Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գոմքում ամեն մեկը մի զբաղմունք գտել, ապրում է

Գոմքում ամեն մեկը մի զբաղմունք գտել, ապրում է
26.10.2018 | 02:17

Վայոց ձորի շատ բնակավայրերի նման Գոմք համայնքի առաջին բնակիչները Պարսկաստանի Խոյ նահանգի գյուղերից գաղթել են 1828 թվականին: Գոմքի մասին տեղեկությունները հիշատակված են Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» երկում։ Մեծանուն պատմիչը պարզել է, որ Գոմք գյուղը վեց չափ հարկ է տվել Տաթևի վանքին: Գյուղը եղել է ոչ շատ մեծ, սակայն աչքի է ընկել 1263 թ. կառուցված Սուրբ Գևորգի մատուռով: Երկար դադարից հետո Գոմքի մասին պատմությունը շարունակվում է 1989 թվականից, երբ այն վերաբնակեցվեց Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից և այլ վայրերից մազապուրծ փախած, ինչպես նաև աղետի գոտուց տեղափոխված հայերով:


2016 թ. Վայոց ձորի 44 համայնքի միավորումից ձևավորված 8 համայնքներից մեկի՝ Զառիթափի փնջում ընդգրկված Արտավան, Սարավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ բնակավայրերի խնդիրները գրեթե նույնն են՝ խմելու և ոռոգման ջրի, անբարեկարգ փողոցների և լուսավորության թերի իրականացում, նվազ բյուջե և հազար ու մի հարց:

ԳՈՄՔՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՄԻ ՔԻՉ ՈՒՐԻՇ Է
Գոմքի վարչական ղեկավար ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ համոզված է, որ Գոմքում կյանքը մի քիչ ուրիշ է, որ Զառիթափի մյուս բնակավայրերի համեմատ իրենց համայնքը մի քանի քայլ առաջ է:
Գոմքն ունի 103 գրանցված ծուխ, թեև իրականում 93-ն է, իսկ 287 բնակչից ներկայումս ապրում է 235-ը: Մինչև 2012 թ. համայնքում կյանքը լճացած էր, սակայն վերջին տարիներին Մխիթար Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ստեղծված երիտասարդ թիմը միջազգային մի քանի կազմակերպություններից ձեռք բերած դրամաշնորհներով 25 մլն դրամի ներդրում է իրականացրել, կառուցվել են խմելու ջրագիծ, խաղահրապարակ, երեխաների համար ցերեկային ժամանցի կենտրոն: Դպրոցում սովորում է 28 աշակերտ, իսկ գյուղի մանկահասակ 11 երեխաներին Զառիթափի մանկապարտեզ հաճախելու համար նախատեսվում է տրամադրել ավտոբուս:

«ԷՍ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՍՐՏՈՎՍ ՉԻ, ԱՐՏԱԳԱՂԹԸ ՇԱՏԱՆՈՒՄ Ա»
Մխիթար Հովհաննիսյանի կարծիքով՝ փոքր համայնքների համար խոշորացումն անհրաժեշտ էր, այն, ինչ հնարավոր չէր լուծել տեղական փոքր բյուջեով, կենտրոնացված համայնքը կհոգա, որպեսզի ընդհանուր բյուջեն բաշխվի համաչափ:
Սակայն Գոմքում այլ կարծիքի են: Բնակիչների կարծիքով՝ համայնքների խոշորացումը խթանում է արտագաղթը, բացի այդ, համայնքները ո՛չ ավելի լավ ճանապարհներ կունենան, ո՛չ կգազաֆիկացվեն, ո՛չ էլ կլուծվեն գյուղերի ջրամատակարարման խնդիրները: Հակառակը` փակվել են շատ աշխատատեղեր, մինչդեռ քչից-շատից մարդիկ աշխատում էին համայնքի աշխատակազմում, իսկ խոշորացումից հետո շատերը զրկվեցին աշխատանքից:
«Ոնց նայում եմ, լավ բան չեմ տեսնում: Գյուղերն ավելի կդատարկվեն, հետո էլ ճանապարհների հարց կա, Գոմքը 17 կմ հեռավորության վրա է գտնվում Զառիթափից, մենք էլ հավատացինք, որ մեր անբարեկարգ ճանապարհները արագ-արագ սարքելու՞ են»,- ասում է բնակիչներից մեկը:

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԼՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՊԱԿԱՍԸ»
Գոմքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ: Գոմքի վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ անասնագլխաքանակը շատ էր, սակայն. «Գոմքի բնակիչները, առանց երկար-բարակ մտածելու, իրենց անասունները վաճառեցին պարսիկներին, իսկ երբ վերջերս կառավարությունը երաշխավորեց մսի շուկայի վերահսկումն ու բարելավումը, արդեն 4 ընտանիք որոշել է յուրաքանչյուրը 100 գլուխ ոչխար գնել ու բազմացնել: Գյուղում 400 խոշոր եղջերավոր անասուն կա: 2014-2025 թթ. հեռանկարային ռազմավարական ծրագրով գյուղին բարձր մթերատու երինջներ տրամադրվեցին, ստեղծվեց նաև կաթի մթերման ֆերմա: Գոմքի բնակչուհի Նունե Ավագյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Վանքաձոր» սառնարանային տնտեսությունը: Կանանց կոոպերատիվում ընդգրկված է 37 կին, որոնք իրենց ակտիվ աշխատանքով փորձում են լրացնել արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց պակասը»,- ասում է Մխիթար Հովհաննիսյանը:
Ի դեպ, սառնարանային տնտեսությունը հնարավորություն է տալիս պահպանելու առկա գյուղմթերքը` ոսկե ծիրան, կարմրաթուշ խնձոր, ամենահամով տեսակի լոբի ու աչք շոյող վարունգ, ինչպես նաև գազար, բազուկ և այլն: «Վանքաձոր» կոոպերատիվի այցեքարտն են ոչ ավանդական մշակաբույսերի և չրի արտադրությունները:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԲԱՅՑ ԿԱՄՈՒԿԱՑԻ ՄԵՋ ԵՄ»
Գոմքի դպրոցի հարևանությամբ գտնվող խարխուլ տանը բնակվում է գյուղում մնացած երեք երիտասարդներից մեկը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, հաշմանդամ վերադարձած, դպրոցի ռազմագիտության ուսուցիչ 22-ամյա ՎԱԶԳԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Ծնողները եկել են Կիրովաբադից: Այսօր ընտանիքում 10 հոգի են, Վազգենն իր ընտանիքով, ծնողների ու տատի հետ ապրում է ադրբեջանցիների թողած տներից մեկում: Տան «վերանորոգված» միակ հատվածը խոհանոցն է, մյուս սենյակները մութ են ու խոնավ: Նոր տուն կառուցելու հնարավորություն ու ցանկություն էլ չկա, հիմնովին վերանորոգելը մեծ ծախսերի հետ է կապված: Դպրոցից բացի Վազգենը զբաղվում է հողագործությամբ, մեղվապահությամբ, անասնապահությամբ, երբեմն էլ գյուղ եկած զբոսաշրջիկներին ձիով ուղեկցում է սարերը : Թեև 4 կով ու երեք հորթ ունեն, մի կտոր հողամաս, մեղուների մի քանի փեթակ, սակայն դարձյալ չեն կարողանում մարդավայել ապրել:


«Մեզ գյուղում օլիգարխ են ասում, ինչ ա թե մեծով-փոքրով աշխատում ենք օրնիբուն: Ինչի մեր տունը օլիգարխի տուն ա ՞: Վերանորոգելու համար վախենում եմ վարկ վերցնել: Մեղու եմ պահում, բայց մեղր առնող չկա, ստիպված բաժանում եմ բարեկամներին: Պատերազմից վիրավոր վերադարձել եմ, Մատաղիսում եմ ծառայել, ոչ մի իրավունքից չեմ օգտվում, դիմել եմ մեր շրջանի զինկոմին, ասում է՝ դիմիր պաշտպանության նախարարությանը: Մեր էս աշխարհից կտրված գյուղից աշխատանքս թողած քանի՞ անգամ գնամ Երևան ու գամ, որ մի հարց լուծվի, հրաժարվել եմ էդ մտքից: Գազ չկա, հույս էլ չունենք , թե կունենանք, փայտ ենք վառում, որը՝ մեր այգուց, որն էլ առնում ենք: ՈՒզում եմ գնալ Ռուսաստան, հետո ընտանիքս ու ծնողներիս կտանեմ, բայց դեռ կամուկացի մեջ եմ»,- ասում է Վազգենն ու ավելացնում, թե շուտով ձյունը կնստի, ու ճամփաները դարձյալ կփակվեն: Թեև գյուղապետի հիմնական մտահոգությունը ճամփաները ձյունից մաքրելն է, այնուհանդերձ, գյուղից դուրս գալը դառնում է խնդիր:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՆԱԵՎ ԳՈՄՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
«Երբ 2014 թ. Գոմքում կազմակերպվեց Էկոտուրիզմի առաջին փառատոնը, շատերը թերահավատ էին, ասում էին՝ տուրիզմից ի՞նչ օգուտ, ավելի լավ է անասուն պահեք, եղածն ավելացրեք: Այսօր և՛ տուրիզմն է զարգանում, և՛ անասնագլխաքանակն է ավելանում, չէ՞ որ զբոսաշրջիկը նախընտրում է էկոլոգիապես մաքուր սնունդը»,- ասում է Գոմքի վարչական ղեկավարը:


Նրա խոսքով՝ գյուղում գործող «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը համայնք այցելած զբոսաշրջիկներին առաջարկում է ինչպես բնակվելու, սննդի, այնպես էլ ձիարշավներ կազմակերպելու, ձուկ որսալու, գյուղական բարիքներից օգտվելու հնարավորություն:
Ձիարշավարանից բացի «Բենսոնում» կա նաև լճակ, որտեղ ձկներ են բազմացնում, զբոսաշրջիկները կարող են նաև ձուկ որսալ: Կենտրոնի տերերը մտածում են նաև զիփլայն ստեղծելու մասին: Գոմքն արդեն հաճելի հանգստավայր է Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների համար:


Գոմքում կան հյուրատնային տուրիզմով զբաղվող բնակիչներ, որոնք սեփական տներում զբոսաշրջիկների համար պայմաններ են ստեղծել: Օրինակ, Սոնյա Գրիգորյանն իր տան մի հատվածի հարմարավետ սենյակը մեկօրյա գիշերակացի համար 10 հազար դրամով վարձակալած զբոսաշրջիկին ապահովում է 3-անգամյա սննդով, չի զլանում լվանալ նաև հյուրի հագուստները: Հյուրերի պակաս գրեթե չունի, ինչը երկուստեք ձեռնտու է:
Գոմքը զբոսաշրջիկների համար գայթակղիչ է նաև Իշխանաձոր կոչվող պատմամշակութային հուշարձանով, խաչքարերով, 1964-ին ժայռի փլվելուց առաջացած լճով, որտեղ զբոսաշրջիկներին հյուրասիրելու և ձկնորսությամբ զբաղվելու համար ձուկ է բազմացվում:
«Էս բոլորից գյուղացին պետք է օգուտ քաղի, եթե գյուղն ունի տուրիզմը զարգացնելու բազմազանություն, ինչի՞ չօգտվի դրանից, մեր ունեցածն էլ էդ ա»,- համոզված է Մխիթար Հովհաննիսյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Վազգեն Մինասյան
  • Վազգենի տունը
Դիտվել է՝ 4348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ