«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թրամփը սպառազինությունների մրցավազք է սկսում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև

Թրամփը սպառազինությունների մրցավազք է սկսում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև
24.10.2018 | 11:11

ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի սառը պատերազմն ավարտվեց 1987-ի դեկտեմբերի 8-ին, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան ստորագրեցին փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը, որ նախատեսում էր ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր բոլոր միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության հրթիռային համակարգերի ոչնչացումը: Պայմանագրով նախատեսված էր փոխադարձ խիստ վերահսկողություն: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ստորագրման արարողության ժամանակ ասաց` «Վստահիր, բայց ստուգիր»` գրում է Հարրի Կազիանիսը The Hill-ում: Միջազգային քաղաքականության պատմությունը վկայում է` ոչինչ, նույնիսկ պատմական նշանակություն ունեցող պայմանագրերը, հավերժ չեն: 2018-ի հոկտեմբերի 20-ին հայտարարելով, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս պայմանագրից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկիզբ դրեց 21-րդ դարի սառը պատերազմին:

Այս անգամ ԱՄՆ-ը դիմակայելու է ոչ թե Ռուսաստանին, այլ` Չինաստանին, որ երբեք ոչ մի պայմանագիր չի ստորագրել հրթիռների վերացման մասին: Չինաստանը ստեղծում է ցամաքային տեղակայման հրթիռների նոր սերունդ, որ ուղղված է ԱՄՆ-ին ու նրա դաշնակցային բազաների, ռազմանավերի դեմ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Վաշինգտոնն առայժմ ոչինչ չի կարող հակադրել, որովհետև պետք է պահպանի պայմանագրով ստանձնած պարտավորությունները:


Չինաստանի հրթիռային զարգացող ուժերը հարուցում են ԱՄՆ ռազմական ստրատեգների անհանգստությունը վերջին տասնամյակում: Գուցե չինական ցամաքային հրթիռային սպառնալիքի ամենացայտուն օրինակը միջին հեռահարության երկաստիճանի «Դունֆեն-21» (DF-21) հրթիռն է, որ փորձագետներն անվանում են «ավիակիրների մահ»: Հրթիռը, որի ստեղծման աշխատանքները սկսվել են 1990-ականների կեսերից, Չինաստանի պատասխանն էր ԱՄՆ-ի ավիակիրների մարտական խմբին, որ տեղակայվել էին իր ափամերձ տարածքներում 1995−1996-ի թայվանյան ճգնաժամի ժամանակ: «Դունֆեն- 21»-ը կարող է հարվածել 1800 կմ հեռու գտնվող ռազմանավին, նպատակակետին հասնելիս հրթռի արագությունը մեծանում է: Հաշվի առնելով, որ Չինաստանը կարող է ապահովել այդ հրթիռների էժան արտադրություն, փորձագետները եզրակացնում են, որ ԱՄՆ-ի ավիակիրները բարոյապես հնացել են` ինչպես երկրորդ աշխարհամարտի գծանավերը: Իրավիճակը բարդացնում է, որ Չինաստանը ստեղծել է միջին հեռահարության բալիստիկ առավել մահաբեր DF-26 հրթիռը, որ կարող է թիրախը խոցել 3−4000 կիլոմետր շրջագծով: DF-26-ի վրա կարող է միջուկային մարտագլխիկ տեղակայվել: Ռազմական վերլուծաբանները այդ հրթիռն անվանել են «Գուամի մահ», որովհետև կարող է հարվածել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզուն, որի վրա ԱՄՆ-ի ռազմածովային ու ռազմաօդային բազան է:

Թեպետ Վաշինգտոնի դուրս գալը պայմանագրից կարող է լրացնել փոքր ու միջին հեռահարության հրթիռների պակասը, կարող է նաև մահացու մրցավազք սկսել Ասիական-Խաղաղօվկիանոսյան ու Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Երբ ԱՄՆ-ը ստեղծի չինական հրթիռային համակարգերին համարժեք ցամաքային հրթիռներ, Պեկինը կարող է ավելի կատարելագործել իր համակարգերը: Կողմերը կարող են մեծացնել հակահրթիռային պլատֆորմերի թիվը` փոխհատուցելու միմյանց աճող հարձակողական հնարավորությունները: ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի միջև սպառազինությունների մրցավազքի դեպքում պաշտպանական բյուջեները կմեծանան: Իսկ դա կարող է ավելի ապակայունացնել երկկողմ հարաբերությունները, որ վերջին 2 տարում շարունակում են վատանալ: Սակայն դա չի նշանակում, որ բոլորը պիտի հաշտվեն իրադարձությունների զարգացման այդ սցենարին: Առավել հավանական է, որ պայմանագրից դուրս գալու Թրամփի փորձը պայմանագիի պայմանների փոփոխության հասնելու հերթական հնարքն է: Պայմանագրում նշվում է, որ կողմերը պետք է միմյանց 6 ամիս առաջ տեղեկացնեն պայմանագրից դուրս գալու մասին: Վաշինգտոնը կես տարի ունի Մոսկվայի ու Պեկինի հետ աշխատելու ու նոր պայմանագիր ստեղծելու համար, որ կներառի 3 երկրներին:
The Hill


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մատնանշել է փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի կարևորությունը: ԵՄ-ն կոչ է արել Վաշինգտոնին ու Մոսկվային պայմանագիրը պահպանելու համար երկխոսություն վարել` գրում է Ouest-France-ը:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց. «Նման պայմանագրերից դուրս գալու քայլերը իրականության մեջ ավելի վտանգավոր են դարձնում աշխարհը»: Ֆեդերիկա Մոգերինիի մամլո քարտուղարը հայտարարեց. «ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է շարունակեն կառուցողական երկխոսությունը` պահպանելու պայմանագիրը և ապահովելու, որ նրա կատարումը ընդգրկուն լինի ու ստուգման ենթակա»:


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ ղեկավարությունն արձագանքել պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրությանը, պատասխանել է. «Մենք քննարկել ենք հարցը, ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հասկանում է, որ գլոբալ ենթատեքստում դա սառը պատերազմի ժամանակների պայմանագիր է, բայց տեխնոլոգիաները փոխվել են, աշխարհաքաղաքական իրականությունը փոխվել է, և մենք պետք է հաշվի առնենք այդ փոփոխությունները»: Բոլտոնը հինգժամյա բանակցություններ է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, հետո հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, երեքշաբքի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Մեզ անհանգստացնում են պայմանագրի խախտումները Ռուսաստանի կողմից, նրա հնարավոր գործողությունները եվրոպական թատերաբեմում: Մեզ անհանգստոցնում է նաև արևելաչինական թատերաբեմը, իրավիճակն Իրանում ու Մերձավոր Արևելքում»` ասել է Բոլտոնը «Коммерсант»-ին Պատրուշևի հետ հանդիպումից հետո և հավելել, որ ԱՄՆ-ը հիմա ավելի լավ է հասկանում ռուսական դիրքորոշումը ու ուզում է ճշտումներ անել:


ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի հայտարարությունը և պատասխան քայլերով սպառնացել: «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը, որ արգելում է Ռուսաստանին ու ԱՄՆ-ին ցամաքային տեղակայման միջին հեռահարության հրթիռներ ունենալ ու փորձարկել, 30 տարի եղել է եվրոպական անվտանգության ճարտարապետության կարևոր հիմքը»` հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը: Չինական իշխանությունները նկատել են, որ պայմանագրից միակողմանի դուրս գալը «բազմակողմ բացասական հետևանք» ունի: «Այդ պայմանագիրը կարևոր դեր խաղաց միջազգային հարաբերությունների կայունացման, գլոբալ ռազմավարական հավասարակշռության ու կայունության մեջ: Այսօր էլ պայմանագիրը առաջվա պես ծայրահեղ կարևոր նշանակություն ունի»` հայտարարեց Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ