կատալոնացիները նախ վերականգնել են հաշվի տարբերությունը, այնուհետ և առաջ անցել ֆրանսիացի ՈՒսման Դեմբելեի հարվածից հետո:
Չորս անընդմեջ հաղթանակից հետո «կապտանռնագույնները» միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Տեղեկացնենք, որ տուրի հանդիպումում մինչ այդ բացառապես հաղթանակներ ունեցող Մադրիդի «Ռեալը» բասկերի մայրաքաղաք Բիլբաոյում 1:1 է խաղացել տեղի «Աթլետիկի» հետ: Գործնականում «արքայականին» կարող էր հավասարվել յոթ միավոր ունեցող «Սելտան», եթե «Ժիրոնայի» հետ երեկվա ուշ երեկոյան կայացած արտագնա հանդիպումն ավարտեր հաղթանակով:

ԱՆԳԼԻԱ
Անգլիայի առաջնության 5-րդ տուրում երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանն ընդունել է «Ֆուլհեմին» ու հաղթել երեք անպատասխան գնդակի առավելությամբ: Սա Գվարդիոլայի սաների չորրորդ հաղթանակն էր, 13 միավորով նրանք երրորդ հորիզոնականում են: Իսկ առաջատարները երկուսն են՝ սեփական հարկի տակ «Քարդիֆին» ջախջախած «Չելսին» (4:1, հեթ տրիկ է հեղինակել Էդեն Ազարը) ու արտագնայում «Տոտենհեմի» նկատմամբ 2:1 հաշվով առավելության հասած «Լիվերպուլը»: Երկուսն էլ առայժմ շահել են բոլոր մրցակցությունները:
Հիշատակենք նաև «Նյուքասլ»-«Արսենալ» դիմակայությունը: Լոնդոնցիները հանդիպումը շահել են 2:1 հաշվով, մեր Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղակեսում փոխարինել է Օբամեյանգին: 9 միավորով «Արսենալը» յոթերորդ հորիզոնականում է:

ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուս»-«Սասուոլո» դիմակայությունում դարպասի գրավումներն արձանագրվել են հանդիպման երկրորդ խաղակեսում: Թուրինցիներից երկու անգամ էլ աչքի է ընկել Քրիշտիանու Ռոնալդուն, որի նշանառությունը խախտվել էր Իտալիա գալուց հետո: Հյուրերը հանդիպման հավելյալ ժամանակում կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին չեն կարողացել անել: Չորս խաղից հետո միավորների առավելագույն քանակով թուրինցիները մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում են:
«Նապոլին» նվազագույն հաշվով առավելության է հասել «Ֆիորենտինայի» նկատմամբ և ինը միավորով հանգրվանել երկրորդ հորիզոնականում: Անհաջող մեկնարկի հետևանքները ոչ մի կերպ չի կարողանում շտկել «Ռոման»: Առաջին խաղակեսում հյուրերի՝ «Կիևոյի» նկատմամբ առավելության հասնելուց հետո երկրորդում իտալական «գայլերը» մսխել են երկու գնդակի առավելությունն ու բավարարվել մեկ միավոր վաստակելով: Նրանք հինգ միավորով ութերորդ հորիզոնականում են: Սկուդետեում յոթ միավորով առայժմ երրորդ հորիզոնականում է «Սասուոլոն», որին հաջողության դեպքում կարող է շրջանցել միանգամից չորս թիմ:

ԳԵՐՄԱՆԻԱ
11-մետրանոցից արագ գոլ ընդունելով՝ «Բավարիան» կարողացել է «Բայերի» հասցրած վիրավորանքին պատասխանել երեք պատասխան խոցումով ու 9 միավորով գլխավորում է բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդից վեցերորդ հորիզոնականները յոթ միավորով կիսում են Դորտմունդի «Բորուսիան (3:1 հաշվով պարտության է մատնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»), «Վոլֆսբուրգը» (տանը ոչ-ոքի՝ 2:2 է խաղացել «Հերտայի» հետ), «Հերտան», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (2:1 հաշվով հաղթել է «Շալկեին»), «Մայնցը» (պարտության է մատնել է «Աուգսբուրգին»՝ 2:1):

ՖՐԱՆՍԻԱ
Հիմնական մրցակիցներից տուրն անհամեմատ վաղ սկսած «Պարի Սեն Ժերմենը», ինչպես և վայել է երկրի չեմպիոնին, արդյունավետ խաղ է ցուցադրել՝ չորս անպատասխան գնդակի առավելությամբ սեփական հարկի տակ ֆուտբոլային դաս տալով «Սենտ Էտիենին»:
Սեփական հարկի տակ նույնպիսի գոլառատ հանդիպում է ունեցել նաև «Մարսելը»: Նրա զոհն է եղել ատամով թիմի համարում ունեցող «Գենգամը»: Հարավցիները տասը միավորով բարձրացել են երկրորդ հորիզոնական: «Արտագնայում բացառիկ մարտական ոգի է դրսևորել «Լիլը»՝ ի վերջո կարողանալով 3:2 հաշվով կոտրել տանտերերի՝ «Ամիենի» դիմադրությունը: Նույնքան՝ 10 միավոր ունի և «Թուլուզը», որը սեփական հարկի տակ մեկական գնդակ է փոխանակել «Մոնակոյի» հետ ու չորրորդ հորիզոնականում է լրացուցիչ գործակիցների պատճառով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ