Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բարությունը սեփական եւ օտար չի տարբերակում

Բարությունը սեփական եւ օտար չի տարբերակում
13.11.2018 | 00:26

«Իսկ չար և խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորված` պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ Տիմ. 3;13)։
Սովորաբար մարդիկ իրենց միջի չարը վերագրում են չարիքի ավանդաբար ընդունված աղբյուրին` սատանային, սակայն առաքյալն, ահա, արի ու տես, համոզմունք է հայտնում, որ մարդը կարող է չարից էլ այն կողմ անցնել, այսինքն ոչ միայն լինել չարի մեքենայությունների զոհ, այլև ինքնուրույն չարիք նյութել:


Մարդը կարող է չարիք գործել` չարից դրդված, և կարող է ինքը դառնալ չարիքի աղբյուր: Այդ իրողությունը նկարագրող մի պատմություն կա: Ասում են` մի վանական Մեծ պահքի շրջանում գնում է վանահոր մոտ, որպեսզի երկուսով խստությամբ պահեն պահքը: Առաջին իսկ օրվա երեկոյան վանահայրը կարճ ժամանակով դուրս է գալիս խցից: Վանականը վերցնում է մի ձու և, օղակի մեջ դնելով, սկսում է խորովել մոմի կրակի վրա: Վանահայրը անակնկալ ներս է մտնում և աշակերտին գտնում այդ գործողության վրա: Վանականը սկսում է արդարանալ. «Հա՛յր, սատանան ինձ դրդեց»: Հանկարծ անկյունից մի բամբ ձայն է հնչում. «Մի՛ հավատա, հա՛յր, ես ինքս նրանից եմ ուսանում»: Սա իրականություն է և սարսափելի իրականություն: Մարդու միտքն ու երևակայությունը դեռ ինչե՜ր կարող են երկնել: Չարը մտադիր է կործանել մարդկությանը, բայց միայն նրան կամակից մարդկանց միջոցով է հաջողում իր ծրագիրը, որովհետև աննյութական ինտելեկտը իր գաղափարները նյութականացնելու համար նյութական մարդու ինտելեկտի կարիքն ունի: Արդեն իսկ բացահայտ է, որ այն, ինչ հայտնվում է մարդու երևակայության մեջ, ցանկացած մտահղացում, միտված է իրականանալու, նյութականանալու իրական աշխարհում: «Մարդու միտքը մանկությունից չարի ծառայության մեջ է» Ծննդ. 8;21: Այո՛, դեռ իր դրախտային մանկությունից սկսած մարդուն միայն բարին չի բավարարել, միայն կյանքի լիությունը չի հերիքել, իսկ Աստծո հոգածությունը ավելորդ է եղել: «Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առավել ձեր Հայրը, որ Երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ Նրանից ուզում են» (Մատթ. 7;11):


Տերը իրենց որդիներին բարիք կամեցող և անող մարդկանց չար է անվանում, որովհետև բարությունը սեփական և օտար չի տարբերակում: Մարդիկ բարի են իրենց զավակների հանդեպ, որ նույնն է, թե` իրենք իրենց հանդեպ, և էգոիզմի այդ տարատեսակը համարում են օրինակելի չափանիշ: Նրանք այդպես էլ դաստիարակում են իրենց սիրասուն զավակներին, և արդյունքում մարդը մնում է չար ու դաժան: Եթե ընտանիքում առկա սերը, բարությունը, սրտացավությունը, հոգատարությունը ընտանիքում էլ մնում են, դրանք անկատար, անվավեր ու անիմաստ են դառնում, որովհետև ընտանիքը իրականում մեկ միավոր է, և ներընտանեկան սերը հանգում է էգոիզմի: Մինչդեռ ընտանիքը նաև այն միջավայրն է, որտեղ մարդը պիտի սովորի սիրել իր նման մեկ ուրիշին: Այդպիսի սեր կարելի է գտնել անգամ սեփական տեսակի պահպանության համար կատաղի գոյամարտի բռնվող կենդանիների ու գազանների մեջ, երբ նրանք խնամում են իրենց թշնամու ձագերին: Որքան առավել մարդը պետք է սիրի բոլոր մարդկանց: Ճիշտ է նաև հակառակ պնդումը. եթե մարդը ատում է սեփական ընտանիքը, ուրիշների հանդեպ սիրո նրա հավաստիացումներին չի կարելի վստահել: Ասում են` ճշմարտության կեսը սուտ է: Կիսատ սերն էլ սեր չէ, այլ ինքնախաբեություն: «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով ու քո ամբողջ զորությամբ: Այս է մեծը և առաջին պատվիրանը, և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը` ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ. 22;37-40):
«Ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված» (Մարկ. 10;18): Միշտ և բոլորի հանդեպ բարի լինելը դժվար է մարդու համար, սակայն եթե մենք չքննենք մեր ամեն մի խոհը, ամեն մի մտադրությունը, որոշումը, դրանց միտումն ու դրդապատճառը, մենք աննկատելիորեն կվերածվենք չարիք նյութող մեքենայի:

Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ