Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տասը տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը

Տասը տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը
19.10.2018 | 02:17

Ապրիլ-մայիս ամիսներին «թավշյա հեղափոխություն» կոչված պետական հեղաշրջման արդյունքում իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանն անմիջապես «դուխով» անցավ իր բռնատիրական ռեժիմի հաստատմանն ուղղված քայլերին:
Առաջին «քայլերից» մեկը դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ աղանդավորական խաչակրաց արշավանքը: Թեկուզ և առանց խաչի` նորաթուխ, ավելի ճիշտ` ինքնաթուխ վարչապետն ու իր, աղանդավորներով և ԼԳԲՏ-քրիստոնյաների երկրպագուներով լեփ-լեցուն կառավարության գրանտակեր, նաև կաթնակեր անդամները, պաշտոնները ստանձնելիս «լայաղ» չարեցին երդվել Աստվածաշնչի վրա:


Կոռուպցիան «արմատախիլ» անելու դրոշով «քայլարշավը», սակայն, չանցավ հենց արմատների «վրայով», հայրենի կոռուպցիայի ՀՀՇ-ական հիմնադիր հայրերը «պատերին չծեփվեցին», և կոռուպցիայի դեմ «պայքարը» վերածվեց լենինյան սկզբունքով («էքսպրոպրիացվածի էքսպրոպրիացում» կամ հայերեն` թալանածի թալան) իրականացվող սեփականության վերաբաշխման, ավելին` պետական ռեկետի:
Եվ, իհարկե, «սիրով» ու «հանդուրժողականորեն» «իրավական պետություն է» հաստատվում, սև-սպիտակ քաղաքացիական հասարակություն:
Ողջ երկիրը «մինչև հիմքերը» քանդելու և «նոր Հայաստան» կառուցելու համար էլ սկսվեց «հակա»-ների որսը` «նախկինների» նկատմամբ ռեպրեսիաներ, քաղաքական հետապնդումներ, կադրային ջարդ: Մի խոսքով, «մեր դեմ խաղ չկա» (Վանոյի ականջը կանչի), իսկ ով ավել-պակաս խաղեր տա` «ասֆալտին կպառկեցվի»:
Շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Անդրադառնանք միայն նիկոլյան ռեպրեսիվ ռեժիմի ձեռնարկած կենտրոնական, ամենաաղմկահարույց գործին` «Մարտի 1-ի» վերաքննությանն ու այդ քննությունից առաջացող մի քանի հարցերի:
Նախ, հասարակությունը տարակուսեց, թե ինչու՞ միայն 2008 թ. մարտի 1-ի գործն է վերաքննվում, ինչու՞ ոչ նաև 1996 թվականի նույնանման իրադարձությունները: Կամ, ասենք, 1998 թվականի պալատական հեղաշրջումը: Արդյո՞ք նպատակը ինքնաարդարացման մեջ չէ: Չէ որ «Մարտի 1-ի» գործով Ն. Փաշինյանը դատապարտվել է և ազատության մեջ է հայտնվել ոչ թե դատարանի կողմից արդարացման որոշմամբ, այլ համաներումով միայն: Իսկ համաներումը, կարծես, տարածվում է իրենց մեղավոր ճանաչած դատապարտյալների վրա: Գուցե և սխալվեմ, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ գիտակցեր՝ «վերաբացելով» «Մարտի 1-ի» գործը, նա հարվածի տակ է առնում ոչ թե որպես մեղադրյալ ներգրավված Ռ. Քոչարյանին, այլ առաջին հերթին ինքն իրեն (ձեռքի հետ էլ կրկնակի` 1996, 2008 թթ. դեպքերի առնչությամբ, իր հոգևոր հորն ու ուսուցչին` Լևոն Տեր-Պետրոսյանին):


Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանի կողմից հատուկ դրություն մտցնելը բխում էր Սահմանադրությամբ ամրագրված պաշտոնեական լիազորություններից, ինչը, ըստ էության, ընդունել է նաև վերաքննիչ դատարանը:
Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, ինչպիսիք էլ որ դրանք լինեին, նախ և առաջ պատասխան քայլեր էին, հայելային պատասխան քայլեր Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած և հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ ձեռնարկված սահմանադրական կարգի տապալմամբ իշխանության յուրացման փորձին:
Թողնելով քննության դատին, թե ինչքանով էր խախտված հասարակական կարգը, գործու՞մ էին այդ պահին սահմանադրական նորմերը, թե՞ ոչ, խաղա՞ղ էին, արդյոք, զանգվածային ցույցերը, հատուկ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը կա՞ր, թե՞ ոչ, հարցնենք միայն` կարծիքը ազատորեն հայտնելու իրենց սահմանադրական իրավունքը իրականացնող ցուցարարները արդյո՞ք սահմանադրությամբ ամրագրված իրավունքն էին իրականացնում, երբ, փաստորեն, պահանջում էին չեղարկել նախագահական ընտրությունների արդյունքները օրինական ճանաչելու մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, ինչը վերջնական է և բեկանման ենթակա չէ: Եվ եթե նույնիսկ նման հակասահմանադրական պահանջը կար, արդյո՞ք հանրահավաքների կազմակերպիչներն ու մասնակիցները ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված «ժողովրդի իշխանությունը» իրականացնում էին այդ նույն հոդվածով նախատեսված ձևերով, և արդյո՞ք ՀՀ չափահաս բնակչության 50+1 տոկոսն էր հավաքված Մյասնիկյանի արձանի մոտ: Վերջապես, ի՞նչ էր, եթե ոչ սահմանադրական կարգի տապալում, երբ փաստորեն չէին գործում Սահմանադրության 2-րդ հոդվածի նորմերը (տես նաև՝ ՀՀ քր. օր. հոդ. 301.1. կետ 1):


Ստեղծված իրավիճակում, երբ տապալված էր սահմանադրական կարգը, երբ արդեն իսկ ցուցարարները զինվում էին մետաղյա ձողերով և արմատուրաներով, մեքենաները հրկիզվում էին, խանութները թալանվում, հասարակական կարգի վերականգնման, բորբոքված զանգվածներին հանդարտեցնելուն ուղղված ոստիկանության փորձերը կարող էին հանգեցնել զանգվածային բախումների, հղի էին երկրում լայնածավալ քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգով, նշված սպառնալիքները չեզոքացնելու համար Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրության երաշխավորի ուղղակի պարտականությունն էր դիմել ադեկվատ գործողությունների, ինչը և արվեց` սահմանադրական կարգը վերականգնելու, քաղաքացիական պատերազմի վտանգը չեզոքացնելու նպատակով հատուկ դրություն հայտարարվեց: Դա ՀՀ նախագահի՝ Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունն էր և իրավիճակից ելնող պաշտոնեական պարտականությունը: Հետևաբար այս գործողությունը օրինական էր: Անօրինական կլիներ հակառակը` ծանր հետևանքների հանգեցրած պաշտոնեական անգործությունը, անփութությունը:


Եվ, վերջապես, գիտակցու՞մ է Ն. Փաշինյանը, որ «Մարտի 1-ի» գործով իշխանությունը յուրացնելու նպատակով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով որպես մեղադրյալ պետք է ներգրավված լիներ ոչ թե իր լիազորությունների շրջանակներում ծառայողական պարտականությունները կատարած ՀՀ երկրորդ նախագահը, այլ առաջին հերթին այդ պահին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբի հետ, որոնց մեջ առաջիններից մեկն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր:
Երևի թե ոչ, չի գիտակցում, այլապես տասը տարի անց ապրիլ-մայիս ամիսներին նա չէր կատարի նույն արարքը, սակայն հայելային արդյունքով (իշխանության յուրացման 2008 թ. մարտիմեկյան անհաջող փորձի 2018 թ. մայիսյան ռեցիդիվը հաջողվեց):
Բայց հնարավոր է, որ շատ լավ էլ գիտակցում է, և «մարտի 1»-ի մեղքից մաքրվելու համար էլ վերաքննվում են 2008 թվականի մարտիմեկյան դեպքերը: Կհաջողվի՞ մաքրվել մեղքից, «մածունն ուտելով և ուրիշի վրա գցելու» եղանակով, թե՞ ոչ, դժվար է ասել: Ավելի շուտ` ոչ, քանզի մեղադրել նախկին նախագահին, թե նա տապալել է սահմանադրական կարգը և յուրացրել իրեն իսկ պատկանող իշխանությունը, զավեշտ է: Դա դեռ ոչինչ: Խնդիրն այն է, որ ախտը` 2008 թ. մարտի 1-ի և 2018 թ. մայիսի 8-ի դեպքերի երկվորյակությունը, ոչ մի կերպ չես կարող չտեսնել: Եվ այսօր փողոցի «ընտրյալ» վարչապետն ունի երկու ճանապարհ. կամ նա կմաքրվի «մարտի 1-ի» դատվածությունից և «կփակի» Ռոբերտ Քոչարյանին, կամ «մարտի 1-ին» կգումարվի ևս մեկ, այս անգամ «թավշյա» դատվածություն և նա կդառնա արդեն պետական հանցագործ-ռեցիդիվիստ: Կամ-կամ:

Իսկ ի՞նչ կասեն «թավշյա» հեղափոխությունից հետո երկրում օրենքի գերակայության հաստատման, իրավական պետության կայացման, դատական իշխանության անկախության, իրավապահ մարմինների անաչառության և, կարևորը, օրենքի առջև բոլորի, անկախ ազգանունից, նախկինում կամ ներկայում զբաղեցրած պաշտոնից, դիրքից, հավասարության քարոզիչները: Այնքան «դուխ» կունենա՞ն ասելու, որ սևը չի կարող սպիտակ լինել և ընդունեն իրավագիտության տեսակետից ակնհայտը, այն է` ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ ընթացիկ տարվա մայիսին պետք է քրեական գործ հարուցեր ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբի նկատմամբ երկրում սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու փաստի առնչությամբ:


Եկեք մտովի վերադառնանք մեր «թավշյա» գարնանը և վերհիշենք Փաշինյանի «դուբլը»:
Եվ այսպես, «գարուն էր, ձուն էր արել»: Ձմռան հետ անցավ նախագահական համակարգը, տեղը զիջելով նորին` խորհրդարանականին: Բայց համակարգերը գնում են և գալիս, իսկ Սերժ Սարգսյանը մնում: Այս անգամ չստացվեց: Սխալվեց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կողմից «դուխով» կազմակերպվեց հակակառավարական հասարակական անհնազանդության շարժում`սահմանադրական ճանապարհով ընտրված ՀՀ օրինական վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:
Վերջինիս հրաժարականից հետո, երբ շարժումը, կարծես, հասել էր իր նպատակին` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչը ակցիայի միակ պահանջն էր` «Մերժիր Սերժին», նրա կազմակերպիչներն ու մասնակիցները, թվում էր, պետք է բավարարված լինեին, անհնազանդության ակցիան դադարեցնեին, և Ազգային ժողովը նոր վարչապետ ընտրեր: Սակայն անհնազանդության շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իր նպատակին հասած ակցիան դադարեցնելու փոխարեն, շարունակեց այն, անմիջապես շրջանառության մեջ դնելով նոր կարգախոս` «Վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի ընտրյալ թեկնածուն», անթաքույց ինքն իրեն նկատի ունենալով: Այս ամենը կլիներ օրինական (քաղաքացիները իրականացնում են ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը), եթե այդ կարծիքը (առաջին փուլում` վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, երկրորդ փուլում` հանրահավաքի մասնակիցների «ընտրյալ թեկնածուին» վարչապետ ընտրելու պահանջը) արտահայտվեր, և անհնազանդության ակցիան, ընդհանրապես, իրականացվեր ՀՀ Սահմանադրության նորմերի պահպանմամբ, ՀՀ օրենքների շրջանակներում:


Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կազմակերպած ու ղեկավարած անհնազանդության շարժումն ընթացել է Սահմանադրության նորմերի ոտնահարումներով և ՀՀ օրենքների բազմաթիվ խախտումներով:
Քաղաքացիական անհնազանդության ակցիան կազմակերպած և գլխավորած ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած խումբը կատարել են հետևյալ սահմանադրախախտումներն ու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները:
ա¤ Ակցիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կոչերով և ուղղակի հրահանգներով Երևանում և հանրապետության այլ քաղաքներում փակվում էին փողոցները, ինչով ոտնահարվում էր քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 40): Դրանով ոտնահարվում էր նաև Սահմանադրությամբ ամրագրված նորմը. «Մարդը ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները» (հոդված 39): Ճանապարհների փակման պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ զրկված են եղել իրենց աշխատատեղերը հասնելու հնարավորությունից, բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների աշխատանքները կաթվածահարվել են կամ կատարվել են ոչ լիարժեք: Կազմակերպված, փաստացի` ստիպողական, պարտադրված, հարկադրված գործադուլների և դասադուլների արդյունքում նյութական վնասներ են կրել ինչպես առանձին քաղաքացիներ, այնպես էլ երկրի տնտեսությունն ընդհանրապես: Այսպիսով, կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով նախատեսված արարք` բռնություն գործադրելով (ճանապարհների փակման ձևով) մարդկանց պարտադրել են մասնակցելու գործադուլին:


բ¤ Անհնազանդության ակցիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում բազմիցս հանդես է եկել ՀՀ վարչապետի պաշտոնում «ժողովրդի ընտրյալ թեկնածուին» ընտրելու կոչերով: Այն հանգամանքը, որ հանրահավաքի մասնակիցներն ամենևին էլ ողջ ժողովուրդը չեն, այլ նրա մի մասնիկը միայն, որ վարչապետի թեկնածուն ներկայացվում է ոչ թե հանրահավաքի մասնակիցների, այլ ժողովրդի (այդ թվում նաև հենց հանրահավաքի մասնակիցների) ընտրյալների` Աժ պատգամավորների կողմից, հաշվի չեն առնվել: Հետևաբար վարչապետի պաշտոնում հանրահավաքի ընտրյալ թեկնածուին ընտրելու կոչերը իրենցից ներկայացնում էին ժողովրդի իշխանության իրականացման ձևերին վերաբերող նորմերի (Սահմանադրություն, հոդված 2) փաստացի վերացման կոչեր: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ կոչերը արվում էին փողոցների փակման, ինչպես նաև Աժ պատգամավորների հեռախոսահամարների և բնակության վայրի հասցեների հրապարակման (ինչը իրենից ուղղակի բռնություն գործադրելու սպառնալիք է ներկայացնում) պայմաններում, կարող ենք գրանցել, որ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում «ժողովրդի (հանրահավաքի) ընտրյալ թեկնածուին» ընտրելու կոչերը իրենցից ներկայացնում էին բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելուն, կառավարության լիազորություններին տիրանալուն, սահմանադրական կարգը տապալելուն (Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման նորմերի փաստացի վերացմանը) ուղղված հրապարակային կոչեր, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 301): Ոտնահարվել է նաև հիմնարար իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակով օգտագործման արգելքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 77):


գ¤ Նիկոլ Փաշինյանի գլխավորած անհնազանդության ակցիայի ընթացքում հրապարակվել են ԱԺ պատգամավորների անձնական տվյալները, հեռախոսահամարները և բնակության վայրի հասցեները, ինչով ոտնահարվել է ՀՀ քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 34), ինչը պատգամավորների վրա ճնշումներ, բռնություն գործադրելու անթաքույց սպառնալիք էր ներկայացնում: Դրան պետք է գումարել փողոցների փակումով, այսինքն բռնությամբ, պատգամավորներին ազատ տեղաշարժվելու, աշխատանքի վայր հասնելու և իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկելը: Այսպիսով, բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվել և կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով նախատեսված արարք` Ազգային ժողովին պարտադրվել է ՀՀ նոր վարչապետի պաշտոնում ընտրել հանրահավաքի թեկնածուին, որը ձևականորեն ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» պատգամավորական խմբակցության անունից:


դ¤ Ճնշումներ և բռնություններ գործադրելու (ճանապարհների փակում), բռնություն գործադրելու սպառնալիքի (պատգամավորների անձնական տվյալների հրապարակում) միջոցով Ազգային ժողովին պարտադրվեց վարչապետի պաշտոնում ընտրել Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով, հանրահավաքում ներկայացված անձին: Այսպիսով, փաստացի վերացվել և դադարեցվել է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման նորմերի գործողությունը, կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք` սահմանադրական կարգի տապալում (ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 300.1):
ե¤ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած խումբը զավթել են իշխանությունը` բռնություն գործադրելու (ճանապարհների փակում) և բռնություններ գործադրելու, սպառնալիքի միջոցով (Աժ պատգամավորների հեռախոսահամարների ու բնակության վայրի հասցեների հրապարակում), ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով (հանրահավաքում վարչապետի թեկնածու առաջադրելը, պարտադրված գործադուլներն ու սաբոտաժը) տիրացել է կառավարության լիազորություններին, ինչով կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք` իշխանության յուրացում (ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 300):

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով ՀՀ Սահմանադրության նորմերը, իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչերով, կազմակերպել է այդ նպատակով զանգվածային ակցիաներ և գործողություններ, տապալել է սահմանադրական կարգը, բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, պարտադրելով Ազգային ժողովին ընտրություն կատարելու, տիրացել է վարչապետի լիազորություններին, յուրացրել է իշխանությունը:
Նշված փաստերի հիման վրա (ինչպես նաև՝ սույն հրապարակման) ՀՀ դատախազության օրենսդրությամբ նախատեսված ուղղակի պարտականությունն է քրեական գործ հարուցելու կամ հարուցումը պատճառաբանված մերժելու մասին որոշում կայացնելը (ՀՀ քր. դատ. օր. հոդված 176): Ի դեպ, եթե դատախազությունը նման որոշում չի կայացնում, պետք է գործի ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածը (պաշտոնեական անփութություն):
Պետք է նաև հիշել, որ երկրում, այնուամենայնիվ, նախագահ էլ գոյություն ունի, որն օժտված է Սահմանադրության պահպանմանը հետևելու լիազորությամբ (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 123, կետ 2): Նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու իր պարտականությունը, ոչ մի կերպ չի հակադրվել Ն. Փաշինյանի և նրա գլխավորած խմբի թույլ տված սահմանադրախախտումներին, ոչինչ չի ձեռնարկել դրանք կանխելու համար և պետք է պատասխանատվություն կրի ծանր հետևանքների` սահմանադրական կարգի տապալմանը և իշխանության յուրացմանը հանգեցրած պաշտոնեական անփութության համար:


Այսքանը իշխանության յուրացման նպատակով երկրում սահմանադրական կարգի տապալման Նիկոլ Փաշինյանի «դուբլի» մասին (2008, 2018 թթ.): Բայց սա իր «կնքահոր» ռեկորդի (1996, 2008 թթ.) կրկնությունն էր միայն: Այս օրերին Նիկոլ Փաշինյանը նոր ռեկորդի` «հեթ-թրիկի» է գնում: Նորից շրջափակումներ, ճնշումներ ԱԺ պատգամավորների վրա, պարտադրված որոշումներ կորզելու փորձեր… Մենիշխանության հաստատմանը միտված պայքարում նորից փողոց են հանվել ժողովուրդ կոչված, լյումպենացված զանգվածները: Ն. Փաշինյանը, արդեն երկրի ղեկավարի կարգավիճակում, անթաքույց սպառնալիքներ է հղում իշխանության օրենսդիր մարմնին, շրջանառության մեջ է դրված «հակահեղափոխականներ» տերմինը, խամաճիկ քաղաքական մեկնաբաններն արդեն հրապարակավ քարոզում են անօրինականության գերակայությունը: Բացահայտ ակնարկվում է, որ եթե ԱԺ-ն չի զիջում փողոցի ճնշմանը, ապա «թավշյա» հեղափոխությունը կշարունակվի ամենևին էլ ոչ թավշյա միջոցներով, որ հեղափոխությունը պետք է շարունակվի «հեղափոխության օրենքների» պայմաններում (նորից Լենինի ուրվականը` հեղկոմներ, «տրոյկաներ», չեկաներ, հեղտրիբունալին էլ կփոխարինի լինչի դատարանը, որը որոշումներ կկայացնի հանրահավաքներում «դուխովների» ծափահարությունների ձևով): «Հեղափոխական օրենքներն» արդեն ձևավորվում են` «անցումային արդարադատության» անվան տակ: Վերջապես չորս կողմից խոսվում է (հրահրվում է) հակահեղափոխական դիմադրության, հնարավոր բախումների, ընդհուպ՝ պատերազմի մասին:
Վերջապես ունե՞նք, թե՞ չունենք երկրի նախագահ, ունե՞նք, թե՞ չունենք երկրի գլխավոր դատախազ: Գիտակցո՞ւմ են, թե՞ չեն գիտակցում այդ պաշտոնյաները, որ այսօր երկրում արդեն իսկ տապալված է սահմանադրական կարգը` Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման նորմերը (ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով) չեն գործում, փաստացի վերացված են, իրավական համակարգում այդ նորմերի գործողությունը դադարեցված է (ՀՀ քր. դատ. օր. 300.1. հ.): Գիտե՞ն, թե՞ չգիտեն այդ երկու պաշտոնյաները՝ ի՞նչ են լիազորված անելու նման պայմաններում: Պատրա՞ստ են, թե՞ պատրաստ չեն օրենքի և ժողովրդի առջև պատասխան տալու իրենց պարտականությունները չկատարելու համար:


Մնում է հուսալ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես ականջալուր կլինի «վարչապետի» հորդորներին և կլծվի երկրում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված պայքարին` քրեական հետապնդում կիրականացնի բոլոր օրինազանցների նկատմամբ` անկախ դիրքից, պաշտոնից, անուն-ազգանունից` վերաբերի դա վարչապետին, նախագահին, թե երկուսին միասին:
Դե, ուրեմն, պարոն Դավթյան, «դուխո՛վ»:


Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Հայոց Տուն» մշակութային կենտրոնի նախագահ

Դիտվել է՝ 7405

Մեկնաբանություններ