Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հեղափոխության կարկատանները

Հեղափոխության կարկատանները
09.11.2018 | 00:55

Փաստացի` Հայաստանում ամեն ինչ հիմա մի նշանաբան ունի` «Դեպի դեկտեմբերի 9»: ՀՀ շարքային քաղաքացիներն ապրում են իրենց սովորական կյանքով, որտեղ ոչինչ չի փոխվել` նույն խայթող ու կծող գներն են, աշխատավարձի բարձրացում չկա, նոր բացված ձեռնարկություններ` նույնպես, աշխատատեղերը չեն ավելացել, միայն թաքնված աշխատանքն է մասամբ մտել հարկային դաշտ: ՀՀ հպարտ քաղաքացիները այդ ամենը հաշվի առնելով` ապրում են լուսավոր ու տաք ժամանակների սպասումով: Իհարկե մանանա ոչ ոք չի սպասում` ոչ երկնքից թափվող, ոչ երկրի վրա աճող: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 9-ի ընտրությունները նաև նրանց են վերաբերում` ՀՀ շարքային ու հպարտ քաղաքացիներին, որովհետև ընտրություններից հետո ձևավորվելու է իշխանություն, որ կոչվելու է ժողովրդի իշխանություն: Եվ դա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն է` Հայաստանում ընտրություններ, ոչ թե նշանակումներ կատարելու հնարավորություն ստեղծել:
Անցած օրերին, ինչպես լինում էր նախորդ ընտրություններից առաջ, տրոհվում ու ստեղծվում էին դաշինքներ, ընտրություններին մասնակցելու ու չմասնակցելու իրարամերժ հայտարարություններ էին անում քաղաքական ուժերը, այս ու այն կուսակցությունից հեռանում ու սլանում էին ՀՀԿ, հիմա` ՔՊ: Ամեն ինչ` ինչպես միշտ: Հիմա կուսակցափոխություններն ընկալվում են ավելի սուր: Ամեն կուսակցություն ինքն է որոշում իր ռազմավարությունն ու մարտավարությունը, բայց բոլորիս աչքի առաջ սքանչելի հանրապետական կուսակցությունը իշխանության տարիներին դարձավ կարիերիստների ու փողատերերի հավաքատեղի` կուսակցության ներսում որոշումների ընդունումից հետ մղելով հանրապետականներին, որ ստեղծել ու պահում էին կուսակցությունը, և, ի վերջո, եկավ պահ, որ չկար կուսակցություն, կար կուսակցության նախագահ: Այդ պահի տևականությունը և վտանգավորությունը հանգեցրեց կուսակցության իշխանազրկմանը` քաղաքական ժամանակի սպառմանը: Հիմա նույն ճանապարհին է ՔՊ-ն ու 50/50 է, որ չի կրկնի ՀՀԿ-ի անցած ճանապարհը` ավելի արագ ու անփառունակ: Մամուլում գրվել է, որ ՔՊ-ն դառնում է Նոյյան տապան: Այդ տապանում պատգամավոր չդառնալու, իմա` քաղաքական ջրհեղեղին կուլ չգնալու համար հավաքվում են կուսակցափոխները, իրականում նրանք դառնում են հեղափոխության կարկատաններ, որովհետև իրենց ճանապարհը Գյումրիից չեն սկսել: Իսկ Գյումրին ՔՊ-ի համար Մեքքա է` ով Գյումրիից չի եկել, իրենցից չէ: Այդ սկզբունքով քանդվեց «Ելք» դաշինքը: Արտաքուստ պատճառը երեք կուսակցությունների տեսակետների տարբերությունն էր` հեղափոխություն անելու ու չկարողանալու վերաբերյալ: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ինքնամեծար ամբիցիաներն ու Գյումրի-Երևան-Բաղրամյան 26 երթուղու հաջողությունը երկիր կառավարելու ունակության հետ շփոթելն էր պատճառը, որ համագործակցությունը չշարունակվեց` «Ելք» դաշինքը հրամայեց երկար ապրել ու «հանգեաւ ի Տեր»: Ապրիլին Գյումրիից Երևան մենակ եկած ՔՊ-ն չցանկացավ դափնիները դաշնակիցների հետ կիսել ու Երևանի ավագանու ընտրություններին գնաց մենակ` քաղաքապետ դարձնելու Կարգին Հայկոյին: Կա՞ գիտակցություն ՔՊ-ում, որ Հայաստանը կառավարելը տարբերվում է Գյումրիից Երևան ոտքով գալուց: ՈՒ այդ երթուղին Բաղրամյան 26-ում ավարտելը քաղաքական հմտությունների ու կազմակերպական ունակությունների վկայություն չէ: Կես տարին բավարար ժամանակ էր` համոզվելու, որ նույնիսկ Նիկոլին հավատարմության սկզբունքը թիմում չի գործում: Սովորական տղերք են ու ոչինչ մարդկային խորթ չէ այլևս բարձրաստիճան պետական պաշտոնյաներին: Մինուս փորձը, պլյուս խելքը դուխով փոխարինելու փորձարկումները: Հենց այդ պատճառով են ՔՊ դռները լայնորեն բաց հանրահայտ լեյտենանտ Շմիդտի մերօրյա որդիների առաջ, որ ապրում են իշխանական և իշխանամերձ տներում, ներեցեք` կուսակցություններում: Կրկնվում է նույն սխալը, որովհետև գործում է «Նմանն զնմանին գտանէ» սկզբունքը: Ինչ տեսել են` այն էլ սովորել են: Տաբուներ չունեն, տաբուների բացակայությունը ոչ միայն բարոյականության հերն է անիծում, այլև քաղաքականության:

Ի վերջո, ՔՊ-ն այլմոլորակայիններ չի բերելու, ինչ կանք` կանք: Իսկ կանք ոչ թե սև կամ սպիտակ, այլ` անգույն: Անգույն մեր գաղափարազրկությամբ ու հարմարվողականությամբ, մերկանտիլ շահին տրվելու պրագմատիզմով: Մենք մեզ ենք սիրում հայրենիքի մեջ, եթե տեղ մնաց` հայրենիքն էլ ուրիշների մեջ: Հիշու՞մ եք, որ իշխանության կազմավորման ելակետ պիտի լիներ խնամի-բարեկամ-ծանոթի բացառումը, «Ոչ կոռուպցիային»-ը: Ելակետը դարձավ վերջակետ` հաշվեք իշխանավորների ընկերներին ու բարեկամներին, ձեր ձեռքի մատները չեն հերիքի, գուցե ընտանիքինն էլ: Նորերի կոռուպցիոն սկանդալներ էլ եղան, ընտանեկան զբոսանքներ օտար քաղաքների զբոսայգիներում, սկանդալային հայտարարություններ էլ: Մինչդեռ շքախումբն է արքա ստեղծում: ՈՒ ստացվեց` կարկատանները ծածկում են հագուստը, իսկ արքան մերկ է:


Այնուամենայնիվ, անակնկալ էր, որ «Լույսն» էլ կմարի: Երևանի ավագանու ընտրություններից հետո տրամաբանական էր, որ Աժ արտահերթ ընտրություններին դաշինքը պիտի մասնակցի նույն ձևաչափով ու երկրորդը լինելու նպատակով: Հայաստանում չկան օրինաչափություններ, ռեալ պոլիտիկը համարժեք չէ ռեալ իրավիճակին: Նոյեմբերի 4-ին «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ Աժ առաջիկա ընտրություններին կմասնակցի սեփական ընտրացուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով. «Լուսավոր Հայաստանն» իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից»։ Ցավալի է, որ ԼՀԿ-ն չցանկացավ դաշինքով մտնել ընտրապայքար: Ովքե՞ր են լինելու ԼՀԿ-ի գաղափարակիցները: Տրամաբանական կլիներ պատասխանել` նրանք, ովքեր համաձայն են ԼՀԿ-ի տեսլականին ու ծրագրերին: Նախ՝ հայտնի չէ, թե հիմա ինչ տեսլական ունի ԼՀԿ-ն, առավել հավանական է, որ ԼՀԿ-ի ընտրացուցակում լինեն այլ կուսակցությունների այն անդամները, որ ֆինանսներ են բերելու:

Այսինքն, Էդմոն Մարուքյանն էլ իր Նոյյան տապանն է ուզում կառուցել: Կլողա՞ նրա տապանը ընտրությունների ջրհեղեղում ու կհասնի՞ Արարատին` «Լուսավոր Հայաստանը» կհաղթահարի՞ անցողիկ շեմը: Շանսերն ավելացա՞ն ընտրություններին միայնակ մասնակցելու որոշումից, թե՞ հովանավորներ հայտնվեցին: Կերևա ընտրացուցակից ու դեկտեմբերի 9-ին: Իսկ «Հանրապետությու՞նը»: Կուսակցական տարիքի ու փորձի բերումով` «Հանրապետությունը» ռեյտինգային թեկնածուներ ավելի շատ ունի և հասարակության մեջ ճանաչված դեմքերն ավելի շատ են: «Հանրապետությունը» կարող է միավորել լիբերալ դաշտը ու դառնալ իսկապես գաղափարական դաշինք: Ժամանակ կա: «Հանրապետությունը» 2000-ականներից եկող միակ կուսակցությունն է, որ մշտապես ընդդիմադիր դաշտում գործելով` չսերտաճեց իշխանության հետ, հանուն մանդատների ու հետագիծ չփոխեց ոչ մի շրջադարձում: Դա արժանի է հարգանքի ու կապիտալ է, որ կուսակցությունն իրավունք չունի փոշիացնելու: Ի սկզբանե լինելով արևմտյան արժեհամակարգի ջատագով` «Հանրապետությունը» փաստացի մնացել է դաշտում միակ կուսակցությունը, որ առանց զիգզագների ու զիջումների հետևել է իր կուրսին: Դա ևս արժանի է հարգանքի ու կապիտալ է, որի կարիքը ունի այսօր Հայաստանի քաղաքական դաշտը ու պետությունն ամենից առաջ` դիվերսիֆիկացնելու իր քաղաքականությունը: Մինչ Էդմոն Մարուքյանը բացատրական հարցազրույցներ է տալիս, Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա: «Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը՝ առաջիկայում»: Իսկ առաջիկայում 5 կամ 7 տոկոսը` դաշինքի դեպքում, հաղթահարելու պարագայում «Հանրապետությունը» գուցե նորից լինի ընդդիմություն: Ի տարբերություն այլ ընդդիմադիրների` ոչ իրավիճակային, այլ` գաղափարական ու ապահովի քաղաքական դաշտի հավասարակշռությունը: Կգնահատի՞ ընտրողը այդ առավելությունը: Եթե ուզում է, որ իր երկիրն ու զավակները չապրեն տրանսֆերտների հաշվին ու ևս մի 50 տարի լավագույն ապագայի հույսով, պիտի գնահատի:


Գործուն քայլեր է անում և ՀՀԿ-ն, մինչ մամուլը գրում է, որ խայտառակությունից խուսափելու համար ճիշտ է ընտրություններին չմասնակցել, Արմեն Աշոտյանը Հելսինկիում ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլից Ֆեյսբուքի գրառում է ստանում, որ Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք` իմա ՀՀԿ-ն, իսկ Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է. «Ընդդիմություն լինելը ոչ արտոնություն է, ոչ վարչական լծակ, ոչ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:


Գագիկ Ծառուկյանն էլ վերջապես ասաց սակրալ նախադասությունը` «Առանց Նաիրա Զոհրաբյանի ի՞նչ ԲՀԿ»: ՈՒ ստացավ Նաիրա Զոհրաբյանի պատասխանը. «Գագիկ Ծառուկյանը հզոր քաղաքական գործիչ է»: Թարգմանաբար նշանակում է` ԲՀԿ-ի հնաբնակները անհույս չեն. եթե Նաիրա Զոհրաբյանը ցուցակում է, իրենք ինչո՞վ են պակաս: Բայց ամեն ինչ կորոշի Գագիկ Ծառուկյանը:
Ընտրությունը երկկողմանի սուր է. եթե մի կողմում ընտրվողներն են իրենց սկանդալներով ու հարափոփոխությամբ, անորոշ գաղափարների ու որոշակի ամբիցիաների հետ, մյուս կողմում մենք ենք` ընտրողներս: Ի՞նչ ենք մենք ուզում ունենալ: Մեզ հետաքրքրու՞մ են ընտրվողների ծրագրերն ու ծրագրերի հավաստիությունը: Մենք գիտակցու՞մ ենք մեր ընտրության կարևորությունն ու պատասխանատվությունը, թե՞ առաջնորդվելու ենք «մեկ ձայնը կամ իմ ձայնը ոչինչ չի որոշում» սկզբունքով և կարող ենք այդ մեկ ձայնը պահել տանը: Բոլորը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է Աժ արտահերթ ընտրություններում, ու 2019-2024-ը անցնելու է ՔՊ-ի դրոշի տակ: Նիկոլ Փաշինյանը կհաղթի, ՔՊ-ի դրոշը անորոշ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Քաղաքագետների գնահատականներում առավել հաճախակի է եզրակացությունը, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունները առաջինն են, բայց ոչ վերջինը: Ինչու՞: Հիմնականում մեր` ընտրողներիս պատճառով, մի քիչ էլ նրանց` ընտրվողների: Դեկտեմբերին հասարակությունը իր մեծամասնության մեջ (եթե տանը չնստեց) Նիկոլ Փաշինյանին տալու է ամբողջական իշխանության մանդատ` օրենսդիրից գործադիր, ու ավարտելու է հեղափոխությունը: Իսկ դեկտեմբերի 10-ից սկսելու է պահանջել, որ ձևավորվի նոր, ոչ ցուցադրական, պոպուլիստական, ակտիվիստային ու դուխով, այլ իրական համակարգ: Նիկոլ Փաշինյանը առաջին պատասխանը տալու է ոչ թե իրեն ընտրածներին, այլ չընտրածներին: Դեկտեմբերի 10-ից նրա խնդիրն է լինելու բոլորիս համար ապահովել թավշե հեղափոխության արդյունքների հասանելիությունը: Թավշե հեղափոխությունը Հայաստան վերադարձրեց քաղաքականությունը, իսկ դա այնպիսի կարուսել է, որ ոչ ոք չգիտի` որտե՞ղ կկանգնի, ու՞մ ձիուց կգցի և ու՞մ ձին կդառնա: Երկրորդ անգամ մերժված Ընտրական օրենսգիրքը դեկտեմբերի 9-ի ընտրություններին թողնում է ռեյտինգային ընտրակարգը, որ 7-րդ գումարման ԱԺ-ն փորձելու է դարձնել կիսաքաղաքական-կիսաթաղային, որ կենսական է ճգնաժամի մեջ գտնվող կուսակցությունների համար` ապահովելու Բաղրամյան 19-ի տոմս, բայց հուսանք, որ նոր ներկայացման մեջ հին դերասանները գլխավոր դերում չեն լինի: Կլինե՞ն, թե՞ չեն լինի հերթական արտահերթ ընտրություններ, որոշելու են սոցիալական վիճակն ու նոր քաղաքական ուժերի աճի տեմպերը: Մեծ է հավանականությունը, որ երբ կարկատաններն ընկնեն, նոր հագուստի կարերը չեն երևա:

Դիտվել է՝ 3284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ