Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՈՉ ՄԻ ՏԵՂԻ առաջ

ՈՉ ՄԻ ՏԵՂԻ առաջ
27.10.2018 | 11:36

1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ամեն հոկտեմբերի 27 ինքնաբերաբար վերադարձնում է Բաղրամյան 19, ու մեխում ժամը 17.15-ին: 19 տարի հազար անգամ այդ օրը ժամ առ ժամ դասդասելուց , հետո կատաղի արագությամբ ծավալված իրադարձությունները մոռանալու ցանկությունը սպանելու ապարդյուն ջանքերից հետո ես այսօր` 2018-ի հոկտեմբերի 27-ին, գոնե ինքս ինձ ուզում եմ պատասխանել հարցերին, որ 19 տարի պատասխան չունեն: Ի՞նչ ու ինչու՞ կատարվեց: Ինչու՞ պետությունն այդքան արագ հաշտվեց կատարվածի հետ ու հենց այդ ընթացքն ունեցավ դատավարությունը: Ինչու՞ պետությունը այդքան արագ որոշեց` ինչ եղավ` եղավ, անցանք առաջ: Որովհետև այդպես որոշեց իշխանությու՞նը: Իշխանությունը, բայց ոչ երկիրը: Գուցե իշխանությունն ուներ իր պատճառները, երկրին պետք էր ու պետք է ճշմարտությունը, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի շրջանցելու կամ անտեսելու:


19 տարի հետո պետք է կատարվածի զգայական ընկալումները նահանջեին ու տարիների հեռավորությունից իրավիճակի սթափ գնահատական տրվեր, բայց թե 1999-ին, թե 2018-ին կա անփոփոխ մեկ գնահատական` այդ օրը Ազգային ժողովում գնդակահարվեց Հայաստանի ոչ միայն ներկան, այլև` ապագան: Այն ներկան ու այն ապագան, որ ծրագրում էր ՙՄիասնություն՚ դաշինքը, որ ստեղծում էին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Եվ Հայաստանը առանց նրանց գնաց բոլորովին այլ ճանապարհով, դավանեց այլ արժեքների, հավատաց այլ հնարավորությունների ու հասավ ՈՉ ՄԻ ՏԵՂ` այն ամենի համեմատ, որ կարող էր ու պիտի ունենար:


…Եվ բոլոր նրանք, որ պիտի պատասխան տան 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին սպանելու համար (սարսափելի է նույնիսկ գրելը` բայց թիրախը նրանք էին, իսկ մյուս 6 զոհերը չնախատեսված կրակոցներից հեռացան), որ ծրագրել էին ոճրագործությունը, պատասխան պիտի տան նաև այս 19 տարիների ընթացքի համար, որ տարավ ՈՉ ՄԻ ՏԵՂ, պատասխան պիտի տան սպանված ժամանակի համար, որ 21-րդ դարը Հայաստան չհասավ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանի ինքնիշխանության վրա կրակոցները շարունակվելու են այնքան, քանի դեռ 1999-ի հոկտեմբերի 27-ը կապվում է կրակողների հետ ու Հայաստանը չգիտի կրակելու հրաման տվողների անունները: Չգիտի կամ վախենում է իմանալ:

Դիտվել է՝ 3884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ