Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ծնծղաները լռեցին, ծափերն ավարտվեցին, ի՞նչ մնաց

Ծնծղաները լռեցին, ծափերն ավարտվեցին, ի՞նչ մնաց
25.09.2018 | 14:01

Հիմա միայն բթամիտները չեն հասկացել, որ սև-սպիտակը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջին ելույթում հայտնվեց իբրև Նիկոլ Փաշինյանի ծրագիր ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ էր որոշված ԱԺ արտահերթ ընտրությունների արագացումը: Պարզապես պետք էր, որ պատկերը ստեղծվի ոչ իբրև Նիկոլ Փաշինյանի ցանկություն, այլ` ժողովրդի կամք: Որոշումը իրականացնելն այնքան էլ բարդ չէր, և Նիկոլ Փաշինյանը անկեղծ էր իր բոլոր ելույթներում` նա քանիցս հրապարակավ հայտարարեց, որ սև-սպիտակի բաժանումը ստիպեց քաղաքական ուժերին անկեղծանալ, իսկ դա նշանակում է` նրանք կուլ տվեցին խայծը և ստիպված էին պաշտպանվել ու պաշտպանել իրենց արժեքները: Նրանց այլ ճանապարհ չէր էլ մնում: Ավագանու ընտրությունները Աժ արտահերթ ընտրությունների նախերգանքն էին` ուղղակի իմաստով: Եվ դա Նիկոլ Փաշինյանը հաստատեց Նյու Յորքից` ասելով, որ Երևան վերադառնալուց հետո քաղաքական և ոչ քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցությունների՝ հասկանալու, թե ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում են հասնում արտահերթ ընտրությունների: Հայտարարությունը հնչեց իհարե ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով` դա արդեն ավանդույթ է:
Ավանդույթ չէր, բայց ստացվեց, որ ավագանու ընտրություններում չհաղթած ուժերը շնորհավորեցին հաղթողին` հենց գիշերը առաջին քայլն արեց Արտակ Զեյնալյանը` գնալով «Իմ քայլի» շտաբ: Հաջորդ օրը արդեն բոլորն էին Հայկ Մարությանին շնորհավորում:
Քաղաքական ուժերը շտապեցին հայտարարություններ անել:
Ի՞նչ էին նրանք ասում:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին` հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Իսկապես` ինքն իրեն շնորհավորելու պատճառ չուներ, «Լույսին»` նույնպես: «Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը, այդուհանդերձ, ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին՝ սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորիս», - հայտարարեց նա: Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակում ընդգրկված Վահե Էնֆիաջյանը ասաց, որ ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներին մասնակցելու և երբ քննարկումները լինեն, պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգան: Նա գտնում է, որ պետք է «քննարկել թե քաղաքական մասը, թե տեխնիկական հատվածը»: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ` «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, կարծում եմ, ընտրություններից հետո պետք է հետևություն անի»:


ՀՅԴ ԳՄ-ն հայտարարեց. «Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե քարոզարշավի և թե արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են։ Ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել մեր բոլորի երազած Երևանն իրականություն դարձնելու գործին»։ Նրանք նույնպես ԲՀԿ-ին ու «Լույսին» չշնորհավորեցին: ՀՅԴ-ն պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` ասաց Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` հիմնավորելով. որ արտահերթ ընտրությունների գաղափարն ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում, որին կողմ է քվեարկել ՀՅԴ-ն:
«Երկիր Ծիրանին» հայտարարեց. «Երևանի բնակիչները, անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին` «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում: Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ: Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ»:


Փաստորեն` Զարուհի Փոստանջյանը շնորհավորեց միայն երևանցիներին:
Ի թիվս մյուս քաղաքական ուժերի` հայտարարություն արեց նաև ավագանու ընտրություններին չմասնակցած ՀԱԿ-ը` շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին, նրան աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին: Ըստ ՀԱԿ-ի`
լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը և գործընթացները առաջնորդելու պատրաստակամությունը, ինչը գլխավոր գրավականն է, որ Հայաստանն ընթանալու է զարգացման և առաջընթացի ուղիով, ժողովուրդը վստահության քվե տվեց երկրի նոր իշխանության հռչակած օրակարգին՝ ապրիլյան հեղափոխությունից հետո նախաձեռնած արմատական փոփոխությունները շարունակելու գործում։ Անցնելով ազատ, արդար և օրինական՝ այս ընտրությունները կարևոր նախադրյալ դարձան Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Ժողովուրդը իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջ պահանջ դրեց շուտափույթ անցկացնել Աժ արտահերթ ընտրություններ և ձևավորել լեգիտիմ խորհրդարան։ «Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել ժողովրդի պահանջին։ Երկրի առջև ծառացած խնդիրները լուծելը, հատկապես՝ երկրի կայունությունն ապահովելը, արտաքին մարտահրավերներին դիմակայելը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ու արցախահայության ազատությունն ու անկախությունը երաշխավորելը, տնտեսության վերափոխումն ու զարգացումն ապահովելը, իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելը անհնար է, եթե օր առաջ չձևավորվի օրինակարգ, ժողովրդի բարձր վստահությունը վայելող խորհրդարան։ ՀԱԿ-ը առաջիկայում իր բոլոր ջանքերը կներդնի այդ խնդիրը լուծելու գործին»` հայտարարել էր ՀԱԿ-ը, որ փաստացի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է։


Եվ միայն ՀՀԿ-ն դիսոնանս մտցրեց ներդաշնակության մեջ: Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Հարցին՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց մենք, ինձ թվում է, Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետև մինչև ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Եվ ինձ թվում է, որ մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը»:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև քաղաքական անորոշություններն, ըստ էության, արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, և կարծում եմ, որ այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որն այսօր գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայն դեպս ոչ այնքան ձայն, որը կարելի է բավարար համարել՝ խորհրդարանում գործունեությունն այսպիսի կազմով շարունակելու համար։ Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նրանք նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած ուժերին, որպեսզի նրանք լինեն խորհրդարան, ձևավորեն խորհրդարանական մեծամասնություն, ընտրեն վարչապետ և, ի վերջո, հայաստանյան կյանքը, Հայաստանյան քաղաքական պրոցեսները լիարժեք կենտրոնանան տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ։ Այս առումով, կարծում եմ, իսկապես շատ կարևոր ժամանակաշրջան ենք մտնում»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ է հետևում այս ամենից.
1. Նիկոլ Փաշինյանը պահպանում է թավշե հեղափոխության պարգևած գերբարձր վարկանիշը և շտապում է կապիտալացնել վարկանիշը` որոշակիություն մտցնելով իշխանության ամբողջ համակարգում:


2. Քաղաքական դաշտը պատրաստ է բանակցությունների, բոլոր կուսակցությունները, ներառյալ ՀՀԿ-ն, քննարկումներին համաձայն են: Հարցը ելակետն ու վերջնանպատակն է:


3. Ավագանու ընտրությունները վկայեցին, որ հին քաղաքական համակարգը պահանջարկ չունի` ոչ ավանդական կուսակցությունները, ոչ երրորդ հանրապետության օրոք ստեղծված, ոչ նորահայտ: Դա նշանակում է` քաղաքական բացահայտ ճգնաժամ և արժեքների վերագնահատության անհրաժեշտություն: Սա նորություն չէր, բայց արդեն խնդրի լուծման ժամանակն է:


4. Աժ արտահերթ ընտրություններին ևս մասնակցելու են բազում հին ու նոր կուսակցություններ` անկախ ավագանու ընտրության արդյունքներից: Դա մի կողմից ապահովելու է ընտրություններում բազմակարծությունը, մյուս կողմից փոշիացնելու է ձայները: Քաղաքական դաշտի առաջ խնդիր է դրված վերաձևակերպումը, նոր դաշինքների կազմավորումը, բայց ժամանակը կարող է լուրջ քայլերին չհերիքել:


5. Փաստացի` ԱԺ արտահերթ ընտրություններում է լուծվելու «սևերի» ու «սպիտակների» հարցը: Բայց միմյանց հակադրվելը հանգեցնելու է դաշտում ինքն իրեն միակ «սպիտակ» համարող ՔՊ-ի սևանալուն, իսկ «սևերը» իրականում շատ բազմագույն են և ժամանակ է պետք` իրական գույնը հասկանալի ու հասանելի դարձնելու համար:


6. Եթե Աժ արտահերթ ընտրությունները արագանում են ու արդեն այս տարի են տեղի ունենում, ինչպե՞ս է լուծվում սահմանադրական փոփոխությունների հարցը: Տրամաբանական կլիներ, որ այդ հարցը մնար ընտրություններից հետո լուծվելու` Սահմանադրությունը պետք չէ վերածել ամեն մի իշխանության անձնական խաղալիքի, որ քանդում ու հավաքում է իր շահերի թելադրանքով:


7. Վարչապետի հետ քննարկումներում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերից արտահերթ ընտրություններին հակադրվելու մտադրություն արտահայտել է միայն ՀՀԿ-ն: Դա ճիշտ լուծում է թվում այսօրվա տեսակետից, բայց սպանում է կուսակցության ապագայի հեռանկարները: ՀՀԿ-ն իր գոյության ամենածանր խնդրի առաջ է կանգնած` դառնալ ինքնանպատա՞կ ուժ, թե՞ վերադառնալ ակունքներին: Սերժ Սարգսյանի գործոնը արգելակում է ինքնուրույն քաղաքական որոշում կայացնելու հնարավորությունը:


8. «Հեղափոխություն»-«հակահեղափոխություն» խաղը չի ստացվում` «հակահեղափոխականները» ռեսուրս չունեն քաղաքականության մեջ իրենց դերն ունենալու: Ռոբերտ Քոչարյանի բոլոր հայտարարություններն ու քաղաքական հայտերը ընդամենը ինքնապաշտպանություն են և ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ նրա հետ չի համագործակցի, նոր կուսակցություն ստեղծելը չի ստացվի: ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցության միայն մեկ ձևաչափ ունի` հարցազրույցը:


9. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` ընտրողների 46 տոկոսը չի մասնակցել ընտրության: Համապարփակ էյֆորիայի պայմաններում դա շատ մեծ տոկոս է, եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը ավագանու ընտրությունը վերածել էր հեղափոխությանը և իր անձին վստահության հանրաքվեի: Այլախոհների 46 տոկոսը այն դաշտն է, որ գործողության տեղ է թողնում իրավիճակի այլ գնահատական ունեցող և խնդիրների այլ լուծումներ առաջարկող կուսակցություններին: Դատելով ընտրությունների արդյունքներից` այդ 46 տոկոսը կարող է դառնալ «Լույսի» ընտրախավը` ճիշտ աշխատանքի դեպքում: Այս պահին միայն «Լույս» դաշինքն է ադեկվատ գնահատում իրավիճակը ու առաջարկում այլընտրանքային լուծումներ` կոչելով քաղաքական դաշտը թշնամական խրամատների չվերածել, այլ ընդհանրությունների հիման վրա գործել:


10. Աժ արտահերթ ընտրությունների ամենախնդրահարույց գործոնը մնում է ընտրողը, որ դադարել է մտածել ու առաջնորդվում է կոչերով ու կերպարներով` շրջանցելով գաղափարն ու ծրագիրը: Ընտրողը դեռ չի սովորել լսել, լսելուց հետո հասկանալ, հասկանալուց հետո եզրակացություն անել և նոր միայն ընտրել: Ու դա թակարդ է բոլորի համար:

Դիտվել է՝ 2714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ