«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ադրբեջանը նետվում է Եվրասիա

Ադրբեջանը նետվում է Եվրասիա
22.09.2018 | 16:56

Ադրբեջանը իր արտաքին քաղաքական զարգացման լուրջ քայլ կատարեց: Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունների արդյունքներով հայտարարվեց, որ ՇՀԿ-ի ԱԳ նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն դիտորդի կարգավիճակ ստանալու Բաքվի հայտը: Ադրբեջանն ավարտեց կազմակերպությանն իբրև երկխոսության գործընկեր միանալու գործընթացը 2016-ին, ՇՀԿ-ում կարգավիճակի ենթադրյալ բարձրացումը անկասկած վկայում է համագործակցությունը խորացնելու նրա մտադրությունը: Այդ իրադարձությունը առանցքային է նաև այն պատճառով, որ մինչև վերջերս Բաքվում բանավիճում էին այդ կառույցի հետ համագործակցության հեռանկարների մասին, որ, որոշ փորձեգետների գնահատականով, «ծայրաստիճան բյուրոկրատացված է, կարիք ունի ոչ թե կազմի ընդլայնման, այլ արմատական բարեփոխման», որ «լավագույն դեպքում ՇՀԿ-ն ղեկավարվում է Չինաստանում և Ռուսաստանում մշակված դրույթներով ու կողմնորոշիչներով, իսկ վատագույն դեպքում` դրսից պարտադրված»: Եվ այդ իրավիճակում Ադրբեջանի համար «ավելի լավ է երկկողմ կապեր հաստատել, ոչ թե սողալ անդրազգային կառույցներ»:

Վերջերս «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն ասում էր. «ՇՀԿ-ն պանասիական ուղղվածության կազմակերպություն է: Հիմնական մասնակիցները պետություններն են, որ ձգտում են Ասիայի կենտրոնական-արևելյան հատված: Ադրբեջանը հեռու է ՇՀԿ-ի հիմնական աշխարհագրական կենտրոնից: ՇՀԿ-ի հետ համագործակցության ակտիվացումից Բաքվի գործնական օգուտը դեռ չի երևում»: Ավելին` World Politics Review-ն հաստատում է, որ մի կողմից «ՇՀԿ-ի տնտեսական բաղադրիչը գաղտնիք չէ` մասնակիցներն արձանագրել են, որ կշարունակեն Զարգացման հիմնադրամի ու Զարգացման բանկի ստեղծումը, աջակցություն են հայտնել Չինաստանի ամենամասշտաբային ենթակառուցվածքային նախաձեռնությանը` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծմանը», մյուս կողմից ՇՀԿ-ի ղեկավարները հասկացնում են, որ մտադիր են դառնալ հարթակ, որտեղ կարող են աշխատել անհաշտ մրցակիցները: Հնդկաստանն ու Պակիստանը ստացել են լիիրավ անդամների կարգավիճակ, թեպետ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ անդամներ են, համարյա երեք տասնամյակ վիճում են Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ: ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ Երևանի համար ՇՀԿ-ում մասնակցությունը ևս մեկ տրամաբանական քայլ է մասշատաբային ինտեգրացիոն գործընթացների կողմը: Իսկ Ադրբեջանի՞ համար: Բաքուն հրաժարվում էր ԵԱՏՄ-ի անդամակցության գաղափարից` հայտարարելով, որ մտադիր չէ մի կառույցում լինել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով: Ուրեմն ինչու՞ է Բաքուն հիմա վճռել անտեսել այդ սկզբունքը և ձգտում է բարձրացնել իր կարգավիճակը ՇՀԿ-ում` այդ անդրազգային կառույցի լիարժեք անդամ դառնալու հեռանկարով: Որոշ փորձագետների կարծիքով` Ադրբեջանի շահերը ակտիվորեն լոբբինգ է անում Չինաստանը: Պատահական չէ, որ Մամեդյարովը Պեկինում խոսում էր Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ, Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների մասին, որ ստեղծվում են Բաքվի մասնակցությամբ: Դա պրագմատիկ մոտեցում է, հեռանկարների ու հնարավորությունների նոր գնահատական` ոչ միայն աշխարհի ազդեցիկ կազմակերպություններից մեկի ներսում կատարվող գործընթացների մուտք ստանալու համար, այլև Շանհայի «ընտանիքի» հետ հաագործակցության նոր ճանապարհներ բացելու` տարբեր ինտեգրացիոն նախագծերի համադրման ու ասիական շուկաներ ելքի համար: Իսկ ապագայում գուցե ուրվագծվեն ՇՀԿ-ի կոնկրետ ծրագրերը Անդրկովկասի վերաբերյալ: ՇՀԿ-ում կարգավիճակային մրցավազքում Ադրբեջանը սկսել է վազանցել Հայաստանին: Գուցե Ռուսաստանը պետք է կարգավորի խախտվող հավասարակշռությունը (տեղեկություն կա, որ դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Երևանի հայտը կասեցնում է Պեկինը): ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակը Բաքվին թույլ կտա ակտիվորեն միանալ կազմակերպության բազմակողմանի ու բազմազան գործունեությանը` գործակցության մեխանիզմներին մասնակցելով, իսկ հարմար ձևաչափում ինտեգրվելով եվրասիական տնտեսական սխեմաներին` չկորցնելով եվրոպացի գործընկերներին, որոնց հետ կապված է էներգետիկ, տրանսպորտային ու այլ նախագծերով: Պարզ չէ` կհաջողվի՞ ՇՀԿ-ին մերձեցնել Ադրբեջանի ու Հայաստանի դիրքորոշումները ղարաբաղյան ուղղությամբ: Բաքուն ու Երևանը ԵԱՀԿ անդամ են, այն սկզբունքները, որ հռչակել է ՇՀԿ-ն, համարյա պատճենված են ԵԱՀԿ-ից: Ու` ոչինչ: Պետք չէ բացառել, որ ՇՀԿ-ի հարթակը մինչև ինչ-որ պահը կդառնա քաղաքական մենամարտերի վայր Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով, թեպետ Բաքվի նոր ռազմավարական ընտրությունը կարող է հանգեցնել այդ ուղղությամբ նոր լուծումների:
Ստանիսլավ Տարասով. REGNUM


Հ.Գ. Թերևս Բաքվի «նոր ռազմավարական ընտրության» վկայություն են… Բաքվում ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգ» ծրագրի շրջանակում զորավարժություննե՞րը: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ առաջին աստիճանի ուղղաթիռային գնահատման զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին: Զորավարժությունների ժամանակ ՆԱՏՕ-ի չափանիշներով գնահատվել են տարբեր առաջադրանքների իրականացման արդյունավետությունը, սարքավորումների, հաղորդակցման հարմարվետությունը և զույգ ուղղաթիռների օպերացիոն հնարավորությունները: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլլերը երկու օր առաջ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը: Ալիևն էլ երեկ հայտարարեց, որ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, բացի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Ու ի՞նչ կապ ունի ՇՀԿ-ն: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեկ հարթակ կա` ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իսկ Բաքուն ՇՀԿ-ում ընդամենը շուկա է որոնում ու շատ արագ շահերի բախում է ստեղծվելու Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ