Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Իմացի՛ր, որ դու ազատ ես, և միայն քո ներքին ընտրությունն է ամեն ինչ որոշում»

«Իմացի՛ր, որ դու ազատ  ես, և միայն քո ներքին ընտրությունն է ամեն ինչ որոշում»
09.11.2018 | 02:23

ՆԱԻՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» վիպակի թարգմանիչն է: Վիպակն առաջին անգամ հայերեն է հրատարակվել 1980-ականների սկզբին՝ «Գարուն» ամսագրում (ռուսերենից Վահե Հովհաննիսյանի թարգմանությամբ)՝ սիրով ու մեծ հետաքրքրությամբ ընդունվելով խորհրդային իրականության ֆոնին: 1991 թվականին արդեն բնագրից Նաիրա Հարությունյանի կատարած թարգմանությամբ լույս է տեսել «Ապոլոն» հրատարակչության «Հինգ վիպակ» գրքում՝ դառնալով որոշակի թերապիա՝ բեկումնային ժամանակներ ապրող գիրք կարդացողներիս համար: Այսօր՝ ոչ պակաս բեկումնային ժամանակում, թարգմանիչը մեզ է ներկայացնում Ջոնաթանի պատումը՝ ներառյալ նաև վիպակի չորրորդ մասը, որը Ռիչարդ Բախը հրատարակել է 2014 թվականին: Ինքը Բախն այսպես է մեկնաբանում այդ հատվածը. «Ես գրեցի-վերջացրի չորրորդ մասը, և Ջոնաթան Ճայի պատմությունը պատմվեց»:
Քանի որ յուրաքանչյուր բծախնդիր ու պատասխանատու թարգմանիչ ունի թարգմանած երկի մասին իր պատմությունը, փորձենք լսել այն Նաիրա Հարությունյանից:


-Նաի՛րա, ու՞մն էր «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի» ամբողջական տարբերակի թարգմանության ու հրատարակման նախաքայլը՝ քո՞նը, թե՞ «Անտարես» հրատարակչատանը:
-«Անտարեսում» ցանկություն կար վերահրատարակելու վիպակը: Եվ քանի որ արդեն կար նորահայտ չորրորդ մասով հրատարակությունը, բնականաբար որոշեցինք, որ կթարգմանենք նաև չորրորդ մասը, ինչպես նաև հեղինակի փոքրածավալ բացատրությունը դրա վերաբերյալ, ու հայերենով կունենանք գրքի ամբողջական հրատարակությունը: Նախաքայլի առումով մի քիչ «հպարտանալով»՝ ասեմ, որ իմ առաջարկ-նախաձեռնությունն էր «Ջոնաթանի» առաջին իսկ հրատարակությունից սկսած (1970 թ.) և հետագա հրատարակություններում ավելի ու ավելի հարստացած ու, ըստ էության, գրքի անբաժան մասը դարձած պատկերների՝ Ռասել Մանսոնի լուսանկարների ընդգրկումը և, այդ առումով, բնագրի հրատարակությանը նույնական հրատարակություն ունենալը:
-Ասելիքի ընդարձակությունն անհավանականորեն սեղմ ծավալներում ամփոփած հեղինակն ասես կախման կետերի մի ողջ պաշար է ավանդել իր ընթերցողին, որոնց «գաղտնազերծումը» տանում է դեպի աստվածաշնչյան պատում: Այս երկը կարելի՞ է կոչել «Աստվածաշնչի» այլաբանություն:
-«Ջոնաթանը» բազմաշերտ ընկալման հնարավորություն տվող ստեղծագործություն է՝ պատանեկան բուռն ու անմիջական ընկալումից, որն անչափ կարևոր կարող է լինել ողջ կյանքի համար, մինչև սոցիալ-հոգեբանականը, ու մինչև հոգևոր իմացության տանողը և այդ իմացության դաշտում ընկալելին: Ընդհանրապես, «Ջոնաթանի» առաջ բերած ռեզոնանսը այս երկի գեղեցկության, սլացիկության ու բանաստեղծականության, ինչպես նաև նրա հզոր ուղերձի հետ մեկտեղ մեծ չափով կապված էր և է կյանքի տիեզերական ընկալման հետ, որի մասին հետզհետե ավելի ու ավելի շատ սկսեցին խոսել, և որն աստիճանաբար ավելի նշանակալից է դառնում մեր պատկերացումներում: Հարցիդ պատասխանելու համար երկու առումով պիտի մոտենամ խնդրին: Նախ՝ «Ջոնաթանի» փիլիսոփայությունն ավելի շատ աղբյուրների սինթեզ է, քան ակնհայտ զուգահեռներից կարող է թվալ: Վիպակում իրողությունների ու դրանց հարաբերության մասին պատկերացումները հիմնականում բուդդայականությունից են գալիս: Աստվածաշնչյան պատումի հետ զուգահեռը վիպակի սյուժեի ու կերպարների թելադրանքն է: «Ջոնաթանի» դեպքում, սակայն, իրողությանն ավելի մոտ է այն, որ այս տեսակ պատմությունը պարզապես այլ ընթացք ունենալ չի կարող, և եթե հեղինակն իրեն հետ է պահում հեղինակային կամայականությունից, նա այն պարզապես այլ ընթացքով պատմել չի կարող: ՈՒ երկրորդ հանգամանքը՝ թե ինչու կդժվարանամ հարցիդ «այո» պատասխանել: Որովհետև Ռիչարդ Բախին գրելու մղողը այդ անդրադարձը չի եղել: «Ջոնաթանի» ծնունդը պայմանավորողը, նրա հայտնությունը գոյավորողը վիպակի մյուս հղումային դաշտն է, ամենաբազմատարրը: Եթե մեկ արտահայտությամբ ասելու լինենք, դա վիպակի ստեղծման ժամանակաշրջանն է՝ լեգենդար 60-ականները: Դա հումանիստական տրամադրությունների, ազատատենչ ոգու հզոր բխումի, ցանկացած ինքնության ոչնչացման հաշվին իրենց գոյությունն ապահովող հասարակարգի դեմ անհատի բունտի ժամանակաշրջանն է, նաև ամերիկյան պոզիտիվիզմի, ինքնորոնման, ինքնաճանաչման ու ինքնակայացման հոգևոր ալիքի ժամանակաշրջանը: (Հետաքրքիր մի շրջումով, սակայն, ինչը վիպակի նորահայտ չորրորդ մասում ձևակերպել է հեղինակը, 60-ականների մասին էլ կարող ենք ասել. «Հետաքրքրասեր լինելով՝ նրանք սկսեցին թռիչքներ փորձարկել, թեև երբեք չէին գործածում այդ բառը…. «Աշակերտներին» մերժելով՝ նրանք, այսպիսով, իրենք էին դառնում աշակերտներ: Ջոնաթան Ճայի անունը մերժելով՝ իրագործում էին Երամին բերած նրա ուղերձը»): Ասածս այն է, որ Ռիչարդ Բախի նպատակը Աստծո մասին խոսելը չի եղել, Աստծո հետ հարաբերության մասին խոսելը չի եղել. պատահական չեն վիպակում Ջոնաթանի աստվածացման բազմաթիվ ժխտումները և նրա՝ սովորական ճայերից մեկը լինելու նույնքան բազմաթիվ հաստատումները: Այս պատմությունը, եթե կարելի է այսպես ասել, իմ ու իմ միջև է՝ ինձ կատարելության ճանապարհ դուրս բերող ուժը դրսից ներս տանելով ու դեպի իմ ներքին հնարավորությունները շրջելով:

-Վիպակի մի ճայ-հերոս ասում է. «Կյանքը հրաշք չէ, այն ձանձրույթ է: Ձեր Մեծ Ճայ Ջոնաթանն էլ ընդամենը առասպել է՝ ինչ-որ մեկի կողմից հնում հորինված, հեքիաթ, որին հավատում են թույլերը, քանի որ անկարող են ընդունել աշխարհը այնպիսին, ինչպիսին կա»: Կյանքը, աշխարհն առաջ մղողները, որպես կանոն, առասպելին, հեքիաթին հավատացողներն են: ՈՒրեմն՝ թույլե՞րն են առաջնորդում ընթացքը՝ լայն իմաստով:
-Ո՛չ: Այստեղ շրջումի մի նուրբ պահ կա. սա ասում է չորրորդ մասի հերոսը՝ Էնթընի Ճայը, հուսահատության մեջ ասում է առասպելի հետևում իր ոչ թե թուլությունը, ձգտել, բայց չկարողանալը, այլ ծուլությունը, անտաղանդությունը, ինքնաբավ կեղծիքը թաքցնել փորձող «երաշխավորյալին», նրան, ով փակում է իրական մեծին (անցյալում ապրած նախնի լինի դա, թե նույն ժամանակի մեջ, իրենց կողքին ապրող մեկը) տանող ճանապարհը, և դա անում է սատանային վայել խորամանկությամբ՝ այդ մեծին առասպելի, հեքիաթի, անհասանելի ու անհամեմատելի մի բանի վերածելով այնպես, որ այդ անհամեմատելիության մեջ ինքը հանգիստ տեղավորվի, իրենով փակի նրան ու աստիճանաբար նրա տեղը զբաղեցնի: Նույն Էնթընի Ճայը, որը, այդ կեղծիքին չդիմանալով, հուսահատությունից մահվան էր գնում, նույնը կասե՞ր արդյոք Ջոնաթանին հանդիպելուց հետո: Հետաքրքիր մի բան կա. «թույլն» ու «ուժեղը» հարաբերական հասկացություններ են: Տիեզերականորեն ուժեղը ոգեղեն ուժի կրողն է, այսինքն՝ հենց առասպելի, հեքիաթի, երազանքի դեմ բաց եղողը, այն կրողը, դրա հետևից գնացողը, դրան զինվորագրվողը, առավել ևս՝ այն իրագործողը: Թվարկածս շարքը գուցե թե աստիճանակարգ է չափի առումով, բայց օդի մեջ ոչինչ կորչել չի կարող, և ոգեղեն այս ուժեղների մեջ ոչ այնքան ուժեղների երազանքները ոչ մի տեղ չեն կորչում: Որտեղի՞ց են հապա այն Մեծ Երազանքները և այն Մեծ Երազողները, որ իրականություն են դարձնում դրանք, եթե ոչ այն շատ շատերի հոգին լուսավորած լույսի ակունքից: Իրականում երազանքի ուժը և երազանքին հավատացողի ուժը մեծագույնն է այն ամենից, ինչը մինչև օրս թևավորել է մարդկության պատմությունը: Եվ իզուր չէ, որ մեծ երազանքի իրագործողներին հատկանշողը միշտ էլ մեծ, անսահման մեծ սերն է եղել: Իսկ երազելը, սիրելն ու երազանք իրագործելը թույլի բան չէ. դա իրական ուժի արտահայտությունն է ու իրապես ուժեղի արարքը:

-Գիրքն ամփոփող քո վերլուծության մեջ ինքդ քեզ և ուրիշներին հարցնում ես, թե ի՞նչ է տալիս «Ջոնաթանի» ընթերցումը: Եվ ուրեմն՝ ի՞նչ:
-Շատ կարևոր մի բան, երևի ամենակարևորը, որ պետք է ասել յուրաքանչյուրին, եթե նա ինքն իրեն դեռ չի ասել դա. ԴՈՒ ԱԶԱՏ ԵՍ: Ազատ ես ինքդ լինելու, ճանաչելու և իրագործելու քո ինքնությունը: Ազատ ես քո ճանապարհի ամենասկզբից, և ազատ ես միշտ՝ թե՛ այն պահին, երբ կասեն, թե ծնվել ենք միայն ուտելու համար ու կարևորը կեր գտնելն է, թե՛ այն պահին, երբ Օրենքներն ու Ավանդույթները կվկայաբերեն՝ դրանք շղթաների նենգափոխելով, թե՛ այն պահին, երբ քեզ կթվա, թե քոնն իսկ եղող որևէ սահմանափակում՝ մարմնական թերություն և այլն, կարող է քո ինքնության համաձայն ապրելուց հետ պահել քեզ, բոլոր այդ պահերին իմացի՛ր, որ դու ազատ ես, և միայն քո ներքին ընտրությունն է ամեն ինչ որոշում: ՈՒ ևս մի բան. քո ինքնությունը ճանաչելով ու իրագործելով անցած ճանապարհն է միայն քեզ նոր հանգրվանի տանում, որը, ինչպես կպարզվի իր ժամանակին, նույնպես ճանապարհ է:
-Դուրս գալով վիպակի տիրույթից ու նաև՝ ոչ, կարո՞ղ ենք բանաձևել ծայրահեղ անհուսություն-անկման ու անսպասելի ոգեշնչում-վերխոյացումի նույնականացման կանոնները:
-Նույնականացման՝ չէի ասի, սեղմված զսպանակի ուժով դրա հետ բացվելը պայմանավորող՝ այո: Դա այն էկզիստենցիալ կետը կարող է դառնալ, որում անհատը (կամ հավաքականությունը), մի կողմից, անսպասելիորեն, նույնիսկ գրեթե անգիտակցաբար քանդում կամ փշրում է մինչ այդ անքակտելի համարված արգելքը ու, մյուս կողմից, այդ վերացած արգելքի տեղում գտնում է իրեն բաց տարածության դիմաց, բաց ճանապարհի վրա, ու հաճախ հենց այդ պահի հետհրումից է սկիզբ առնում վերխոյացումի ընթացքը: Դա ուժեղ պահ է, դա հրթիռի ֆենոմենն է, բայց ես ոգեշնչում-վերխոյացումի տանող միակ գործոնը հակադիր վիճակին հակազդելը չեմ համարում, ըստ իս, ոգեշնչման աղբյուրները շատ են ու նաև՝ դրական սկիզբներից բխող: Եվ, վիպակի տարածք վերադառնալով ու այնտեղից փորձելով ձևակերպել ասելիքս, կարծում եմ՝ որքան ճայը բարձր է թռչում, այնքան ավելի հավանական է, որ նա բավարար երկինք ունի իր թևերի համար և ավելի բարձր թռչելու համար նույնիսկ թևածայրով որևէ քարի խփվելու ու հետ հրվելով բարձրանալու կարիք չունի:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ