Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սթիվեն Հոքինգի վերջին «Փափկամազիկ սև անցքը»

Սթիվեն Հոքինգի վերջին «Փափկամազիկ սև անցքը»
14.10.2018 | 06:22

Սթիվեն Հոքինգի գործընկերները հրապարակել են նրա գիտական հոդվածը, որ գրում էր կյանքի վերջին օրերին: Հոքինգը հոդվածն ավարտել էր մահից մի քանի օր առաջ` այս տարվա մարտին, հոդվածը լրացրեց նրա համահեղինակ, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Մալկոլմ Փերին: Հոդվածը նվիրված է տեղեկատվական պարադոքսին` գիտնականը մի քանի տասնամյակ փորձում էր հասկանալ` ի՞նչ է կատարվում տեղեկատվության հետ սև անցքում: Հանրությանը Հոքինգին հայտնի է առաջին հերթին իբրև գիտությունը հանրաճանաչ դարձնող գիտնական: Նրա 1988-ին հրապարակված «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը համաշխարհային բեստսելլեր դարձավ: Ծանր հիվանդությունը, որ նրան ամբողջովին կաթվածահար էր արել, չխանգարեց դառնալ ամենահայտնի ու հարգարժան գիտնականներից մեկը:


Հոքինգի ու Փերիի հոդվածը կոչվում է Black Hole Entropy and Soft Hair («Սև անցքի էնտրոպիան և փափուկ մազիկները») ու շարունակում է բրիտանացի ֆիզիկոսի` սև անցքի բնույթին նվիրված ուսումնասիրությունները: Հոդվածի` առաջին հայացքից տարօրինակ վերնագիրը հղում է սև անցքի ֆիզիկական «մազեր չունենալու թեորեմին», որտեղ «մազերը» տեղեկություն են մատերիայի մասին, որը սև անցքը կուլ է տալիս ու չի վերադարձնում: Հոքինգի հաշվարկներով` սև անցքերը պետք է տարրական մասնիկներ ճառագայթեն ու ժամանակի հետ գոլորշիանան, սակայն դա հակասում է քվանտային մեխանիկայի ընդհանուր սկզբունքներին: Այդ հակասությունը ստացել է «տեղեկատվական պարադոքս» անվանումը, որի բացահայտման վրա գիտնականն աշխատում էր վերջին 40 տարիներին:
Վերջին աշխատանքը չի բացահայտում պարադոքսն ամբողջությամբ, բայց մատնանշում է բացատրության հնարավոր ճանապարհը` ի հաշիվ ֆոտոնների, որ շրջապատում են «անմազ» սև անցքի իրադարձությունների հորիզոնը: Հոքինգն ու Փերին այդ ֆոտոնային թաղանթն անվանել են «փափկամազիկ», որ հնարավորություն է տալիս դատողություններ անել սև անցքի էնտրոպիայի մասին, իսկ դա կարևոր քայլ է քվանտային գրավիտացիայի տեսության կառուցման համար:


Մալքոլմ Փերին Guardian-ին հարցազրույցում պատմել է, որ մարտին զանգահարել է Հոքինգին Հարվարդից, որտեղ աշխատում էր վերջին ձեռքբերումների մասին պատմող հոդվածի վրա: «Սթիվենի համար շատ դժվար էր շփվել ու միացրին բարձրաձայն կապը, որ ես կարողանամ նրան բացատրել` ինչքան առաջ ենք գնացել մեր հաշվարկներում: Երբ ես ավարտեցի, նա ժպտում էր: Ես նրան ասացի, որ մենք առաջընթաց ունենք, իսկ նա արդեն գիտեր վերջնարդյունքը»` վստահ է պրոֆեսորը: Մի քանի օրից Ստիվեն Հոքինգը վախճանվեց:
BBС


Հ.Գ. Տեղեկատվությունը երբեք ու ոչ մի տեղ չի անհետանում` սա ելակետ է, մատերիան անվերջ է, ոչ մի սև անցք չի կարող մատերիան կուլ տալ անվերադարձ` սա տեսություն է, իսկ գիտնականները պետք է ապացուցեն տեսության համապատասխանությունը իրականությանը: Եթե նույնիսկ չկարողանան, չի նշանակում, որ տեսությունը սխալ է, ընդամենը վկայում է, որ բավարար ապացույցներ դեռ չունեն և ամեն ինչ շարունակվում է` Սթիվեն Հոքինգի ժպտացել է հենց այդ պատճառով: Ու գուցե հիմա նա սև անցքի մասին գիտի ավելին, քան որևէ մեկը Երկրի վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ